RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 27-10-2017



ՊՐՊՏՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2017-10-26 21:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 4561, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖԱԻՆԱ ՌԱՆԵՎՍԿԱՅԱՆ ԵՎ ՀԱՅԵՐԸ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Ռուս ամենաինքնատիպ դերասանուհիներից մեկըՙ Ֆաինա Ռանեւսկայան (1896-1984) երբեւէ չի եղել Հայաստանում, սակայն իր երկարատեւ կյանքի ընթացքում պատահական հանդիպումներ է ունեցել հայ ժողովրդի մի քանի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հիշել է Ռանեւսկայայի մտերիմ Ալեքսեյ Շչեգլովը 1998-ին Մոսկվայում լույս տեսած «Ռանեւսկայա. կյանքի դրվագներ» գրքում, դերասանուհին ծանոթ է եղել Ալեքսանդր Սպենդիարյանի հետ: Ֆաինա Գեորգիեւնան 1918-1923 թվականներին բնակվել է Ղրիմում: Ներշնչված իր թատերական ուսուցչուհի եւ պաշտելի ընկերուհի Պավլա Վուլֆի արվեստովՙ նա գրել է մի երաժշտական պիես: Պահպանվել է այդ ստեղծագործության կլավիրը, որի նոտագրությունը, մասնագետների կարծիքով, մեծ պրոֆեսիոնալիզմով է կատարված: Շչեգլովի ենթադրությամբ, «Միգուցե Ալեքսանդր Սպենդիարովը, հիանալի հայ երաժշտաստեղծը, որի հետ քաղաքացիական պատերազմի ժամանակ Ղրիմում ունեցած հանդիպման մասին հիշել է Ռանեւսկայան, օգնել է նրան նոտայի թղթի վրա գրառել երաժշտական շարադրանքը»:

Ինչպես հետագայում գրել է Ռանեւսկայան. «Երախտապարտ եմ ճակատագրին, որ հանդիպեցի հրաշալի ծերուկ, երաժշտաստեղծ Սպենդիարովին: Այդ ծերուկն այնքան ոգեշունչ էր, հուզիչ: Եվ ահա նա եկավ Ղրիմ: Նրան տվել են իմ հասցեն: Նա թակեց դուռը: Ես նրան դեմքով չէի ճանաչում, նա ասաց. «Ես Սպենդիարովն եմ, եկել եմ համերգ կազմակերպելու, ընտանիքս քաղցած է»: «Ինչո՞վ կարող եմ ձեզ օգնել»: Ես վազեցի կոմիսարի մոտ. «Նշանավոր երաժշտաստեղծը քաղցա՛ծ է»: Իսկ սպիտակներն արդեն մոտենում էին: Եվ քաղաքում թղթեր էին կախված. «Ջարդի՛ր ջհուդներին, փրկի՛ր Ռուսաստանը»:

Համերգը եղավ: Երեք մարդ էր ներկա: Անվախները: Իմ թատերական ուսուցչուհի Վուլֆը: Նրա ընկերուհին: Եվ ես: Սպենդիարովը եկավ համերգից հետո եւ գիշերեց մեզ մոտ: Ճառագող: Երջանիկ: Եվ ասաց. «Այնքան երջանիկ եմ: Ի՛նչ լավ էր նվագում առաջին ջութակը»: Երիտասարդության եւ հիմարության պատճառով ես ասացի. «Բայց չէ՞ որ հասարակություն չէր հավաքվել»: Իսկ նա ասաց. «Ինձ մոտ դեռ կա շղթայով ոսկե ժամացույց: Օգնե՛ք ինձ վաճառել այն, որ վճարեմ երաժիշտներին»:

Նորից վազեցի կոմիսարի մոտ: Նա մտահոգ էր: «Հանդիսականներ չհավաքվեցին, ընկեր կոմիսար: Ծերուկը մեկնում է առանց որեւէ բանի. գոնե մի փութ ալյուր տրվեր նրան, մի փութ ձավար...»: Ես այս ամենը գրեցի Սպենդիարովի դստերը, երբ վերջինս նյութեր էր հավաքում հոր մասինՙ «Նշանավոր մարդկանց կյանքը» մատենաշարով գրքի համար: Նա ինձ պատասխանեց. «Ամենը, ինչ դուք հայթայթել էիք հայրիկի համար, նրանից գողացան գնացքում» (տե՛ս Ալեքսեյ Շչեգլով, նշված գիրքը, էջ 32-33):

Այս պատմությունը ցույց է տալիս Ռանեւսկայայի բնավորության բնորոշ կողմերը, թե ինչպես է նա քաղաքացիական պատերազմի, սովի պայմաններում ձեռքից եկածն արելՙ փորձելով կարելվույն չափ օգնել նշանավոր արվեստագետին: Ճիշտ այդպես էլ ողջ կյանքում նա անշահախնդիր կերպով օգնություն է ցույց տվել իր հեռու եւ մոտիկ շրջապատին:

Նույն Շչեգլովի վկայությամբ, դասական երաժշտության մեծ երկրպագու Ֆաինա Ռանեւսկայայի սիրած երաժշտաստեղծներից է եղել Արամ Խաչատրյանը : «Ինչպես է նա հավատարիմ մնացել Լերմոնտովին «Դիմակահանդեսում»,- ասել է նա: Դերասանուհին ծանոթ է եղել հայազգի երաժշտաստեղծ Վանո Մուրադելու հետ, որին մի անգամ ասել է. «Իսկ դուք, Վանո Իլյիչ, կոմպոզիտոր չեք»: «Ինչպե՞ս թե կոմպոզիտոր չեմ»,- վիրավորվել է Մուրադելին: «Ահա թե ինչու. ձեր ազգանվան մեջ մի-ի փոխարեն մու է, րե-ի փոխարենՙ րա, դո-ի փոխարենՙ դե, լյա-ի փոխարենՙ լի: Եվ սրանից հետո ուզում եք հավաստիացնել, որ կոմպոզիտո՞ր եք»,- կատակել է դերասանուհին: Փաստորեն, ըստ Ռանեւսկայայի, երաժտաստեղծի ազգանունը պիտի լիներ Միրեդոլյա...

Ֆաինա Ռանեւսկայայի դիմանկարը 1954 թվականին վրձնել է Հայաստանի վաստակավոր նկարիչ, մոսկվաբնակ Արմեն Վարդանյանը: Նկարի գտնվելու վայրը, որքանով կարողացանք պարզել, ցավոք, անհայտ է: Ռանեւսկայայի մտերիմներից է եղել կիեւցի երգչուհի Թամարա Կալուստյանը , որը դերասանուհու կյանքի վերջին տարիներին օգոստոսին Մոսկվա է եկելՙ ներկա լինելու սիրելի ընկերուհու ծննդյան տարեդարձին ու ամեն անգամ ստվարաթղթի տուփիկների մեջ դրած բերել է իր պատրաստած թխվածքները, որոնք Ռանեւսկայան շատ է սիրել: Դերասանուհուն անձամբ ճանաչել են նաեւ մոսկվացի կինովավերագրող Վասիլի Քաթանյանը , որը նրա մասին պատմել է իր «Հպում կուռքերին» հուշագրքում (1997), ինչպես նաեւ Սերգեյ Փարաջանովը : Վերջինս սիրել է կրկնել միասեռականների առնչությամբ Ռանեւսկայայիՙ թեւավոր խոսք դարձած արտահայտությունը, ըստ որի ԽՍՀՄ-ը «մի մեծ տերություն է, որտեղ մարդ չի կարող սեփական հետույքը տնօրինել»:

Առհասարակ, Ֆաինա Ռանեւսկայան սերունդների մեջ առավելապես ապրում է որպես չափազանց սրամիտ մի անձնավորություն: Նոր սերունդները գրեթե չգիտեն նրա «Մնացյալըՙ լռություն» ներկայացումը կամ «Ընկեցիկը» կինոնկարըՙ նրա «Մուլյա, մի՛ նյարդայնացրու ինձ» նախադասությամբ, սակայն լսել են նրաՙ աֆորիզմ դարձած դիպուկ բնութագրումները, կծու հեգնանքը ժամանակների նկատմամբ, սուր, հաճախՙ բաց կատակները: 1998-ին Մոսկվայում լույս տեսավ «Ֆաինա Ռանեւսկայա. դեպքեր, կատակներ, աֆորիզմներ» գրքույկը: Հատկանշական է, որ Ռանեւսկայային վերագրվող մի շարք արտահայտություններ «հայկական ռադիոյի» շարքից են եւ այսօր դժվար է ասել, թե ո՛րն է բուն աղբյուրըՙ դերասանուհի՞ն, թե՞ «հայկական ռադիոն»: Դրանցից են, օրինակ, «Սկլերոզը հնարավոր չէ բուժել, սակայն կարելի է մոռանալ դրա մասին» խոսքը, կամ «Կյանքը հեքիաթից տարբերվում է նրանով, որ հեքիաթում ամուսնանում են դոդոշի հետ եւ պարզվում է, որ նա արքայազն է, իսկ կյանքումՙ ճիշտ ընդհակառակը»:

Ֆաինա Ռանեւսկայան սիրել է մտերիմներին պատմել իր այցելությունը հոգեբույժին: 1950 թվականին, իր մտերիմ բարեկամ բեմադրիչ Տաիրովի մահը շատ ծանր է ազդել դերասանուհու վրա, որն ամբողջ գիշերներ է անցկացրել լաց լինելով: Ի վերջո դիմել է բժշկի, որը եղել է մի մռայլ, բեղավոր հայուհի: Ռանեւսկայան այդ հայուհու առոգանությամբ իրենց երկխոսությունը ներկայացրել է այսպես: Բժշկուհին հարցրել է. «Ի՞նչ է պատահել»: «Չեմ քնում»: «Ինչո՞ւ չեք քնում»: «Լաց եմ լինում»: «Ինչո՞ւ եք լաց լինում»: «Ընկերոջս եմ կարոտում»: «Հետը հարաբերություն ունեցե՞լ եք,- այս ասելիս հայուհին հայացքը սեւեռել է Ռանեւսկայայի վրա: «Ի՞նչ եք ասում, ո՛չ»,- քրթմնջացել է Ֆաինա Գեորգիեւնան: «Այսպե՛ս: Չի՛ քնում: Լա՛ց է լինում: Ընկերո՛ջն է կարոտում: Հետը հարաբերություն չի՛ ունեցել: Ախտորոշումըՙ հոգեկան հիվանդ է»,- եզրակացրել է բժշկուհին:

Ֆաինա Ռանեւսկայանՙ տաղանդավոր եւ սրամիտ դերասանուհին միշտ սիրված կերպար կլինի նրան ճանաչողների եւ արվեստը գնահատողների համարՙ անկախ ազգային պատկանելությունից...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 27-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ