ԼԵԶՎԱԿԱՆ ՎԹԱՐՆԵՐ ՌՈՒԲԵՆ ՍԱՔԱՊԵՏՈՅԱՆ Շամպայնի ցայտերը Անհնար է պատկերացնել որեւէ տոնական միջոցառում առանց շամպայնի խցանների պայթյունի եւ փրփրուն, կայծկլտացող հեղուկով լի գավաթների զրնգոցի: Այս ամենը զուգորդվում է բարձր տրամադրության եւ երգ-երաժշտության հետ: Հետո սկսվում է «մասնագիտական» խոսք ու զրույցը շամպայնի շուրջ. - Իսկ սա ի՞նչ շամպայն է: - Կիսաչոր , ես դա եմ գերադասում: - Իսկ ես գերադասում եմ չոր շամպայնը: - Ի՞նչ եք ասում, բրյուտը ամենից լավն է: Չոր կամ կիսաչոր շամպայն: Տարօրինակ չէ՞ արդյոք: Կարո՞ղ է արդյոք շամպայնը, որ հեղուկ է, լինել չոր, կամ, առավել եւս, կիսաչոր: Եվ առհասարակ, ո՞րտեղից են գալիս շամպայնին տրվող այս բնութագրերը: Այս տեսակային անվանումները ցույց են տալիս շաքարի պարունակությունը փրփրուն գինու մեջ: Այսպեսՙ բրյուտ անվանումը ցույց է տալիս, որ 1 լիտրի մեջ կա 15 գրամից ոչ պակաս շաքար, չորՙ 20-25 գ/լ, կիսաչոր ՙ 40-45 գ/լ: Առհասարակ համարվում է, որ ինչքան քիչ է շաքարի պարունակությունը, այնքան բարձրակարգ է խմիչքը: Վերադառնանք սակայն չոր ու թացին: Հայերեն այս անվանումները ակնհայտորեն հակասում են առողջ տրամաբանությանը, քանի որ հեղուկը չի կարող լինել չոր կամ կիսաչոր: Այդ դեպքում ո՞րտեղից են գալիս այս անտրամաբանական անվանումները: Պատճառը ռուսերենից կատարված մեխանիկական թարգմանությունն է: Ռուսները գինիները բնութագրելու համար գործածում են сухое եւ полусухое անվանումները, որոնց հայերեն ճիշտ համարժեքները կլինեն դառը եւ կիսադառը կամ կիսաքաղցր բառերը: Սակայն հարցը բարդանում է նրանով, որ շամպայնը ունի նաեւ այլ բնութագրերՙ քաղցր (շաքարի պարունակությունը 80-85 գ/լ) եւ կիսաքաղցր (60-65 գ/լ): Այս դեպքում հայերեն անվանումների մեջ առաջանում է որոշ շփոթ, ուստի ռուսերեն անվանումների դիմաց առաջարկում ենք հետեւյալ տարբերակները. Брют - Անապակ Сухое - Դառը Полусухое - Կիսադառը Полусладкое - Կիսաքաղցր Сладкое - Քաղցր Ինչ խոսք, սրանք սոսկ լեզվաբանական բնութագրեր են, եւ վերջին խոսքը մնում է մասնագետներին, որոնք այս առաջարկների դեմ կարող են ունենալ տարաբնույթ առարկություններ եւ մեկնաբանություններ, որոնց մենք սիրով կանդրադառնանք: |