ՕԼԳԻՆՈՅԻ ՏՆԱԿԸ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԱՔՈՒԿՅԱՆ Վահրամ Փափազյանին տեսել եմ երկու անգամ: 1967 թվականին, երբ դպրոցականներով գնացել էինք Սունդուկյանի անվան թատրոնՙ դիտելու «Իմ սիրտը լեռներում է» ներկայացումը եւ, ապա, մի տարի հետո... դագաղում... Փափազյանի թաղումն աննախադեպ էր: Տարիքավոր ականատեսները պատմում էին, որ նման թափորներ են եղել միայն Ավետիք Իսահակյանի ու Հրաչյա Ներսիսյանի հուղակավորությունների ժամանակ: Հուղարկավորների բազմությունը բռնել էր ողջ ներկայիս Արշակունյանց պողոտան: Ժողովրդի ճնշումն այնքան շատ էր, որ թափորն անկառավարելի էր դառնում: Նույնիսկ միլիցիայի ջանքերը քիչ հաջողություն էին ունենում: Ես առջեւի շարքերում էի: Տղամարդկանց ու երիտասարդ տղաների մի մեծ խումբ, տարերայնորեն շղթա կազմելով, կիսաշրջանով պաշտպանական շերտ ստեղծեցին դագաղակիրների շուրջը, որպեսզի ամբոխը «չքշի» տանի: Չգիտեմ ինչպես այդ շղթայի մեջ ես հայտնվեցի... Մհեր Մկրտչյանի կողքինՙ թեւ-թեւի տված: Ճնշումն ահագնացող էր: -Պահէ՛, տղա ջան, պահէ՛,- ուժ էր տալիս ինձ Ֆրունզիկը,- որ մի քիչ թուլացանքՙ մեզի էլ կքշե՜ն կտանին: Հերոսաբար դիմացանք ու հասանք Կոմիտասի այգիՙ Ազգային պանթեոն: Ու հանկարծ այս բազմահազարանոց ամբոխի մեջ հանդիպեցի հորս: Գործարանից ուղիղ եկել էր, չսափրված, օրվա դժվար աշխատանքի հոգնության կնիքը վրան, հայացքը տխուր ու մտահոգ: -Պա՞պ, դու ինչի՞ ես եկելՙ հոգնած, գործից հետո: -Տղաս,- ասաց,- այսօր ամեն հայ այստեղ պիտի ըլլա: Գիտե՞ս, ի՜նչ մեծություն կորսնցուցինք: Ամեն օր Փափազյաններ չեն ծնվիր... Հարյուր տարին մե՜կ... Եվ աչքերը լցվեցին... Տարիներ անցան: Ընդունվեցի համալսարան: Դեռ չգիտեի, որ կյանքն ինձ հնարավորություն է տալու առնչվել... հետմահու Փափազյանի հետ: Համալսարանում որպես օտար լեզու ընտրեցի իտալերենը: Դասախոսուհիսՙ ծնունդով բուլղարահայուհի Հռիփսիմե Սրապյանըՙ գեղեցկադեմ, առինքնող մի տիկին էր, եվրոպական դաստիարակության ու իտալական կաթոլիկ գիշերօթիկի փայլուն կրթության կնիքը վրան: Ամբողջ ուսումնառությանս ընթացքին ու հետոՙ երկա՜ր տարիներ մենք մնացինք հրաշալի բարեկամներ, արդեն ընտանիքներով մտերմացած: Տիկին Սրապյանի ամուսինը Սունդուկյանի անվան թատրոնի հանրածանոթ դերասան Մամիկոն Մանուկյանն էր: Ծնունդով Ախալցխայից էր: Մանուկյանը շատ կարդացած, բարձր զարգացման տեր մի անձնավորություն էր, որի հետ ժամերով կարող էիր զրուցել ու սովորել, սովորել... Թատրոնում իր խաղացած հայտնի դերերից էին հանդիսատեսի կողմից շատ սիրված Լեֆեւրըՙ «Մադամ Սան-Ժենում»ՙ խաղընկեր ունենալով անզուգական Մետաքսյա Սիմոնյանին, Քիպարըՙ «Բաղդասար ախպարում», բազմապիսի դերեր հեռուստատեսային ներկայացումներում, նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնցից են` «Սայաթ-Նովա», «Լալվարի որսկանը», «Խաթաբալա», «Երջանկության մեխանիկա», «Բարի առավոտ», «Կապիտան Առաքել», «Ուր էիր, մարդ Աստծո», «Ընկեր Փանջունի» եւ այլն: Սակայն, իմ կարծիքով, իր ամենահիշվող գործերից էին կինոնկարների հայերեն կրկնօրինակումները: Ու, թերեւս, ամենասիրվածը Սահախովի կերպարի հայերեն թարգմանությունն էր «Կովկասի գերուհին» հանրածանոթ կատակերգության մեջ: Սա դժվար է կրկնօրինակում կոչել: Իմ խորին համոզմամբ այստեղ Մանուկյանը «Պապից ավելի պապական է»ՙ այս խոսքի դրական իմաստով: Իր հայերեն կերպարն ավելի լավ է հնչում էկրանից, քան... Էտուշի բնօրինակը: Համաձայն ես ինձ հետ, ընթերցող, թե ոչՙ քո գիտենալիքն է. ես համոզված եմ իմ կարծիքում: Մամիկոնը նաեւ մի մեծ սեր, եթե չասեմ կիրք էլ ուներ. Դա Փափազյանն էր... Այդ սերը, որ խորապես կիսում էր նաեւ տիկին Հռիփսիմեն, ինձ ավելի կապեց այս ընտանիքին: Մանուկյանները թատրոնի կողմից ստացել էին Փափազյանի վերջին տարիներին ապրած բնակարանըՙ Կիեւյան փողոցի վրա: Հիմա չեմ հիշում, թե ինչ առիթով տիկին Հռիփսիմեն ինձ կանչեց իրենց տուն: Ամեն ուսանող էլ մի փոքր քաշված է զգում իրեն իր դասախոսի տանը: Այդ լարվածությունս կրկնապատկվեց, երբ իմացա, որ գտնվում եմ Փափազյանի նախկին բնակարանում: - Մի քաշվիր, քեզ ազատ զգա,- անպաճույճ տոնով ասաց Մամիկոն Մանուկյանը,- անկեղծ որ ասեմ, երբ մենք այս բնակարանն ստացանք, նույնպես երկար ժամանակ մեզ հարմարավետ չէինք զգում: Կարծես Վարպետի հոգին կար... Ու պատմեց, թե ինչպես իրենք տարիներով նորոգություն իսկ չէին արել, քանի որ տան պատերից մեկի վրա մնացել էին Փափազյանի մատնահետքերը... ...Տասնյակ տարիներով Վարպետի պահապան հրեշտակն էր Անահիտը: Այս սուսիկ-փուսիկ տիկինն ամեն ինչ էր Փափազյանի համարՙ օգնական ու քարտուղար, կին ու ընկեր, խորհրդատու եւ զրուցակից: Ցավոք, նա շուտ հրաժեշտ տվեց կյանքինՙ Փափազյանին այդ առաջացած տարիքում թողնելով մեն մենակ աշխարհի դեմ: Վարպետն Անահիտի մեծադիր նկարը կախել էր պատինՙ ջեռուցման մարտկոցի վերեւում: Երբ Փափազյանին արժանացրել էին Լենինի շքանշանին, նա շքանշանը ամրացրել էր Անահիտի նկարին ու ասել. «Ասիկա իմս, չէ, քո՜նն է» ու ձեռքերը զարնելով պատինՙ հոնգուր-հոնգուր լաց է եղել. «Գացի՜ր, ինձի մինակ ձգեցի՜ր...» ասելով... Մատնահետքերը դրոշմվել էին պատինՙ մարտկոցից սեւացած հատվածում... - Նորոգումն անելուց հետո էլ երկար ժամանակ այդ մասն այդպես էինք թողել: Հետո ներկեցինք: Չնայած հիմա շա՜տ եմ ափսոսում,- եզրափակեց Մամիկոն Մանուկյանը: 1973 թվականի հունիսն է: Մեր կուրսից ընտրել էին մի խումբ, որը թարգմանչական հատուկ դասընթաց էր անցնում ու 15 օրով գնալու էին Լենինգրադ: Երջանիկների մեջ ես էլ կայի: Առաջին ճամբորդությունսՙ 21 տարեկանում: Տիկին Սրապյանն իմանալով այդ մասին ասաց. - Հովհաննես, ուզում ենք հետդ Փափազյանի աղջկանՙ Մարիային, նվերներ ուղարկել: Կտանե՞ս: - Իհարկե, հաճույքով, համաձայնեցի: Պիտի հանդիպեի Փափազյանի ժառանգին, լինեի իր պատմական ամառանոցում: Հայկական բերք ու բարիքով բեռնված հասա Լենինգրադ: Բալթյան կայարանից նստել եմ մերձքաղաքային գնացքը: Շուրջս նստած ժողովուրդը հայացքով տնտղում է ինձՙ տարօրինակ կենդանի տեսածի հետաքրքրասիրությամբ: Առավել սեւեռուն հայացքը դիմացս նստած մեծահասակ տղամարդունն է, որ ինձ աչքերով քննում է այնպես, ինչպես որոշ հիմնարկներումՙ հարցաքննության ժամանակ: Նեղվում եմ: «Այնպես է տնտղու՜մ կարծես ԿԳԲ-ի աշխատող լինի, ես էլ լրտես»,- մտածում եմ: Վիճակս մի փոքր շտկելու համար հարցով դիմում եմ հենց ծերուկին. - Ասացեք, խնդրեմ, մինչեւ Օլգինո դեռ շա՞տ ճանապարհ կա անցնելիք: - Իսկ դուք ին՞չ ունեք Օլգինոյում,- խիստ տոնով հարցիս հարցով է պատասխանում նա: - Դե՜, գիտեք , ես հայ եմ, մենք մի նշանավոր դերասան ենք ունեցել, երեւի լսել եքՙ Վահրամ Փափազյան: Իր ամառանոցն այնտեղ է, գնում եմ իր աղջկան այցելության: Հրաշքներ միշտ լինում են: Եվ հանճարների անուններն են հաճախ հրաշքի դռները բացողը: Պետք էր տեսնել ծերուկի դեմքի հանկարծակի փոփոխությունը. - Վահրամ Քամերովի՜չը... ինչպես թեՙ «լսե՜լ եք...»: Դու դեռ ծնված չէիր, տղաս, ես գնում էի իր ներկայացումները դիտելու,- միանգամից անցավ մտերմիկ «դու»-ի ու ջերմ տոնի,- Օթելլ՜ո, Կորրա՜դո, Քի՜ն... Նա խաղում էր ֆրանսերենով, իտալերենով, հետո սովորեց նաեւ ռուսերեն: Ճիշտ է, ակցենտ ուներ, սակայն իր խա՜ղը... Ու ամբողջ ճանապարհին լսեցի իր պատմությունները Փափազյանի մասին: Բարձր զարգացածության ու ճաշակի տեր անձնավորություն դուրս եկավ զրուցակիցս, թեեւ իմ ներքին զգացողությունն ինձ չէր խաբելՙ հատուկ զորքերի պաշտոնաթող գնդապետ էր... Մանրամասն բացատրեց, թե կայարանից ինչպես հասնեմ ամառանոց: Հրաժեշտին ամուր սեղմեց ձեռքս ու ասաց. - Տղաս, հպարտացիր, որ հայ ես, ու Փափազյանը քո ազգակիցն է: Աշխարհում ամեն ազգ չէ, որ նման գանձ ունի... Ամառանոցը որեւէ արտակարգ ճարտարապետական լուծումներ չուներ: Պարզ, հասարակ փայտաշեն գյուղական մի տուն էր, մեկն այն միլիոնավորներից, որոնք սփռված են անծայրածիր Ռուսիայի անհաշիվ գյուղերում: Սակայն սա ՓԱՓԱԶՅԱՆԻՆՆ էր... Այգու դռնակից ներս մտա, պարտեզում հաշմանդամի բազկաթոռի վրա նստած էր մի գեր, հիվանդ երիտասարդ աղջիկ: Բարեւեցի: Սառը պատասխանեց: - Դուք Մարիա Վահրամովնա՞ն եք,- հարցրի: - Ոչ,- չոր ասաց,- ես իր դուստրն եմ,- ու ձայն տվեց,- մա՜, հարցնող ունես: Տանից դուրս եկավ մի փոքրամարմին, ոչ այնքան գեղեցկադեմ, ավելի ռուսական, քան փափազյանական դիմագծերով մի կին: Շուրջ 40 տարի է անցել, սակայն տակավին տեսնում եմ իրեն: Աստվա՜ծ իմ, մի՞թե սա այն Հայոց Ապոլոնի դուստրն է: Եթե բնությունը խորամանկ խաղեր չխաղար, ապա իր ժառանգը պետք է որ «Միսս Տիեզերք» լիներ: Բայց ինչպես ռուսներն են ասում. «Ուրախ լինենք դրանով, ինչ որ ունենք»: Հոգուս մեղք չանելու համար ի սկզբանե ասեմ, որ հետո, երբ ճանաչեցի իրեն, գտա մի լայն ու պայծառ հոգու տեր անձ, ջերմ ու հյուրասեր, թեեւ իր անձնական ոչ այնքան երջանիկ (այսպես ասենք) կյանքն իրեն կարող էր չար ու չոր դարձնել... - Բարեւ Ձեզ, Մարիա Վահրամովնա,- ասացի մոտենալով ու ինձ պարզած ձեռքը համբուրելով,- ես Հայաստանից եմ գալիս, ու ինձ Մամիկոն Մանուկյանն է ուղարկել: Սա էլ Ձեզ համար է: Ու իրեն մեկնեցի բավականին լեցուն, ծանր ցանցատոպրակը: Հանկարծ առանց մի խոսք ասելու սկսեց հեծկլտալ: Գրկեց ինձ, համբուրեց ու արցունքների միջից շշնջաց. - Աստվա՜ծ իմ, ուրեմն ինձ հիշո՞ւմ են: Շնորհակա՜լ եմ... - Ձեզ ոչ ոք չի մոռացել,- ինքս ինձ վրա լիազոր դեսպանի պարտականություններ դնելովՙ մեծախոս-մեծախոս ասացի,- ուղղակի, երեւի շատ եկողներ չեն լինում: - Հրամեցե՛ք,- ասաց,- ներս եկե՛ք... Ես Փափազյանի տանն եմ: Պատին բազմոցի վերեւում մի պայծառ նկար էՙ երիտասարդ Փափազյանը: - Հայրիկը հենց այս բազմոցին մահացավ,- տխուր ասաց Մարիան: Ապա սենյակները շրջելուց հետո դարձյալ այգի դուրս եկանք: Մոտեցանք օվալաձեւ մի ծաղկաթմբի. - Սա իմ մայրիկի գերեզմանն է,- ասաց: Ու տեսնելով զարմացած հայացքս, շարունակեց,- բլոկադային ինձ այլ երեխաների հետ Լենինգրադից էվակուացրել էին: Ռմբակոծություններից մեկի ժամանակ մաման զոհվել է հենց այստեղՙ արկի բեկորից: Հայրիկը նրան փաթաթել է Օթելլոյի թիկնոցի մեջ, ու ինքն էլ թաղել է հենց այստեղ: Չէր թողնում որեւէ ցուցանակ կամ տապանաքար դնենք: Քանի երիտասարդ էր ու ժամանակ էր ունենում, ծաղիկներն անձամբ էր խնամում, հետո ես էի անում: Ու միշտ նույնը: Սա մայրիկիս սիրած ծաղիկներն են եղել... Բակում շրջելիս ցույց տվեց նաեւ տան ու ձեղնահարկի պատերին եղած արկի բեկորների բացած խորշերը: Փափազյանը չի թողել անգամ դրանք նորոգել: Միայն տանիքի վնասված կղմիդրներն էր փոխել տվել, մնացածը պահանջել էր թողնել, ինչպես կա: - Միայն հայրիկի մահից հետո ամբողջ ամառանոցը ներսով ու դրսով ներկել տվեցի, սակայն այս անցքերը թողեցի, ինչպես կա: Նախ հայրիկի ցանկությունն էր, եւ հետո, պատմություն է... Ինքն, ախր, ամբողջ բլոկադան Լենինգրադում է անցկացրել: Բազմաթիվ անգամներ առաջարկել էին մեկնել Երեւանՙ հրաժարվել էր... Այդ պատմությունը գիտեի: Դա առավել էր, քան զուտ հերոսությունը... Ամբողջ օրը վայելեցի Մարիա Վահրամովնայի ջերմ ու հաճելի հյուրընկալությունը, եւ իր անմոռանալի պատմությունները Փափազյանի անձի ու կյանքի մասին: Պահեց ճաշի. - Ես, իհարկե, հայ կանանց նման շատ լավ խոհարար չեմ,- ասաց,- սակայն, կարծում եմ, սոված չենք մնա... Չնայած համեստանալունՙ բավականին ախորժալի կոտլետներ էր պատրաստել, հնդկաձավարով փլավ ու շատ յուրատեսակ համով սալաթ խեցգետիններից: Ճաշում էինք փակ պատշգամբում, ծղոտե մեծ օվալաձեւ սեղանի շուրջըՙ նույնպես ծղոտե բավականին լայն, հարմարավետ բազկաթոռների մեջ նստած: Ամեն բանի մեջ «քիթս խցկելու» սովորությանս համաձայն հարցրի. - Մարիա Վահրամովնա, Վարպետն այս սեղանի՞ն էր ճաշում: - Այո, սիրում էր այստեղ նստել, լուսավոր է, ընդարձա՜կ... - Իսկ ո՞ր աթոռին էր նստում: Ժպտաց. - Ուր որ հիմա դուք եք նստած: Խայթվածի շարժում արեցի: Նստած էի Փափազյանի աթոռին: Դերասանուհի էր, նաեւ հանճարեղ արտիստի զավակՙ իսկույն զգաց. - Ձեզ ին՞չ եղավ,- ասաց,- հանգի՜ստ նստեք: Ամեն ինչ անցել է: Հայրիկն, այլեւ չկա: Իսկ սա պարզապես բազկաթո՜ռ է... Իհարկե, իր համար: Իսկ 21 տարեկան, արվեստասերի հովերով տարված ուսանողի համար դա խորհուրդ էր, ջերմ հուշ, հպարտության պարագա: Ճաշից հետո գնաց ննջարան ու մի փոքր զարդատուփ բերեց. - Զգացի, որ հայրիկի արվեստի իրական երկրպագուն եք,- ասաց,- ուզում եմ ձեզ մի մասունք ցույց տալ: Տուփը բացեցՙ մեջը Փափազյանի մատանին էր, որ նա տասնյակ տարիներ կրել էր ճկույթ մատին ու, որը շատ անգամներ տեսել էի իր բազմաթիվ լուսանկարներում: Ակնածանքով ձեռքս առա, նայեցի ու դարձյալ դրեցի տուփի մեջ: - Շատ բաներ կան թանգարանին հանձնելիք,- ասաց,- սակայն սա, կարծես թե, ձեռքս չի գնում: Ոչ թե որ նյութական իմաստով թանկարժեք է, այլ որովհետեւ ՄԻՇՏ հայրիկի հետ է եղել: Կարծես իր մի մասնիկն է: Է՜հ, կտեսնեմ դեռ,- անորոշ ասաց տուփը փակելով: Զրույցի ընթացքում պատմեց, որ մի շատ դժվարին խնդրի առաջ են կանգնած: Տարածքի վերակառուցման նոր հատակագծի համաձայն, Օլգինոյում մեծ վերափոխումներ են սպասվում, եւ իրենց ամառանոցը հայտնվել է քանդվելու վտանգի առաջ. - Եթե Հայաստանից միջնորդեին, ու մի հուշատախտակ ամրացվեր ամառանոցին, ապա հատակագիծը կփոխեին, եւ տունն էլ կմնար անձեռնմխելի: Ճիշտ է, իրենք ինձ խոստանում են նոր ամառանոց, նյութական զգալի փոխհատուցում, սակայն սա, ինքներդ եք հասկանում, Փափազյանինն է, սա պատմություն է: Եվ հետո... մայրիկի գերեզմանն էլ է այստեղ: Այդպիսի յուրօրինակ հանգամանքներ... Խոստացա Երեւան հասնելուս պես ամեն ինչ մանրամասն պատմել Մամիկոն Մանուկյանին: Նա այն ժամանակ Սունդուկյանի անվան թատրոնի կուսկոմիտեի քարտուղարն էր ու բավականին ազդեցիկ էր այդ դիրքերից... Երեւանում ամեն բան պատմեցի: Խոստացավ խոսել Հրաչյա Ղափլանյանի հետ, որը Թատերական ընկերության նախագահն էր: Մի երկու ամիս անց տիկին Սրապյանն ասաց, որ Ղափլանյանը ցանկացել է ինձ տեսնել, մանրամասն հարցնելու համար: Ժամադրություն ստացա ու գնացի մոտը: Հրաչ Նիկիտիչն ընդունեց շատ սրտամոտ ու սիրալիր տոնով, մանրամասն հարցուփորձ արեց ու խոստացավ շատ շուտով կապվել Կիրիլ Լավրովի հետ, որն էլ Լենինգրադի Թատերական ընկերության նախագահն էր: Բավականին ժամանակ անցավ: Պարբերաբար հիշեցնում էի Մամիկոնին այս խնդրի մասին: Ու մի օր դարձյալ ինձ հրավիրեցին Ղափլանյանի մոտ: Ընդունեց հին ծանոթի պես. - Նստիր, Հովիկ ջան, նստիր: Ես խոսեցի Կիրիլ Յուրեւիչի հետ: Նա սիրով համաձայնեց օգնել: Ծրագրել էինք հայկական տուֆից հուշաքար պատրաստել տալ եւ ուղարկել: Նույնիսկ խոստացավ տեղափոխության ու տեղադրման բոլոր ծախսերը կատարել իրենց կողմից: Բայց մի երկու օր առաջ զանգահարեց ու ասաց, որ կառավարության որոշում կա ամառանոցների վրա հուշատախտակներ չտեղադրելու մասին: - Հրաչ Նիկիտիչ,- ասացի,- սակայն սա բացառիկ իրավիճակ է, եթե տունը հուշատախտակ չունենա, այն պարզապես կքանդեն, իսկ այնտեղ գերեզման կա... - Գիտեմ, տղաս, գիտեմ, շատ եմ եղել այդ տանը: Մի բան պիտի մտածենք: Երեւի իբրեւ բացառություն թույլ տան, քանի որ Փափազյանի լենինգրադյան միակ տունն է եղել դա: Նա այլ բնակարան այնտեղ չի ունեցել: Մենք մի մանրամասն նամակ կպատրաստենք Մոսկվաՙ Կուլտուրայի մինիստրություն: Ապրես, որ այդքան մտահոգված ես: Շնորհակալություն: Երկար ժամանակ անցավ: Ավարտեցի համալսարանը, ընդունվեցի ասպիրանտուրա: Այդ ընթացքում «Ավանգարդ» երիտասարդական թերթում տպագրվեց իմ հոդվածըՙ «Այստեղ ապրել է Փափազյանը» վերտառությամբ եւ լուսանկարներով, որտեղ մանրամասն պատմել էի Օլգինոյի ամառանոցի, ինչպես նաեւ պրոբլեմների մասին: Հարցով հետաքրքրվել էին Կենտկոմի կուլտուրայի բաժնում եւս: Չգիտեմ, եղել էր արդյոք որեւէ որոշում, թե՞ ներքին կարգադրությամբ ժամանակավորապես հետաձգել էին վերակառուցման աշխատանքները... Տնակն առայժմ վտանգի ենթակա չէր: Առայժմ... Այս պատմությունն իր շարունակությունն ունեցավ... տասը տարի հետո... 1986 թվականի դեկտեմբերն է: Խորհրդային ՕՎԻՐ-ի հետ 3 տարի անխոնջ պայքարից ու 6 մերժում ստանալուց հետո, ի վերջո ինձ եւ կնոջս թույլ տվեցին 1 ամսով այցելել Լոս Անջելեսՙ հյուրընկալվելու հորաքույրներիս: Մոսկվա-Վաշինգտոն ԻԼ-62 լայների առաջին վայրէջքը կանադական Նյուֆաունդլենդ կղզում էր: Այստեղից ամեն բան փոխվեցՙ ե՛ւ միջավայրը, ե՛ւ լեզուն, ե՛ւ նույնիսկ... օդանավի ուղեկցորդները: Մոսկվայից մինչեւ Կանադա մեզ սպասարկած անուշիկ ռուսուհիներին փոխարինեցին հաստաբազուկ, հաղթանդամ երիտասարդներՙ մեզ սուրճ ու ջրեր մատակարարող... Օդակայանում իրար գլխի ենք հավաքվել Ամերիկա մեկնող բավականին մեծաքանակ հայերի խմբով: Հանկարծ տեսնում եմ դիմացից եկող խորհրդային մի ստվար պատվիրակություն, որ նույնպես մեր օդանավից իջնելով սպասում են, որպեսզի վառելիքի լիցքավորումն ավարտվի եւ վերադառնան ինքնաթիռ: Եվ դրանց մեջ... Աստված ի՜մ... Կիրիլ Լավրովն է: Կնոջս ասացի, որ սավառնակն օդ բարձրանալուց հետո մոտենալու եմ ու խոսեմ Փափազյանի տան հարցով: Վիզաների հետ կապված մեր ոդիսականն ու արտասահմանում քեզ պահելու մասին մեր ներսում նստած խորհրդային հրահանգավորումը, կնոջս թելադրեցին, որ ինձ խոհեմության կոչի: Լսողն ո՞վ էր... ...Զգուշությամբ ետ տարա առաջին կարգի սալոնի վարագույրը: Լավրովը նստած էր երկու բազկաթոռ այն կողմ: Ներկայացա ու համառոտ ասացի, թե ինչու եմ իրեն ուզում անհանգստացնել: Միանգամից մի ջերմ ժպիտ ողողեց դեմքը, պինդ սեղմեց ձեռքս ու ասաց. - Դե, իհարկե՜, հիշում եմ ես այդ պատմությունը: Հրաչ Նիկիտիչը պատմել է նաեւ ձեր մասին: Եկե՜ք, նստեցե՛ք... Հազիվ էի տեղավորվել, երբ ինձ մոտեցավ հաղթանդամ ուղեկցողներից մեկն ու խիստ ընդգծված քաղաքավարությամբ, որն ավելի սպառնալիք էր հիշեցնում, հարցրեց. - Դուք առաջին կարգի սալոնի ուղեւո՞ր եք: Ես դեռ չէի հասցրել բերանս բանալ, երբ Կիրիլ Յուրեւիչն ասաց. - Ոչ, նա իմ հյուրն է: Խնդրում եմ, մեզ խմիչք բերեք: Լավրովի բաճկոնի օձիքին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի դեպուտատի կրծքանշանն էր... Մեր զրույցը տեւեց համարյա մինչեւ Վաշինգտոն: Արտակարգ ակնածանքով ու սիրով էր խոսում Փափազյանի արվեստի մասին, մասնավորապես շեշտելով համարյա նույն միտքը, ինչ Ուիլյամ Սարոյանն է ասում «Իմ սիրտը լեռներում է» պիեսումՙ Մեք Գրեգորի մասին. «...որ նա մեր դարի ամենամեծ Շեքսպիրյան դերասանն էր...»: Ամառանոցի պրոբլեմի մասին կրկնեց այն ամենը, ինչ մեզ արդեն ծանոթ էրՙ սա հիմնական տուն չէր, եւ օրենքը դժվարություններ է հարուցում ... Սակայն վստահեցրեց, որ ամերիկյան այս ուղեւորությունից վերադարձին անմիջապես ու հիմնավոր կզբաղվի այդ հարցով: Օդանավը պատրաստվում էր վայրէջքի: Ես հրաժեշտ տվեցի Կիրիլ Լավրովին ու վերադարձա իմ աթոռը: Կինս զարմանալով ու մի քիչ էլ անհանգստացած հարցրեց. - Ի՞նչ էիր խոսում այսքան ժամանակ: - Փափազյանի մասին,- պատասխանեցի, մանրամասները թողնելով վայրէջքից հետո... Գորբաչովյան «Պերեստրոյկան» ամեն ինչ հիմնավորապես խառնեց իրար: Սկսվեց Շարժումը, երկրաշարժ, փոփոխություններ... Վախճանվեց Հրաչյա Ղափլանյանը, ապա 1992-ին, պատերազմական դժվարին շրջանում, առա Մարիա Վահրամովնայի մահվան լուրը... Ինձ համար գոնե օդի մեջ առկախ մնաց այս հարցի լուծումը... Չգիտեմ պահպանվե՞ց ամառանոցը թե ոչ, սակայն այն անմոռաց օրն Օլգինոյում իր բոլոր մանրամասներով ցայսօր պահպանված է իմ հիշողության մեջ: Եվ իմ կերտած հուշատախտակն էլ ոսկեղեն տառերով է: Սիրո, ակնածանքի ու խոնարհումի ոսկե տառերով... 19.11.2012, Մանչեստր |