ՀԱՅՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆԸ ՄԵՔՍԻԿԱԿԱՆ ՀԱՆԴԵՍԻ ՔՐԴԱՊԱՏՈՒՄ ՀԱՄԱՐՈՒՄ Մեքսիկական «Իստոր. Միջազգային պատմության հանդես» իսպանալեզու հրատարակության այս տարվա աշնան համարը (թիվ 70) ամբողջովին նվիրված է քրդերին եւ Քրդստանին։ Հիշեցնենք, որ թիվ 62-ը, հրատարակված 2015-ին, ամբողջովին նվիրված էր Հայաստանին եւ հայերին (այս մասին տե՛ս «Ազգ», 2.12.2016)։ Ինչպես հայկական համարը, քրդականը նույնպես կյանքի է կոչվել հայազգի մեքսիկական մարդաբան Կառլոս Անթառամյանի ջանքերով։ Նրան են պատկանում հանդեսը բացող երկու նյութերըՙ «Ներածություն. Քրդստան» եւ «Նախաբան. հարցազրույց Ժերար Շալյանի հետ», ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստան նրա կատարած ուղեւորության արդյունք հանդիսացող «Մի անգամ Դերսիմում. գնալ Հայաստանից, վերադառնալ Քրդստա՞ն» հոդվածը։ «Իստորի» քրդապատում այս համարում ընդգրկվել են նաեւ հայաստանցի երկու գիտնականներիՙ բանասիրական գիտությունների թեկնածուներ Տորք Դալալյանի (ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտ) «Հայաստանի Հանրապետության կուրմանջիախոս բնակչության մեջ քրդական եւ եզդիական ինքնությունների կառուցումը» եւ Արծվի Բախչինյանի (ԳԱԱ Պատմության ինստիտուտ) «Զարեն» եւ «Քրդեր-եզդիները». քրդերի պատկերումը խորհրդահայ կինոյում» ուսումնասիրությունները։ |