«ՊԱՐԸ ՄԵԶ ՀԱՄԱՐ ՈՉ ԹԵ ԳՈՐԾ Է, ԱՅԼՙ ԿՈՉՈՒՄ» Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Հարցազրույց ֆրանսաբնակ պարող ամուսիններ Արամ Արզումանյանի եւ Կատարինա Դարբինյանի հետ Արտերկրում աշխատող մեր պարողները հիմնականում բալետի մենակատարներ են, սակայն քիչ չեն նաեւ պարային այլ ժանրերի վարպետները: Նրանցից Արամ Արզումանյան-Կատարինա Դարբինյան ամուսնական զույգը, որ արդեն տաս տարուց ավելի է, ինչ ապրում եւ ստեղծագործում է Փարիզում, կրկին հայրենի քաղաքում է: Երեւանի պարարվեստի ուսումնարանը եւ պետական թատերական ինստիտուտի դերասանական բաժինն ավարտելուց հետո նրանք հանդես են եկել Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» համույթում, որպես պարողներ նկարահանվել հեռուստատեսությունում, երաժշտական հոլովակներում եւ գովազդներում, եղել են առաջին պրոֆեսիոնալ պարողները, որոնք տարբեր ազգերի պարերի կատարումներով («Էսպերանտո դուետ» անվամբ) հանդես են եկել Երեւանի տարբեր գիշերային ակումբներում: 2003-ին ամուսինները տեղափոխվել են Ֆրանսիա, Փարիզի Պարարվեստի ազգային կենտրոնում կատարելագործվել ժամանակակից, ֆլամենկո եւ ջազային պարերի մեջ, հանդես եկել «Կազինո դը Պարի», «Օպերա դը Մասսի» եւ փարիզյան այլ ճանաչված բեմահարթակներում, ինչպես նաեւ տարբեր ռուսական խմբերի («Պրենս Իգոր», «Կաբարե սլավ») հետ: «Էսպերանտո» անվան տակ շարունակում են հանդես գալ հայկական, հրեական, հունական, իսպանական, ռուսական, գնչուական, վրացական պարերի եւ տանգոյի կատարումներով, ինչպես նաեւ հայկական պարերի դասավանդմամբ:
- Սիրելի Արամ եւ Կատարինա, 2008-ից հետեւում եմ ձեր պարային գործունեությանը: Որտե՞ղ եք հասել: - Մի քիչ մոտեցել ենք այն սահմանին, երբ տարիքը պարողին զգացնել է տալիս, բայց դա փորձում ենք չնկատել, շարունակում ենք պարել: Առայժմ ստացվում է, քանի որ պարում ենք միշտ սիրով եւ այն դիտում ենք ոչ թե որպես գործ, այլՙ կոչում: - Փաստորեն դրսեցի պարողի համար հնարավոր է Փարիզում որպես պարող ապրել եւ հաջողության հասնել: - Ֆրանսիայում հաստատվելու առաջին իսկ օրվանից մինչ այսօր զբաղվել ենք միայն եւ միայն պարով: Ուզում ենք հատուկ նշել հայ համայնքի աջակցությունը, շատ շնորհակալ ենք ֆրանսահայ մեր հայրենակիցներից, որոնք տեսնելով, որ վստահելի ենք, արագ ենք արդյունքի հասնում, գնահատել են մեր գործունեությունը, օժանդակել տարբեր հարցերով, տրամադրել իրենց ենթակառույցները: Տասը տարվա մեր աշխատանքից հետո համայնքը նույնիսկ չի քննարկում մեր առաջարկները, անմիջապես ընդառաջում է մեզ: Կատարինան Սորբոնում սովորել է բանասիրական բաժնում, մասնագիտացել ռուսերեն-ֆրանսերեն եւ հակառակ թարգմանության մեջ, բայց ժամանակ անգամ չեղավ այդ գործով նույնպես զբաղվելու: Մենք ամեն օր տարբեր վայրեր ենք աշխատանքի գնումՙ Փարիզում եւ արվարձաններում: Ժամանակին ունեինք ընդհանուր թվով 500 աշակերտ, բայց հիմա կենտրոնացած ենք Կապույտ Խաչի «Աստղիկ» մասնաճյուղի եւ «Արարատ» պարախմբերի վրա: - Իսկ շարունակո՞ւմ եք հանդես գալ «Դիասպորաս» պարախմբի հետ: - Շարունակում ենք: Ֆրանսիայում ավանդաբար շատ են սիրում ռուսական պարերը, որն ընդհանուր տերմինով անվանում են Արեւելյան Եվրոպայի պարեր. այդ ռիթմը, այդ գույները ֆրանսիացիներին շատ սրտամոտ են: «Դիասպորասը» Փարիզում հիմնեց մեզ պես հայաստանցի պարող Արմեն Չիլոյանըՙ Ազատ Ղարիբյանի «Կռունկ» պարախմբի երբեմնի մենակատարը: Խումբը բաղկացած է ութ պարային զույգից (հիմնականումՙ նախկին խորհրդային երկրների պրոֆեսիոնալ պարողներ) եւ կենդանի երաժշտություն կատարող նույնքան երաժիշտներից: Ֆրանսիայի լավագույն թատրոններում մեր այս խումբը կատարել է գնչուական, վրացական, օսեթական, դաղստանյան, մոլդովական, ուկրաինական, ռուսական պարեր: Հայկականից ներկայացնում ենք Վանուշ Խանամիրյանի բեմադրած «Հովիվների պարը» եւ Ազատ Ղարիբյանի «Իլիկներով պարը»: - Պատմե՛ք «Արարատ» պարախմբի մասին: - Երբ 2003-ին հիմնեցինք այնՙ չէինք կարծում, թե կընդլայնվի, կդառնա Փարիզի պահանջարկ վայելող լուրջ սիրողական խմբերից մեկը: «Արարատի» անդամների տարիքը չորսից երեսուն է, այս տարի ունենք 130 հոգի, բոլորն էլՙ հայեր կամ հայազգիներ: Հանդիպում ենք շաբաթական երկու անգամ, շատերն ուսանողներ են: Փորձում ենք իրենց աճեցնել այնքան, որ կարողանան որոշակի բեմական հմտություն ձեռք բերել: Երբ Հայաստանից երգիչներ եւ երաժիշտներ են գալիս, պարախմբի մասնակցությամբ հատուկ համարներ ենք բեմադրում նրանց կատարումների ներքո: Ի դեպ, մեր պարախմբի փորձերը կատարում ենք Իսի լը Մուլինոյի Սուրբ Մարիամ հայ առաքելական եկեղեցու ներքնահարկում, շատ բարի, նաեւՙ հզոր մթնոլորտում: Համայնքում էլ են ուրախ, որ այդքան երիտասարդ հայեր գալիս են թե՛ դեպի եկեղեցի, թե՛ դեպի ազգային պար, ինչը կարեւոր հայապահպանական գործ է: - Ի՞նչ ոճի են ձեր բեմադրած պարերը: - Ամբողջովին ազգագրական չեն, փորձում ենք մի քիչ արդիական շունչ տալ: Քանի որ աշխատել ենք «Բարեկամություն» համույթում ու երբեք էլ խիստ ավանդական պարի մեջ չենք եղել, նաեւ Եվրոպայում ապրելովՙ անխուսափելի էր, որ չձգտեինք հայկական բեմական պարերիՙ դեպի ավելի ժամանակակից մեկնաբանությունըՙ սկսած գործիքավորումից մինչեւ շարժումները: Միշտ ուզում ենք մեր հայկականին տալ ժամանակակից հնչեղությունՙ առանց աղավաղելու ազգայինը: Մեր ելույթները միայն հայերի համար չեն, բազմիցս պարել ենք բազմազգ հանդիսասրահի համար, իսկ մեր վերջին փարիզյան համերգին մի ավտոբուս ժողովուրդ հատուկ եկել էր Վերդեն քաղաքից ու շատ մեծ ընդունելության արժանացրին մեզ: 2007 թվականին Ֆրանսիայում Հայաստանի տարվա առթիվ «Նավասարդ» պարախմբի հետ Կոնգրեսի պալատի համերգասրահում հանդես եկանք Հայաստանին նվիրված մեծ ծրագրով, երկու օրում չորս հազար հանդիսատես դիտեց այն: Գաղափարը մերն էրՙ ինչպես բեմի վրա ներկայացնել հայոց պատմությունըՙ Նոյյան տապանից սկսած: Մեր թատերական կրթությունն օգնեց միզանսցենները բեմադրել: - Ի դեպ, ի՞նչ տվեց ձեզ թատերական կրթությունը: - Մենք ունեցել ենք պարարվեստի հիանալի ուսուցիչներ, մեծ մասնագետներՙ Հովհաննես Դիվանյան, Փայլակ Սարգսյան, Նորայր Մեհրաբյան, Սոնա Խաչատրյան: Իսկ թատերական ինստիտուտում սովորելու այդ չորս տարին (ի դեպ, լուսահոգի Արմեն Մազմանյանի առաջին կուրսն ենք եղել) մեզ այնքան բաներ տվեց, որ նույնիսկ չէինք կարող պատկերացնել: Ճիշտ է, պարարվեստի ուսումնարանում անցնում էինք դերասանի վարպետություն առարկան, բայց թերեւս դրվածքն էր մակերեսային եւ կամ մենք լուրջ չէինք մոտենում: Իսկ թատերականում սովորելիս արդեն հասուն էինք, աշխատում էինք բեմական խոսքի, վոկալի ու մյուս դասերը բաց չթողնելՙ օրվա մեջ մի քանի անգամ ինստիտուտից վազելով ֆիլհարմոնիաՙ «Բարեկամության» փորձերին ու հակառակը: Մինչ այդ բացի բեմի վրա գեղեցիկ շարժվելուց մենք ուրիշ ոչինչ չգիտեինքՙ ճիշտ քայլել, նստել, խոսել, ինչին տիրապետելը հարստացրեց մեր պարային լեզուն: Դրամատիկական թատրոնում հանդես եկանք միայն ավարտական ներկայացումներում եւ Փոքր թատրոնումՙ այսօր ճանաչված ռեժիսոր Վահան Բադալյանի առաջին բեմադրության մեջՙ «Տունը սահմանի վրա» վերնագրով: Սա շատ խորը մի ներկայացում էր, որ Վահանը իրականացրեց մեր կուրսի հետ: Հետագայում Ֆրանսիայում պարային քասթինգների ժամանակ հասկացանք, թե մեր դերասանական կարողությունները որքան կարեւոր են: Ուրիշները կարող են մեջտեղից պատռվել, տեխնիկական հնարքներ ցույց տալ, իսկ մենք առանձնապես շատ բան չանելովՙ աչքի ընկնել: Մեր հանդիսատեսն ու քննադատն էլ միշտ նշում է, որ մենք որոշակի տարբերվում ենք մյուս պարողներից: Մի անգամ մասնակցեցինք Շանզ Էլիզեի վրա գտնվող Փարիզի ռուսական ամենահայտնի «Շե Ռասպուտին» կաբարեում կազմակերպված քասթինգին: Տիրուհինՙ Հելեն Մարտինին, որը ղեկավարել է «Ֆոլի Բերժերը» եւ այլ հայտնի կաբարեներ, հավանեց մեր գնչուական դուետը ու երեք տարվա աշխատանքային պայմանագիր կնքեց, ասելովՙ «Ա՛յ, ձեր տեղը Շանզ Էլիզեն է, իսկ մյուսներինըՙ կրկեսը»: Հետաքրքրական էր, որ մեզ հետ քասթինգի եկած մյուս արտիստների հետագա կարիերան ընթացավ հենց կրկեսում: Պարային համար ցուցադրելիս շատ բան արտահայտվում է նաեւ ոչ զուտ պարային տեխնիկայով, այլ դիմախաղով, հայացքով, մինչդեռ շատերը կարող են ներկայացնել միմիայն պար, զուտ մեխանիկական շարժումներՙ առանց կերպար ստեղծելու: Ցավոք, մեր օրերում պարարվեստն ու ակրոբատիկան հաճախ խառնվել են իրար, այսօր մարմնամարզիկը կարող է ուզած պարային քասթինգն անցնել, քանի որ հիմա մեծ մասամբ տեխնիկական կողմն են գնահատում: - Ինչպե՞ս եք ուսումնասիրում տարբեր ժողովուրդների պարերը: - Մենք ունենք լավ փորձառություն ինչպես «Բարեկամության» հետ աշխատելու, այնպես էլ պարարվեստի ուսումնարանում ժողբնորոշ պարերը խորությամբ ուսումնասիրած լինելու պատճառով: Այս առիթով հիշենք, որ մի անգամ ռուսական կաբարեում մենք ենք ռուսներին օգնել ռուսական պար բեմադրելՙ սովորեցնելով, թե ինչ խարակտերով է պետք պարել: Իրականում այդ ռուսները, որ սովորել էին Պետերբուրգում, պարել Էյֆմանի մոտ, չունեին ժողբնորոշ պարերիՙ մեր ունեցած պատրաստվածությունը: Սրանից բացի մենք մասնակցել ենք տարբեր ազգերի պարերի կարճաժամկետ դասընթացների: Երբ իսպանական ենք պարում, բոլորը վստահ են, որ մենք իսպանացիներ ենք, քանի որ իսպանական պարերը մեզ շատ հարազատ են, մեր ազգերի խառնվածքները նման են: Սա նաեւ կերպարանափոխության խնդիր է, բեմական կերպար կերտելու, տարբեր ժողովուրդների պարային շարժումներից բացի նրանց կատարման եղանակը, շունչը, հայացքը յուրացնելու կարողությունը: - Ձեր վերջին ստեղծագործական հաջողություններից ի՞նչ կնշեք: - Այս տարվա մարտին Փարիզի «Կորտո» հայտնի դասական երաժշտության համերգասրահում մեր ունեցած մի փորձարարական համերգը, որին մասնակցում էին հայազգի դաշնակահարուհի Լիդի Բարկեւը (Պարգեւ), Արգենտինայում ծնված ծագումով հրեա դաշնակահար Կլաուդիո Չայկինը եւ մենք: Կատարեցինք վեց պարային համար, Կատարինան մենապարեց Բաբաջանյանի «Էլեգիայի» ներքո, միասին կատարեցինք Խաչատրյանի «Սուսերով պարը» եւ Պիացոլայի արգենտինական տանգոներից մեկը հայաստանցի պարող Հարություն Թոփալիդիսի բեմադրությամբ: Ի դեպ, Լիդի Բարկեւը եւ Չայկինը մեծ ցանկություն ունեն նույն համերգը ներկայացնել նաեւ Երեւանում: - Հիանալի կլիներ: Հայաստանում որպես պարային զույգ երբեք ելույթ չեք ունեցել: - Այո, երբեք: Երկու տարուց կցանկանայինք «Արարատի» 15-ամյակը նշել այստեղ: Մասնակիցների համար դա շատ ավելի մեծ ոգեւորություն կլինի, քան նույնիսկ փարիզյան ամենահեղինակավոր դահլիճում հանդես գալը: Ցավոք, Հայաստանում չկա պրոդյուսերական որեւէ ընկերություն, որը ցանկանա այստեղ լուրջ պարային նախագիծ ներկայացնել: Իսկ մեր պարախմբին անդամակցել ցանկացողների թիվը գնալով շատանում է, երեխաների ծնողներն էլ են ցանկանում պարել, ուստիեւ մենք մեր այս նոր սերունդների առջեւ պատասխանատու ենք զգում: Նաեւ այն զգացողությունն ունենք, որ մի ճիշտ տեղում ենք առայժմ եւ հուսով ենք, որ ավելի առաջ կգնանք ու չենք լճանա... |