RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2014-11-14 > #037, 2014-11-21 > #038, 2014-11-28 > #039, 2014-12-05 > #040, 2014-12-12

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 28-11-2014



Տեղադրվել է` 2014-11-27 21:47:25 (GMT +04:00)


Ընթերցված է` 988, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՄՄԻՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԸ ԳՏԱՆ ԻՐԵՆՑ ՏԵՐԵՐԻՆ

Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Թեքեյան մշակութային միությունն արդեն որերորդ անգամ իրականացնում է Թեքեյան մրցանակաբաշխություն, որը խթանում է արդի մշակույթի գործիչներին էլ ավելի եռանդով ստեղծագործելու:

Մեր օրերում շատ կարեւոր է ուշադրության կենտրոնում պահել եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերել արդի մշակույթը կերտող ու հայի դիմագիծը վառ պահող գործիչներին:

Այս տարվա Թեքեյան մշակութային միության մրցանակակիրներն են գրականության ասպարեզում Դավիթ Գասպարյանըՙ իր «Գուրգեն Մահարի» մենագրությամբ, երաժշտության ասպարեզումՙ Երվանդ Երկանյանն իր «Միստերիա» սիմֆոնիկ պոեմով, կերպարվեստի ասպարեզում` ՀՀ ժողովրդական նկարիչ Զաքար Խաչատրյանըՙ «Ամառային օր» գեղանկարի համար, իսկ մանուկների համար ստեղծագործությունների ասպարեզումՙ Լիլի Էլբակյանը, «Ալիսան հրաշքների աշխարհում» ներկայացման բեմադրության համար (խամաճիկների թատրոն):

Հայաստանի Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության նախագահ, ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հպարտությամբ նշեց, որ Թեքեյան մրցանակները անկախ Հայաստանի առաջին մրցանակներից են եւ այս տարի արդեն 18-րդ անգամ դրանք շնորհվում են անվանի արվեստագետներիՙ տարբեր ասպարեզներում: Նա հավաքվածներին վստահեցրեց, որ մրցանակաբաշխությունը շարունակական բնույթ է կրելու:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ԳԱԱ արտասհամանյան անդամ Երվանդ Ազատյանը, որը տարիներ ի վեր մեծ օգնություն է ցուցաբերում այս նախաձեռությանը: Նա անդրադառնալով գրականության ասպարեզում մրցանակի արժանացած Դավիթ Գասպարյանի «Գուրգեն Մահարի» մենագրությանը, նշեց, որ տասնյակ հատորների մեջ ընտրեց հենց Դավիթ Գասպարյանի «Գուրգեն Մահարի» մենագրությունը, քանի որ ահռելի աշխատանք էր կատարված:

«Գուրգեն Մահարին երկու Եղեռները կամրջող գրող է, որի մանկությունը եւ պատանեկությունը անցել է որբանոցներում: Նրա ամենասիրելի իրերն էին թուղթն ու գրիչը, սակայն 17 տարի լինելով Սիբիրումՙ նա զրկվել էր դրանցից եւ դատապարտվել էր խոզարածությամբ զբաղվել: Դավիթ Գասպարյանը կատարել է հետազոտություն, որտեղ ներառված են Մահարու բեղուն եւ փոթորկալից կյանքը, բանաստեղծություններն ու արձակը, նամակագրական գրականությունը եւ լեզվական հմտությունները: Մահարինՙ լինելով Չարենցի հովանավորության ներքո, կատարել է բազմաթիվ գրական որոնումներՙ ընթերցողին թողնելով հսկայական գրական ժառանգություն: Նա մինչեւ իր վերջին շունչը ծառայեց հայ գրականությանը»,- նշեց Ե. Ազատյանը եւ մեջբերեց նաեւ Վուդի Ալենի հետաքրքրական մի ասույթը, որում արտացոլվում է նաեւ Մահարու, ինչպես Բակունցի ու Չարենցիՙ իրենց գրչակիցների ձեռքով դաժան ճակատագրի ենթարկվելը: Ասույթում ասվում է. « Մտավորականները նման են մաֆիայի, միայն իրենց նմաններին են սպանում»:

Ե. Ազատյանը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախաշեմին հայրենի կառավարությանը դիմեց խնդրանքով-պահանջով, որպեսզի կանգնեցվի հուշարձան մեր գրական այդ սերնդի, սերուցքի հիշատակին նվիրված, որը զոհ գնաց ստալինյան բռնություններին:

Ի դեպ, միջոցառմանը ներկա էին նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը: Վերջինս ներկայացրեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքը, ապա իր խոսքում կարեւորելով այս միջոցառումըՙ նշեց, որ այն ցույց է տալիս մեր ազգի միասնականությունը: Ավելին, Դ. Հարությունյանը ընդգծեց նաեւ, որ մենք պատմության մեջ մնացել ենք ոչ թե տնտեսական գործունեությամբ եւ ոչ միշտ ռազմական հաջողություններով, այլ մեր մշակութային իրագործումներով:

Մանկապատանեկան ստեղծագործությունների համար ստեղծված «Արա-Մարալ» մրցանակի ժյուրիի նախագահ, «Ազգ» թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը հետահայաց հիշելով նախկինում անցկացված Թեքեյան մրցանակաբաշխությունները նշեց, որ այն մարդիկ, որոնք եղել են նախկին ձեռնարկներին կփաստեն, որ միշտ յուրահատուկ մթնոլորտ է տիրում դահլիճում, քանի որ գնահատվում է ոչ միայն արվեստագետը, գրականագետը, գրողը, այլեւՙ մեր արվեստն ու մշակույթը. «Հատուկ նշանակություն է տրվում հայ մշակույթին, որը մեր մնայուն, հզոր, տեւական արժեքն է: Նույն մթնոլորտի շարունակությունը մենք տեսնում ենք այն ներկայացման մեջ, որն արժանացել է այս ասպարեզում մրցանակին: Այն Լիլի Էլբակյանի «Ալիսան հրաշքների աշխարհում» մյուզիքլն է»:

Անդրադառնալով այդ մրցանակի հովանավորինՙ Սիլվա Տեր-Ստեփանյանին (Նյու Յորք), Հ. Ավետիքյանը նշեց, որ Սիլվան մեծահարուստ չէ, այլ մի խանդավառ, մեծ ներուժ ունեցող հայուհի, որը Նյու Յորքում անգլալեզու երիտասարդությանը խանդավառում է հայերեն լեզվով եւ Հայաստանում էլ, իր ավագ քրոջՙ Իրմայի հետ, հովանավորում մշակութային շատ նախագծեր:

Ի դեպ, «Ալիսան հրաշքների աշխարհում» մյուզիքլում խաղում են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժնի ուսանողները:

Իսկ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը հուզմունքով նշեց, որ Թեքեյան մշակութային միությունը ձեւավորվել է հենց այն ժամանակ, երբ ինքը ծնվել է ու իր համար մեծ պատիվ է այսօր մրցանակ հանձնել երաժշտության ոլորտում իր «Միստերիա» սիմֆոնիկ պոեմով մրցանակի արժանացած Երվանդ Երկանյանին:

Ե. Երկանյանն էլ իր հերթին նշեց, որ այն իր համար նույնքան թանկ է, որքան պետական մրցանակը, թանկ է Վահան Թեքեյանի անունը, որը կյանքի մի կարեւոր մասն անցկացրել է Եգիպտոսում, որտեղ ինքն է ծնվել...

Հատկանշական է, որ մրցանակների մի մասի դրամական կողմը տրվում է ԹՄՄ-ի «Շաքե Ղազարյան» ֆոնդից:

Անդրադառնալով կերպարվեստի ոլորտին նշենք, որ այս տարի նկարիչների կողմից ներկայացվել է 35 աշխատանք, որոնք ցուցադրվել էին կից սրահում:

ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, արվեստաբան Հրավարդ Հակոբյանն ուրախությամբ փաստեց, որ այս տարի ցուցահանդեսին մասնակցել են ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերնդի ստեղծագործողներ, որոնց աշխատանքների մեջ դրսեւորվել են արդի հայ գեղանկարչության գլխավոր միտումները: Ավելինՙ նկարիչների մեջ մեծամասնությունը գյումրեցիներ են:

Մրցանակի արժանացած Զաքար Խաչատրյանը արժեւորելով այդ մրցանակըՙ ցավով փաստեց, որ այսօր, երբ շատ նկարիչներ չունեն ոչ մի կոպեկ, նյութեր, կտավներ եւ այս պայմաններում տալ դրամական պարգեւ եւ գնահատել այն աշխատանքը, որն արվում է նկարիչների կողմից, մեծ պարգեւ է:

Ի դեպ, մրցանակների հանձնման արարողությունը ընդմիջվում էր Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի կատարումներովՙ մաեստրո Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #38, 28-11-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ