RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2014-12-05 > #040, 2014-12-12 > #041, 2014-12-19 > #042, 2014-12-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 19-12-2014



ՓԱՍՏՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ

Տեղադրվել է` 2014-12-18 21:45:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1247, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՒՐԻՇ ԿԻՆՈ

ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Ըստ Սերգեյ Գալստյանի «Ժամանակը եւ փաստը» երկհատոր գրքի

Ձեռքիս տակ է հեղինակիՙ եթե չեմ սխալվում վերջինՙ «Ժամանակը եւ փաստը» երկու գրքով աշխատությունը:

Ընթերցեցի երկուսն էլ:

Ցանկություն ունեմ վերընթերցել:

Ինչո՞ւ:

Այն պարզ պատճառով, որ Սերգեյ Գալստյանը ի պատիվ իրեն ու իր արվեստակից ընկերներիՙ կարողացել է ստեղծել արժեքավոր ու մնայուն մի աշխատանք, որը լույս է սփռում ոչ միայն արդի, այլեւ 20-ական թթ. սկսած հայ փաստա-վավերագրողների գործունեության կարեւոր անցուդարձի վրա:

Տպավորությունս գերազանց է:

Որովհետեւ, թերեւս առաջին անգամն է, որ խորը մասնագիտական, պրոֆեսիոնալ լեզվով, հեղինակը ընթերցողների ու արվեստագետների, նաեւ հանրության դատին է հանձնում չափազանց կարեւոր փաստեր, իրադարձություններ, դիպվածներ ու նաեւ ճակատագրեր, որ մեզ մինչ այսօր անհայտ էին:

Ինքս տեղյակ եմ հայկական կինոյի ստեղծման ու կայացման պատմությանը:

Սակայն Սերգեյ Գալստյանի մոտեցումը այդ ժամանակահատվածի, հայ կինոյի նվիրյալներին ու նրանց տքնաջան գործունեությանը, նորովի, ստեղծագործական հնարքներով է մատուցված մեզ: Հետաքրքիրն այն է, կարծում եմ, որ հեղինակը օգտվելով հուշագրություններից, պատմական փաստերից ու զանազան աղբյուրներից, դրանք միահյուսում է իր մեկնաբանություններին ու երեւակայությանը:

Ահա այդպես է հյուսվում պատմությունը Համո Բեկ-Նազարյանի, Դանիել Դզնունու, Ասքանազ Մռավյանի, Ալեքսանդր Դովժենկոյի եւ այլոց մասին:

Լինելով փաստացի ու պատմական կերպարներ, շնորհիվ հեղինակիՙ հայկինոյի նվիրյալները, որ ստեղծեցին հայկական կինոարվեստը, հեղինակը մեզ ներկայացնում է նրանց յուրաքանչյուրինՙ իրենց ամբողջ հմայքով, բնավորությամբ եւ ստեղծագործական բուռն ապրումներով:

Եվ ի՞նչ ջանասիրությամբ է նա մեզ պատկերում հայկինոյի մինչպատերազմական շրջանը:

Հեղինակը ուշագրավ դիտողականությամբ ու հետեւողականորեն մեզ ծանոթացնում է այդ ժամանակահատվածի ֆիլմարտադրությունը, մեկը մյուսից զանազան կինոգործիչներիՙ ռեժիսորների, օպերատորների, ֆիլմարտադրության կազմակերպիչների հետ:

Տեղեկանում ենք նաեւ այն դժնդակ տարիներին, երբ սկսած 1937-ից, մի շարք հայ կինեմատոգրաֆիստներ խոշտանգվեցին, իսկ շատերի ճակատագրերը խաթարվեցին...

Դրանցից առաջինըՙ Դանիել Դզնունին էր, հայկինոյի արտադրության կազմակերպիչն ու ջատագովը...

Գրքում հետաքրքրական է Աղասի Խանջյանի վերաբերմունքն ու անհանգստությունը հայկական կինոյի ճակատագրի նկատմամբ: Եվ հասկանում ենք, թե ինչ կարեւոր ու հրատապ խնդիրներ է առաջ քաշել Խանջյանը հայկինոն էլ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

Ու երեւի պատճառներից մեկն էլ դա էր, որ բոցավառ հայորդուն-հայրենասերին եւս չխնայեց ստալինյան արյունոտ ռեժիմը:

Գրքում ուշագրավ ու ցայտուն է հայ կինեմատոգրաֆիստների մասնակցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմում: Մեր ռեժիսորները, օպերատորները կռվում ու նկարում էին ռազմի դաշտում կատարվող յուրաքանչյուր գործողություն: Նրանք լավ գիտեին, թե ինչ արժեքավոր նյութեր էին հանձնելու պատմությանը, սերունդներին...

Շատ շատերը չվերադարձան կռվի դաշտից: Իսկ վերադարձողների մեծ մասը վիրավոր էին:

Սերգեյ Գալստյանը ամեն մի կինեմատոգրաֆիստի մասին, ով կռվեց ու հաղթեց, հուզմունքով ու կրքով է պատմում: Կարծես ինքը եւս նրանց հետ կռվել ու ստեղծագործել է: Բազմիցս հեռուստատեսութամբ ցուցադրվել է. թամանցիները անցնում են Բրանդենբուրգյան կամարի տակով, մոտենում են ռայխստագին: Այստեղ արդեն տոնում էին հաղթանակըՙ ակորդեոնի նվագակցությամբ երգում, պարում էին հաղթանակած զինվորները: Թամանցիները գործի են դնում դհոլն ու զուռնան, կլոր պար բռնելով պարում են հայկական քոչարին... Պարը ձգվեց, լայնացավ, թեժացավ... Հայերի հետ պարում էին այլազգի մարտիկներ: եվ այս բոլորը նկատել են մեր ավագ վավերագրողներ Գ. Բալասանյանն ու Գ. Խնկոյանը:

Բացի կինոգործիչներից, հեղինակի հյուսած պատմություններում հանդիպում ենք նաեւ շատ անվանի ու նշանավոր մարդկանց, ովքեր նույնպես այս կամ այն կերպ առնչվում են կինոյին ու նաեւ տեղեկանում ենք նրանց կենսագրության եւ գործունեության անհայտ էջերին:

Այս հնարքը եւս վկայում է Սերգեյ Գալստյանի վարպետ գրչի մասին:

Գրքում հիանալի կերպով պատկերված է նաեւ հետպատերազմյան շրջանը:

Վերադառնալով ռազմի դաշտից, հայ կինեմատոգրաֆիստները էլ ավելի եռանդուն ու ոգեւորված սկսեցին իրենց գործունեությունը:

Մեկը մյուսի հետեւից նկարահանվում էին հայրենասիրական ու հանրությանը ոգեւորող ֆիլմեր:

Գրքի այս հատվածում էլ հեղինակը ոգեւորված է իր նյութով: Շնորհիվ նրա պատկերավոր պատմությունների, նաեւ վարպետ մտքի, մենք նույնպես հայտնվում ենք այդ ժամանակաշրջանում:

Եվ վերջապես առաջին գրքի կարեւոր ձեռքբերումներից մեկը, կարծում եմ, 60-70-ական թվականների լիարժեք բնութագրումն է հեղինակի կողմից, երբ հայկական փաստագրական-վավերագրական կինոն լայնածավալ ու ստեղծագործական մեծ թռիչքների է գնում:

«Եկել էր ժամանակն ամենասովորական փաստն անգամ հանդիսատեսին հասցնելու պոեզիային յուրահատուկ պատկերային լեզվով»:

Մանրակրկիտ եւ ուշադիր ոճով հեղինակը պատմում ու մատուցում է մեզ այդ ստեղծագործությունների ու դրանց ստեղծողների մասին: Նա մեզ մատուցում է ՈՒՐԻՇ ԿԻՆՈ:

Ո՞րն է այդ կինոն:

Իմանալու համար պիտի անցում անենք երկրորդ գրքին:

Այս գիրքը պատմում է ՈՒՐԻՇ ԿԻՆՈՅԻ մասին:

Այդ ՈՒՐԻՇ ԿԻՆՈՆ, ըստ Սերգեյ Գալստյանի, ստեղծվեցին թարմ մտքերով ու խենթ ծրագրերով հայտնված երիտասարդները, ովքեր գործեցին 60-ականի սկզբներից:

ՈՒՐԻՇ ԿԻՆՈ երեւույթը ասպարեզ բերեցին Արտավազդ Փելեշչյանը, Արա Վահունին, Ռուբեն Գեւորգյանցը, Էդվարդ Մաթեւոսյանը եւ այլք:

Նոր ալիքի այս ներկայացուցիչները ավարտել էին համամիութենական կինոինստիտուտը եւ շտապում էին իրենց ասելիքը որոշակի դարձնել հայկական կինոարվեստում:

Նրանց միացան Հայաստանում ուսանած երիտասարդ արվեստագետները, ովքեր նույնպես դավանում էին ՈՒՐԻՇ ԿԻՆՈ-ին:

Գրքի ահա այս բաժնում հեղինակին վայել է «ձուկը ջրում» արտահայտությունը:

Նա հաճույքով ու պատկերավոր ներկայացնում է յուրաքանչյուրին, ով այդ ժամանակահատվածում ու նաեւ դրանից հետո իր ստեղծագործական ուրույն մոտեցմամբ եւ վարպետությամբ էլ ավելի զարկ տվեց վավերագրական կինոյին:

Հեղինակը նրանց մասին, անուն առ անուն, գործերի մասինՙ առանձին-առանձին, հմտորեն ներկայացնում է ընթերցողին:

Այնքան հավաստի ու ճշմարտացի է նրա խոսքը, որ կարծես նրանցից ամեն մեկը հեղինակին պատմել է իր մտորումների, հույզերի, ռեժիսորական մտահղացման եւ կամ ստեղծագործական պրպտումների մասին: Անգամ եթե չես նայել նրանց ֆիլմերը, քեզ թվում է, որ ծանոթ ես դրանց:

Ահա թե որն է գրողի, կինոգետի հնարքների զարմանալի կարողությունը:

Խնամքով ու հանդարտ նա խորանում է յուրաքանչյուր ռեժիսորի իրեն դուր եկած ֆիլմի տարածքն ու մասնագիտական հետեւողականությամբ վերլուծում ամենայն մանրամասնությամբ: Շատ հաճախ ընթերցողին կարող է թվալ, թե հեղինակը սկզբից մինչեւ վերջ, մինչեւ ֆիլմի ավարտը եղել է նկարահանող խմբի կողքին: Եվ խմբի յուրաքանչյուր մասնակցի աշխատանքը բնորոշում է հստակ ու դիպուկ:

Ամենակարեւորն այն է, որ հեղինակը սիրահարված է վավերագրական կինոյին, կարողանում է նաեւ ըստ արժանվույն գնահատել առանձին ստեղծագործողինՙ նրան դարձնելով ժամանակի վկան: Վերլուծելով որեւէ ռեժիսորի կամ օպերատորի աշխատանք, հեղինակը դա անում է մեծ պատասխանատվությամբ, նվիրումով եւ արվեստով: Անկախ այն հանգամանքից, որ նա կարող է գովել եւ կամ հակառակըՙ քննադատել որեւէ մեկի աշխատանքը, միեւնույն էՙ նա ստեղծագործողի բարեկամն է, որովհետեւ իր տարերքը կինոարվեստն է:

Եվ վերջապես.

Սերգեյ Գալստյանը իր այս երկու գրքերով ոչ միայն կարողացել է վեր հանել մեր վավերագրական կինոյի անցյալի ու նորօրյա պատմությունը, ստեղծագործողներին, այլեւ այդ նույն կինոն իր խելացի, հմուտ վարպետությամբ կարողացել է էլ ավելի արժեքավորել:

Որովհետեւ այն ամենը, ինչ արել է հեղինակը, հարկավոր է մեզ բոլորիս եւ շատ սերունդների, որ դեռ գալու են:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 19-12-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ