ՏԱՏՅԱՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԴԱՐԸ... ...Կարծես երեկ էր.հանդիսությամբ նշվեց Հայաստանի վաստակավոր ուսուցիչ, «Պատվո նշան» շքանշանակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր, ամբողջ 30 տարի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Տատյանա Հայրապետյանի 90-ամյակը... (Տե՛ս «Ազգ», մշակույթ #3, 14.03.2014): Օգոստոսի 12-ի վաղ առավոտյան ավարտվեց փորձություններով եւ նվաճումներով լի նրա երկրային կյանքը... ...Տատյանա Բագրատովնայի մասին ասելՙ հայ երաժշտական մանկավարժության երախտավոր, նշանակում է ասել շատ քիչ... Ավելի ճիշտ կլիներ կոչել նրան ռահվիրա.աշխարհահռչակ բեմերում վերջին մի քանի տասնամյակ ծափահարություններ վայելող հայազգի կատարողների ճնշող մեծամասնությունն իր/Չայկովսկու դպրոցի շրջանավարտներ են: Երեսուն տարի եղավ դպրոցի տնօրենը, հոժարակամ հրաժարվեց այդ պաշտոնից, բայց դեռ տարիներ շարունակ գնում էր ամեն օր իր իսկ ստեղծած օջախըՙ երեխաների հետ սիրով պարապելու... ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի խոսքերովՙ «Տատյանա Հայրապետյանի մահը շատ մեծ կորուստ էր հայ երաժշտական աշխարհի համար... Երկար տարիներ ղեկավարելով Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, նա տվել է փայլուն ջութակահարներ, ովքեր աշխատում են թե՛ մեր հանրապետությունում, թե՛ աշխարհով մեկ: Որպես դպրոցի ղեկավար նա հսկայական ավանդ ունեցավ ապագա տաղանդավոր երաժիշտներին բացահայտելու, նրանց դաստիարակելու գործում: Նա կրթել է երաժիշտների մի քանի սերունդ, որոնք հետագայում դարձան տարբեր գործիքների լավագույն նվագողներ, կոմպոզիտորներ, երաժշտագետներ: Մենք շատ ենք պարտական այդ բարձրապատիվ տիկնոջըՙ Տատյանա Հայրապետյանին, որը, բացի իր զավակներիցՙ երջանկահիշատակ Սերգեյից, Արմենից եւ սիրելի թոռնիկ կրտսեր Սերգեյ Սմբատյաններից, ովքեր նույնպես երաժիշտներ են, բոլորին վերաբերվում էր ինչպես իր հարազատ երեխաների: Ես հպարտ եմ, որ իմ որդին` ջութակահար եւ դիրիժոր Հայկ Դավթյանը նույնպես սովորել է Տատյանա Բագրատովնայի մոտ: Նա շատ մեծ, շնորհակալ գործ է կատարել մեր երկրի համար...»: Չայկովսկու դպրոցի շրջանավարտ, ավարտական դասարանում (1965) անդրկովկասյան մրցույթի դափնեկիր դարձած, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող, ներկայումսՙ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Էդուարդ Թադեւոսյանի բնութագրմամբ, Տատյանա Հայրապետյանի գլխավոր հատկություններն էին բարությունը, անսահման նվիրումը իր գործին եւ նպատակասլացությունը սաներին նորանոր բարձունքներ հասցնելու հարցում: Ինչպես տիկին Հայրապետյանի հետ հրաժեշտի արարողության ժամանակ նշեց պրոֆեսոր Թադեւոսյանը, «Տատյանա Բագրատովնան իր սաների համար ո՛չ միայն ուսուցիչ էրՙ թե՛ երաժշտության, եւ թե՛ կյանքի, այլեւ հաճախՙ հոգատար մայր...»: Գ.Խ. «Ազգը» իր վշտակցությունն է հայտնում ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար գծով խորհրդական Արմեն Սմբատյանին եւ իր ընտանիքին, ինչպես նաեւ բոլոր սաներին Տատյանա Հայրապետյանի մահվան կապակցությամբ: |