ԱԿԱՄԱ ՊԱՏԱՍԽԱՆ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՆՎԻՐՎԱԾՆԵՐԻՆ Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ Սկիզբը` նախորդ համարում եւ վերջ *** ... Ուրեմն, Վարդան Դեւրիկյանի հերոսական եւ մանավանդ ինքնազոհաբերական գրությունից հետո թերթի էջը որ չդարձրի, որ թերթի էջի վերեւում չտեսա գրվածՙ «Վանո Եղիազարյան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր», շունչս կտրվեց: Զարմանքից, սքանչացումից, հիացումից ու հպարտությունից քիչ էր մնում շնչահեղձ լինեի: Ուղղակի կարկամեցի ու քարացա: Պատկերացնո՞ւմ եք, չե՞ք պատկերացնում բանասիրական, ուրեմն, գիտությունների դոկտոր,- դոկտո՜ր, է՜,- ու նաեւ,- հրաշք,- պրոֆեսոր,- ու դրանից հետոՙ ես, անկոչում ու անաստիճան, աննշան մեկը: Կարճ ասեմՙ ես հայտնվեցի Չեխովի «Հաստն ու նիհարը» պատմվածքի խեղճ հերոսիՙ Նիհարի վիճակում, երբ սա իմանում է, որ իր դիմաց գաղտնի խորհրդական է: Մի խոսքովՙ պահը ցնցող էր, ամեհի ու սահմռկեցուցիչ: Աստված իմ, ի՜նչ բախտ է, ի՜նչ բախտ: Ամեն մեկին չի վիճակվում նման բախտ: Ուրեմն, մեծատաղանդ գրականագետն ու հմուտ,- հմուտն էն խոսքը չի,- բանասերը, ում բացառիկ ուսումնասիրությունները, գրքերն ու աշխատությունները հայ գրականագիտության վավերական հպարտությունն են, հզոր ինտելեկտի եւ հարուստ էրուդիցիայի արդյունք, ում ամեն մի գրությունը փայլում է ոճով, խոսքով, շարադրանքով, մեծահոգաբար իջել է իր բարձունքներից եւ իրեն թույլ է տվել գրելու անգետիս մասին: Եվ մանավանդ, մանավանդ անփոխարինելի, անգնահատելի դասեր տալու: Շունչս կտրվեց հպարտությունից: Ոչինչ, որ ինձ հայհոյում է, ջանում է ինձ վիրավորել ու անարգել, միեւնույն է, թերթը պահելու եմ, տանելու եմ գյուղ եւ գլուխ գովելով բոլորին ցույց եմ տալու: Ով գիտի, միգուցե նաեւ շրջանակի մեջ առնեմ եւ գլխիս վերեւը կախեմ: Կարդացի: Ի՜նչ գրություն էր, ի՜նչ գրություն: Եվ ո՜նց էր շարադրված, գրականագիտական ի՜նչ խորքով եւ բանասիրական ի՜նչ հմտությամբ, գրողական ի՜նչ փայլով, ի՜նչ ինքնահատակ ոճով, ի՜նչ հարուստ ու գեղեցիկ բառապաշարով, եւ մանավանդ ի՜նչ տրամաբանությամբ եւ ավելի մանավանդՙ ի՜նչ ազնվությամբ ու բարոյական մաքրությամբ: Օրենքով այսպիսի գրության վերեւում պետք է առնվազն երկու-երեք անգամ գրվեր «բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր»: Եվ ի~նչ անամոթ ստեր, հերյուրանքներ, ստոր բամբասանքներ էին տարածում մարդիկ իբր թե Գրականության ինստիտուտ հասնող խանձած խոզերի, մեղրի եւ գյուղապետական մառանի այլ բարիքների հարահոսի մասին: Այն մասին, որ գիտության դոկտորը, ճիշտ է, այն ժամանակ դեռեւս ապագա դոկտոր, իրենց գյուղում ակադեմիկոսի համար իր սեփական ծախքով առանձնատուն է կառուցել եւ այլն, եւ այլն: Սուտ, ճիվաղային, հակագիտական, կարելի է ասել նույնիսկ ազգադավ եւ հակապետական սուտ, նողկալի հերյուրանք: Միայն այս փայլուն ու շողշողուն գրությունը բավական է, որ հերքվի այդ ստոր, գարշելի, ուղղակի անմարդակային սուտը: Հարգարժան դոկտորի տրամաբանության եւ ազնվության մասին կասեմ քիչ հետո: Ինչ վերաբերում է Մանուկ Աբեղյանին, հարգարժան իհարկե դոկտոր եւ մանավանդ պրոֆեսոր, ողջ մեղքը Վարդան Դեւրիկյանինն է: Այ, երբ համալսարանում ուսանելու տարիներին նա գոնե կես խոսքով ինձ ասեր, գլխի գցեր, որ Մանուկ Աբեղյանը այդպիսի գիրք է գրել, մանավանդ, ո՞ր հատորն եք ասում, Դ՞ հատորը,- հա, Դ հատորը,- ես, ազնիվ խոսք, անպայման կկարդայի եւ, ով գիտի, միգուցե նաեւ ձեր չափ հասկանայի: Ու այսօր այսպես ամոթով չէի մնա ոչ ընթերցողների մոտ, ոչ ձեր եւ մանավանդ ձեր գյուղացիների առջեւ: Հա, մոտս գրեմ, չմոռանամ, որ կարդամ: Ուրեմնՙ մանավանդ Դ հատորը: Հիմա գամ իր տրամաբանությանը: Կես աշխարհը ման արի, այդ տեսակ հույժ մաթեմատիկական, հույժ փիլիսոփայական, հույժ մարդկային ու հույժ էլ չգիտեմ ինչական տրամաբանություն չես ճարի: Գիտությունների հարգարժան դոկտորը գրում է. «Գրեք այն մասին, որ գիտնականը ծիծաղելի աշխատավարձ է ստանում եւ ժամանակ չունի գիտությամբ զբաղվելու. այդ է պատճառը, որ տասնյակ տարիներ ԳԱԱ համակարգում աշխատող գիտնականները սիրտ ու հավես էլ չունեն գիտությամբ զբաղվելու»: Տեսա՞ք հարգարժան դոկտորի մտածողության կերպը, մտքի վեհությունը, խելքի սահմռկեցուցիչ չափը: Հարգարժան դոկտորը տեսնես գիտի՞, գոնե լսե՞լ է, թե ինչ կենցաղով, ի՜նչ պայմաններում էր ապրում, ասենք, Հրաչյա Աճառյանը: Բազմաթիվ հուշեր կան, թող վերցնի կարդա: Ուրեմն, քանի որ գրականության ինստիտուտում աշխատավարձը քիչ է, ինստիտուտի աշխատակիցը, համբավավոր գիտնականը, իրավունք ունի գրելու, թե ռապսոդն ու տրուբադուրը ժողովրդական արվեստի ուղղություններ են: Եվ նաեւ այն ամենը, ինչ ես մատնացույց եմ արել, ինչպես նաեւ այն ամենը, ինչ թերթում հնարավոր չէր տեղավորել: Դա նույնն է, թե ջութակահարը, ինչ է թե քիչ աշխատավարձ է ստանում, ասենքՙ Էռնստ Շոսսոնի «Պոեմը» նվագելիս արանք-արանք «հայկական պետական ռաբիս» խառնի: Ընտիր տրամաբանություն է: Այս տրամաբան դոկտորին մի շատ անտրամաբանական հարց տանք: Գրում եքՙ «Գիտական ներուժ է անհրաժեշտ», այսինքնՙ ընդունում է, որ հատորը խոտան է, եւ պատճառն այն է, որ «գիտական ներուժ» չկա: Վերջին քսան տարում երկու հարյուրից ավելի մարդ դարձել է գրականության թեկնածու եւ դոկտոր: Դրանց մեծ մասը իր թեզը պաշտպանել է Գրականության ինստիտուտում, որտեղ գիտական աստիճաններ շնորհող խորհրդի անփոփոխ եւ մանավանդ անփոխարինելի նախագահն է եղել հարգարժան ակադեմիկոսը: Նրանք գիտական աստիճան են ստացելՙ գիտենք, թե ինչ ճոռոմ ու վերամբարձ գովաբանություններով, միաձայն կամ թե ձայների ճնշող մեծամասնությամբ: Իսկ ո՞ւր են դրանք: Միգուցե այդ թեզերը, մեղմ ասած, այնքան էլ գիտական չէին: Իրողությունն այն է,- իսկ դա անժխտելի փաստ է,- այսօր հանրապետությունում մի պրոֆեսիոնալ գրախոսություն անգամ գրող չկա: Մինչդեռ բոլորդ փայլուն ձեւակերպումներով թուղթ ու տեղեկանք եք ստացել, որ գիտնական եք, դոկտոր եք ու չգիտեմ էլ ինչ եք: Հրավիրեք, թող գան գրեն: Թող գրեն առանց հրավերի: Թող առհասարակ գրական որեւէ նյութ գրեն: Ի դեպ, ես մի ընդարձակ հոդված եմ գրել, որ կտպագրեմ առաջիկայում, գրականության ինստիտուտի գիտական խորհրդում պաշտպանված թեկնածուական եւ դոկտորական ատենախոսությունների սեղմագրերից առնված ֆանտաստիկ ու մանավանդ խիստ զավեշտական քաղվածքներով: Դեռ միայն սեղմագրերից: Կարծում եմՙ ընթերցողները, նախ, լավ կզվարճանան եւ, համոզված եմ, հետո կդառնանան ու շատ օրինական հարց կտան. լավ, եթե սա այդպես է, այդ քաղվածքները իրոք սեղմագրերից են, ուրեմն ինչպե՞ս, ի՞նչ ճանապարհով են այդ մարդիկ դառնում թեկնածու եւ դոկտոր: Իսկ դուք ասում եքՙ «գիտական ներուժ» չկա: Մեկնումեկը պե՞տք է պատասխան տա գրականագիտության ու բանասիրության այս արժեզրկման համար: Շրջվեք ու մի լավ նայեք ձեր գիտխորհրդին ու իր պանծալի նախագահին: Հիմա գամ ազնվությանը: Բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյան, դուք բացարձակապես անազնիվ մարդ եք: Եվ ոչ միայն անազնիվ եք, այլեւ անամոթ ստախոս եք: Դուք գրում եք. «...Ե. Տեր-Խաչատրյանի «նեղ մասնագիտությունը» Սարինյանի դեմ պարբերաբար գրելն է»: Ես, պարոն Վ. Եղիազարյան, ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի դեմ երբեւիցե որեւէ տող չեմ գրել: Իր անձը, ինչպես նաեւ ձեր անձը ինձ բացարձակապես չեն հետաքրքրում: Դուք խորունկ, ինտելեկտուալ եւ էրուդիտ այն անձերը չեք, այն անհատականությունները չեք, որ ձեր անձը որեւէ մեկին հետաքրքրի: Հետաքրքրական են այն մարդիկ, որոնք ինտելեկտ եւ էրուդիցիա ունեն եւ որոնցից միշտ կարելի է սովորել: Ես պարբերաբար գրել եւ գրում եմ այնպիսի անձերի եւ հեղինակների մասին, որոնցից ձեր ակադեմիկոսն ու դուք անսահման հեռու եք: Դուք գրում եք. «...Սարինյանի դեմ պարբերաբար գրելն է»: Բացարձակ ստախոս եք եւ նենգ, անամոթ ստախոս: Ես ՄԵԿ, ՄԻԱՅՆ ՄԵԿ գրախոսություն եմ գրել 2006 թվականին, ինը տարի առաջ, Սարինյանի «Ի հեճուկս» խորագրով գրքի մասին: Ինը տարի հետո ես գրախոսել եմ Գրականության ինստիտուտի հրատարակած հատորը: Սա «պարբերաբար» Սարինյանի դեմ գրե՞լ է: Եթե տղամարդ եք եւ ստախոս չեք, գրիչ վերցրեք եւ ցույց տվեք ձեր ասած պարբերականությունը: Չեք կարող, որովհետեւ նման բան չկա: Եվ քանի որ չկա, ուրեմն ձեր «պարբերաբար»-ը տարեք ձեր տուն եւ, եթե գրավոր խոսք չլիներ, կասեի, թե ինչ անեք, ինչպես գործածեք: Սարինյանի այդ գրքում սեւով սպիտակի վրա գրված է, որ Պարույր Սեւակը եղել է ՆԿՎԴ-Չեկայի լրտես-գործակալ, որ մեծանուն գիտնական Պիոն Հակոբյանը գող էր, գողացել էր ուրիշի աշխատանքը, որ մեծատաղանդ մի խումբ մարդիկՙ արվեստաբան Վիլհելմ Մաթեւոսյանը, գրականագետ Ալբերտ Կոստանյանը, լեզվաբան Էդմոն Ավետյանը, անզուգական Լեւոն Ներսիսյանը «փորի քամի» են, որ Շառլ Ազնավուրը ընդամենը մանկուրտ է եւ այլն, եւ այլն: Եվ այսպես շարունակ: Գիրքն էլ գրված է անգրագետ լեզվով, ինչպես ցույց եմ տվել տող առ տող: Ես գրախոսութուն եմ գրել եւ մատնացույց եմ արել այս ամենը, հիմա իմ հանցանքը ո՞րն է: Իրավունք չունեի՞: Ուրեմն, մեր երկրում ամեն ինչ կարելի է անել, ամեն ստորություն, նենգություն, հանցանք, բայց այդ մասին խոսել, դրանք մատնանշել, դրանց վրա հանրության ուշադրությունը հրավիրել չի՞ կարելի: Չգիտեի, որ Վայրի Արեւմուտքի ու Թեքսասի օրենքները գործում են նաեւ Գրականության ինստիտուտում: Ինձանից առաջ դո՛ւք պետք է գրեիք այդ գրախոսությունը, դո՛ւք պետք է վրդովվեիք, զայրանայիք, անհանգստանայիք ընտիր անհատականությունների անարգման համար եւ ամոթ զգայիք ակադեմիկոսի, մեղմ ասած, ոչ գրագետ շարադրանքի համար: Բայցՙ ոչ, ձեր ու ձեր նմանների գրականագիտությունը ուրիշ է: Դա շատ հաշվենկատ, նպատակադիր ու նպատակամետ, ուղղակի խանութպանային գրականագիտություն է, եթե կարելի է ձեր արածը գրականագիտություն համարել: Դուք լավ գիտեք, թե երբ եւ ում կենացին եք երգում ու ինչ եք երգում ու ինչ եք գեղգեղում: Ձեզ նման մեկն էլ կար 2006 թվականին, նրան էլ ջատագովություն ու քվե էր պետք: Եթե ձեզ ճանաչող հարյուր մարդ պատմեին ձեր մասին, այնքան բան չէին ասի ձեր մասին, ինչքան դուք եք ասել ձեր գրությամբ: Ամեն մարդու գիրը նախ իր մասին է: Եվ դուք լրիվ տեսանելի եք ու հասկանալի: Գրել եք, որ ձեր հավատարմությունը եւ բացարձակ նվիրվածությունը ապացուցեք: Հանգիստ եղեք, ձեր խոսքը վստահաբար տեղ է հասել, ձեր պաշտոնին ոչ մի վտանգ չի սպառնում: Ով գիտի, գուցե եւ ավելի բարձր պաշտոն ստանաք: Բերգմանն ասում էր, որ արվեստը ամենից առաջ բարոյականություն է: Արվեստը ստեղծագործական երեւակայութան հետ կապ ունի, գիտությունըՙ ստույգ, հավաստի, ճշգրիտ փաստերի եւ իրողությունների հետ: Հետեւաբար, գիտությունը առավել եւս եւ ամենից առաջ բարոյականությունն է: Ես ձեզ մի վերջին հարց եմ տալիս. ինչո՞ւ եք կառչել մի պարբերությունից եւ խորամանկ հրեայի պես շրջանցում եք այն ամենը, ինչ ես մատնացույց եմ արել թերթի երեք էջում: Շատ վարպետորեն լռում եք այդ մասին: Որ գիտության դոկտոր ու պրոֆեսոր եք, այդ շատ լավ է, մնում է, որ երբեւիցե նաեւ գրականագետ ու բանասեր դառնաք: Վախենամ, որ այդ «երբեւիցեն» այդպես էլ մնա «երբեւիցե», որովհետեւ գրականության պարագային մի քիչ, գոնե մի աննշան չափով ազնվությունն ու բարոյականությունը ուղղակի պարտադիր են եւ անհրաժեշտ... *** Մի ծվծվոց թե ծղրտոց էլ մի թերթի մի անկյունից եկավ: Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը, չերքեզ ջիգիթի պես, թղթե թուրը առած, հարձակվում է ինձ վրա, թեՙ ոնց թե դու մեր... Կարդացի գրածը, լացս եկավ, անել հուսահատություն իջավ վրաս: Ա՜յ քեզ մակարդակ... Վ. Աթանեսյանը, օրինակ, գրում է. «Պնդել, որ Աբովյանի կյանքն ուսումնասիրված է խորությամբ եւ մանրակրկիտությամբ, ճշգրտորեն եւ հստակությամբ այն դեպքում, երբ մինչեւ օրս հայտնի չէ, թե ի՞նչ հանգամանքներում, ինչո՞ւ է նա տնից դուրս եկել եւ այլեւս չի վերադարձել, որտե՞ղ է նա մահկանացուն կնքել, առնվազն հավակնություն է»: Ես գրել եմ հետեւյալը. «Հայ ոչ մի գրողի կյանքը, գործն ու ժամանակը այնպիսի խորությամբ ու մարնակրկիտությամբ, ճշգրտորեն ու հստակությամբ չի ուսումնասիրված, ինչպես Խաչատուր Աբովյանի»: Ինչ է անում Ընտանիքի մանրանդամը, իրենց աուլի ամենախելոք մարդկանցից մեկը: «Կյանքը, գործը եւ ժամանակը» կապակցությունից նա, նախ, մանր փերեզակի խորամանկությամբ, դուրս է նետում «գործը եւ ժամանակը» բառերը, թողնելով միայն «կյանք» բառը եւ հետո ցնցող եզրակացություն անում: Իսկույն երեւում է, որ սրանք ցեղով ազնիվ են: Ուրեմն, Աբովյանի կյանքը-գործը-ժամանակը ներկայացնող տասնյակ ու տասնյակ գրքերը, ուսումնասիրություններն ու մենագրությունները, հարյուրավոր հոդվածները եւ հետազոտությունները, բանասիրական ճշտումները, հրապարակումներն ու հաղորդումները եւ Աբովյանին այս կամ այն կերպ վերաբերող զանազան ու բազմապիսի նյութերը Աբովյանի գրական ժառանգության ճանաչում եւ յուրացում աբովյանագիտություն չեն: Եթե Աբովյանի գերեզմանի տեղը չկա, ուրեմն էլ ինչ աբովյանագիտություն: Արեւմտահայ մեր դասական տասնյակ հեղինակների գերեզմանների տեղը հայտնի չէ, ուրեմն նրանց գրականության մասին գրվածները ոչի՞նչ են: Չարենցի գերեզմանի տեղն էլ հայտնի չէ, չարենցագիտությո՞ւնն էլ չկա: Վերջապես, աշխարհում վաղուց վիճարկում են Հոմերոսի անձի գոյության խնդիրը,- անձի՛, եւ ոչ թե գերեզմանի,- ուրեմն աշխարհում հոմերագիտություն չկա՞: Սրան ի՞նչ ասես, սրա ինչի՞ն պատասխանես: Մարդիկ տարիներով այս բոլորը տառ առ տառ ուսումնասիրում են, հետո չգիտես որտեղից հայտնվում է մի հարաբերական մարդ եւ անհեթեթություններ է շարում: Մարդը ոչինչ չի կարդացել, ոչինչ չի ուսումնասիրել, բայց իրեն իրավունք է վերապահում պարզունակ ու անհեթեթ դատողություններ անելու: Իր ամբողջ իմացածը չգիտեմ որ թվի դպրոցական գաղափարական դասագրքի կցկտուր հիշողություններն են: Աբովյանի վերաբերյալ բոլոր հարցերի պատասխանը վաղուց տվել է մեծանուն գիտնական եւ ոչ ակադեմիկոս Պիոն Հակոբյանը: Այ Վ. Աթանեսյան, իմ հավակնոտությունը որտե՞ղ է: Որ մատնացույց եմ արել ակադեմիկոսի, մեղմ ասած, անգրագետ շարադրա՞նքը: Այդ դեպքում ինչո՞ւ տող առ տող չեք հերքել, գիտականորեն եւ երկաթյա տրամաբանությամբ իմ մատնանշումները: Այս Աթանեսյանը խոշորացույցը առել եւ Տեր-Խաչատրյանի գրածի մեջ ահավոր անգրագիտություն է հայտնաբերել: «Կյանքը- գործն ու ժամանակը» կապակցության մեջ միացնող գծիկի փոխարեն սրբագրիչը ստորակետ է դրել: Բայց պեղողը չգիտի, որ գրվածը այդպես էլ է ճիշտ: Չեմ բացատրելու, թե ինչու: Թող գնա հարցնի: Կբացատրեն, եւ միգուցե թե կհասկանա: «Սայաթ-Նովա» բառից չակերտները դուրս են ընկել: Համակարգչային աշխատանք է, ամեն բան կպատահի: Բայցՙ չէ, այ հարայ, հասեք, գտել եմ: Այստեղ են ասելՙ ձյուն գա գլխիդ: Բայց այս մարդը, մյուսների պես, քար լռություն է պահպանում այն ամենի մասին, ինչ ես թերթի երեք էջում մատնացույց եմ արել: Իհարկե, հասկանալի է, թե ինչու: Կարդում ես սրանց գրածները եւ մտածում, թե սա ու սրանք ինչո՞ւ նույն խանդավառությամբ ու եռանդով, նույն անմեղսունակ ինքնավստահությամբ չեն գրում քվանտային մեխանիկայի, տեսական ֆիզիկայի, Սթիվեն Հոքինգի տեսությունների, Ջաքսոն Փոլլոքի նկարչության, Շտոկհաուզենի երաժշտության, Ջակոմետտիի քանդակագործութան եւ էլի նման հազար ու մի բանի մասին: Հետո անդրադարձա, որ գրում են, էլի: Էլ գրելը պոզով-պոչո՞վ է լինում: Գրում են անմեղսունակի ինքնավստահությամբ եւ առանց դույզն ինչ ամոթի ու պատասխանատվության զգացումի: Հայկական անտառը լիքն է սրանցով: Ինչ ասեմ: Վերջերս մեր տանն էր բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինը: Երկար խոսեցինք, զրուցեցինք դեսից-դենից: Իմացավ այս ողջ պատմությունը, ինձ շատ նախատեց ու հանդիմանեց: «Այ մարդ,- ասաց,- երբ կարդալ սովորեցիր եւ իմ գրածները արդեն կարդում էիր, այդ օրվանից քեզ քանի հազար անգամ եմ ասել, որ զանազան վեղիազարյաններին, վաթանեսյաններին ու դրանց նմաններին երբեք չառարկես»: Էհ, ես էլ գյուղացի պարզամիտ մարդ եմ, չլսեցի բանաստեղծի խորհուրդն եւ այնուամենայնիվ այս երկու տողը գրեցի: Հ.Գ.- Ջերմ բարովագիրս ակադեմիկոս Սերգեյ Սարինյանինՙ առաջիկայում: |