RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 20-10-2017



ՆԿԱՐՉԱԹԱՏԵՐԱԿԱՆ

Տեղադրվել է` 2017-10-20 14:19:29 (GMT +04:00)


Ընթերցված է` 4168, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ-ՃԱՊՈՆԱԿԱՆ ԿԵՐՊԱՐՎԵՍՏԻ ԶՈՒԳՈՐԴՈՒՄՆԵՐ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Վերստին ճապոնական արվետսի հաճելի մթնոլորտում

Տարբեր մշակույթների շփման անհրաժեշտությունն ավելի շոշափելի զգում ես նմանատիպ հանդիպումներից հետո, դրանք անխուսափելիորեն հաստատում են այն ճշմարտությունը, որ արվեստը սահմաններ չունի: Համոզվելու համար ներկա էր պետք լինել Գեղակադեմիայի նորակառույց սրահում օրերս բացված հայ-ճապոնական ցուցահանդեսինՙ նվիրված երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին:

Ցուցահանդեսի կազմակերպիչներիցՙ հայ- ճապոնական մշակույթների մերձեցման ջատագով եւ ակտիվ մասնակից Վարդիթեր Հարությունյանը , ներկայացնելով ճապոնական կողմից ցուցահանդեսը համակարգող Տոկիոյի Ginza I Chome պատկերասրահի տնօրեն տիկին Մակի Միկիկոյին , պատմում էր, թե ինչպես է նա հրաժարվել հայաստանյան առաջին հրավերից ՙ պատճառաբանելով, որ մեր երկրում պատերազմական վիճակ է եւ անվտանգ չէ, ուստի չի կարող արվեստագետներ բերել, քանի որ ինքն է կրում նրանց պատասխանատվությունը: «Գալով Հայաստանՙ նա սիրահարվեց մեր երկրին, տեսնելով թե որքան խաղաղ է այն, եւ որքան բարի են մարդիկ: Երբ պատահում է, հարցնում ենքՙ գուցե զբաղվա՞ծ եք, գուցե այս անգամ չե՞ք կարող գալ, ասում էՙ ինչպե՞ս, Հայաստան չգա՞մ, ինձ համար Հայաստանը ցուցահանդեսների առումով առաջնային է»:

Ճապոնական մշակույթի հետ Գեղարվեստի պետակադեմիայի կապերը տարիների պատմություն ունեն, երբ դեռ 2010-ին Տոկիոյի Սոկա համալսարանում բարձր մակարդակի հանդիպում կայացավ ռեկտոր Արամ Իսաբեկյանի եւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի հետՙ Սոկա Գակկա բուդդայական նոր ուղղության հիմնադիր- նախագահ, համաշխարհային ճանաչման պրոֆեսոր Դայսակու Իկեդայի հրավերով, իսկ մի փոքր ուշ Երեւանում, Նկարիչների միության սրահում բացվեց նրա լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը: Այդ հարաբերությունները տարիների ընթացքում ավելի զարգացան եւ մինչեւ օրս շարունակվում են: Այս տարվա գարնանը «Ճապոնական մշակույթի օրեր Հայաստանում» ամենամյա միջոցառումն անցկացվեց Գեղակադեմիայիում, որի նորակառույց դահլիճը նորամուտը կատարեց ճապոնական մշակույթի շատ գեղեցիկ մթնոլորտում. ճապոնացի վարպետները իկեբանայի, գծանկարչության դասեր անցկացրին հայ ուսանողների հետ: Ողջունելով եւ շնորհավորելով ցուցահանդեսի մասնակիցներինՙ նաեւ այս մասին խոսեց ռեկտոր Արամ Իսաբեկյանը:

Ճապոնացի եւ հայ արվեստագետների աշխատանքները համադրված էին ներդաշնակ, էքսպոզիցիան մտահղված էր հենց այդ սկզբունքովՙ չկար բաժանումՙ որտեղ է վերջանում ճապոնականը եւ որտեղ սկսվում հայկականը: Կային գեղարվեստական մտածողության տարաբնույթ արտահայտություններ ու ձեւեր, երեւակայություն ու ճաշակՙ ներկայացված բոլոր գործերումՙ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, կիրառական արվեստի նմուշներ: Եվ որքան էլ այս երկու ժողովուրդների պատմության, մշակույթների, ավանդույթների տարբերություններինՙ գույնի ու պատկերի համընդհանուր լեզուն վերացրել էր սահման ու ջրբաժան: Արամ Իսաբեկյանը անդրադառնալով էքսպոզիցիայի այսպիսի լուծմանըՙ աշխատանքը գնահատեց փայլունՙ ակադեմիայի երիտասարդ դասախոս, ցուցահանդեսի մասնակից-նկարիչ Արթուր Հովհաննիսյանի կողմից արված:

Ginza I Chome պատկերասրահի տնօրեն տիկին Մակի Միկիկոն շնորհակալություն հայտնեց ռեկտորինՙ համատեղ ցուցադրության համար, ակնկալելով համագործակցության շարունակականությունՙ հայ նկարիչների աշխատանքների ցուցադրություն նաեւ Ճապոնիայում:

Մեր զրույցում Գեղակադեմիայի միջազգային կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանը նշեց, որ հայ-ճապոնական միջոցառումները արդեն 11 տարի էՙ անց են կացվում մեր երկրում, սակայն առաջին անգամ է Գեղակադեմիայում եւ առաջին անգամ է ակադեմիայի դասախոս -նկարիչների մասնակցությունը այսպիսի ցուցահանդեսին: Նկատի ունենալով արդեն ձեւավորված հայ- ճապոնական հարաբերությունների հաջող ընթացքըՙ նա ճապոնական մշակույթի հետ հայ նկարիչների ծանոթությունը արդյունավետ համարեց հարազատ միջավայրում:

Ցուցադրությունը գրավիչ էր, ներկայացված աշխատանքները բազմազան էին բնույթով, ժանրով, տեսակով, հետաքրքրականՙ ինքնատիպ լուծումներով:

Ցուցահանդեսի մասնակից ճապոնացի 31 նկարիչներից Հայաստան ժամանել էին յոթը: Սրահի մի անկյուն միշտ մարդաշատ էրՙ ճապոնացի նկարիչ Էմա Յուկին յուրաքանչյուր դիտորդի բացատրում էր իր աշխատանքների կատարման տեխնիկան. առաջին հայացքից տուշանկար թվացող նրա երկու գործերը («Պր. Օհաշի», «Շշուկ») չափսով թերեւս ամենափոքրն էին, սակայն բավական ուշադրություն էին գրավում. փայլաթիթեղ հիշեցնող մուգ գույնի նյութի վրա խազագրված խորհրդանիշ-պատկերներըՙ հատուկ տեխնիկայով դաջված ապակու վրա, ներկայացված էին բացառիկ նրբագեղ ճաշակով:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #39, 20-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ