ԱՆԴՐԵՅ ԴԱՎԻԴՅԱՆ ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ Ինչպես հայտնում է «Ռոք երաժշտությունը ԽՍՀՄ-ում» հանրագիտարանը (1990)ՙ 1970-ականների վերջին մոսկովյան երեք ամենաճանաչված ռոք խմբերն էին «Մաշինա Վրեմենին», «Վիսոկոսնոյե Լետոն» ու «Վիկտորիան»: Վերջին երկու խմբերում իր արտակարգ ձայնային տվյալներով փայլում էր երգիչ Անդրեյ Դավիդյանը... Դավիդյանը ծնվել է 1956 թ. Մոսկվայում, տենոր, ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Սերգեյ Դավիդյանի ընտանիքում: Հայրն Առնո Բաբաջանյանի երգերի հայտնի կատարող էր, մայրըՙ դաշնակահարուհի: Իր խոսքերովՙ ծնողները մանկուց նրան հաղորդակից դարձրին հայկական ոգուն ու երգերին: Երեք տարեկանում հետաքրքրվեց երաժշտությամբ, իսկ տասնվեցում արդեն «Վիսոկոսնոե Լետոյի» մենակատարն էր: Խմբի անդամներից էին նշանավոր Կրիս Կելմին եւ Ալեքսանդր Կուտիկովը, ինչպես նաեւ Դավիդյանի դասընկեր Իգոր Օկուջավանՙ Բուլատի որդին: Այդ ժամանակ Դավիդյանը հիմնականում հանդես էր գալիս հարդ-ռոքի դասական կոմպոզիցիաներով: 1977-ին նա հիմնեց «Վիկտորիա» խումբը, որի հետ կատարում էր սկզբում արթ-ռոք, ապաՙ ջազ-ռոք եւ ֆանք: Բանաստեղծուհի Մարգարիտա Պուշկինան հիշում է. «Մենք ծանոթ էինք «Վիկտորիա» խմբի ժամանակներից, երբ Անդրեյն իմ տեքստերով գրված երգեր էր կատարում: Շատ էի հավանում նրա ձայնը: Իսկ ինչ ցնցո՜ղ էր նա երգում ֆանք եւ սոուլ...»: 1979-ին Դավիդյանը միացավ Կելմիի «Ռոկ-Ատելիե» խմբին, որը դարձավ «Յունոնա ի Ավոս» ռոք-օպերայի առաջին կատարողը: 1987 թ. այլ նշանավոր երաժիշտների հետ մասնակցեց «Փակելով շրջանը»ՙ այսօր արդեն լեգենդար դարձած երգի ձայնագրությանը: Չցանկանալով ընտրել հեշտ ճանապարհներՙ ԽՍՀՄ-ում ռոքի պաշտոնական ճանաչումից հետո անցավ սոուլ ոճի երգացանկիՙ կողքին ունենալով աֆրիկյան ծագման երգչուհիների մի խումբ: 1993 թ. ստեղծեց «Sound Cakeե խումբը, որը կատարում էր ֆանք, ջազ-ռոք եւ սոուլ: Այդպիսի հետաքրքրական անցյալ ու արտահայտիչ ձայն ունեցող Դավիդյանը հետզհետե անհետացավ երաժշտասերների տեսադաշտիցՙ իր կյանքի տարիները մաշելով ռեստորանների ու փոքրիկ ակումբների բեմերում: Երգչի աստեղային ժամը պատահեց 2013 թ. աշնանը, երբ նա ռուսական «Գոլոս» (Ձայն) հեռուստածրագրի ժյուրիի հետեւում կատարեց «Georgia on my mindե երգը: Հիացած Ալեքսանդր Գրադսկին նույնիկ կարծիք հայտնեց, թե երգողը պիտի որ սեւամորթ լինի... Շոուին հաջորդեց համառուսաստանյան փառքը: Դավիդյանը կատարում էր ինչպես դասական դարձած երգեր, այնպես էլ սեփական ստեղծագործություններըՙ «What a Wonderful World», «I Feel Good», «Մամա», «Թեւեր», «Իմ Երեւան», «Որտեղ դուՙ այնտեղ էլ ես»: Երգչուհի Արծվիկ Հարությունյանի հետ «Never gonna give you up» երգի նրա կատարումը եւս քաջ հայտնի էր ռուս եւ հայ ունկնդրին: Դավիդյանը մասնագիտությամբ թարգմանիչ էր: Ամուսնացած էր եղել երեք անգամ, ուներ մեկ որդի եւ երեք դուստր: 2014-ին նա առաջին անգամ մենահամերգ տվեց Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում, իսկ այս տարվա հուլիսին կրկին երգեց մայրաքաղաքի ակումբներից մեկում: Նոյեմբերի 13-ին Անդրեյ Դավիդյանը հեռացավ կյանքից... |