ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՆ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԱՇՈՒՂ-ԲԱՆԱՍՏԵՂԾ Է Հենրիկ ԲԱԽՉԻՆՅԱՆ Բանասիրության մեջ տարբեր փորձեր են կատարվել Սայաթ-նովային (եւ ոչ միայն նրան) միջնադարից «փոխանցելու հայ նոր գրականության մեջ, այսինքն վերջինիս սկզբնավորումը հասցնելու 17-18-րդ դարեր: Դա, ցավոք, որպես անվերապահ իրողություն, «վավերացվել է» ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի կողմիցՙ Գրականության ինստիտուտի հրատարակած «Հայոց գրականության պատմության» 3-րդ հատորում: Այդ հանգամանքը բավական թանձր ստվեր է նետում որոշակի արժանիքներով օժտված այդ հրատարակության վրա: Ավելի քան սխալ է հատկապես Սայաթ-Նովայի տեղակայումը հայ նոր գրականության մեջ: Բանավիճային հոդվածի փոխարեն այստեղ ուզում ենք մեր ընթերցողներին (հատկապես մանկավարժներին եւ ուսանողներին) ընդհանուր գծերով (հաշվի առնելով տեղի սղությունը) ներկայացնել Սայաթ-Նովայի ուշմիջնադարյան աշուղ-բանաստեղծ լինելու իրողությունը, որ ապացուցված է բանասիրության մեջ եւ դարձել է դասագրքային ճշմարտություն: Ի դեպ, հարգարժան ակադեմիկոսի հեղինակակցությամբ գրել ենք արդեն շուրջ տասնհինգ տարի գործող դպրոցական այն դասագիրքը, որ ներկայացնում է հայ գրականության հին եւ նոր շրջանները. ընդսմինՙ Սայաթ-Նովայով ավարտվում է հին կամ միջնադարյան շրջանը: Մեկ այլ առիթով կանդրադառնանք հայ նոր գրականության սկզբնավորման խնդրին եւ այդ առթիվ Մ. Աբեղյանի եւ այլոց հայտնած կարծիքների պարզաբանմանը: 17-րդ դարի երկրորդ կեսին Արեւմտյան Եվրոպայում ավարտվել էր միջնադարը: Սկսվել էր Լուսավորության դարաշրջանը, որ նախապատրաստվել էր Վերածննդի բարձր մշակույթով, աշխարհագրական մեծ հայտնագործություններով, տնտեսական նոր հարաբերություններով, բնագիտության մեջ կատարված հեղաշրջումներով եւ դրանց հետ կապված փիլիսոփայական նոր ուսմունքներով: Մինչդեռ Առաջավոր Ասիայում հարատեւում էր միջնադարը: Առաջին քրիստոնյա պետությունըՙ Հայաստանը շարունակում էր մնալ «ամենակուլ» մուսուլմանական Արեւելքի սահմաններում, ուստիեւ, հայ իրականության մեջ իշխողը դեռեւս միջնադարյան կացութաձեւը, ոգին ու մտածողությունն էին: Ըստ այսմ, հայկական ուշ միջնադարը ընդգրկեց նաեւ 18-րդ դարը: Հայ իրականության մեջ քաղաքների զարգացումն ու աշխարհիկ կյանքի ծավալումը նպաստել են միջնադարյան գաղափարաբանության բեկմանն ու Վերածննդի նախադրյալների առաջացմանը: Սակայն քաղաքական-տնտեսական աննպաստ պայմանների հետեւանքով հայկական Վերածնունդն ըստ ամենայնի չկայացավ եւ տարերայնորեն ծավալվեց մինչեւ ուշ միջնադար, առավել վառ դրսեւորում գտնելով «պաշտոնական» գրականությունից դուրս, պերիֆերիկ բնույթ կրող աշխարհիկ տաղերգության եւ հատկապես ժողովրդա-գուսանական քնարերգության (հայրեններ), ապա նաեւ աշուղական երգարվեստի մեջ: Վերածննդի շունչն ու աշխարհիկ ոգին համահակադրվեցին միջնադարյան աշխարհազգացողությանը, եւ, ըստ այդմ, ժամանակի քնարերգուների ներաշխարհում առաջացավ մի երկփեղկվածություն, որը գնալով ավելի սուր բնույթ կրեցՙ իր գեղարվեստական արտացոլումը գտնելով նաեւ միջնադարի վերջին խոշոր հայ քնարերգուիՙ Սայաթ-Նովայի ստեղծագործության մեջ: Պատմական հանգամանքների թելադանքով միջնադարի վերջին հայ բանաստեղծը հանդես է եկել աշուղիՙ արեւելյան միջնադարյան ժողովրդական երգչի «տարազով»: Աշուղն արդեն իսկ միջնադարյան երեւույթ է. հեղինակային այս տիպը միանգամայն տարբեր է նոր եւ նորագույն շրջաններում հանդես եկած աշուղ-գուսաններից... Սայաթ-Նովան աշուղ է իր ինքնօրինակ պոետիկայով, լեզվով ու ոճով, իր գազել-ղազալիներով, մուխամմազներով, գյաֆ-ղափիաներով, թասլիբներով, թեջնիսներով եւ աշուղական բազմապիսի այլ բարդ ու պարզ երգատեսակներով: Սակայն ինչպես նկատել է Վալերի Բրյուսովը, Սայաթ-Նովան «իր հանճարի զորությամբ ժողովրդական երգչի արհեստը վերածեց բանաստեղծի վեհ կոչման» եւ «միջնադարյան հայ քնարերգության ավանդույթները տարավ նոր ուղիներով»: Ըստ այսմ, ի դեմս Սայաթ-Նովայի, ունենք միջնադարյան աշուղ-բանաստեղծի մի չափազանց յուրօրինակ եւ ակնառու երեւույթ: Ընդսմին, աշուղական-արեւելյան տարազի մեջ Սայաթ-Նովան «խիստ շեշտված, զարմանալի հայ արվեստագետ է» (Մորուս Հասրաթյան), «ազգային է Գողթան երգիչների չափ» (Պարույր Սեւակ): Այստեղ փակագծերի մեջ նշենք, որ տարիներ առաջ Ս. Սարինյանը Սայաթ-Նովայի մեջ տեսնելով միայն աշուղին, հանգել էր ահա այսպիսի, մեղմ ասած, տարօրինակ եզրակացության. «Սայաթ-Նովան գրականություն չէ բառիս գիտական նշանակությամբ, այլ երգիչ (ժողովրդական երգիչ) եւ որ այս իմաստով նա չի կարող տեղակայվել գրականության պատմության մեջ ու ձեւ տալ նրա ուղղությանը, Սայաթ-Նովան գրականությունից անկախ երեւույթ է...» (Ս. Սարինյան, Քննադատությունը եւ գեղարվեստական զարգացումը, Երեւան, 1973, էջ 192): Եվ, ահա, տարիներ անց տրամագծորեն փոխելով իր կարծիքըՙ Ս. Սարինյանը Սայաթ-Նովային համարել է գրականության երեւույթ եւ տեղակայել նրան գրականության, այն էլՙ նոր շրջանի մեջ, որ գրականություն է «բառիս գիտական նշանակությամբ»: Քրիստոնեական միջնադարի կյանքի ու մշակույթի հիմքում ընկած են քրիստոնեական աշխարհընկալումն ու աշխարհազգացողությունը, բարոյական նորմերն ու սոցիալական հոգեբանությունը: Նույն հիմքի վրա է խարսխված նաեւ հայ միջնադարյան գրականությունը, ընդսմինՙ նաեւ սայաթնովյան քնարերգությունը: Որպես «իր հավատին ամուր կանգնած» քրիստոնյա, աշուղ-բանաստեղծը հավատացել է Աստծո արարչագործությանը, հոգու անմահությանը, անդրաշխարհին, մարդու նախասկզբնական մեղքին եւ մարդկային մեղսականությանըՙ ամբողջ էությամբ սարսափելով ահեղ Դատաստանից: Մեր մյուս միջնադարյան բանաստեղծների նման, նա եւս, հավատարիմ մնալով դարաշրջանի հասարակական իդեալին, դատափետել է «մալ ու դովլաթ» կուտակելու մոլուցքը եւ խրատել է ապրել սրբակենցաղ վարքով, Աստված ու հոգի, վանք ու անապատ սիրել, հետեւել Տիրոջ պատվիրաններին, խուսափել աշխարհիկ վայելքներից, քանի որ ունայն ու անցավոր է աշխարհը: Այսպիսով, ուրեմն, «միջնադարյան մտածելակերպն ու զգացողության եղանակը միս ու արյուն, բնություն է մեր աշուղի մեջ» (Պողոս Մակինցյան): Սակայն որպես ուշ միջնադարի աշխարհիկ բանաստեղծ, Սայաթ-Նովան եւս առավել չափով գրել է աշխարհընկալման ու հոգեկան այն երկփեղկվածությունը, որի մասին նշեցինք վերեւում : Մեր աշուղ-բանաստեղծի համար եւս հոգու եւ մարմնի հակամարտությունը չափազանց կարեւոր ու սկզբունքային խնդիր է, որից նրա ներաշխարհը մնացել է տանջալից երկվության մեջ : Մեծանուն գրականագետ Նիկոլ Աղբալյանը, որ նաեւ հմուտ սայաթնովագետ էր, անդրադառնալով Սայաթ-Նովայի «ներքուստ պառակտուած հոգուն», գրել է. «Կը տեսնենք իր ընթացիկ կեանքի իդեալը - բարեացակամ, հանրակեաց մարդ, եւ իր գերագոյն իդեալը - ճգնութիւն : Երկուսն եւս միջնադարեան եւ հայկական, որ տեւել են մինչեւ ԺԹ դար»: Սայաթ-Նովայի մեջ զուգակցված են աստվածասերն ու մարդասերը, ճգնակեցության քարոզիչն ու սիրո մեծ երգիչը: «Այս այն հզօր սէրն է, - գրում է Ն. Աղբալյանը,- որ երբեմն կապրէր միջնադարը, որ զոյգ կընթանար Աստուծոյ սիրոյն, երբ որքան բարեպաշտ էր մարդ, այնքան զօրաւոր էր իր սիրոյ ապրումը» : Սակայն, որպես առավել նոր ժամանակների մարդ, Սայաթ-Նովան շատ ավելի աշխարհային է, ավելի մեծ սիրերգակ, քան աստվածերգու: Գովերգելով սիրած կնոջըՙ մարդուն, որպես բնության գլուխգործոցի, եւ արտահայտելով իր անձնական զգացումները, աշուղ-բանաստեղծն, ըստ էության, հարել է նոր ժամանակներինՙ միջնադարյան աշխարհայացքի հետ մեկտեղ կրելով իր մեջ վերածնության տարերքը: Ինչպես գրել է Մանուկ Աբեղյանը, «Սայաթ-Նովան իր աշխարհայեցությամբ 15-16-րդ դարերում է, քանի որ իր մեջ կրելով վերածնության շրջանի ոգին, տատանվում է եկեղեցու եւ աշխարհի մեջ» : Սայաթ-Նովայի ներքին երկփեղկվածությունը դրսեւորվել է նաեւ մարդու եւ հասարակության նկատմամբ նրա հայացքներում: Միջնադարյան մարդը դասային անհատ է. այդպիսին էր նաեւ մեր կիսաճորտ-գլեխի բանաստեղծը, որ պատկանել է «ռամկական» դասին, գիտակցել է եւ հավատարիմ մնացել իր սոցիալական պատկանելությանը ... Սայաթ-Նովայի ստեղծագործության մեջ, ըստ էության, զուգակցված են միջնադարյան կրոնա-միստիկական աշխարհայացքն ու նոր ժամանակի կենսահաստատ ոգին, քրիստոնեական բարոյաբանությունն ու նոր ժամանակի մարդու տենչերը: Գաղափարական, զգացական այս հակասականությամբ ու երկվությամբ, ինչպես եւ իրականության պատկերման իր գեղագիտական սկզբունքներով աշուղ-բանաստեղծի ժառանգությունն ուղղակիորեն առնչվում է միջնադարյան հայ քնարերգությանըՙ նրա հետ գտնվելով գաղափարա-գեղագիտական, տիպաբանական ընդհանրության մեջ: Եթե միջնադարյան հայ բանաստեղծությունը դիտենք որպես մի առանձին համակարգՙ ստրուկտուրա, ապա նրա հիմնական հատկանիշները հարաբերականորեն տարածված կտեսնենք Նարեկացու տաղերից մինչեւ Սայաթ-Նովայի խաղերըՙ որքան էլ որ այդ համակարգի մեջ կատարվել են գաղափարական, բարոյաբանական ու պոետիկական տեղաշարժեր : «Սայաթ-Նովան վերջավորում է միջնադարյան հայ պոեզիայի դարավոր զարգացումը եւ նշանավորում նոր պոեզիայի, նոր մարդու գալուստը», - գրել է Խ. Սարգսյանը իր «Սայաթ-Նովա» մենագրության մեջ : Սայաթնովագետ Մ. Հասրաթյանը եւս ասել է, թե «Սայաթ-Նովայով, փաստորեն, ավարտվում է միջնադարյան հարուստ հայ տաղերգությունը եւ հիմք է դրվում հայկական նոր պոեզիային»: Ասվածն առավել ճշգրտելովՙ նշենք, որ Սայաթ-Նովան, որպես «սահմանագծային» բանաստեղծ, պատկանում է ոչ թե նոր գրականությանը, այլ միջնադարի հայ քնարերգությանը, որի վերջին բարձրագույն եւ ինքնօրինակ արտահայտությունն է նրա բանաստեղծական ժառանգությունը: (Ի դեպ, իր վրացերեն խաղերով մեր աշուղ-բանաստեղծը նույն տեղն ու դերն ունի նաեւ վրաց գրականության պատմության մեջ): Այլ հարց է, որ Սայաթ-Նովան իր ստեղծագործության որոշ առանձնահատկություններով, որոնք պայմանավորված են նրա անհատականությամբ, միջավայրով, ժամանակաշրջանով, լեզվով եւ աշուղական արվեստով, բավական տարբեր է միջնադարյան մեր մյուս քնարերգուներից: Այլ հարց է նաեւ, որ նա նշանակալից ազդեցություն է ունեցել հետագա շրջանի հեղինակներից շատերի վրա եւ իր որոշ նպաստը բերել հայ նոր գրականության ստեղծման գործում: Եվ վերջապես, այլ հարց է, որ Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, չնայած իր արդեն հնացած լեզվական-բարբառային ձեւերին ու աշուղական կաղապարներին, չնայած միջնադարյան ոգունՙ իր մարդասիրությամբ ու համամարդկային գաղափարներով, իր անսպառ հուզականությամբ ու գեղարվեստական հզոր ուժով դուրս է հորդում իր ժամանակաշրջանի սահմաններից, դառնում բոլոր սերունդների ժամանակակիցն ու ուղեկիցը... Այս ամենը չպետք է խանգարի աշուղ-բանաստեղծին դիտելու իր ժամանակի մեջ, ճիշտ հասկանալու նրա ստեղծագործության տիպը, որն իր հիմնական հատկանիշներով միջնադարյան է, որպես ուշ միջնադարի հայ բանաստեղծության մի ինքնահատուկ դրսեւորում: |