RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 28-11-2014



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2014-11-27 21:47:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 1323, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԳԱՌԶՈՒՆ «ԱՐԱՄԵ» ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

«Արամե» պատկերասրահի Մաշտոցի պողոտայի մասնաճյուղում ներկայացված են ֆրանսահայ նկարիչ Գառզուի աշխատանքները: Ցուցադրությունը ներառում է Գառզուի ստեղծագործական տարբեր շրջանի գործեր` ամենահինը թվագրված 1948թ.-ով, ամենանորը` 1988-ով, որոնք բնորոշվում են ոճական ու ժանրային առանձնահատկություններով, Գառզուի նկարչական մտածողության ինքնօրինակ դրոշմով: Ներկայացված բնանկարները, դիմանկարները, նատյուրմորտները օրիգինալ յուղաներկ եւ ջրաներկ աշխատանքներ են, նաեւ` լիտոգրաֆիաներ եւ երկու գծանկար, որոնց մի մասը մասնավոր հավաքածոներից են: Ցուցադրված գծանկարներից մեկը արվեստաբան Շահեն Խաչատրյանին պատկանող, կոչվում է «Վերածնունդ», նվիրված Ցեղասպանության 80-րդ տարելիցին: Գառզուն այդ նկարը նրան նվիրել է կյանքի վերջին տարիներին, եւ ինչպես արվեստաբանն է մեկնաբանում, այն խորհրդանշում է երկրի ապագան` ծառի նման վերհառնող կնոջ կերպարանքով:

Այս ամեն գեղեցկությունը` գառզուական աշխարհին հատուկ տեսիլքային, պատրանքային զգացողություններ առաջացնող գունային համամասնության, նրբահյուս ուրվագծերի թափանցիկ պատկերները հանդարտ ու խոհուն մթնոլորտ են ապահովում հարմարավետ սրահում: Գյուղական տեսարան, մայրամուտի խորհրդավոր պահեր, քաղաքային այգի, երեկոյան պեյզաժ եւ իհարկե նավահանգստային քաղաքներ, խորհրդածող ինքնասուզումների մեջ ընկած, պատված գույնի ու գծի նուրբ շղարշով, երբեմն ազատ, երբեմն ասես շղթայված` նոսր կամ խիտ հյուսվածքներով, բայց գրեթե միշտ հեռավորության տեսանելիությամբ, այսինքն բաց տարածության ակնկալիքով, հեռվում նշմարվող լույսի առկայծումով: Գառզուի նկարչությանը բնորոշ ընդհանուր տրամադրությունը` թախծի, տխրության զգացումները, տիրող լռությունն ու ամայությունը էլեգիա է մարդու մենակության, նրա լքվածության մասին: «Մարդը մեծ քաղաքի մեջ միայնակ է: Կը թվի ամեն ինչ ունի, սակայն իրականության մեջ ունեցածը միայն մենությունն է»: Մենակությունը, հոգեկան խզվածությունը, աշխարհի, միջավայրի հանդեպ վախի, անվստահության ծնունդ զգացում է ` 20-րդ դարի առաջին կեսերից մարդկությանը մշտապես ուղեկցող, ներկայում էլ ավելի արտահայտված ու խորացող: Ետպատերազմյան իրականությանը բնորոշ մի երեւույթ, որ արվեստում առավել ընդգծված ու խորհրդանշական ձեւեր է ստացել: Գառզուի նկարչության մեջ այդ տագնապները արտահայտված են նրբորեն` սիմվոլներով, պատկերների միջտարածական լուսային մթնոլորտով, գծերի թափանցիկ նրբացանցերով, երբեմն լռության խտացումներով, շրջակա գեղեցկությունների մեջ մարդու բացակայությամբ:

Առհասարակ այս նկարչության մեջ պատկերի, երեւույթի արտահայտության այսպես ասած գծայնացումը գառզուական ոճի ամենահայտնի կողմն է, ճարտարապետական կրթությունը այնուամենայնիվ իր ներկայությունը միշտ զգացնել է տվել, քաղաքային կառույցների, նավահանգիստների, դղյակների, ամրոցների, պալատների, կամուրջների պատկերներում գծի ճշգրտությունը, կառուցիկությունը դրա վկայությունն են, գիծը դառնում է հիմնական արտահայտչամիջոցը, ոչ միայն վիզուալ, այլեւ զգացական-իմաստային առումով: «Կրնամ ըսել, թե գույնեն առաջ գիծը կտեսնեմ: Ես ալ սկիզբները չէի անդրադարձած, որ գիծերով կնկարեմ: Բայց հետո գիծերն ավելի տիրապետող դարձան: Գիծերը, ամեն ինչ բաժնելու փոխարեն, կմիացնեն»: Միաժամանակ նույն ուժով օժտված է նաեւ գառզուական գույնը, երբ նկարիչը կարողանում է մեկ գույնի մեջ հասնել բացառիկ արտահայտչականության: Ահավասիկ գառզուական գծի ու գույնի ներթափանցումների տասնյակ օրինակներ տեսնում ենք այս ցուցահանդեսում:

Ընդունված է համարել, որ Գառզուի անունը հայտնի է դառնում 1953 թվականից, երբ Դրուան- Դավիդ սրահում բացվում է նրա վենետիկյան բնանկարների ցուցահանդեսը, եւ իր հեղինակած թատերական հանդերձներով եւ ձեւավորմամբ բեմ են բարձրանում «Գայլ» եւ «Ժիզել» բալետները: Երեւանյան ներկա ցուցահանդեսում տեղ են գտել այդ շարքի երկու բնանկար`«Վենետիկ» եւ «Վենետիկյան տեսարան» գործերը:

Ծնունդով Հալեպից, Գառզուն Եգիպտոսից Փարիզ տեղափոխվում է 1924 թ.-ին, սովորում է ճարտարապետական դպրոցում, զուգահեռ հաճախում Մոնպառնասի Գրան Շոմիեր ակադեմիան. նկարչությունը դառնում է կյանքի գործը, դառնում է ճակատագիր, թեեւ ճարտարապետությամբ չի զբաղվում, բայց ճարտարապետական մտածողությունը խիստ արտահայտված է կտավներում:

Գառզուի առաջին անհատական ցուցահանդեսը բացվում է 1939-ին, Փարիզում, մինչեւ 1966-ը ունենում է շուրջ 50 այդպիսի ցուցահանդեսներ եվրոպական երկրներում, Մ. Նահանգներում, Մերձավոր Արեւելքում: Նա Ֆրանսիայում ճանաչում ստացած ու գնահատված արվեստագետ է, պատվավոր անդամ է ֆրանսիական գեղարվեստի ակադեմիայի, պարգեւատրվել է «Պատվո լեգեոն» շքանշանով, արժանացել է հեղինակավոր մի շարք մրցանակների, նրա անունով Ֆրանսիայում գործում է երկու թանգարան: Հայաստանում առաջին անգամ Գառզուի ցուցահանդեսը բացվել է 1966-ին, ուր ներկայացված շուրջ 150 փորագրություններն ու գրքերի նկարազարդումները արվեստագետը նվիրել է Հայաստանի ազգային պատկերասրահին, հետագայում եւս բազմաթիվ նվիրաբերություններ է կատարել: «Ես հայ նկարիչ եմ, ես իմ տառապած ժողովուրդի բեկորն եմ: Անանկ տպավորություն ունիմ, կարծես վաղուց եմ այցելած Հայաստան»: 1982 ին Երեւանում նշվել է նրա ծննդյան 75-ամյակը, վերջին ցուցահանդեսը եղել է 1997-ին` նկարչի 90-ամյակին նվիրված: Ահա 17 տարի անց «Արամե» պատկերասրահը վերստին անդրադառնում է սփյուռքահայ նշանավոր նկարչի արվեստին` 45 աշխատանքների ցուցադրությամբ` 20 օրիգինալ յուղաներկ, 2 գծանկար, 1 ջրաներկ եւ 22 լիտոգրաֆիա: Գառզուական բնանկարչության հմայքը իսկապես անսովոր է, իրականի ու տեսիլքի միջանցումային պահերի նրբահյուս արտացոլանքը աչք է շոյում. այս ցուցադրությունը ներկայացնում է դրանցից մի քանիսը` «Վերսալի ամրոցը», «Նավահանգիստը պալատի առջեւ», «Փողոց Փարիզում»,«Ռոշեշուարտի պալատը»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 28-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ