ՄԵԾԱՐԵԼ ԵՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐ ԼԵՎՈՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ Հ. Ծ. Նոյեմբերի 5-ին Բելմոնտի (Մասաչուսեթս) հայկական առաջին եկեղեցու դահլիճում տեղի է ունեցել «Լեւոն Հովսեփյան եւ ընկերներ» վերնագրով համերգը, ի մեծարումն դաշնակահարի 25-ամյա ծառայությանը եկեղեցուն եւ Մեծ Բոստոնի հայկական համայնքին: Հովսեփյանը եկեղեցու երաժշտական ղեկավարն ու երգեհոնահարն է 1991 թվից սկսած: 25 տարի առաջ է արտագաղթել Մ. Նահանգներ Հայաստանից, որտեղ ուսանել է նախ Սայաթ-Նովայի, ապա Չայկովսկու անվան երաժշտական դպրոցներում: Մագիստրոսի գիտական կոչում է ստացել Կոմիտասի անվան երաժշտանոցում: Նվագակցել է Երեւանի սիմֆոնիկ նվագախմբի հետ Էստոնիայում, Մոլդովայում եւ Հայաստանում: Այնուհետեւ կրթաթոշակ ստանալով ուսումը շարունակել է Քեմբրիջի Լոնգի երաժշտական դպրոցում: 1994-ին տեղի է ունեցել իր առաջին ելույթը Նյու Յորքում, որտեղ ճանաչում է ձեռք բերել շնորհիվ մեկնաբանման իր ուրույն տեխնիկային եւ ոճին: Նա հատուկ մրցանակի է արժանացել «Արլինգտոն կոնչերտո» մրցույթում: Այժմ դասավանդում է «Powers» երաժշտական դպրոցում եւ նվագակցում Մասաչուսեթսի համալսարանի երաժշտական բաժնի ուսանողների հետ: Ապրում է Բրլինգտոնում, որտեղ իր «Bravo» երաժշտական ստուդիայում նույնպես պարապում է ուսանողների հետ: |