ԱՆԻ ԲԱՏԻԿՅԱՆԻ ՆՎԱԳԱՀԱՆԴԵՍԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ 2017թ. հունիսի 29-ին, «Քադոգան Հոլ» հանրահայտ համերգասրահում, «Լոնդոնի Ֆենիքս» նվագախմբի նվագակցությամբ, մենահամերգով հանդես եկավ միջազգային մրցույթների դափնեկիր, տաղանդաշատ հայ ջութակահարուհի Անի Բատիկյանը : Համերգի թեման էր «Արեւելյան Եվրոպայի արվեստը եւ ազգային երաժշտությունը», իսկ երեկոն համալրվել էր այնպիսի ստեղծագործություններով, որոնք նպատակ ունեին պատկերելու ազգային պարերից եւ արվեստից ոգեշնչված կոմպոզիտորների աշխատանքները: Համերգի ծրագիրը ներառում էր լեհ կոմպոզիտորՙ Վիթոլդ Լյուտոսլավկու «Փոքր Սյուիթ»-ը, որի հիմքում հարավային Լեհաստանի պարային մեղեդիներն են, անուհետեւ Արամ Խաչատրյանի կոնցերտըՙ ջութակի եւ նվագախմբի համար, որում առկա են հայկական ազգային մեղեդիների թեմատիկ տարրեր, ինչպես նաեւ Մուսորգսկու «Գեղանկարները ցուցահանդեսում» գործըՙ Ռավելի փոխադրմամբ: Համերգի ընթացքում տեղի ունեցավ նաեւ Անի Բատիկյանի ամուսնուՙ կոմպոզիտոր Ռոլանդ Ռոբերթսի ստեղծագործության պրեմիերան, որի ոգեշնչման աղբյուրն էր մեծանուն ծովանկարիչ Հովհանես Այվազովսկու «Իններորդ ալիք» հայտնի նկարը: Այն նվիրված էր գեղանկարչի 200 ամյակին, ինչն այս տարի նշվում է ողջ աշխարհում: Բատիկյանի կողմից Խաչատրյանի ջութակի կոնցերտի կատարումը տպավորիչ էր եւ անթերի. այն ի ցույց դրեց Անիի անզուգական հմտությունները, հիասքանչ եւ խորունկ ջութակահարի կատարողական արվեստն իր ողջ հմայքով: Համերգի ողջ ընթացքում Անին կլանել էր հանդիսատեսի ուշադրությունըՙ զմայելով իր հիասքանչ կատարմամբ եւ «Մոնտանյանա» ջութակի քաղցր հնչյուններով, որն ի դեպ արժե մոտ 900,000 ֆունտ ստերլինգ եւ տրամադրվել է Ingles & Hayday, Sotheby-ի աճուրդի ջութակի մասնագետների կողմից: Ռոլանդ Ռոբերթսի ստեղծագործությունը, որը գրված է ռուսական ռոմանտիկ ոճով եւ պարունակում է հայկական տարրեր, գեղեցիկ կերպով մատուցեց Այվազովսկու նկարի պատմությունըՙ հանդիսատեսին տանելով մի ճամփորդության, որտեղ հանդարտ ալիքները վերածվում էին փոթորկի եւ նավաստիները բախվում էին հարվածող ալիքներին: Սիմֆոնիկ նվագախումբը ազդեցիկ կերպով ներկայացրեց գործի գունեղ երանգները եւ ջութակի արտահայտիչ գեղեցկությունը: Այվազովսկու ամենահայտնի գեղանկարն այժմ ունի իրեն նվիրված երաժշտական ստեղծագործություն: Հանդիսատեսը գերագույն հաճույք ստացավՙ ունկնդրելով այս ստեղծագործությունը, իսկ կոմպոզիտորն իր գործի կատարման ավարտին բեմ բարձրացավՙ միանալով իր տիկնոջը: 1924թ. հիմնված «Լոնդոնի Ֆենիքս» նվագախումբը հմտությամբ եւ մեծ խանդավառությամբ ելույթ ունեցավ դիրիժոր Բարիկյանի ղեկավարությամբ: Միջոցառման կազմակերպիչն ու հովանավորն էր Թեքեյան մշակութային միության լոնդոնյան մասնաճյուղը: |