RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#018, 2016-05-13 > #019, 2016-05-20 > #020, 2016-05-27 > #021, 2016-06-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 20-05-2016



Տեղադրվել է` 2016-05-19 22:05:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2492, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՀԱՅ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՔՈՒՎԵՅԹԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹԱՏԵՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

Հրապարակումըՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ

Սույն թվականի ապրիլի 16-23-ին կայացած Քուվեյթի երրորդ միջազգային թատերական մենաներկայացումների փառատոնում այս տարի ներկա էր նաեւ Հայաստանըՙ ի դեմս Արինե Սուքիասյանի «Անկում վերելքի համար» մենաներկայացման: Այն մինչ այժմ ներկայացվել էր Երեւանումՙ 2010-ին եւ 2015-ինՙ «Արմմոնո» մոնոներկայացումների փառատոնում: Հայ դերասանուհու հաջողության մասին են վկայում Քուվեյթի վեց պարբերականների («Ալ-Ղաբաս», «Ալ-Շահեդ», «Ալ-Աբնա» եւ այլն) դրական գնահատականները: Մենաներկայացման եւ Արինեի դերասանական կարողությունների մասին մամուլում դրվատանքով են արտահայտվել դոկտոր Մահմուդ Սաադը, քուվեյթցի թատերական քննադատ Նահնա Մուսան, թունիսցի հայտնի բեմադրիչ Մունջի Էբրահիմը. ըստ վերջինիսՙ Սուքիասյանը շատ մասնագիտորեն, մանրակրկիտ եւ ուշադիր է վերաբերվել իր ներկայացմանը եւ հույս է հայտնել, որ արաբ դերասաններն էլ կհասնեն նման մասնագիտական հմտության: «Ան-Նահար» թերթին տված հարցազրույցում Արինեն պատմել է, թե ինչպես է իր կյանքի ընթացքում տեսել երեք հեղափոխություն եւ երկու պատերազմ, որը նաեւ ազդել է իր վրա, այլեւս չասածՙ իր ընտանեկան եւ ազգային պատմությունը: «Ներկայացումը միեւնույն ժամանակ թե՛ անձնական էրՙ կառուցված խիստ մարդկային խնդրի վրա, թե՛ համընդհանուր բնույթ ուներ: Այն չունի գենդերային ուղղվածություն, նույն բանը կնոջ փոխարեն հաջողությամբ կարող էր տղամարդը պատմել: Արինեին մեծապես հաջողվել է խոսել իր ամբողջ զգացումների մասինՙ ուղերձը հասցնելով հանդիսատեսին»,- նշել է «Ան-Նահարը»: Դերասանուհու հետ նաեւ ուղիղ եթերում ութ րոպեանոց հարցազրույց է տեղի ունեցելՙ Քուվեյթի թիվ 2 հեռուստաալիքից հեռարձակվող երկրի ամենից բարձր վարկանիշ ունեցող թոք-շոուում:

Ստորեւ ներկայացնում ենք «Ալ-Ղաբաս» օրաթերթում Աբդոլմոհսեն աշ-Շեմիրիի հոդվածիՙ Արինե Սուքիասյանին վերաբերող հատվածը:

ԵՐԿՈՒ ԿԱՆԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ ՔՈՒՎԵՅԹԻ 3-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵՆԱՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ

«Անկում վերելքի համար» յուրահատուկ ներկայացումը եւ անկատար «Ֆերիան»

Փառատոնի երրորդ օրը եզրափակվեց երկու կանանց ներկայացումներով: Առաջինը ներկայացավ հայ դերասանուհինՙ Արինեն, ժամը 17.30ին, «Անկում վերելքի համար» վերնագրված ներկայացումով: Հաջորդըՙ «Ֆերիան», ներկայացրեց դերասանուհի Ալիսոնը....

«Անկում վերելքի համար»

Չափազանց ժամանակակից փորձառական ներկայացում: Այն, ինչ ներկայացրեց Արինեն, որպես դաս ծառայեց, թե ինչպես պետք է դերասանուհին վարվի իր մարմնի հետ եւ օգտվի նրա հնարավորություններից ու լեզվից: Իսկ Ալիսոնը ներկայացավ անսահման սառը, թերի ու անկազմակերպված:

Նոր հայտնություն

Արինեն ներկայացավ յուրահատուկ բեմադրությամբ, որն անխոս էր: Այն տեւեց մոտ կես ժամ: Նա իր գործի գրողը, բեմադրիչը, ձեւավորողն ու կատարողն էր: Առաջին անգամ էր Քուվեյթում եւ նրան հաջողվեց հրաշալի հանդես գալՙ արժանանալով բոլորի համակրանքին:

Նա պատմում է կնոջ հոգեւոր ճանապարհորդության մասին: Անցնելով տանջանքների եւ տառապանքների միջովՙ նա փորձում է համակերպվել դրսի միջավայրի հետ: Այն միջավայրը, որը ժամանակին իր մանկության գեղեցիկ աշխարհն էր, որը հիմա անճանաչելի է դարձել: Պատմում է իրՙ Իրանում ունեցած անցյալի եւ Հայաստանում իր ներկա կյանքի մասին: Այս երկու հսկայական մշակույթների համաձուլումը ներկայացված է իր գործում: Չկարողանալով ջնջել իր անցյալը, որը մարմնավորվում է իր ուսերին կրող ծանր բեռի տեսքովՙ նա ընդունում է այն ու մտնում է նոր կյանքի ընթացքի մեջ: Ներկայացումը ցույց է տալիս այդ բարդ ընթացքը եւ թե ինչպես են արտաքին ու ներքին խոչնդոտները ընթանում իրեն հավասար եւ ինչպես է Կինը դրանց հետ հաստատուն քայլելովՙ հասնում իր նպատակին: Նա ցույց է տալիս սիրո կարեւորագույն առկայությունը կյանքում: Հետեւաբարՙ սկսվում է կատաղի, փոթորկոտ կռիվը կյանքի:

Արդիական լեզու

Արինեն իր ներկայացման մեջ լիովին հենվել է մարմնի լեզվի վրա: Դա նրան մեծապես հաջողվել է բեմի վրա իր ճկուն եւ պլաստիկ շարժումների ու պատկերների ստեղծման շնորհիվ, ինչը խոսում է նրա ֆիզիկական բարձր պատրաստվածության մասին: Հիանալի անցումներով նա գնում էր մի պատկերից մյուսըՙ ճկուն եւ մտածված, լավագույնս օգտագործելով ձեռքի տակ ունեցած իրերը: Գորգը ծանր բեռից վերածվում է մշակույթի ու կյանքի խորհրդանիշի եւ ի վերջոՙ ինքնության, որը նա կրում է իր վրա: Նմանապես կարմիր կտորը մարմնավորում է արյան, տառապանքների, ներքին ապրումների, կնոջ զգեստի եւ այլ խորհրդանիշներ: Այս ամենի հետ միասին նա օգտագործում է նաեւ իր հոյակապ դիմախաղը:

Հրաշալի, խորը, պարզ եւ շատ հաճելի այս ներկայացումը շատ բաների մասին խոսեց, այն էլՙ առանց խոսքերի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #19, 20-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ