RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2015-10-16 > #039, 2015-10-23 > #040, 2015-10-30 > #041, 2015-11-06 > #042, 2015-11-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 30-10-2015



Տեղադրվել է` 2015-10-29 21:35:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1070, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՉԵԽԱԿԱՆ «ՊԼԱՎ»Ի ԲԱՑԱՌԻԿ ՀԱՄԱՐԸՙ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ

ՀԱԿՈԲ ԱՍԱՏՐՅԱՆ. Պրահա

2015-ի հունիսին լույս տեսավ չեխական «Պլավ» գրական ամսագրի հատուկ համարըՙ նվիրված հայ գրականությանը եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համարի պատրաստումը իրականացրել է ամսագրի խմբագիր Պավլա Նեհասիլովանՙ համագործակցությամբ ՕՐԵՐ եվրոպական ամսագրի: Առաջին անգամ չեխերենով ներկայացվում են Հայոց ցեղասպանության թեմային նվիրված հայ ժամանակակից գրականության նմուշներ, որոնք վերջին տասնամյակներին արժանացել են ոչ միայն պետական մրցանակների, այլեւ ընդունելություն գտել ընթերցողների լայն շրջանում:

Համարի շապիկը, որի վրա գրված է «100 տարի անց», զարդարում է պրահայաբնակ գեղանկարիչ Հովիկ Մուրադյանի հատուկ այս համարի համար պատրաստած կտավի գունեղ պատկերը:

«Ցեղասպանությունը լոկ մեկ ազգի ողբերգությունը չէ, այլ ողջ մարդկության» վերանագրով է բացվում ամսագրի առաջին հարցազրույցը գրաքննադատ, արձակագիր եւ թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանի հետ, որը վարել է ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը: Զրույցում անդրադարձ է կատարվում ցեղասպանության թեմայով լույս տեսած գրականությանը եւ մասնավորապես Թոփչյանի «Եվ անգամ մահից հետո» ու «Բանկ Օտոման» վեպերին: Ի դեպ, ամսագրում տպագրվել է մի հատված առաջին վեպից, որը թարգմանել է չեխ հայագետ Միլադա Կիլյանովան: Չեխ հայագետ Աննա Սոխովայի թարգմանությամբ էլ հրատարակվել է արձակագիր Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպից մի հատվածՙ նվիրված ցեղասպանության պատմությանը: Սոխովայի թարգմանությամբ տեղ է գտել նաեւ արձակագիր Արմեն Շեկոյանի «Իգդիր» պատմվածքը: Լիբոր Դվորժակի թարգմանությամբ ներկայացվել է հայտնի դերասանուհի, արձակագիր եւ թարգմանիչ Անահիտ Թոփչյանի «Խենթ աղջիկ» պատմվածքըՙ «Lady S.D.F.» ժողովածուից: Առաջին անգամ չեխերենով ներկայացվում է նաեւ մի հատված ռումինահայ հայտնի գրող, սենատոր Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» գրքից, որն արդեն թարգմանվել է եվրոպական տասնյակից ավելի լեզուներով եւ 2015-ի վերջին լույս կտեսնի նաեւ չեխերենով: Գիրքը թարգմանել է չեխ ռումինագետ Յարմիլա Հորակովան:

Հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, գրականությանն ու ցեղասպանությանն է նվիրված ռուսագետ Ռադկա Ռուբիլինայի «Հայաստան. տարածության, ժամանակի ու սահմանների միջեւ» էսսեն: Ռադկան աշխատում է Երեւանումՙ ԵԱՀԿ գրասենյակում: «Պլավ»ի այս համարում տեղ են գտել նաեւ արեւմտահայ պոեզիայի նմուշներՙ Դանիել Վարուժանի ու Սիամանթոյի բանաստեղծությունները: Հրատարակվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգություն»ից մի հատված: Պոեզիայի նմուշները տողացի թարգմանել են Հայկ Ութիջյանը, Միլադա Կիլյանովան, Մարտինա Պիչմանովան, իսկ հանգավորումը կատարել է Լուդեկ Լիշկան: Առաջին անգամ չեխերենով ներկայացվում է նաեւ հայ դասական Հովհաննես Թումանյանի «Մի կաթիլ մեղր» գործըՙ Անդրան Աբրահամյանի թարգմանությամբ: Պոեզիան չեխերենին զուգահեռ ներկայացվում է նաեւ հայերենով: Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականության մասին է խմբագիր Հակոբ Ասատրյանի հոդվածը, որին իր մասնակցությունն է բերել նաեւ թարգմանչուհի Մ.Կիլյանովան: Հեղինակը անդրադարձ է կատարում ոչ միայն ցեղասպանության թեմայով հայերեն լույս տեսած գեղարվեստական գրականությանը, այլեւ չեխերենով հրատակարված գրքերին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 30-10-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ