RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26 > #032, 2016-09-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 19-08-2016



ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Տեղադրվել է` 2016-08-18 21:54:06 (GMT +04:00)


Ընթերցված է` 3097, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՎԱԶՈՎՍԿԻ

Շահեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ամենանշանավոր ցուցահանդեսը ծննդյան 200-ամյակի առթիվ

Մոսկվայում վերջերս տեղի ունեցած ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվել է Այվազովսկու եղբոր` Գաբրիել արքեպիսկոպոսի դիմանկարը: Իր ժամանակին նա սերտ կապեր է ունեցել եղբոր հետ, թե՛ Սուրբ Ղազարի Մխիթարյան միաբանության նրա անդամ եղած տարիներին, թե՛ այնուհետեւ, երբ Գաբրիել Սրբազանը վերադարձել է Մայր եկեղեցում: Նա առիթ է ունեցել գրելու, որ իրենց նախկին ընտանիքը 17-րդ դարում Արեւմտյան Հայաստանից տեղափոխվել էր Լեհաստան: Իրենց հայրը ծնվել է Գալիցիայի մարզի Ստանիսլավ քաղաքում:


Հիշենք, որ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Շահեն Խաչատրյանը Հայաստանի ազգային պատկերասրահը հարստացրել է Այվազովսկու հայկական նկարներով, ալբոմներ հրատարակել տարբեր երկրներում, նաեւ լույս ընծայել Գաբրիել արք.ի «Ընտրանի» գիրքը ռուսերեն առաջաբանով, որի նպատակն է եղել Մոսկվայում առաջին անգամ ճանաչել տալ հանճարեղ ծովանկարչի եղբորը, ցուցադրել նրա դիմանկարը, նկատի ունենալով, որ Ռուսաստանում մինչեւ օրս էլ շատերը Այվազովսկուն համարում են ռուս նկարիչ :

Մոսկվայում, Պետական Տրետյակովյան թանգարանում, հուլիսի 28-ին եւ 29-ին տեղի ունեցավ բացումը Այվազովսկու գլուխգործոցների: Ներկայացված էին շուրջ 120 պատկերներ, ավելի քան 40 գրաֆիկ գործեր: Նկարներն ընտրվել են Մոսկվայից եւ Ս.Պետերբուրգի թանգարաններից, տարբեր քաղաքներից, իսկ 12 նկարՙ Երեւանից: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր Հայաստանի պետական պատկերասրահի նոր տնօրեն Արման Ծատուրյանը: Ցուցահանդեսի կազմակերպմանը հրավիրվել էի նաեւ ես:

Հսկա դահլիճի կենտրոնում փայլում էր Այվազովսկու հանճարեղ «Իններորդ ալիքը», նաեւ մեծաչափ բազմաբնույթ նկարների ինքնատիպ ու գրավիչ արտացոլանքը, ծովային խաղաղ ու փոթորկոտ տեսարանները եւ իր արվեստի կյանքը բացահայտող տարբեր երեւույթներ: Ուշագրավ էր, որ առաջին օրերին արդեն վաճառված էր երեսուն հազար մուտքի տոմս: Ցուցահանդեսը գործելու է մոտ չորս ամիս, մինչեւ նոյեմբերի 20-ը:

Տվյալ ցուցահանդեսի առթիվ հրատարակված էին մի քանի ալբոմներ, որոնցից գլխավորի` մեծ գրքում ներկայացված էին բոլոր լուսապատկերները, որոնց մեջՙ «Նոյը իջնում է Արարատից» եւ «Բայրոնի այցը սուրբ Ղազար» նկարները, որոնք չափով մեծ լինելու պատճառով Մոսկվա չէին տարվել: Ծովանկարչի ծննդյան 200-ամյակին նվիրված մեծ ալբոմի հեղինակ Գալինա Սերգեեւնան, Հովհ. Այվազովսկու հայկական ծնունդը ներկայացնում է որպես ռուսական եւ հայկական արվեստի խորհրդանիշ:

Ցուցահանդեսում ներկայացված էին նաեւ ծովանկարչի ծնողների դիմանկարները` Գեւորգը եւ Հռիփսիմեն, կնոջ` Աննա Բուռնազյանի, եղբոր` Գաբրիել արք. Այվազյանի, որն, ի դեպ, առիթ է ունեցել գրելու իրենց հոր հայկական ծագման մասին: Այդ դիմանկարները բերված էին Թեոդոսիայի Այվազովսկու անվան թանգարանից, եւ դրանց կողքին ներկայացված էր նաեւ Երեւանից բերված «Մխիթարյան հայրերը սբ. Ղազար կղզում» նկարը: Այվազովսկու ներապրումներում շեշտված, 1844-ին Փարիզում ցուցադրված այդ նկարը իմ կողմից վերջերս բերվել էր Երեւան: Ի դեպ, ծովանկարչի հայկական թեմաներով նկարների մեծ մասը (շուրջ 70) գտնվում են արտասահմանյան երկրներում, եւ նկարչի 200 ամյակին նվիրված իմ գիրքը լույս է տեսնելու Ռուսաստանում եւ Հայաստանում:

Այվազովսկու սերը Ռուսաստանի հանդեպ ցայտուն դրսեւորվեց 1828-ից սկսյալ, երբ ազատագրվեց Արեւելյան Հայաստանը եւ հայ ժողովուրդն սկսեց ապրել փրկության հույսով: 1877-ին Այվազովսկին մեծաչափ պատկերում է Լորիս-Մելիքովի ղեկավարմամբ Հայաստանի նախկին մայրաքաղաք Կարսի գրավումը:

Դեռ երիտասարդ, նկարների ներզգացումային բարձր որակի պատճառով եվրոպական չորս ակադեմիաների անդամ ընտրված Այվազովսկին Ռուսաստան վերադառնալով նշանակվում է ռազմածովային ուժերում բարձր պաշտոնի եւ 28 տարեկան հասակում Մոսկվայից նամակ է գրում Ներսես Կաթողիկոս Աշտարակեցուն, նշելովՙ «Իմ պատրաստակամությունն է ծառայելու մեր մայր ժողովրդին եւ մշակույթին...»:

Մայր ժողովրդի հետ Այվազովսկու ամուր կապը, Հայ եկեղեցին, դպրոցների ու կրթության նկատմամբ նրա մեծ սերը, եղբոր օգնությամբ հայկական պատմական նկարների ստեղծումը, այս բոլորը նախկին տարիներին Ռուսաստանում ճանաչման չեն արժանացել: Միայն վերջերս հրատարակված պատմական նկարները, Սեւանի ու Արարատի լուսաշունչ տեսարաններն են ծանոթացվել: Տպավորիչ է հատկապես, որ Թուրքիայում 1894-96-ին իրականացված հայերի կոտորածների մասին նշվել է Մոսկվայի ներկա ցուցահանդեսի մեծ կատալոգում եւ առիթ դարձել ծանոթացնելու ծովանկարչի ազգային ներապրումները... Ի դեպ, Այվազովսկին արձագանքել է կոտորածներին` պատկերելով եւ ցուցադրելով դրանց նվիրված իր գործերը:

Վերհիշենք նաեւ, որ Մոսկվայում Պուշկինի անվան թանգարանի նախկին տնօրեն, ակադեմիկոս Իրինա Անտոնովան նույնպես բարձր գնահատմամբ գրել է. «Այվազովսկուն հավասարապես կարելի է համարել ե՛ւ ռուսական, ե՛ւ հայկական նկարիչ»:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 19-08-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ