RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 20-10-2017



Տեղադրվել է` 2017-10-20 14:19:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 3393, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻ ՆՈՐ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՐ ՄՇԱԿՄԱՆ ԱՌԹԻՎ

Ժիրայր ԲԱԲԱԶՅԱՆ

Հոկտեմբերի 14-ից սկսյալ Հենրիկ Մալյանի անվան թատրոնում ներկայացվում է Հակոբ Պարոնյանի հանրահայտ «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգության նոր բեմականացում-մշակումը ֆրանսահայ հայտնի ռեժիսոր եւ դերասան Ժիրայր Փափազյանի (Բաբազյան) մշակումով ու բեմադրությամբ: Ստորեւ նրա խոհերը նոր բեմադրության առթիվ: Խմբ.

Հակոբ Պարոնյանի (1843-1891) երգիծանքի ու երկխոսության արվեստն առ այսօր անկրկնելի է մնում մեր թատերական ժառանգության էջերում: Ավաղ, նա գրել է միայն երկու ամբողջական կատակերգություն, որոնցից մեկըՙ «Ատամնաբույժն արեւելյանը» նրա երիտասարդական օրերի (24 տարեկան) առաջին փորձն է եղել: Ժամանակակիցների վկայությունները մեզ տեղեկացնում են, որ նա դժգոհ է մնացել իր ստեղծագործությունից եւ չի ցանկացել պիեսը վաճառել գրախանութներում: Արդյո՞ք վարպետի դժգոհությունը կապ է ունեցել պիեսի թույլ կառուցվածքի հետ: Հարկավոր է նշել, որ Պարոնյանը երբեք առիթ չի ունեցել բեմադրված տեսնելու իր կատակերգությունը, աշխատելու տաղանդավոր դերասանների ու բեմադրիչների հետ, որպեսզի ինքն իր ձեռքով վերամշակեր իր պիեսի դրամատուրգիական բացթողումները:

Սակայն, ինչպես վերեւում հիշեցինք, նրա ստեղծած փայլուն երկխոսություններն ու իրավիճակները մինչեւ այսօր շարունակում են ներշնչել բազմաթիվ բեմադրիչների, որոնցից ամեն մեկն առաջարկել է իր լուծումներն ու մշակումները:

Վարդան Աճեմյանի, Հրաչյա Ղափլանյանի, Վարուժան Խտշյանի բեմադրությունները անժխտելի ապացույցն են գործի հավերժական թարմության:

Այս առթիվ հիշենք նաեւ վերջերս Հայաստան այցելած թուրքական թատրոնի մեծապես հաջողված ու հեղինակին պատիվ բերող «Ատամնաբույժ»-ի ներկայացումը թուրքերեն թարգմանությամբ:

Իսկ գործի Ֆրանսերե՛ն լեզվով համաշխարհային պրեմիերան ինքս ներկայացրի Փարիզի դժվարահաճ հանդիսատեսին (2000 թ.), որն այն ընդունեց մեծ խանդավառությամբՙ զարմանքով պիեսը համեմատելով իրենց սիրած մեծ կատակերգակների գործերի հետ: «Սա մաքուր Ֆեյդո է», - հիացած գրեց մամուլը (չնայած նշանավոր թատերագիր Ժորժ Ֆեյդոն (1862-1921) Պարոնյանից հետո՛ է գրել իր կատակերգությունները):

Բնական էր, որ ես էլ իմ հերթին, ինձ նախորդող վարպետների նման, փարիզյան բեմադրության առթիվ առաջարկեի իմ մշակումը:

Ահա այդ մշակումն է, որ այս օրերին պատիվ ունեմ Հենրիկ Մալյանի թատրոնում ներկայացնելու Երեւանի հանդիսատեսի քննությանը:

Ամենից առաջ, անհրաժեշտ էր վերակառուցել գործողության ընթացքը եւ հատկապես պիեսի կառուցվածքը: Բնագրի հինգ երկար արարները վերածել եմ երեք արարի, տասնհինգ կերպարներից մնացել են ինը, ավելացվել է «տիկին Անուշի» նոր կերպարը, երրորդ արարն ամբողջապես «նոր» ստեղծագործություն էՙ հարգելով սակայն Պարոնյանի ոճը եւ երբեմն «գողանալով» իր այլ ստեղծագործություններից: Պահպանվել է Պարոնյանի լավագույն երկխոսությունների գրեթե 90 տոկոսը:

Երիտասարդ Պարոնյանն «Ատամնաբույժն արեւելյան»-ում իրեն թույլ է տվել ժամանակաշրջանի համար բավականին հանդուգն ու ազատաբարո տեսարաններ, որոնք ես հասցրի գագաթնակետիՙ հատկապես Փարիզյան հանդիսատեսի կենսուրախ զվարճանքի համար: Եվ, հենվելով Հայաստանի նոր սերնդի դերասանների տաղանդի, գեղեցկության եւ ֆիզիկական կարողությունների վրա, կարծում եմՙ անարդար կլիներ այսօր հին ավանդապաշտություններն ու նախապաշարումները վերջնականապես թոթափած Երեւանի թատերասերներին զրկել այդ «չարաճճիություններից»:

Մաղթում եմ հանդիսատեսին, քննադատներին եւ դերասան-դերասանուհիներին բարի վայելում:

***

Ներկայացման նախաբանի համար այս բեմադրությունը նվիրում եմ Վարուժան Խտշյանի հիշատակին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 20-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ