ԹՈՒՐՔԻ ԿԵՐՊԱՐԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ Սեյրան ԳՐԻԳՈՐՅԱՆ 1980-ական թթ. սկզբին Երեւանում թափառում էր մի լեգենդ, թե իբր Մեծ եղեռնի պատկերմանը դեմ է հայաստանցի գրողներից մեկըՙ Հրանտ Մաթեւոսյանը: Իրականում շուրջ քառասուն տարի տեւած իր գործունեության ընթացքում նրան երբեք չի լքել այդ նյութը: Ինչո՞ւ եղավ եղեռնը, ինչո՞ւ եղավ հատկապես իր լուսավոր դարի սկզբին, ո՞վ է դրա մեղավորը, եւ ի՞նչ պետք է անել եղեռնի կրկնությունը թույլ չտալու համար: Խորհրդային կարգերի օրոք այս հարցերը գրողը քննել է առավելապես գեղարվեստի միջոցներով, իսկ անկախության շրջանումՙ հրապարակախոսության լեզվով: Մաթեւոսյանը ազգովին մորթվելու համար հայերից ոչ ոքի չի մեղադրում, բայց դրդում է մտածելու եւ հասկանալու թե՛ իրեն, թե՛ թշնամուն: Մաթեւոսյանի գործերում մշտապես ներկա է թուրքի կերպարըՙ ազգային-քաղաքական նկարագրով, կենցաղով ու բարքերով, ազգագրությամբ, «օրհնված» ասույթներով ու թուրքերեն հատվածներով: Այդպես է առաջին փորձերից մինչեւ վերջին անավարտ էջերը: Ո՞րն է եղել Մաթեւոսյանի գրական նախափորձը: Փոքր հորեղբոր հետ ունեցած մի դիալոգից («Նժույգս, նժույգս») եւ Աղուն մոր մի խայթոցից («Աշնան արեւ») մենք գիտենք, որ մաթեւոսյանական պատանի հերոսը դպրոցական տարիքում ինչ-որ պիես է գրել: 2007 թ. գրողի ազգական, պատմաբան Սամսոն Քառյանը «Հրանտ Մաթեւոսյանի «Ահնիձոր» ակնարկի քննարկումները եւ արձագանքները» ժողովածուի առաջաբանում պատմում է իր ահնիձորյան վերհուշը. «Հրանտը դեռ գյուղում, դպրոց հաճախելու տարիներին, չեմ հիշումՙ հինգերորդ թե վեցերորդ դասարանում էր, մի պիես գրեց: Թուրքերը գյուղի հանդամասերից մեկումՙ Ճրագթաթում, Քառյան ազգից երկու երիտասարդ էին սպանել: Այս ողբերգական դեպքը Հրանտն օգտագործել էր որպես պիեսի նյութՙ գյուղի ակումբին կից գործող թատերական խմբակի համար»: Փաստորեն Մաթեւոսյանի ցարդ վկայված ամենավաղ գրվածքը այն մասին է, թե ինչպես են թուրքերը սպանել հայ տղաների, որ իր համագյուղացիները, ավելինՙ իր հարազատներն էին: Մեկընդմիշտ հավաստենք, որ Մաթեւոսյանի բառապաշարում չկա «ադրբեջանցի» բառը. թուրքը թուրք է, եւ վերջ: Օրինակՙ «Մեսրոպի» ամբողջ բնագրում, ներառյալ համանուն վիպակն ու այլ գործերում տեղ գտած չորս-հինգ վարիացիոն պատումները, «նրանք» թուրքեր են (ինչ-որ կռահելի դրդապատճառով բացառություն է միայն Անահիտ Բայանդուրի ռուսերեն թարգմանությունը): Հետո գալիս են տպագրված գործերը, եւ Մաթեւոսյանը թուրքական թեման բնագիր ներմուծելու առիթը բաց չի թողնում: Ահա «Ահնիձոր» ակնարկն էՙ իր բնապահպանական ու սոցիալական պարունակներով, եւ որտեղից որտեղ մեջտեղ է գալիս Մարցեցի Մուխտիլ պապի պատմած գյուղական նորաստեղծ լեգենդը. «Ձորերում ճրագը մի անգամ էլ էր հանգչելու: Հովհաննես Թումանյանը չթողեց: - Հա՛, ինքը չթողեց: Ուհաննես Թումանյանը: Տեսավ, որ ուզում են էս ժողովրդի գլուխն ուտեն պրծնեն, նավ նստեց, Բաթումա ծովովը գնաց թուրքի թագավորի մոտ: Ասաց. բա անհարմար չե՞ս զգում... Չէ, դու ինձ ասա, իսկի ամոթ չե՞ս անում: Էս խառնակ ժամանակներումը որ էս մի ամբողջ ազգի գլուխը կերար, բա հետո որ խաղաղությունն ընկավ, ի՞նչ պատասխան պտիս տալ մենձ ազգերին: Թագավորը մտածեց ու փաշին ետ կանչեց»: Անտիպ մնացած, հետմահու տպագրված «Նանա իշխանուհու կամուրջը» վիպակում հետաքրքրական դրվագներ կան հայ եւ թուրք սարվորների փոխհարաբերության, միմյանց ոչխարների վրա աչք ունենալու, Ղազախի թուրքերի անասնագողությանը Իշխանի եւ ուրիշ գյուղացիների ունեցած մասնակցության մասին: Առանձին պատում է թուրքերի կողմից Ալեքսանդրապոլը գրավելու, թալանով տարված հայերի ամոթալի պահվածքը վկայող Իշխանի վերհուշը: Իսկ ահա «Մենք ենք մեր սարերը» վիպակը կարծես թե առնչված չէ թուրքական թեմային: Բայց ահա թե ինչ է լինում: Հովիվներից ամենագրագետը, որին Դուքսից բացիՙ Օթելլո մականունն են կպցրել, ոչխարները մորթելիս անսպասելիորեն արտասանում է Շեքսպիրի «Օթելլոյի» վերջին մենախոսությունից մի հատված: Ինքնասպան լինելու պահին Օթելլոն հիշում է, թե ինչպես մի անգամ Հալեպում մի փաթթոցավոր թլպատված շունՙ մի թուրք, ծեծում էր մի վենետիկցու եւ հայհոյում իր պետությանը: Նա բռնում է այդ շան կոկորդից ու դաշույնով սպանում: Այս խոսքի պահին Օթելլոն ինքն իրեն է սպանում նույն կերպ: Նույն բառերով Զավեն Քոչարյանը բեմականացնում է ոչխար մորթելը: Ուշագրավ է, որ հետագա հարցաքննության ընթացքում լեյտենանտը, Իշխանը, ապա եւ ինքըՙ Զավենը, շարունակաբար սեւեռվում են այս դրվագի վրա: Կարելի էր մտածել, որ սա սոսկ զավեշտ է, առավելագույնըՙ կոլորիտ, եթե չլինեին տեքստային որոշ գործոններ: Այսպեսՙ Զավենը ակնհայտորեն շրջանցում է Շեքսպիրի «Օթելլոյի» առայժմ միակ հայերեն տեքստըՙ մասեհյանական թարգմանությունը, կրկնօրինակում է Վահրամ Փափազյանի արած եւ «Իմ Օթելլոն» գրքում մեկնած իմպրովիզացիանՙ երիցս հեգելով «Հալե՞պ... Հալեպ... Հալե՜պ...» փափազյանական ներմուծումը, բայց բուն մենախոսությունը տալիս է լրիվ ինքնուրույն ձեւով: Ահա այդ տեքստը. «Մի անգամ Հալեպում... մի շուն տաճիկ հայհոյեց իմ ազգը: Ես բռնեցի այդ թլփատ շան կոկորդից ... ու խեղդեցի ահա այսպե՜ս...»: Ե՛վ անգլերեն բնագրում, ե՛ւ մասեհյանական, ե՛ւ փափազյանական հայերենում «շունը» միայն «թլպատվածի» որոշյալն է, մինչդեռ մաթեւոսյանական տեքստում այն նաեւ որոշիչն է տաճիկ-թուրքի («մի շուն տաճիկ»): Այս մեկնաբանությունը, անգամ ինտերտեքստի կիրառությունն ինքնին կարող են թվալ հակագեղագիտական կամ պարզապես դիպվածային: Բայց այդպես մտածողը ստիպված կլինի նույնպիսին համարել հենց իրՙ Շեքսպիրի կիրառությունը: Եթե թուրքին սպանելը կապ չունի ոչխար մորթելու հետ, այն կապ չունի նաեւ կնոջ դավաճանության եւ խանդի հետ: Բայց խնդիրն ունի պատմատեսական խորը պարագծեր: Մանազկերտի ճակատամարտից, Արփ-Արսլանի կողմից Ռոմանոս 4-րդ կայսերը գերելուց ու ստորացնելուց եւ հատկապես Կոստանդնուպոլիսը պղծելուց հետո եվրոպացիները սարսափում էին թուրքերից, իսկ մեծ մտածողներըՙ փորձում հասկանալ նրա բարբարոսական էությունը: Շեքսպիրի անմիջական նախորդներից մեկըՙ Նիկոլո Մաքիավելին, իր նշանավոր «Տիրակալը» գրքի մեջ կենտրոնական տեղ հատկացրեց թուրք սուլթաններին (ի դեպ, Մաթեւոսյանը մի տեղ մեջբերել է Մաքիավելուՙ այդ «մեծ ցինիկի»ՙ թուրքերին բնորոշող ասույթներից մեկը): Այս երեւույթը շարունակվում է հետագա դարերում: Երբ թուրքերը հույն ապստամբներին աջակցելու մեղադրանքով 1822 թ. ոչնչացրին Քիոս կղզու 155 հազար հույն բնակչության իննսունինը տոկոսին, ցնցված Վիկտոր Հյուգոն գրեց «Քիոսցի երեխան» հանրահայտ բանաստեղծությունըՙ նույնքան հայտնի սկզբնատողով. «Թուրքն է անցել այստեղովՙ սփռելով ավեր ու մոխիր»: Չմոռանանք նաեւ, որ Օթելլոն զինվորական է, եւ այդ շրջանում Վենետիկը պատերազմում է թուրքերի դեմ: Հրանտ Մաթեւոսյանի երկիրն էլ, ահա, պատերազմի մեջ է նույն վայրագ ուժի դեմ: Ու թեեւ «Մենք ենք մեր սարերը» ինքնին դուրս է թուրքի թեմայից, բայց բաղկացուցիչն է մաթեւոսյանական մեծ բնագրի, որը տառացիորեն ներծծված է արյունով: Ստեղծագործական հոգեբանության առումով խիստ էական հանգամանք է, որ Մաթեւոսյանի մանկության գյուղը, որտեղից բխում է նրա ամբողջ արվեստը, սահմանակից է Ադրբեջանին: Եվ երեխա ժամանակ նա տեսել է իր համագյուղացիների եւ Ղազախի թուրքերի զանազան շփումներ, որոնք տպավորվել են ապագա գրողի հիշողություններում ու արտահայտվել բնագրերում: Դրանցից ամենացնցողը Ավետիք Ղազարյանի սպանությունն է թուրքերի ձեռքով, որ հատուկ արվել է նրա մանկահասակ տղայի ներկայությամբ: Այս ֆաբուլան 60-ական թթ. կեսերին Մաթեւոսյանի ստեղծագործության մեջ ծնունդ է տալիս ձիապան Մեսրոպի պատմությանը, որին նա նվիրել է թե՛ առանձին գործ, թե՛ փոքր ու մեծ հատվածներ ինչպես «Բեռնաձիերում», այնպես էլ այլ գործերում («Սկիզբը», «Ալխո», «Նարինջ զամբիկը», «Կայարան», «Խումհար»): Այս տրոհումը հետեւանք է գրաքննչական արգելքների, եւ գուցե առանց ձեռագրերի դեռ լրիվ ծավալով ամբողջացած չէ Մեսրոպի թեման: Բայց եղածն էլ բավական է նկատելու մի շարք օրինաչափություններ: Դրանցից մեկը թուրքի գործած վայրագ սպանության անձնական-ինքնակենսագրական ընկալումն է: Ճակատագրի բերումով հայտնվելով թուրքերի ոչնչացրած Անիումՙ Մաթեւոսյանը իր տպավորությունը հպանցիկորեն շարադրել է «Թափանցիկ օր» էսսեում: Անիում նա առաջինը հիշում է, թե ինչպես է հորեղբայրը իրեն հետը տարել սարի թուրքերից կարագ առնելու, եւ թե ինչպես է ինքը վախեցել: Առաջին անգամ ուրիշ լեզու լսող փոքրիկ տղայի այդ տագնապները նա բաց խոսքով խոստովանել է հասուն տարիքում. «Մինչեւ հիմա էլ թուրքի, թուրքի շան, թուրք բնակատեղիի իմ վախը ես չեմ հաղթահարել...»: Իսկ վիպականորեն այս հոգեբանությունը մարմնավորվել է նրանով, որ մեսրոպյան ասքի զանազան դրվագներում հեղինակը խաչաձեւում է հոր սպանությունը ամբողջ կյանքում վերապրած հերոսի եւ դրանից ոչ պակաս ցնցված պատմողի կերպարները: «Սկիզբը» վիպակում այդ երեխայի նախնական հարցականների մեջ կենտրոնական տեղ են գրավում թուրք հովվի ու նրա խելագարված ոչխարների մղձավանջային ալեգորիան եւ կենսաբանական վախը թուրքերից. «Մոնղոլի աչքերն ինչո՞ւ են նեղ, թող նեղ լինեն, տեսնում ենՙ բավական է, բայց դու չես հասկանա, թե այդ նեղ աչքերի ետեւում ի՞նչ նպատակ ունի մոնղոլը քո մասինՙ մտածում է սպանե՞լ, թե բարեւել: Թուրքերը մոնղո՞լ են: Թուրքերը լաց լինո՞ւմ են: Թուրքերը ծիծաղո՞ւմ են: Նրանց ծիծաղը նմա՞ն է մեր ծիծաղին, թե մի ուրիշ տեսակ էՙ չգիտես ծիծաղ է, թե՞ չար միտք. ոչխարը ծարավից իրո՞ք խելագարվում է, իսկ կարո՞ղ է պատահել, որ հին թուրքերի դրոշին խելագար ոչխար էր նկարած եւ մեր հայերը վախից փախչում էին»: Այս մղձավանջը կրկնվում է վիպակի վերջնամասում, եւ որպես փրկությունՙ հայտնվում է Ղազարյան Մեսրոպ քեռին: Ճանապարհի վերջնամասը նրանք անցնում են երկուսով, լուռ կամ կեսխոսքով վերապրում Ավետիքի սպանության եւ նրա այգու ու ջրաղացի ամայացման կրկնակի ողբերգությունը: Մեսրոպի հոր սպանությունը արյան վրեժ էՙ վենդետայի թուրքական կամ մահմեդական տարբերակով: Համլետյան կոդը կրող հերոսը փորձում է հակադարձել, լուծել հոր արյան վրեժը, բայց ազգակիցների մեջ վրեժ չկա, ինչպես կասեր Աղունը: Եվ հերոսը սկսում է միայնակ պայքարը սարվոր թուրքերի դեմՙ այս անգամ դնելով սահմանների հարց: Եթե հոր վրեժը լուծելու ճիգով Մեսրոպը կրում է համլետյան կոդը, ապա աշխարհում իր տեղը գտնելու տքնանքով ու անկարողությամբ նա մարմնավորումն է Փոքր Մհերի կոդի: Սրա դրսեւորումներն են Սիբիր աքսորվելու, սահմանների հարցով Մոսկվային դիմում գրելու, արջից պարտվելու եւ սեփական ծմակ չունենալու, իսկ «Սկիզբը» վիպակումՙ նաեւ ձիուց ընկնելու վիպական մոտիվներն ու սիմվոլները: Անասնապահ ցեղի կողմից մեր հանդամասերը գրավելու վտանգը գիտակցելովՙ Մեսրոպն իր անձնական դրաման վերածում է համազգային խնդրի: «Մեսրոպ Ղազարյան, քսաներորդ դար» զուգադրումը անձնային-ընտանեկան կոլիզիան տանում է դեպի քսաներորդ դարի ամբողջ տեւողությամբ ձգվող հայ-թուրքական կոնֆլիկտը: Իզուր չէ, որ երբ «Խումհարի» սցենարիստ հերոսը որպես նոր հայտ Մեսրոպի սյուժեն պատմում է իր ղեկավար Վաքսբերգին, սա, ամբողջ անբարյացակամությամբ հանդերձ, այդ պատմությունը ընկալում է հենց իբրեւ Եղեռնի արտահայտություն: Բնորոշ է, որ իրեն լռեցնող այս ռուս գաղափարախոսին Արմեն Մնացականյանը նույն զրույցի ընթացքում պատմում է նաեւ Ղարաբաղի ոսկեհատ ցորենի ոչնչացման սյուժենՙ նախապես թափանցիկ ակնարկելով ղարաբաղցիների լռության դրդապատճառը. «Ղարաբաղը ես լսելով գիտեմ: Հետոՙ նրանց միրգը համեղ է, հետոՙ նրանց լոբին ընկույզի համ ունի, հետոՙ ժողովուրդն է խաղաղ, իմաստուն - ամեն ինչ գիտի ու ձեն չի հանում»: Այսպես փոխկանչի են գնում Մեսրոպի լռությունը եւ Ղարաբաղի լռությունը: Նույնպիսի մեծ լռություն է տեսնում Մաթեւոսյանը նաեւ Հակոբ Մնձուրու 350 գործերում: Երբ փորձում են լռեցնել ճիչը, Մեսրոպը տասնապատկում է ժամանակը եւ նույնական մի բան գտնում հորը գնդակահարողների եւ Անին կործանողների միջեւ: «Ուրեմն տղամարդ ենք եղելՙ որ թուրքը հազար տարի բկներիս նստած դիմացել ենք:-Պարծենալու բան է,- ասում էր,- պիտի պարծենանք». վիպակի սկզբում հնչող այս միտքը փոքր-ինչ ուշ բացվում է նույնահունչ երկու կարճ նախադասություններով: Դրանց համադրությունը հանճարեղ է իր թվացյալ պարզունակության մեջ. «-Նրանք իմ հորն սպանեցին... Նրանք կործանեցին Անին, Մացոյի Լեւոն»: Անիի ու այն կործանած թուրքերի մոտիվը որքան հերոսի, նույնքան էլ հեղինակի գյուտն է: Այն մարմնավորվել է «Թափանցիկ օր» էսսեում եւ «Չեզոք գոտի» պիեսում: Թուրքի կնոջ գեղեցիկ ու ինքնավստահ երգը, դրա առիթով ճարտարապետի դառը խոսքը «թշնամուդ սպանիչ գերազանցության» վերաբերյալ, աշուղ Սուսերի հյուսած գովերգը Արփ-Արսլանի մասին խորացնում են թուրքերին ճանաչելու մաթեւոսյանական ճիգը: Եվ այստեղ էլ թուրքի ընկալման կենտրոնում երեխան է: Թուրքերից վախեցող Արայիկ տղայի եւ հոր սպանությունը բազմիցս պատմած տասնամյա Մեսրոպի նման այստեղ մտածողը Աբել երեխան է: Անընդհատ մաքրելով հայկական ժանգոտած թուրըՙ նա համառ հարցասիրությամբ ուզում է իմանալ թուրքերի հաջողության գաղտնիքը, հույներին ու հայերին իրենց տարածքներից քշելու պատճառը: Աբելը հարցնում է. «Ճարտարապետ, թե Բյուզանդիան էդպես զարգացած էր ու մեր Հայաստանն էլ Բյուզանդիայի հետ ավելի զարգացած էր, թուրքերն էլ զարգացած չէին, Մանազկերտի ճակատամարտում թուրքերն ինչո՞ւ հաղթեցին»: Ո՞վ է թուրքը, եւ ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը: Գլխավորապես այս հարցին է նվիրված Հրանտ Մաթեւոսյանի «Մեծամոր» էսսեն: Այն բացող ներդիր վավերագրական տեքստը թուրք գրող Նեֆզատ Ուստյունի խոսքն է, որում 20-ական թթ. սկզբի քեմալական զտումները եւ թուրքական արշավանքը ներկայացվում են որպես ազգային-ազատագրական պատերազմ: Որ «թուրք առաջադեմ գրողը» այդ մասին գիրք է գրում, Մաթեւոսյանի բնագրում ընկալվում է որպես տարօրինակ-զավեշտալի փաստ: Բայց հեղինակը ստիպված է ընդունել նրա եթե ոչ արդարացիությունը, ապա ուժը, թիկունքում հզոր երկիր ունեցողի հոգեբանական ամրությունը: Այսպիսովՙ թուրք գրողի միտքը դառնում է կոմպոզիցիոն ներածական, եւ շուտով նրան են հարակցվում բազմաթիվ ներդիրներ, սյուժեներ ու խորհրդածություններ: Ավելի ուշ Թալեաթի մի հիշատակությամբ «Մեծամորի» բնագիրը ընդհուպ մոտենում է Եղեռնի թեմային: Իսկ մարդու արյան քանակը մորթելով որոշող Արփ-Արսլանի, տասն անգամ Հայաստանում շրջած եւ իր գրքի 500 էջերում մի հայի ու մի հայկական տեղանուն չհիշատակած աշխարհագետ Էվլիյա Չելեբիի, 10-հազարամյա թուրքական մշակույթին նվիրված փարիզյան ցուցահանդեսի բացման եւ Արարատի գագաթը բարձրացած երիտասարդ թրքուհու ենթասյուժեներով արծարծվում է թուրքական գաղափարախոսության հետեւողական եւ կենտրոնաձիգ բնույթի հարցը: Թուրք բոլոր կերպարները գիտականորեն հետազոտված են Մաթեւոսյանի կողմից: Տասնամյակներ անց նա մի հարցազրույցում ասում է. «Ուսումնասիրել եմ Քեմալի գործունեությունն ու կենսագրությունը եւ մի բան կարող եմ հաստատ ասել. նրա խոշորության գաղտնիքը մաքրագույն նացիոնալիստ լինելն է: Թուրքական նացիոնալիզմը չի տապալվել. հետեւողականորեն սուլթանի եւ թուրք պետական գործիչների իրենց տեսակետից «իմաստուն ու խելոք» քաղաքականությամբ նույնն են արել. հայ պետականության բացառումը օսմանյան իմպերիայի սահմաններում»: Այսպես պետք է հասկանալ «Մեծամորի» ամենից ազդու խոսքըՙ Քեմալ Աթաթուրքի խոստովանությունը իրենց բարեկամ ռուսների դեսպանինՙ Արալովին. «Այո՜... մենք հայերի հետ տմարդի վարվեցինք: Այո՜... բայց մենք ուրիշ ելք չունեինք»: «Այո՜...»,- արձագանքում է ռուսըՙ գոհունակությամբ համաձայնելով, որ միասին հաջողությամբ կանխել են մեծ Հայաստանի ստեղծումը: |