ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆԵԱՆԻ DռjՈ vu-Ն [1] Քնարիկ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ «Քու երգերէդ երգ մը տուր ինձ, երգ մը, Ես երգելով կուզեմ մեռնիլ...»: Սիամանթոյական տողերը բնաբան ընտրած հեղինակը վիպակում (մենք աւելի հակուած ենք այն վէպ համարել) անվերջ մեզ բերում է խօսքի ու երգի, աւելի ճիշդՙ ձայնի ներդաշնակութիւն: Ի՞նչ է պատմում մեզ Ֆելիքս Բախչինեանի Dռjà -ն: Առաջին հայեացքից թւում էՙ գործ ունենք պատանեկան, աւելի շուտՙ հասուն տարիքում պատանեկան հովեր օրօրող հրապուրանքի առկայծումի հետ, որը հազուադէպ է պատահում: Բայց սիրային հրապուրանք-հնարանքի միջոցով հետզհետէ պատկերւում է հայ, մասնաւորապէս արեւմտեան շրջանի, բանաստեղծութեան անդաստանը, այդ անդաստանի ընդմէջէնՙ ժողովրդի ճակատագրի մեկնութիւնը: Աւելի լայն առումովՙ Ֆելիքս Բախչինեանի Dռjà -ն է միլիոնաւոր հայ մարդկանց: Սիւժէտային լայն ծաւալումների, աշխոյժ երկխօսութիւնների, դասական վիպական կառոյցին յատուկ գործողութիւնների փոխարէն հեղինակն ընտրում է հոգեբանական «սրացումների» ճանապարհը: Գլխաւոր հերոսը, եթէ ընդունենք գրականագիտութեան մէջ նման սահմանման իրաւացի լինելը, հեղինակն ինքն է եւ առաջին հերթին իբրեւ անկեղծ արուեստագէտ խնդիր ունի ինքնաբացայայտման ճանապարհով գնալուՙ ամենայն հայոց բանաստեղծի [2] նման յայտարարելով, թէ «...երբեք չեմ վախեցել ազդեցութիւններ կրելուց եւ չեմ թաքցրել դրանք, եթէ այդպիսիք եղել են: Երբեք չեմ կաղապարուել որոշակի ձեւի եւ ասելիքի մէջ, չեմ խուսափել տարբեր լինելուց: Չեմ վախեցել ինքնաբացայայտումներից, իսկ եթէ յանկարծ ես այնպիսին եմ, ինչպէս բոլո՞րը, իսկ եթէ յանկարծ ես այնպիսին չե՞մ, ինչպէս բոլորը: Երկուսն էլ ես եմ» [3]: Նոյն տրամաբանութեամբ է վարւում նաեւ ազգայինի ու համամարդկայինի սահմանները ճշգրտելիսՙ «...հասկացայ, որ իմ մէջ ապրող Աստծոյ մասնիկի մէջ նոյնպէս հայկականութիւն կայ եւ այնքան շատ, որ մէկ-մէկ թւում է, թէ Աստուած նոյնպէս ազգութիւն ունի, եւ նա նոյնպէս Հայ է» բնորոշումից յետոյ չմոռանալով նաեւ աչք նետել համաշխարհային մշակոյթին, «որի հարստութեանը հաղորդակից դառնալուն արժէ նուիրել մի քանի կեանք, արժէ դուրս գալ ազգային սահմանափակուածութիւնից» [4]: Անվերջ բացայայտումների ու ինքնաբացայայտումների խուզարկուն, սակայն, չէր կարող անտարբեր մնալ Dռjà -ի ամէնից խորը պատճառիՙ թուրքի ֆենոմենի ճանաչողութեան հարցում, որը խիստ կարեւոր է նաեւ ինքներս մեզ մեկնելու ճանապարհին: Այստեղ նոյնքան կենսական է հեղինակային արդարացի դժգոհութիւնը մարդու մէջ մարդկայինի գերակայութեան հանդէպ մերՙ հայերիս անսահման հաւատի հարցում, վկայՙ դեռեւս Համիդեան ջարդերից յետոյ երիտթուրքական ու առաջին աշխարհամարտի փչուկի հանդէպ այդքան խանդավառ ու վերազարթնումի յոյսեր հալածող տրամադրութիւնները: «Թուրքըՙ հայասէ՞ր. դա ինչ-որ բան է ռոմանտիկայի կամ ֆանտաստիկայի ժանրից,- դառնութեամբ արձանագրում է վիպագիրը: - Դրանում վաղուց պիտի համոզուած լինէին թուրքահպատակ բոլոր հայերը, բայց չգիտես ինչու, այդ հաւատը շատ աւելի երկար կեանք ունեցաւ, քան այն կրող եղեռնակործան սերունդը ու նրա պատմական հայրենիքը: Այն հասաւ մինչեւ 20-րդ դար, մինչեւ 1915 թուականի Ապրիլ... ախտի նման, այո՛, այո՛, ես չեմ վախենում սխալուելուց, ախտի նման բոյն դրեց անգամ մեր ամենալուսաւոր անհատներիՙ Զօհրապի, Վարուժանի, Սիամանթոյի գլխում [5]: Թերեւս մեղանչում եմՙ հաւատն անուանելով ախտ, ի՞նչ արած, խօսքը սովորական ազգի հանդէպ ունեցած հաւատի մասին չէ, այլ թուրքի, որը մեզ համար դարձաւ ճակատագրական, դարձաւ ամենավտանգաւոր, մահաբեր ու ազգակործան ախտը» [6]: Մեզ համար ուշագրաւ է յատկապէս Զօհրապին տրուած գնահատականը, որտեղ երեւան են գալիս Բախչինեան արուեստագէտի ու մարդու նկարագրի տարրերից առնուազն ազնուութիւնն ու պարկեշտութիւնը: Իր համար ամէնից նուիրական Մարդու (մենք գիտակցաբար ենք դնում Մարդ բառը մեծատառովՙ հաւատարիմ մնալով հեղինակի նախասիրութեանը) գնահատականն անգամ, թէ «Դուք (իմաՙ Ֆելիքս Բախչինեանը - Ք.Ա.) գրում էքՙ ինչպէս Գրիգոր Զօհրապը...», անզօր է այս պարկեշտութեան դիմաց. «Անկեղծ էիր: Շնորհակալ եմ: Բայց ինձ մի՛ համեմատիր Մեծ նահատակի ու Մեծ մարգարէի հետ, խնդրում եմ: Նրա գրականութեան գեղագիտութեան Արարատին դեռ չի հասել ոչ մի հայ գրող, նա մնաց անհասանելիՙ իր Արարատի բարձունքից մարդկանց եւ իրերին միշտ նայելով ազատ ու մաքուր հայեացքով: Նա իր Արարատից չիջաւ նոյնիսկ այն օրհասի օրերին, երբ խոշտանգուելու եւ նահատակուելու վտանգի հոտը զգում էր շատ մօտիկից: Նա հաւատի նահատակ էր ու թոյլ չտուեց, որ կասկածի թոյնը պղծի մաքուր հոգին, նա քո ծննդավայրի [7] «Բարոն» հիւրանոցից չփախաւ վախկոտի պէսՙ Իր միւս հայրենակիցների վիճակն աւելի չվատթարացնելու ազնիւ մղումից ելնելով: Նա մեծ հայ էր, մեծ մարդ ու մեծ գրող, ում անունը տալիս վեհանում ու քնքշանում էր անգամ թշնամին» [8]: Եթէ ընդհանրացնելու լինենք, ապա այս գրքի մասին կարող ենք ասել, որ հաճելի համակեցութեան մէջ են արուեստասէրն ու արուեստագէտը, գրողն ու գրականագէտը: Մենք գործ ունենք բառի, պատկերի արժէքը գիտակցող գրչի հետ, ում համար կարեւորը սիւժէտային պարզ ծաւալումներից անդին հոգեբանական գերխտացումն է, դիտողականութիւնը, երեւոյթները զննելու, խորքերը թափանցելու նախասիրութիւնը, որն աւելի ամբողջական է դարձնում, չխուսափենք բնորոշումից, մշակութային այս վէպի ընթերցումը: Եւ վերջապէս, ի՞նչ է պատմում Ֆելիքս Բախչինեանի Dռjà -ն կամ կրկներեւոյթը, արեւմտահայ բառովՙ յաճախանքը. այնՙ ինչը ապրում ու վերապրում ենք բոլորս, հայաստանահայ թէ սփիւռքահայ, արեւելահայ թէ արեւմտահայ, իսկ հեղինակի միջոցովՙ աւելի սրուած ձեւով ու աւելի իրական: Այս DռjՈ vu -ն հեղինակը կրում է իր մէջ նաեւ առօրեայում, վկայ թէկուզ հայոց վշտի ամէնից մեծ նեցուկներից մէկիՙ մեծ մարդասէր Նանսէնի անուան հիմնադրամի նախագահի հանգամանքը: 1 - Գիրքը « DռjՈ vu »- Հալէպՙ Սիրոյ եւ մահուան հովիտ» խորագրով վերահրատարակուել է 2015-ին (խմբագիրՙ Հայարփի Խաչատրեան): 2 - Յովհաննէս Թումանեան, ԵԼԺ, հ. 1, Եր., ԳԱ հրատ., 1988, էջ 302: 3 - Ֆելիքս Բախչինեան, Dռjà, վիպակ, Եր., «Գասպրինտ» հրատ., 2013, էջ 31: 4 - Նոյն տեղում: 5 - Սա մեր մշակութային գործիչների մասին գնահատական է, որ ժամանակինՙ դեռեւս 1923-ին, Գեղամ Գավաֆեանին գրուած նամակում աւելի սրութեամբ ու փոքր-ինչ անհանդուրժող դիրքերից հնչեցրել է մեր գրականութեան մէջ թուրքի բարոյաբանութիւնը ամէնից հետեւողականօրէն բացայայտած գեղագէտըՙ Յակոբ Օշականը («Լուսատուներ. սաները կը յիշեն», Փարիզ, Կեդրոնական Սանուց միութեան հրատ., 1996, էջ 28): 6 - Ֆելիքս Բախչինեան, DռjՈ vu, էջ 62-63: 7 - Խօսքը Հալէպի մասին է, որը պիտի վիպական կերպարներից դիտել, եւ որն աւելին է, քան աշխարհագրական պարզ վայրը կարող է յուշել: Վէպում ուրուագծուող տեղահանութեան ու տարագրութեան ճանապարհները. մի դէպքում հայաշունչ ու հայաբոյր Էրզրումից (Բեթղեհեմ տատի օրինակով), միւս պարագայինՙ հերոսական Ուրֆայից (Վարդեր տատի օրինակը) գալիս ու հասնում են մինչեւ «երազային» Հալէպ, վայր, որի հանդէպ այնքան խանդակաթ վերաբերմունք ունի հեղինակը, այն Հալէպը, որի հանդէպ շնորհակալական զգացումներով են լցուած հայ ժողովրդի մազապուրծ սերունդները, եւ որն այսօր, ցաւօք, տխուր ու կսկծալի պատկեր է պարզում, ինչն արձանագրուած է նաեւ այս գրքում: Այս առումով տպաւորիչ է հեղինակային գնահատականը, ով «երջանկութիւն որոնելիս» (Վիկտոր Ռոզովի պիէսի խորագիրն է - Ք.Ա.) իրեն գտնում է քաղաքի դարպասների մօտ. «Հալէպըՙ աշխարհի պորտալար, Հալէպըՙ Արեւելքի մարգարիտ, Հալէպըՙ իմ սիրոյ ծննդավայր, Հալէպըՙ հայերի փրկութեան փարոս, Հալէպըՙ հայկական ամենամեծ գերեզմանատան հանգստավայր» (նոյն տեղում, էջ 138): Եւ կարծում ենք, պատահական չպիտի դիտել նոր հրատարակութեան «Հալէպՙ սիրոյ եւ մահուան հովիտ» ենթախորագիրը: 8 - Նոյն տեղում, էջ 232-233: |