RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 20-05-2016



Տեղադրվել է` 2016-05-19 22:05:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2485, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 3

«...ՆՐԱՆՔ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ ՃԻՇՏ ՀԱՍԿԱՑՎԵԼՈՒ»

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

ՇԱՀԱՆ ՇԱՀՆՈՒՐ - ԳՐԻԳՈՐ ՇԱՀԻՆՅԱՆ

Սփյուռքահայ գրականությունը մեզանում կարելի է ասել հիմնականում շարունակում է մնալ գրական որոշակի մի շրջանակի ուշադրության կենտրոնում, որը, այնուամենայնիվ, առանձնանում է ճաշակի եւ ընտրության յուրահատկությամբ:

Սփյուռքի մեր ամենանշանավոր եւ հետաքրքրական գրողներից մեկըՙ Շահան Շահնուրը ակնհայտորեն տարբերվում էՙ կարծրատիպային, ընդունված շատ երեւույթների հանդեպ անսպասելի վերաբերմունքով. իր մտածողական որակները, աշխարհընկալումը ազգային հարցերի բոլորովին նոր շերտեր է բացում, հիմնականումՙ խնդրահարույց, ինչը նրա գրականությունը դարձնում է բարդ ընկալելի, տարաբեւեռ եւ բանավիճային: Գրողի հեռատեսության, խորատեսության հետեւանքՙ ժամանակի ազգային կյանքի շահնուրյան մեկնաբանությունները իրականության հանդեպ սթափատեսությունից բացի զգուշացման պես բան ենՙ վերահաս ուծացման վտանգից խուսափելու: Այն որքան արդիական էր իր ապրած տարիներին, «Նահանջ»-իՙ 30-ականներին եւ հետո էլ, նույնքանՙ հիմա (Սերունդները կարծես ժամանակ առ ժամանակ թոթափում են օտարահաճության «գենետիկ» հակումը, արթնացնում հին ցեղի մաքուր ոգին, բայց սա թերեւս հիմնավոր պատճառներ ու սնունդ ունի, որ ստիպված է լինում պարբերաբար կրկնվելու եւ մեր երազներն այլ ափերում որոնել տալու...):

Շուրջ 15 տարի առաջ բեյրութահայ մտավորական, գրականագետ Գրիգոր Շահինյանը «Ազգ»-ի խմբագրին էր ներկայացրել Շահնուրյան երկերի երեք թղթածրարՙ հրատարակության ակնկալիքով: Առաջին երկուսում գրողի գեղարվեստական գործերն ու հրապակագրություններն էինՙ իր մեկնաբանություններով եւ ծանոթագրություններով, երրորդումՙ Շահինյանի գրականագիտական վերլուծումները: «Ազգ»-ի գրահրատարակչական գործունեությանՙ այդ բավական ակտիվ շրջանում սկսված գործը ֆինանսական եւ այլ պատճառներով երկար տարիներ անավարտ է մնում: Գրիգոր Շահինյանը կյանքի օրոք, ցավոք, այդ գրքերը տպագրված չտեսավ:

Անցած ուրբաթ երեկոյան ՀԲԸՄ նորակառույց կենտրոնական գրասենյակի հարմարավետ, բարեկարգ սրահում կայացած հանդիպման առիթը Շահնուրյան հիշյալ գրքերի շնորհանդեսն էր: Երկերի առաջին հատորը ներկայացնում է «Պատկերազարդ պատմութիւն հայոց» գեղարվեստական էջերը («Նահանջը առանց երգի», «Յարալէզներուն դաւաճանութիւնը»), երկրորդըՙ հրապարակագրությունը («Թերթիս կիրակնօրեայ թիւը», «Զոյգ մը կարմիր տետրակներ», «Բաց տոմարը», «Կրակը կողքիս») եւ երրորդըՙ Գրիգոր Շահինյանի «Յաղագս Շահան Շահնուրի» մենագրությունը: Գրքերի տպագրությունն իրականացվել է «Տիգրան Մեծ» հրատարակչատանը, Շահինյան ընտանիքի մեկենասությամբ:

Ողջունելով հանդիսատեսի հաճելի ներկայությունըՙ ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության տնօրենի պաշտոնակատար Հովիկ Յորդեքյանը խոսքը փոխանցեց երեկոյի հանդիսավարին, գրքերի հրատարակչական խմբագիրՙ Հակոբ Ավետիքյանին : Մի քանի խոսքով ներկայացնելով տպագրության հետ կապված դժվարությունները, նա շնորհակալությամբ դիմեց դահլիճում ներկա Շահինյան ընտանիքինՙ տիկնոջը եւ դուստրերին, որոնց շնորհիվ հնարավոր եղավ ավարտին հասցնել հրատարակչական այդչափ ձգձգված աշխատանքները, մասնավորապես ընդգծելով ավագ դուստր Շաղիկիՙ սրբագրության, վերստուգման հոգատար, բծախնդիր աշխատանքը. «Յուրաքանչյուր հայր հպարտ կարող էր լինելՙ նման դուստր ունենալու»: «Ահավասիկ մեծ պատեհություն էՙ մեր սերը, հարգանքը մատուցելու Գրիգոր Շահինյանի հիշատակին եւ միաժամանակ մեր պաշտամունքըՙ Շահան Շահնուրին,- գոնե մեր սերնդի համար այդպես է եղել: Եվ ահա 31 տարի անցՙ առաջին այս եռահատոր հրատարակությունը: Շնորհակալություն համակազմակերպիչ ՀԲԸմիությանըՙ հանդիպումն այս դահլիճում կազմակերպելու համար, որ նույնպես խորհրդանշական է, որովհետեւ 60-ականների առաջին կեսերին ստեղծված սփյուռքահայ մտավորականների աջակցման նրա ստեղծած հիմնադրամը նաեւ Շահնուրին է օգտակար եղել: Այս հրատարակություններով մենք նախեւառաջ նպատակ ունեինք Շահնուրի գրականությունը մատուցել երիտասարդ սերնդին»:

Երեկոն հագեցած էր Շահնուր - Շահինյան մթնոլորտովՙ չնայած ժամանակային սահմանափակումներին, փորձ արվեց ներկայացնել Շահնուր երեւույթը հնարավորինս ամբողջական եւ մտքի անսպասելի զարգացումներով, անակնկալներով ուղեկցվող նրա բարդ գրականությունը: Մահարու վկայությանՙ Հ. Ավետիքյանի հիշատակումը արդեն խոսուն էր. «Չարենցը մի գիշերում է կարդացել «Նահանջ»-ը եւ, Աղասի Խանջյանին վերադարձնելուց առաջ տվել է Գուրգեն Մահարունՙ ասելով մեկ բառՙ ամեհի գիրք: Ամեհի գրքի, գրականության մասին սպառիչ բան դժվար է ասել»:

Երեկոյի բանախոսը գրականագետ, արվեստաբան Երվանդ Տեր- Խաչատրյանն էր: Անդրադառնալով գրողի կյանքի կարեւոր մի քանի դրվագներին, անձնական կյանքի դժվարին պայմաններին, առողջական ծանր վիճակինՙ Շահնուրի գրականության առանձնահատկությունների մասին խոսելիս նա ընդգծեց հատկապես «Նահանջը առանց երգի» վեպի առիթով ծավալված բանավեճերի, ընդհուպ մերժման հասած վերաբերմունքի բուն պատճառները, որ հիմնականում չհասկացվածությունն էր, իսկ այն ազդեցությունը, որ ունեցավ դա ժամանակի հայ գրական միջավայրի, նոր կազմավորվող սփյուռքահայության վրա, ցնցող է եղել: Մի քանի օրինակներով նա ներկայացրեց ֆրանսահայ գրական մթնոլորտը, տարաձայնություններըՙ վկայելով նոր ձեւավորվող գրական շարժման ներկայացուցիչներիՙ Շահնուրի նախկին գաղափարակից, գրչակից ընկերների վերաբերմունքը, մասնավորապես հիշատակեց Վազգեն Շուշանյանիՙ այդ առիթով գրված «Մարդ մը, որ Արարատ չունի իր հոգւոյն խորը» գիրքը: «Այն, ինչ գրում է Շուշանյանը եւ փաստում օրինակներով, եթե նույնությամբ ընդունենք, ուրեմն Շահնուրը կարող է համարվել թշնամի, հայատյաց: Սակայն տաղանդավոր, մեծ մարդիկ փառքի կարիք չունեն, նրանք կարիք ունեն ճիշտ հասկացվելու: Շահնուրը կարծես ապագան էր կանխազգում, նա շատ բան խտացրել է, գույները թանձրացրել է, գրողը, ստեղծագործողը դրա իրավունքը ունի: Գրողին, նրա գրականությունը հասկանալու համար հարկավոր է ստեղծագործական ողջ համակարգի մեջ դիտարկել, ճիշտ կարդալ գործը: Գրականագետը, որ ձեռք է զարկում այսպիսի գրողի մասին գրելու, դժվար ընտրության առաջ է կանգնած»: Նա փաստեց, որ նման ստեղծագործությունները կարիք ունեն բացատրական - ուղեցույց գրքերի, որոնց օրինակները վաղուց գոյություն ունեն միջազգային պրակտիկայում: Շահինյանի մեկնաբանությունը համարեց Շահնուրի գրականության լաբիրինթոսում ճիշտ կողմնորոշվելու լավագույն ուղեցույց - ձեռնարկ: Ահա այս գրականությունը սպասում էր իր ճշգրիտ մեկնաբանին, եւ այդ մարդը Գրիգոր Շահինյանը եղավ:

Երվանդ Տեր-Խաչատրյանը խորին հարգանքով ներկայացրեց հիրավի բացառիկ մտավորական Գրիգոր Շահինյանինՙ ազնվական, զուսպ նկարագրով մարդուն, մանկավարժի նրա դասական տիպարը, գրականագետի նրա հարուստ վաստակը: Շահինյանը եվրոպական բարձր կրթություն ստացած անձնավորություն էր, Ն.Աղբալյանի եւ Լ. Շանթի արժանավոր աշակերտը ուսումը շարունակել էր նախՙ Բրյուսելի Ազատ համալսարանում, ապա Փարիզի Սորբոնումՙ դոկտորական ատենախոսություն պաշտպանելով Շահնուրի ֆրանսալեզու բանաստեղծության շուրջ: Իսկապես որ գրականագետ եվրոպական հմտությամբ, որի գրականագիտական մոտեցումը խիստ գիտական է, մեթոդը համադրական-անալիտիկ, ինչպես գրքի առաջաբանում գրում է Հ. Ավետիքյանըՙ անատոմիական քննությամբ: Նա այն հազվադեպ գրադատներից է, ովքեր, բանախոսի տարբերակմամբ, թափանցում են նյութի մեջ, տրոհում, քայքայում նյութը եւ արձանագրում միայն այն, ինչ կա, ի տարբերություն մեկ այլ տեսակի, ովքեր իրենց զգացածը, ենթադրածն են վերագրում գրողին:

Շահինյանը գրական հարուստ ժառանգություն է թողել, այս մասին եւս հանգամանալից խոսվեց («Համաստեղ», «Հատընտիր», «Գուրգէն Մահարի վաթսունի հանգրուանին», «Ձիւներն ի վեր», «Panorama de la litte'rature Arme'nienne... 1880», «Վերաքաղ», եւ այլ): Նա նաեւ սկզբնավորողներից է եղել մանկական գրականության մատենաշարի 25 հատորյա տպագրության, մանկական ստեղծագործությունների թարգմանություններ, փոխադրումներ է արել: Երվանդ Տեր-Խաչատրյանը նկատեց, որ ժամանակն է Գրիգոր Շահինյանի «Հատընտիր» հրատարակություն ունենալ այստեղ, Հայաստանում:

Նա խոսքը եզրափակեց բեյրութահայ գրական միջավայրում, Կարապետ Հաննեսյանի «Շիրակ» գրատանը շաբաթօրյա հանդիպումների գեղեցիկ վերհուշով, որի մշտական այցելուներից էր Գրիգոր Շահինյանը: «Նրան հիշելիս մտածում եմ, որ երբ հին ժամանակներում մեր իշխանական, ազնվականական տոհմերն անհետացան, ազնվականությունը իբրեւ որակ Հայաստանից չվերացավ: Այն անցավ պարզ ժողովրդին: Մենք մեր շրջապատում մարդիկ ենք տեսնում, իշխանական ինչ-որ բարձր բան, մաքուր, ազնվագույն որակ կա իրենց մեջ: Գրիգոր Շահինյանը ինձ համար այդպիսի անձնավորություն էր»:

Կարճ ելույթով Աելիտա Դոլուխանյանը Շահինյան գրականագետին իր համար հայտնաբերելու նորությունը կիսեց ներկաների հետ եւ հիշատակեց ամերիկյան մի հրատարակություն, որտեղ ներկայացված են անտիկ շրջանից մինչեւ այսօր համաշխարհային գրականության այն 1001 գրքերը, որ յուրաքանչյուր մարդ պետք է կարդա: Հայ հեղինակներից ընդգրկված է միայն Շահան Շահնուրը, որի մասին օտարազգի հեղինակը գրել է. «Նա այդ գրքով կամեցել է կանխել մի հին ժողովրդի ուծացումը»: Հետաքրքրական ու տպավորիչ էին Թորոս Թորանյանի ներկայացրած նամակը, Նիսի Սան Ռաֆայել ծերանոցում Շահնուրի հետ հանդիպման տպավորությունները, երբ նա ցույց է տվել Հայաստանից ստացած բոլոր գրքերը, որոնք կարդացել եւ իր վերաբերմունքն ուներ յուրաքանչյուրի հանդեպ. «Այն շրջանն էր, երբ ան ֆրանսերեն կգրեր եւ կըսեին, թե հայ գրականությունը ձգած է»: Իսկ Շահինյանի մասին ասաց, որ իր համար եղել է դպրոց:

Գր. Շահինյանի ավագ դուստրըՙ Շաղիկը, լուսապատկերների ուղեկցությամբ հանգամանալի ներկայացրեց գրականագետի նամակները, ուսումնասիրությունների ժամանակագրությունըՙ հընթացս անդրադառնալով կյանքային մի քանի ուշագրավ դրվագների, խոսքավարտին շնորհակալություն հայտնեց «Ազգի» խմբագրին, գիրքը հրատարակության պատրաստողներին, օրվա բանախոսին, ներկաներին:

Երեկոյի ընթացքում Հ. Մալյանի անվան թատրոնի դերասանները հանդես եկան Շահնուրի «Պճեղ մը անուշ սիրտ» գործի թատերականացված ասմունքով: Հանդիպումն ավարտվեց Կոմիտասի երաժշտությամբՙ Լուսինե Գրիգորյանի դաշնամուրային կատարմամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 20-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ