ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՔՅՈԼՆՈՒՄ ՀԱՐՍՏԱՑՐԵԼ Է ԱՇՆԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՒՆԱՊՆԱԿԸ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Արդեն ավանդույթ է դարձել. Գերմանիայում աշնան բազմերանգ բնության գույների հետ մրցակցում է հայկական մշակույթի խիտ գունապնակը: Բեռլինում, Շտուտգարդում, իսկ Քյոլնում արդեն 12- րդ անգամ մեկնարկում են հայոց մշակույթը ներկայացնող ու հանրահռչակող շաբաթները, որ կազմակերպվում են տեղականՙ նվիրյալ անհատների, կազմակերպությունների ջանքերով: Ընտրություն անելն երբեմն նույնիսկ դժվար է լինում, ինչպես օրինակ հոկտեմբերի 23- ի երեկոյան Քյոլնի Դոմֆորումում ունկնդրել Մարիաննա Շիրինյանի դաշնամուրի ձայնն ու հնչյո՞ւնը, թե՞ նույն քաղաքում Քյոլնի Բախ կամերային երգչախմբի կատարմամբ հայ երգեցողություն, մասնավորապեսՙ Կոմիտաս: Այդ իմաստով Հայաստանի պարի պետական անսամբլի հոկտեմբերի 25- ին Քյոլնի Թանցբրուննեն համերգասրահում կայացած ելույթը երկընտրանք չէր ստեղծելՙ բոլորն ուզում էին մեծ ճանապարհ անցած լեգենդար պարախմբի ներկայի հանդիսատեսը լինել: Քյոլնում բազմամարդ հանրահավաքի պատճառով առաջացած երթեւեկի խառնաշփոթը որեւէ կերպ խոչընդոտ չէր դարձել, որ ելույթը կայանար, իսկ դրա տպավորությունն այնքան մեծ ոգեւորություն է առաջացրել գերմանահայ համայնքում, որ համացանցը դեռ շարունակում է արձանագրել երախտագիտություն արտահայտող գրառումներ: Գերմանահայ գործարարների միության, ՀՀ մշակույթի նախարարության, ԳԴՀ- ում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպված երեկոյին հյուր են եղել նաեւ Բոննի քաղաքապետը, Քյոլնի քաղաքային խորհրդի անդամներ, տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ: «Պարը քաղաքակրթություն է» Կոմիտասի բառերը մեջբերելով մեր զրույցում կարծիք հայտնեց Բեռլինում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանըՙ հավելելովՙ ուրախ եմ, որ այս դժվար տարիներին պարախումբը չկորցրեց իր պրոֆեսիոնալ բարձր նշաձողը»: |