ՔՍԱՆ ՏԱՐՎԱ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ Նաիր ՅԱՆ 1996 թվականին Գարեգին Առաջին կաթողիկոսի նախաձեռնությամբ ստեղծվել է Երեւանի կամերային երգչախումբը: Քսան տարի է անցել. գեղարվեստական ղեկավար, խմբավար Հարություն Թոփիկյանն այդ օրը երանությամբ է հիշում, երբ որոշվեց հիմնել իրենց երգչախումբը: Քսանութ հոգանոց երգչախումբը պետք է ձայնագրեր Կոմիտասիՙ թվով 147 աշխարհիկ խմբերգերը: Հետագայում նոր ծրագրեր եւս կյանքի կոչվեցին, ու երգչախումբն անցավ նաեւ համերգային ճանապարհՙ հնչեցնելով հայկական խմբերգերի ընտրանի, այդ ընթացքում ստանալով պետական կարգավիճակ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Երեւանի պետական կամերային երգչախումբը նշեց ստեղծման քսանամյակըՙ բեմը տրամադրելով նաեւ հյուրերինՙ դաշնակահար Տիգրան Համասյանին եւ օպերային թատրոնի մեներգիչներին, որոնք իրենց ելույթներով շնորհավորեցին երգչախմբի տարեդարձը: Համերգից առաջ Հարություն Թոփիկյանը վերջին շտկումներն արեց, սեղմեց հյուրերի ձեռքն ու «Ազգի» ընթերցողների համար հետադարձ հայացքով գնահատեց անցած քսան տարիները:
- Պր. Թոփիկյան, կարծեմ Ձեր ղեկավարած երգչախմբի գործունեությունը պետք է լիներ միայն Կոմիտասի խմբերգերը ձայնագրելըՙ ընդամենը մեկուկես տարվա պայմանագիր: Երբեւէ կպատկերացնեի՞ք, որ ոչ թե մեկուկես, այլ քսան տարի բեմում կլինեք: - Մենք պարտավորություն էինք ստանձնել սերունդներին փոխանցելու համար ձայնագրել կոմիտասյան խմբերգերը, սակայն երջանկահիշատակ Գարեգին Առաջին կաթողիկոսը ցանկություն հայտնեց, որ ձայնագրենք նաեւ Բարսեղ Կանաչյանի տասնութ խմբերգերը, քանի որ տասներեք տարեկանում ինքը տեսել է Կանաչյանին, ներկա եղել նրա փորձերին, մեծ տպավորություն ստացել: Մի խոսքովՙ արվեց ավելին, քան նախատեսված էր: Ի՜նչ խանդավառություն էր, երբ մենք կատարեցինք Բախի «Հովհաննեսի չարչարանքների» ամբողջ խմբերգային մասը: Ես հիշում եմ. 1999 թվականն էր: Այս նույն դահլիճը լեփ-լեցուն էր. իսկական իրադարձություն մեր մշակութային կյանքում: Դրանից հետո մենք մասնակցեցինք Բերգենի միջազգային փառատոնին: Համագործակցել ենք աշխարհահռչակ ալտահարուհի Քիմ Քաշքաշյանի հետ, որի հետ հնչեցրել ենք Տիգրան Մանսուրյանի նոր ստեղծագործությունը, նաեւ աշխատել ենք սաքսոֆոնահար Յան Գարբարեկի հետ: Պատկերացրեք. սաքսոֆոն ու կոմիտասյան «Էս գիշեր, լուսնյակ գիշեր...»: - Ես լսել եմ նաեւ Կարա-Մուրզայի պատարագը Ձեր երգչախմբի կատարմամբ: - Առաջին անգամ մեր երգչախումբն է կատարել հայկական առաջին պատարագը, որի հեղինակը Կարա-Մուրզան է: Այդ ստեղծագործության ձեռագրերը մասունք առ մասունք հավաքել, ի մի բերել, համակարգել ու մեզ է հանձնել ամերիկահայ Գրիգոր Փիտեջյանը: Սա եւս նշանակալի երեւույթ է. մենք ունենք հայկական առաջին պատարագի ձայնագրությունը: Երգչախումբը կատարեց նաեւ Կոմիտասի բեռլինյան պատարագը, որը Վարդապետը գրել է երրորդ կուրսում: Այն գերմաներեն էՙ հիմնված հայկական շարականների թեմատիկայի վրա: Այս պատարագն ամբողջությամբ առաջին անգամ մեր երգչախումբն է հնչեցրել: - Ինչպե՞ս եք մոտենում Կոմիտասին, ի՞նչ ընկալումներով ու նպատակով: - Ես միշտ ցանկացել եմ Կոմիտասին աշխարհիկացնել: Այնքա՜ն կենդանություն, բնական, պարզ մի աշխարհ կա նրա երգերում, ինչո՞ւ դա ցույց չտալ: Երաժշտական դպրոցի առաջին դասարանում երեխային Բախ են նվագել տալիս: Այդ առաջին թոթովանքներում Բախը հաճախ ծռմռված է, խախտված: Դա կարելի է, իսկ Կոմիտասՙ առաջին դասարանում, չի կարելի: Ինչո՞ւ: Ինչո՞ւ եք մեր երեխաներին հեռացնում Կոմիտասից ու թույլ տալիս մոտենալ միայն շատ հետոՙ հավելյալ սրբացնելով նրան: Մինչդեռ կոմիտասյան արժեքները բոլորիս այնքա՜ն հարազատ պետք է դարձած լինեն դեռ մանուկ տարիքից: Մարդը դեռ երեխա ժամանակներից պետք է Կոմիտաս իմանա, նրա երգերը երգի, իրապես սիրի, հարազատանա Կոմիտասին: Կեղծ է այն մոտեցումը, թե Կոմիտասին չի կարելի անընդհատ մոտենալ, նրան պետք է սրբացնել ու անհասանելի պահել: - Պր. Թոփիկյան, երգչախմբի կենսագրությունը կարծես երկու մասի բաժանված լինիՙ մինչեւ պետական կարգավիճակ ստանալն ու պետական կարգավիճակ ստանալուց հետո: Իրականում այդքան բախտորո՞շ էր 2009 թվականը: Եվ ի՞նչ տվեց «պետական» անունը: - Մինչեւ պետական կարգավիճակ ստանալը, մենք ինը-տասը ձայնասկավառակ ենք ձայնագրել: Հենց դարձանք պետական, CD ձայնագրելը դժվարացավ. առ այսօր մենք ոչ մի երգ չենք ձայնագրել պետության հովանավորությամբ: Այն, ինչ արվել է, բարերարների, դրսի պատվերների շնորհիվ է եղել: Տիգրան Համասյանի հետ ձայնագրությունը կատարեց գերմանական ESM հեղինակավոր ընկերությունը: Շնորհանդեսը եղավ Մյունխենում անցյալ տարվա նոյեմբերին: Իրենց գործիքներով, սարքավորումներով գերմացիները եկան Հայաստան, չորս օր ստուդիայից դուրս չեկան, ձայնագրեցին Տիգրան Համասյանին ու մեր երգչախմբին: Հետո Գերմանիայից ինձ նամակ գրեցինՙ ասելով. «Մենք Հայաստանում էինք ու հնարավորություն չունեցանք տեսնելու Հայաստանը, բայց այդ չորս օրերին հանդիպեցինք շատ նվիրյալ մարդկանց, որոնց շնորհիվ էլ տեսանք Հայաստանը»: Դաշնակահար Տիգրան Համասյանի ու Երեւանի կամերային երգչախմբիՙ բարեկամության վերածված համագործակցությունը շարունակվում է: Հոբելյանական համերգին հնչեցին հատվածներ շարականներից: Չնայած իր աշխատանքային հագեցած ռիթմինՙ Տիգրանը հասցնում է տարեկան մի քանի անգամ Հայաստան գալ: Միջազգային ամենաթարմ ձեռքբերումըՙ ECHO Jazz 2016 Awards-ի հաղթողի տիտղոսն է, որ նա ստացել է իր «Mockroot» ալբոմի համարՙ «Լավագույն գործիքային հավաքածու» անվանակարգում: Այս մրցանակը երաժշտական աշխարհում հավասարեցնում են «Գրեմմի»-ին: - Տիգրան, Ձեզ համար ECHO Jazz 2016 Awards-ի հաղթողի տիտղոսը կարեւո՞ր ձեռքբերում է: Այն այնքա՜ն հանդիսավոր ու ազդեցիկ է հնչում մեր ականջին: - Իրականում չեմ կարեւորում այդ մրցանակը: Այսօր նման մրցույթները, ինչպես նաեւ «Գրեմմին», կատարյալ շոու են: Ինձ համար ավելի կարեւոր է երաժշտության կատարման ու մատուցման մեջ ավելի բարձր որակների հասնելը, քան նման մրցանակներ ստանալը: - Շատերն ուզում են Ձեզ հետ աշխատել ու համագործակցել, իսկ Դո՞ւք ում հետ կուզենայիք նվագել: - Հնդիկ երաժիշտ-տաբլահար Զակիր Հուսսեինի հետ կցանկանայի համագործակցել: Կուզեի հայկական Ժողովրդական երաժշտության մշակումներ ներկայացնել հայաստանյան որեւէ փոքր նվագախմբի հետ: MESHUGGAH խմբի սոլո- կիթառահար Ֆեդերիկո Տորդենդալի հետ նախագիծ կուզեի իրականացնել: Նրանց տեղեկացրել եմ ցանկությանս մասին. հուսով եմՙ ժամանակ կգտնենք գործնական շփումների համար, ու երաժշտության, կատարաողական արվեստի նոր շերտեր կբացենք, նոր որակներ կստանանք: - Երեւանի պետական կամերային երգչախմբի հետ հայ հոգեւոր երաժշտության ու կատարողական արվեստի նոր շերտեր բացեցիք անցյալ տարիՙ իրականացնելով «Լույս ի լուսո» ծրագիրը: Ստացվե՞ց այն, ինչ ուզում էիք: - «Լույս ի լուսո» նախագծի համերգների զգացողություններն անհնար է պատմել, նկարագրել: Այդ ծրագրով մենք ուխտագնացություն կատարեցինք Արեւմտյան Հայաստանում, որն ամբողջությամբ նկարահանվել է: Տեսանյութից փոքր ֆիլմ ենք հավաքել, որը ցուցադրվել է Գյումրիում ու ԱՄՆ-ում: Անգամ այդ ֆիլմն ի զորու չի եղել ցույց տալ մեր ներքին ապրումները: Երգել ու նվագել Անիի պարիսպների մոտՙ բացօթյա, երբ շուրջդ հավաքվել են չադրաներով քրդեր ու թուրքեր, օտարազգի լրագրողներ ու հայ զբոսաշրջիկներ: Հետո նվագել Կոստանդնուպոլսում, երբ առջեւդ նստած է թուրք ինտելիգենտ հասարակությունն ու հայկական շարականները լսելովՙ բուռն, հոտնկայս ծափահարում է: - Կարծեմ Դուք միշտ մերժել եք Թուրքիայի հրավերները: - Այո՛, տասը տարի է, թուրքերը պարբերաբար հրավիրում են ինձՙ համերգների, բայց ես պատասխանում եմ, որ չեմ ուզում ու չեմ կարող այդ երկրում նվագել: Բայց այս անգամ Թուրքիա գնացի իմ սեփական նախաձեռնությամբ ու հատուկ ծրագրով, որն ինքնին ուխտագնացություն էրՙ ուղեկցված հայ հոգեւոր երգերի կատարմամբ: - Տիգրան, հետաքրքրական էՙ գո՞հ եք «SՕS Գյումրի» նախագծի արդյունքներից: Փաստորեն, Ձեր մասնակցությունը վարակիչ եղավ: - Ծրագիրը մինչ այդ էլ կար. պարզապես ես իմ փոքրիկ ներդրումն ունեցա: Իհարկե, գոհ եմ արդյունքից, որովհետեւ նախատեսվածից տասը բնակարան ավելի գնվեց ու հատկացվեց անօթեւան գյումրեցիներին: Երաժշտական աշխարհում քիչ թե շատ ակտիվ ու ճանաչված լինելը ենթադրում է լայն ու բազմաշերտ գործունեություն: Դա այն է, ինչի կարիքը միշտ կա, մանավանդ երբ հիմքում իրական արժեքներ ենՙ մշակութայինն ու մարդկայինը համատեղ: |