«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»... ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԱՌԱՏՈՆ Նաիր ՅԱՆ Այս տարվա «Ոսկե ծիրանը» 14-րդն է: Հիմնադիր-նախագահ Հարություն Խաչատրյանը խոստացել է մի գրքույկ ներկայացնել հանրությանը, որտեղ նշված կլինեն փառատոնի բոլոր ձեռքբերումներըՙ թվերով ու վիճակագրական պատկերով: «Ոսկե ծիրանը» դեռեւս չի կարող հավակնել, որ թանկ ու հեղինակավոր ֆիլմերի համաշխարհային պրեմիերաները տեղի ունենան հենց այդ փառատոնի ժամանակ, բայց Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Ռոտերդամի մրցանակակիր, բոլորովին վերջերս նկարահանված ֆիլմեր այս անգամ հաջողվել է բերել Հայաստան: Այս ձեռքբերումը չի կարելի նշանակալի ու արժեքավոր չհամարել: Փառատոնային ուղիներ, տարբեր էկրանային ցուցադրություններ անցած ֆիլմերի հետ մեկտեղ կինոսիրողն այս անգամ հնարավորություն ունեցավ դիտել կինովարձույթ չմտած, համացանցում չտեղադրված ֆիլմեր, այսինքնՙ ծանոթացավ համաշխարհային կինոյի ամենաթարմ նմուշներին: Լավ ֆիլմերի ցուցադրությունները լավ հանդիսատես են ունենում. դահլիճները համարյա լիքն էին: Արժեքավոր, արվեստ պարունակող ֆիլմեր փնտրողներ, այնուամենայնիվ, կան, ու հենց նրանց ճաշակին է ապավինում «Ոսկե ծիրանը»: Նրանք շատ չեն, հոծ բազմություն չեն ու չէին էլ կարող այդպիսին լինել, որովհետեւ, ինչպես ասում ենՙ լավ բանը քիչ է լինում: Եվ այսպես, «Ոսկե ծիրանը» հաճելիորեն ստիպեց ամառային տապն ու տոթն արհամարհել ու դահլիճից դահլիճ վազելՙ լավ ֆիլմերը բաց չթողնելու համար: Օտարալեզու ֆիլմերի հայերեն լուսագրերի հարցը շարունակում է դժգոհության առիթ տալ, բայց դե հաշված օրերի ընթացքում Հայաստան հասած ֆիլմերի հնչյունավորումներն ապահովելը, համաձայնեք, անհնար է: 14-րդ «Ոսկե ծիրանին» համաշխարհային կինոյի հին աստղեր չկային: Կազմակերպիչները որոշել էին տնտեսել փառատոնի բյուջեն: Համաշխարհային կինոյի վարպետների ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագիրն ավանդաբար այս տարի էլ եղավ: Ֆրանսիական կինոյի ամենաազդեցիկ ռեժիսորներից մեկիՙ Ժան-Պիեռ Մելվիլի հարյուրամյակի կապակցությամբ ցուցադրվեցին նրա հինգ ֆիլմերը: Պորտուգալացի կինոգետ, «Մելվիլը Մելվիլի մասին» գրքի հեղինակ Ռուի Նոգեյրանը հատուկ դասախոսություն կարդաց Ժան-Պիեռ Մելվիլի մասին: Կաննի հիմնական մրցութային ծրագրից Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը» ֆիլմը ցուցադրվեց «Երեւանյան պրեմիերաներ» ծրագրի շրջանակում: Ընդհանրապես Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Ռոտերդամի միջազգային կինոփառատոների մրցանակակիր ֆիլմերը տրամաբանորեն ներառված էին ոչ թե մրցութային, այլ արտամրցութային ծրագրում: Թեեւ մի թաքուն երազանք ենք փայփայում, որ «Ոսկե ծիրանին» պրեմիերա ունենալն ու հաղթող ֆիլմի տիտղոսին արժանանալը աշխարհահռչակ ռեժիսորների համար մի օր նպատակ դառնա: Առայժմ մենք ենք խնդրողի դերում, ոչ թե նրանք, մենք ենք ջանում-համոզում, որ նրանք համաձայնեն իրենց մրցանակակիր ֆիլմերը ցուցադրել երեւանյան փառատոնին: «Ոսկե ծիրանի» «Լեհական կինոյի օրը» նվիրվեց Անջեյ Վայդային : Անվանի կինոռեժիսորի հետ բանակցությունները հաջողությամբ էին պսակվել. նա պետք է հյուրընկալվեր մեզ, բայց չհասցրեց. Վայդայն անցյալ տարի 90 տարեկանում վախճանվեց ու «Ոսկե ծիրանը» հնարավորություն չունեցավ նրան շնորհել «Փարաջանովյան թալերը»: Հետմահու պարգեւատրումով ու նրա վերջինՙ «Հետպատկերներ» ֆիլմի ցուցադրումով «Ոսկե ծիրանը» հարգանքի տուրք մատուցեց լեհ կինոռեժիսորի հիշատակին: Գերմանական կինոն այս անգամ շեշտը դրել էր գերմանաբնակ թուրք կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինի վրա: Ցուցադրվեց նրա «Անէությունից» ֆիլմը, որի գլխավոր դերակատարուհի Դայան Կրուգերը Կաննի 70-րդ կինոփառատոնին արժանացել է «Լավագույն դերասանուհի» մրցանակին: Գերմանական կինոն երեւանյան փառատոնի մրցութային ծրագրում ներկայացավ Վալեսկա Գրիզեբախի «Վեսթերն» ֆիլմով: Բրիտանական կինոյի կենտրոնական դեմքն այս անգամ Հյու Հադսոնն էր, որը միջազգային խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահն էր. միաժամանակ ցուցադրվեցին նրա երկու ֆիլմերն ու օսկարակիր «Հրե անվակառքերը»: Համաշխարհային կինոարվեստում վաղուց ճանաչում ձեռք բերած վարպետների ու հայտնի անունների կողքին կային համեմատաբար նորերն ու բոլորովին նորահայտները: Կինոսիրողների մի մասն էլ նոր անունների փնտրտուքով էր դահլիճից դահլիճ վազում: Ուրախալին այն է, որ այս տարի ակնհայտորեն գերակշռում էր հայկական -յանը. մրցութային ծրագրում ներկայացված ֆիլմերի ռեժիսորների մեջ ծանրակշիռ թիվ էին կազմում հայերը: Նրանք թե՛ Հայաստանից են, թե՛ Սփյուռքից: Մեծ մասամբ ներկայացրել էին կարճամետրաժ ֆիլմեր ու առայժմ հաղթողի տիտղոսների համար պայքարում են իրենք իրենց մեջՙ «Հայկական համայնապատկեր» ծրագրում, ոչ թե օտարազգի ռեժիսորների հետ միջազգային մրցութային ծրագրերում: Բայց ինչպես կինոգետներն են փաստում, հայկական ֆիլմերում որակական ակնհայտ տեղաշարժ ու փոփոխություն է նկատվում: «Ոսկե ծիրանի» բացթողումներից ու թերություններից շատերս բազմիցս ենք դժգոհել: Միջազգային փառատոները նախ եւ առաջ պետք է ծառայեն սեփական պետությանն ու սեփական ժողովրդին, ազգային կինոյի զարգացման, առաջընթացի համար քաղաքականություն մշակեն ու ըստ այդմ առաջնորդվեն: Հակառակ դեպքումՙ միայն ֆիլմեր բերելով ու հին աստղերին հրավիրելովՙ տեղում դոփում ենք ու մի գլուխ փող ծախսում: Մինչդեռ մյուս կինոփառատոները նաեւ համատեղ կինոարտադրություններ սկսելուն, դրսից ներդրողներ, պրոդյուսերներ հրավիրելուն եւ տեղի սցենարիստ-ռեժիսորների հետ գործընկերային հարաբերություններ հիմնելուն են ծառայում: Այս առումով հայ-թուրքական կինոպլատֆորմը բավական չէր. ավելացել է նաեւ «Ստեղծարար Եվրոպա» ֆորմը, որի շրջանակում ներկայացվում են նախագծեր, սցենարի զարգացման ծրագրեր, կազմակերպվում հանդիպումներ դրսի մասնագետների ու մեր սցենարիստ-ռեժիսորնրի հետ: «Ոսկե ծիրան» փառատոնին կից կինոշուկա ձեւավորելու անհրաժեշտությունը վաղուց է ծառացել: Դեռ նախորդ տարիներին էր պետք շեշտն այդ հարթակի վրա դնել ու կինոարտադրության ժամանակակից մեխանիզմներով դուրս գալ միջազգային ասպարեզներ: Կինոշուկայի ուրվագծերը դեռեւս պարզորոշ չեն, բայց նախարար Արմեն Ամիրյանն էլ է հույս տածում, թե «Ոսկե ծիրանն» այդ առումով կարող է տարածաշրջանային դեր կատարել: «Ոսկե ծիրանն», այնուամենայնիվ, փառատոնային հնչեղություն, ազդեցություն ու նկարագիր ունի: Մայրաքաղաք Երեւանի կենտրոնն ամեն տարի հուլիսյան մեկ շաբաթն ապրում է կինոյով: Փառատոնի ազդագրերը քաղաքին նոր շուք ու տեսք են հաղորդում: Դեռ 14-րդը չավարտածՙ կազմակերպիչները 15-րդն են ցրցամ տվել: Բացման ելույթի ժամանակ Հարություն Խաչատրյանը Վիվա սել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին համոզում էր 15-րդ «Ոսկե ծիրանը» հովանավորելու, ավելի մեծ ծախսերով փառատոն անցկացնելու համաձայնություն տալ: Ռալֆ Յիրիկյանը բեմից ժպտաց ու ասաց. «Ուզում ես ինձնից խո՞սք քաշել. չի ստացվի»: |