ԷԳՈՅԱՆԸ ԲԵՄԱԴՐՈՒՄ Է ԴԺՎԱՐԱԳՈՒՅՆ «ՅԵՆՈՒՖԱ» ՕՊԵՐԱՆ Հ.Ծ. Վիկտորիայում (Կանադա) Թիմոթի Վեռնոնի 1979-ին հիմնած «Pacific Opera» ընկերությունն իր նոր տարեշրջանը «Ռոյալ» թատրոնում սկսել է չեխ կոմպոզիտոր, բանահավաք, խմբավար եւ թատերական քննադատ Լեոշ Յանաչեկի (1854-1928) դժվարագույն ու սարսափազդու համարվող «Յենուֆա» (կամ «Նրա խորթ աղջիկը») օպերայի բեմադրությամբ, տեղեկացնում է տեղի «Times Colonist» պարբերականը: Սցենարիստ Գաբրիելա Պրեիսովայի ստեղծագործության հիման վրա Յանաչեկի օպերայի վերածված տարբերակը բեմադրելու համար Վեռնոնը հրավիրել է մրցանակակիր ռեժիսոր Ատոմ Էգոյանին , ով 113-ամյա օպերան դարձրել է ժամանակակից: «Դա յուրատեսակ քննություն է վախճանված հարազատների հարաբերությունների, որոնց ուրվականները տարօրինակ ձեւով հետապնդում են ողջերին: Օպերայի երկու ուժեղ բնավորության տեր կանանցից մեկը եկեղեցու հավատարիմ եւ ազդեցիկ անդամներից է, որը սակայն ունի մութ անցյալ: Իր ժամանակինՙ 1904-ին բավական վիճելի բեմադրություն էր: Այդպիսին է նաեւ այսօր», նշել է Էգոյանը, որ Վեռնոնին լավ է ճանաչում եւ վաղուց է երազել համագործակցել նրա հետ: Օպերան բեմադրվելու է, ըստ հաղորդագրության, չեխերենով (էկրաններին անգլերեն ենթատեքստերով) չնայած դերասաններից ոչ մեկը չի խոսում այդ լեզվով: «Guardian» թերթը «ռմբադիմացկուն» է բնութագրել բեմադրությունը: Էգոյանի առաջին նախասիրությունը եղել է թատրոնը: Նաեւ օպերան: 1996-ին նա բեմադրել է Կանադայի Օպերային ընկերության «Սալոմեն», որը հաջողությամբ է պսակվել: Դրան հետեւել է Վագների «Die Walkure»-ն Հարավային Կարոլինայի «Սպոլետո» փառատոնի համար: |