ԿԻՆՆ ՈՒ ԳԻՆԻՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆՙ ՊՈԵԶԻԱՅԻ ԹԱՏՐՈՆՈՒՄ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ Պոեզիա՜: Ի՜նչ հույզեր է թաքցնում այս բառը: Պատկերացրեք նաեւ դիմակներ ու վարագույրի հետեւում թաքնված իրականություն... Օ՜, բարեկա՛մ, դուք արդեն «Պոեզիայի թատրոնում» եք, Ձեր տեղը այս կարգում է, համեցե՛ք, խնդրե՛մ: Պոեզիայի թատրոն, տեսակ, որը իր ժանրային բարդություններով է առանձնանում, պահանջում թատրոնի եւ գրական ստեղծագործության նուրբ զգացողություն, պրոֆեսիոնալ կատարում: Արթուր Սարգսյանի շնորհիվ մենք այսօր մեծ հպարտությամբ խոսում ենք հայ թատերական մշակույթի մի նոր ու վառ երանգի` «Պոեզիայի թատրոնի» մասին: Թատրոն, որը շուրջ տասնամյա գոյության ընթացքում իր սրբազան պարտքն է դարձրել մեծանուն հայերի պոեմները բեմ բարձրացնելը, նրանց վառ հիշատակը անմահ պահելը, մարդկային վեհ, առաքինի արժեքներով նոր սերնդին կրթելը: Դերասան Ա. Սարգսյանի գեղարվեստական խոսքն անբռնազբոս է, անմիջական, հավասարակշռված, նա, ասես, խոսքը խաղարկում է` իմաստավորված պատկերի վերածելով: Ա. Սարգսյանը աչքի է ընկնում հզոր ու ծավալուն ձայնով, պատկերավոր եւ կերպարային խոսքով, ինքնաբուխ ու անմիջական կատարմամբ: Նրա կոմպոզիցիոն կատարումները էպիկական են, մասշտաբային: Կատարող-դերասանին տեսնում ենք որպես Աբու-Լալա Մահարի, Կոմիտաս, հեղինակ կամ մարդ, ով տարիների հեռվից իր ուղին է քննում ներքին մի զսպված խռովքով` իր ուրույն պայքարով: «Պոեզիայի թատրոնը» իր մեջ ներդաշնակ կերպով սինթեզում է երաժշտությունն ու պարը: Արդյունքում ստեղծվում են կուռ գրական-երաժշտական, թատերային ու պարային կոմպոզիցիաներ, որոնք կենդանություն են առնում որոշակի բեմական միջավայրում ու գեղագիտական հաճույք փոխանցում: Նորից է բացվում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի վարագույրը: Եվ նորից Ա. Սարգսյանն է բեմում: Տեսնես ով է խորքում բազմած այն լայն ու երկար վերնազգեստով, սանդալներով պարոնը: Ա՜խ, այո՛, չէ՞ որ Աշուղն է` Թումանյանի Աշուղը: Ուրիշ էլ ո՞վ իրեն ունկնդրելու նման հորդորով հանդես կգար, էլ ո՞ւմ խոսքը կսլանար «քաջ որսկանի գյուլլի պես», եթե ոչ` նրա: Հասկանալի է` բեմ է բարձրացել «Թմկաբերդի առումը» պոեմը: Ամենայն հայոց բանաստեղծի 145-ամյակին նվիրված այս բեմադրությամբ Ա. Սարգսյանը բոլորովին նոր բեմադրական համակարգ ու մոտեցում է բերել, ներկայացել առավել լայնամասշտաբ աշխատանքով: Արդեն որերորդ անգամ նկատելի է ռեժիսորի կողմից տեքստին ցուցաբերած խնամքով ու նուրբ աշխատանքը եւ դրա շուրջ ծավալվող վառ երեւակայությունը: Բեմադրիչը բեմ է բերել պոեմի բոլոր հերոսներին, ովքեր էլ ներկայանում են պարային համարներով: Մասսայական տեսարանները` զորքերի բախման եւ խրախճանքի, օպերային թատրոնի սկզբունքով է բեմադրել: Թատրոնի այս տեսակն են հիշեցնում նաեւ պոեմի գլխավոր հերոսների մի շարք հանդիպումներ: Սա, իհարկե, նոր եւ միանգամայն ողջունելի խոսք է թատերարվեստի այս տեսակում: ԱշուղՍարգսյանը իր հանդիսատեսի հետ զրույց է ծավալում անմիջական ու մտերմիկ տոնով: Իրազեկելով տեղի ունեցող դեպքերի մասինՙ նա միեւնույն ժամանակ «կազմակերպում է» հերոսների մուտքերը: Այս Աշուղը յուրաքանչյուր հերոսի նկատմամբ իր սեփական եւ հատուկ վերաբերմունքն ունի, որն արտահայտվում է ձայնային բնորոշող նրբերանգներով: Աշուղը առանձնահատուկ վերաբերմունք է ցուցաբերում նաեւ տեղի ունեցող բոլոր իրադարձություններին: Եթե տվյալ տեսարանը ճակատամարտի մասին է, նա խոսքը զենք է դարձնում, դուրս գալիս պայքարի, եթե դավի, նրա խոսքը վերածվում է կոչնակի ու ձայնում աղեկտուր, ահաբեկված, լացակումած: Եթե խրախճանք է, Ա. Սարգսյանի շուրթերից հնչող բառերը ստանում են հեղեղի պես հոսող գինու խոխոջյունն ու բեմից ցած հոսում: Այսպիսով, նա մե՛կ թեւաթափ փիլիսոփայում է կյանքի անցողիկության մասին, մե՛կ վշտից գլուխը ձեռքերի մեջ առած ու խեղճացածՙ այս ու այն կողմ նետվում, մե՛կ պայքարի դուրս գալիս, մե՛կ ցնծում հաղթանակած, մե՛կ էլ... Հանգիստ, նուրբ ու քնարական երանգով է Աշուղը բեմ «հրավիրում» Թմկա տիրուհուն (Աննա Կարապետյան): Նա ալ կարմիր եւ սեւ գույների համադրությամբ շրջազգեստով է, որը, խորհրդանշելով արյուն ու մահ, հանդիսատեսին հուշում է կերպարի հետագա ճակատագիրը: Պարը դառնում է հիմնական արտահայտչամիջոց` բացահայտելով հերոսուհու ներաշխարհը, կերպավորում ջավախքի դստեր` Աշուղի խոսքերից գերվելը, տատանումները, կասկածները, բայց եւ թագ կրելու փափագի հաղթանակը: Բավական անկոտրում կեցվածքով է այս «սեւաչյա մատնիչը» գնում մահին ընդառաջ, բայց եւ նկատելի է սիրտը կեղեքող ինչ-որ վիշտ: Աշուղի խրոխտ ու մարտական խոսքը իր հետ բեմ է «բերում» Թմկաբերդի իշխանին: Սիրուց խենթացած, հաղթանակով արբեցած այս քաջը այնքան հպարտորեն է ետ նետում թիկնոցի փեշն ու վերցնում գինու գավը, որ միայն հիանալ կարելի է: Դերասանը լիարժեք գիտակցում է իր քաջ հերոսի ճաշակած ողջ բերկրանքը, եւ նրա պարում ճախրանք է նկատվում, խանդաղատանք եւ վստահություն: Առանց թրիՙ մարտում հաղթելու պատրաստ այս հերոսը նույն բերկրանքն էլ սրտում հրաժեշտ է տալիս կյանքին: Աշուղը վրդովված է: Չար ու դաժան դեմքի արտահայտությունը մատնում է Նադիր Շահի գալուստը: Շահը տիրական, խրոխտ կեցվածքով է: Թիկնոցի խաղարկումը եւ դեմքի արտահայտությունը, միանալով պարին, ամբողջական են դարձնում նրա կերպարային նկարագիրը: Դերասանը կերպարի պատմությունը զարգացնում է աստիճանական: Սա այն Շահը չէ, ով հեշտորեն կարող է կուլ տալ Աշուղի գովեստները: Նադիրը սկզբում անտարբեր է, նույնիսկ մեջքով շրջված, պատրաստՙ հեռանալու: Այնուհետեւ քիչ-քիչ նրա ուշադրությունը գրավում են սեւաչյա գեղեցկուհուն փառաբանող խոսքերը, եւ ի վերջո վերջինիս գլխում սկսում են պտտվել նենգ մտքեր, ու նա վճռական հրահանգ է տալիս: Գործողության մեջ խնամքով ներգրավված են նաեւ էպիզոդիկ կերպարները, ովքեր կոչված են Թաթուլի գովքն անելու: Իրադարձությունները զարգանում են Թմկաբերդի պարիսպների մատույցները հիշեցնող ձեւավորման ներքո: Երաժշտական ձեւավորումը թույլատրում է կանխատեսել կատարվելիք իրադարձությունները, նաեւ բխում` տեղի ունեցող անցքերից, արձագանքում հերոսների հոգուն: Ճախրա՜նք... Խոսքերի, մեղեդիների մի յուրօրինակ ճախրանք... Հոգիդ իր հետ դեպ գունեղ հեռուները տանող ճախրանք... - Հարգարժա՛ն տիկին, ներկայացումն ավարտվել է: Բարեհաճե՛ք, խնդրե՛մ, դուրս գալ հանդիսասրահից: Օ՜, ներողության հարկ չկա բնավ, մեզ մոտ հաճախ են այսպես տրվում պոետիկ հույզերին: Այս կողմ, խնդրե՛մ... Նկար 1. Արթուր Սարգսյանը ելույթի պահին |