ՌՈԲԵՐՏ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ Պ. Ք. Մոնրեալի «Համազգային» մշակութային միության «Սանահին» արվեստի կենտրոնը ներկայացնում է միջազգայնորեն ճանաչված հայ գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի «Հավերժական հայացքներ» ցուցահանդեսը, որի բացումը տեղի կունենա 2015 թ. նոյեմբերի 13-ին, Կանադայի միջազգային հարաբերությունների եւ Ֆրանկոֆոնիայի նախարար Քրիստին Սեն-Պիեռի ներկայությամբ: Ռոբերտ Էլիբեկյանը ծնվել է 1941 թ. Թբիլիսիում, արվեստագետների ընտանիքում: 1969-ին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նրա ստեղծագործությունը հարուստ է եւ բազմազան. յուղաներկ, պաստել, կարմրամատիտ, տուշ: Մի շարք երկրներում մասնակցել է բազմաթիվ անհատական եւ խմբային ցուցահանդեսների: Իր ակադեմիական կրթությունից մեծապես ազդված գեղանկարիչը կերտել է կինոյի, թատրոնի եւ օպերայի շատ բեմահարդարանքներ եւ զգեստներ, նրա գեղանկարները, բեմանկարչական էսքիզների պես ցուցադրում են մի երեւակայական աշխարհՙ լի խորհրդավոր, առասպելական եւ աննյութական կերպարներով: Էլիբեկյանի համար կյանքը պարզ է, գեղեցիկ, թատերական: Նրա գեղանկարները ներդաշնակ են ու գունեղ, դրանցում կինը կարեւորություն ունի: Նկարչի կերպարները խորհրդավոր թագուհիներ են կամ արեւելյան հարեմների կանայք: Անցյալում նման սյուժեները ներշնչանքի աղբյուր են եղել այնպիսի մեծ գեղանկարիչների համար, ինչպիսիք են Դելակրուան եւ Մատիսին: Էլիբեկյանը նկարում է նաեւ արվեստագետների, պարուհիների, մարզիկների, երաժիշտների: Նրա ստեղծագործությունները ցուցադրվում են մի շարք թանգարաններում եւ մեծ հավաքածուներում. Հայաստանի Ազգային պատկերասրահ, Երեւանի Ժամանակակից արվեստի թանգարան, Դետրոյթի Ալեք Մանուկյան թանգարան, Երեւանի Մատենադարան, Մոսկվայի Արվեստի թանգարան, Սանկտ-Պետերբուրգի Ազգային պատկերասրահ, Սպիտակ տան եւ Ելիսեյան պալատի հավաքածուներ: |