RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 20-10-2017



Տեղադրվել է` 2017-10-20 14:19:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 3138, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԵՐ ՕՐԵՐԻ ՀԱՅԱԶԳԻ ՖՐԵԴՆ ՈՒ ՋԻՆՋԵՐԸ

Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Armenian Mirror Spectator)

Ֆրեդ Ասթերն ու նրա պարընկերուհի Ջինջեր Ռոջերսը հոլիվուդյան մյուզիքլի լեգենդար աստղերն էին, որ փոթորկել էին պատանիների ու պարմանուհիների հոգիները անցյալ դարի 60-ական թվականներին: Հետագայում, 1980-ականների վերջերին, «Կեղտոտ պարեր» ֆիլմում մարմնավորած իր կերպարով Պատրիկ Սուեյզին հմայեց նրանց: Այժմ, ըստ Օրլանդոյում (Ֆլորիդա, ԱՄՆ) հրատարակվող «Orlando Signature» թերթում տպագրված Օդրի Ս.Քլերի հոդվածի, երկու հայեր են շարունակում նոր շունչ հաղորդել պարահանդեսային պարերի ավանդույթին: Էմիլյա Պողոսյան-Հայկ Բալասանյան զույգը, որ համապատասխանաբար 2008 եւ 2010 թվերին են Հայաստանից արտագաղթել Ամերիկա, ոչ միայն պարում են միասին, այլեւ ընտանիք են կազմել: «Պարահանդեսային պարերին կրակոտ եւ թեւաթափ անող մոտեցումով այս եռանդուն զույգն իրենց «Ֆրեդ Ասթեր պարային ստուդիան» դարձրել են ավանդույթները պահպանող, բայց եւ նորամուծություններն ընկալող ու ժամանակի հետ քայլող մի կենտրոնի, որն ապաստան է տալիս առօրյա հոգսերից փախչողներին», գրում է հոդվածագիրը: Տեղեկանում ենք, որ երկուսն էլ իրենց առաջին տասնամյակն ավարտելուց առաջ են սկսել զբաղվել պարարվեստով:

Արքայադուստր դառնալու երազանքներով տարված Էմիլյան միշտ էլ ցանկացել է պարի դասերի հաճախել: Ծնողները դեմ են եղել, մինչեւ որ տեղի են տվել նրա հաճախակի լացերին: Իսկ Հայկ Բալասանյանի ծնողները իրենք են ստիպել, որ հետեւի պարային դասընթացների, որպեսզի բակային խաղերից հեռու մնա: Ավելին, նրանք վստահեցրել են, որ պարը գեղեցկություն կպարգեւի իր կյանքին: Էմիլյային հանդիպելուց հետո Հայկը համոզվել է, որ ծնողները ճիշտ էին:

Ամերիկայում նրանք առաջին անգամ միասին պարել են եւ հաղթել «Rising Star» (Բարձրացող աստղ) մրցույթում: Հետագայում բազմիցս դարձել են Մ. Նահանգների ազգային չեմպիոններ եւ ընդգրկվել 12 լավագույն պարային զույգերի շարքում: Սիրահարվել են, ամուսնացել եւ տեղափոխվել «Winter Park», որտեղ էլ հիմնել են իրենց սեփական «Ֆրեդ Ասթեր պարային ստուդիան»: Այդտեղ են գալիս ե՛ւ առանձին անհատներ, ե՛ւ զույգեր, բացահայտելու իրենց ստեղծագործական տաղանդը:

«Պարելը փոխում է կյանքը: Միասին շարժվելը, զուգընկերոջ շարժումներին ուշադիր հետեւելը նոր լիցք է հաղորդում եւ էապես վերակենդանացնում մարդու հոգեբանական ներաշխարհը», գտնում են Էմիլյան ու Հայկը: Երկուսն էլ պարային խմբակներում դասեր են տալիս ներկայիս: Նրանց աշակերտները նույնիսկ մրցումների են մասնակցում:

«Ստուդիայի դասերից դուրս նրանք սիրում են ընկերների հետ ժամանակ անցկացնել, զրուցել, ծիծաղել եւ ապագայի ծրագրեր մշակել: Մեր օրերի Ֆրեդի ու Ջինջերի համար համեստությունն ու տքնաջան աշխատանքը կարեւորագույն հատկանիշներն են, որոնք դեռ երկար ժամանակ վառ կպահեն պարահանդեսային պարերի ավանդույթը», եզրակացնում է հոդվածագիրը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 20-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ