RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 28-11-2014



Տեղադրվել է` 2014-11-27 21:47:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 835, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՇՆՈՐՀԻ ԸՆԾԱՅԱԿԻՐԸ

Արտաշես ԱՐԱՄ

Վարդուհի Վարդերեսյանի հետ հանդիպում Հայաստանի Գրողների միությունում

Օրերս Հայաստանի Գրողների միությունում հանդիպում էր ՀՀ ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանի հետ: Հանդիպումն ուղեկցվում էր ասմունքով եւ երաժշտական կատարումներով: ՀՀ վաստակավոր արտիստուհի Գրետա Մեջլումյանը ներկայացրեց հատվածներ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» թատերախաղից եւ Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոեմից: Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Ագնեսա Շահնազարյանը կարդաց Համո Սահյանի, Հրաչյա Հովհաննիսյանի, Գեւորգ Էմինի բանաստեղծություններից: Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկավ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի պետական թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանը: Ազգագրական երգերի յուրօրինակ մեկնաբանմամբ հանդես եկավ գրող, երգահան Արսեն Համբարյանը:

Մի կողմ դնենք բազմաթիվ կոչումներն ու պարգեւները, բեմում Վարդուհի Վարդերեսյանն է, պայծառ անհատականությունը, մեծ դերասանուհին, հմայիչ եւ ազնվական հայուհին, Բարձրագույն Շնորհի կրողն ու հայ նոր թատրոնի երախտավորը: Արտիստուհին Գրողների միություն էր բերել իր Սիամանթոյին, իր Վարուժանին ու Ռուբեն Սեւակին: Եվ ջերմ, առինքնող մթնոլորտում իր խորհրդավոր տիրականությամբ ծավալվում էր մեծն պոեզիայի ժամանակը: Արտիստուհին իր սիրելի պոետների գործերը հնչեցնում էր աղոթքի պես, շերտ առ շերտ բացելով արեւմտահայ արքայական բանաստեղծության խորն ու առինքնող շերտերը: Եվ հրաշքի պես, մեր սառը, տարտղնվող, այլակերպվող ու անհրապույր իրականությունը կենդանանում, ջերմանում ու ոգեղենի դրոշմ էր կրում: Սիամանթոյի, Վարուժանի, Ռուբեն Սեւակի բանաստեղծության ջլապինդ ռիթմերը արտիստուհու շուրթերից հնչում էին մի այլ չափ ու կշռույթով, եւ արտիստուհու թավշե ձայնը կարծես զնգում-արձագանքվում էր գալիք հորիզոններում: Մոր պես ու քրոջ նման արտիստուհին հանդիսականի հետ կիսում էր իր ամենաթանկ հուշերը: Կան անհատներ, որոնց ներկայությունը ոգու եւ ոգեղենի դաշտ է ստեղծում, նրանք նոր փայլ ու իմաստ են հաղորդում իրենց ապրած ժամանակին: Եվ արտիստուհու ջանքով անցյալի ցավը, ներկայի տագնապները եւ անկորնչելի գեղեցկությունը ծփում ու ալիքվում էին Գրողների տան սրահում: Բեմում սիրելի արտիստուհին է, այն քչերից, այն եզակիներից մեկը, առանց որի ամբողջական չէր լինի հայ նոր թատրոնի պատմությունը, եւ որի ներկայությունը մեզանում մի այլ բան էլ է ապսպրում, որ անկախ ժամանակի հարուցած դժվարությունների, հայ մարդը ընկրկելու, նահանջելու, պարտվելու իրավունք չունի: Բեմում հայ հավատավոր արտսիտուհին է, եւ ներկա ահագնացող արտագաղթի ֆոնին առկայծում է նրա անցած ճանապարհի հետագիծը, նրան դեպի Հայաստան բերող ճակատագրական ճանապարհը: Էն բարդ, էն դժնի ժամանակներում դեպի Հայրենիք ձգվող այդ քարավանները: Ոմանք գիտեին, ոմանք նախազգում էին, թե իրենց հայրենիքում ինչ փորձություններ ու դժվարություններ են բաժին ընկնելու, ոմանքՙ անտեղյակ, բայց գալիս էին, որ ապրեն իրենց երկրում, որ սեփական քրտինքով ու ջանքով շենացնեն իրենց երկիրը: Եվ անասելի զոհողությունների գնով կայացած այդ Հայրենիքը այսօր լքվում է: Աշխարհակործան հեղաբեկումներից կորզված այդ Հայրենիքից այսօր փախչում են: Եվ հանճարեղ բանաստեղծի ըղձանքը արտիստուհու շուրթերին. «Ափ մը մոխիր... Հայրենի տուն...»:

Եվ մտածում ես, եթե 1946-ին Բուխարեստից ճանապարհը ապագա դերասանուհուն դեպի Հայաստան չբերեր, ապա հայ թատրոնը ինչպիսի կորուստ պետք է ունենար: Եվ փառք ճակատագրի բարեհաճությանը, որ հայ արտիստուհու եւ հայ հանդիսականի հանդիպում կայացավ: Մարգարիտ ու Դեզդեմոնա, Պոլինա եւ Նուարդ, Կեկել ու Նաստասիա Ֆիլիպովնա, եւ բազում ու բազմապիսի այլ շողշողուն դերակատարումների կողքինՙ սարոյանական Ջոնին, սարոյանական աշխարհի ողջ լույսը, բարության, անմեղության պաշարները իր էության մեջ ներկալած այդ հրաշք մանչուկի կերպարը: Այն որ 32-ամյա դերասանուհին կարողացել է նման հավաստիությամբ կերտել 9-ամյա մանչուկի կերպարը, այսօր ընկալվում է իբրեւ ստեղծագործական սխրանք: Իմ սերնդի մարդիկ լավ են հիշում արտիստուհու հեռուստաթատրոնում ստեղծած հուզիչ ու վավերական կերպարներըՙ միսիս Սեւիջը, տիկին Սաթենը:

Կան հանդիպումներ, որոնք ավարտվելուց հետո շարունակվում են գալիք ժամանակի ու տարածության մեջ: Եվ Վարդուհի Վարդերեսյանի հետ Գրողների տանը կայացած հանդիպումը շարունակվելու է հաստատապես, քանզի դա ընդամենը հանդիպում չէր, այլՙ անմոռանալի դասՙ բանաստեղծության, գեղեցկության եւ արժանապատվության:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 28-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ