ԼՈՆԴՈՆՈՒՄ ԿՈՄԻՏԱՍԻ 145 ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳ ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ-ՍԵՅՄՈՒՐ (Լոնդոն) ՍԵԴԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ (Երեւան) Հոկտեմբերի 18-ին Լոնդոնի Սուրբ Եղիշե եկեղեցում տեղի ունեցավ դասական երաժշտության համերգ: Լոնդոնի Թեքեյան հիմնադրամը կազմակերպել էր հայ երաժշտության երեկո` Մեծ Բրիտանիայում առաջին հայկական` «Կոմիտաս» երգչախմբի մասնակցությամբ` տոնելու Մեծն Կոմիտասի 145 ամյակը: Թեքեյան հիմնադրամը, որը 1979 թ.-ից գործում է որպես բարեգործական կազմակերպություն եւ հանդիսանում է Լոնդոնի Թեքեյան մշակութային միության եւ Երեւանի «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հիմնասյունը, մեծ նվիրումով ծառայում է ազգային ինքնության պահպանմանն ու տարածմանը: Ստեղծումից ի վեր կազմակերպել է մի շարք համերգներ, ցուցահանդեսներ, հանրային բանախոսություններ, դասախոսություններ, մշակութային այլ ձեռնարկներ, որոնք նպաստում են Հայաստանի եւ Սփյուռքի միջեւ կապերի ամրապնդմանը: Հայկական երգչախմբի ստեղծման գաղափարը, որը պատկանում էր Թեքեյան հիմնադրամի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանին եւ տենոր Սիփան Հակոբյանին, մեծ խանդավառությամբ ողջունվեց հիմնադրամի կողմից, եւ 2013թ. նոյեմբերին պաշտոնապես ստեղծվեց «Կոմիտաս» երգչախումբը` Վ. Ուզունյանի նախագահությամբ եւ գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր, տենոր Ս. Հակոբյանի գլխավորությամբ, որոնց դերն ու աջակցությունը նշանակալից են երգչախմբի ստեղծման օրվանից: Դիրիժոր Ս. Հակոբյանը, ինչպես նաեւ երգչախմբին նվագակցող Էլլա Բաբայանը ամիսներ շարունակ ջանք չխնայեցին եւ անգնահատելի աշխատանք տարան երգչախմբի 30 երգիչներին մարզելու երգային վարպետության մեջ եւ նախապատրաստելու աշնանային այս կարեւոր ելույթին, որին ներկա էին բրիտանահայ համայնքի բոլոր կազմակերպությունների նեկայացուցիչներ, Լորդերի պալատի խոսնակ Բարոնուհի Քարոլայն Քոքսը, երաժիշտներ, քննադատներ եւ երաժշտասեր հանրությունը: Համերգը հագեցած էր կոմիտասյան լավագույն եւ հանրահայտ ստեղծագործություններով: Բացի «Կոմիտաս» երգչախմբի ելույթներից, հանդիսատեսը վայելեց նաեւ տաղանդավոր անգլիաբնակ հայ երաժիշտներ` Անի Բատիկյանի, Թերեզա Գեւորգյանի, Քրիստինա Առաքելյանի կատարումները: Առաջին կոմիտասյան ստեղծագործություններըՙ դաշանմուրային պարեր, կատարեց խոստումնալից դաշանակահարուհի եւ կոմպոզիտոր Քրիստինա Առաքելյանը: Հաջորդ ելույթը մատուցվեց տենոր Սիփան Հակոբյանի կողմից, ով իր թավշյա ձայնով կատարեց Կոմիտասի «Հայաստան», «Էս առուն», «Ալագյազ» եւ «Խնկի ծառ» երգերը: Այնուհետեւ կոմիտասյան «Կռունկ» եւ «Քելեր-Ցոլեր» ստեղծագործությունները վարպետորեն կատարեց ջութակահարուհի Անի Բատիկյանը: Տպավորիչ էր Թերեզա Գեւորգյանի հնչեղ սոպրանոն Կոմիտասի «Ծիրանի ծառ» եւ «Ծիծեռնակ» ստեղծագործություններում: Մենակատարների ելույթը եզրափակվեց Կոմիտասի «Հաբրբան» ստեղծագործությունով, որի ժամանակ այս չորս երաժիշտները իրենց վարպետ մատուցումով հմայեցին հանդիսատեսինՙ համահունչ, լիրիկական կատարումով եւ զգացմունքայնությամբ, ինչպես նաեւ արտիստիզմով: Համերգի հաջորդ հատվածը «Կոմիտաս» երգչախմբի ելույթն էր: Ստեղծման օրվանից դեռ մեկ տարին անգամ չբոլորած երգչախումբն իր առաջին լայնամասշտաբ ելույթը ներկայացրեց, հանդես գալով հայրենասիրական 9 երգերով, որոնց թվում նաեւ կոմիտասյան երեք երգՙ «Անձրեւն եկավ», «Էս գիշեր», «Իմ չինարի յարը»: Մեծ ուշադրության արժանացավ Արփի Քասաբյանի մենակատարումը երգչախմբի եւ դաշնամուրի նվագակցությամբ «Ծաղկած բալենի» երգում: Համերգի վերջում ողջույնի խոսքերով հանդես եկան Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատան ներկայացուցիչ Արա Մարգարյանը, Արեն վրդ. Շահինյանը` բարձր գնահատանքի արժանացնելով երգչախմբին: |