ԻՐԱԿԱՆ ՔՈՒՉԱԿԸ Հենրիկ ԲԱԽՉԻՆՅԱՆ Վերջապես կյանքի է կոչվել մի գիրք, որի անհրաժեշտությունը վաղուց ի վեր զգալի էր մեր բանասիրության մեջ: Դա 16-րդ դարի հեղինակ Քուչակ Վանեցու կամ Նահապետ Քուչակի հայերեն եւ թուրքերեն աշուղական երգերի հատորն է ( «Նահապետ Քուչակ. աշուղական երգեր», աշխատասիրությամբ Վանո Եղիազարյանի , Երեւան, «Արմավ», 2017): Տարբեր ձեռագիր ու տպագիր աղբյուրներում ցրված այդ երգերն անհրաժեշտ էր բնագրագիտական սկզբունքներով ի մի հավաքելՙ ըստ այդմ, վերջնականապես ցույց տալու համար, թե ինչ է իրականում հեղինակել Քուչակը, որին թյուրիմացաբար վերագրվել են, եւ այսօր էլ ոմանց կողմից անիմացաբար վերագրվում են ժողովրդա-գուսանական գրեթե բոլոր հայրենները: Իսկապես նաեւ արդիական նշանակություն ունեցող այդ կարեւոր գործը նախաձեռնել է բանասիրության դոկտոր, պրոֆեսոր Վանո Եղիազարյանը, որը վաղուց արդեն խորացել է հայրենների ուսումնասիրության մեջ: Հատորի ներածական ուսումնասիրության մեջ նա ամփոփ, բայց եւ սպառիչ, ներկայացրել է քուչակագիտության անցած ուղին` բնականաբար անդրադառնալով հայրենները Քուչակին վերագրելու տեւականցյան անհամոզիչ վարկածին եւ խնդրի գիտական համոզիչ լուծումներին (Մանուկ Աբեղյան, Ասատուր Մնացականյան): Նույն կերպ Վ. Եղիազարյանը ներածականում ներկայացրել է Քուչակի կենսագրությունըՙ առկա փաստերի սթափ քննությամբ եւ մի շարք ավանդազրույցների իրական հիմքերի վերհանումներով: Այնուհետեւ նա գրականագիտական եւ աշուղագիտական քննության է ենթարկել Քուչակի անունով պահպանված հայերեն եւ թուրքերեն երգերը: Դրանով իսկ նա վերջնականորեն ապացուցել է հայրեններիՙ Քուչակին վերագրելու սնանկ վարկածը: Հիրավի, Քուչակի աշուղական երգերը թե՛ լեզվաոճական եւ թե՛ բանարվեստային մակարդակներում տիպաբանորեն լիովին անհարիր են ժողովրդա-գուսանական հայրեններին: Ուստիեւ միանգամայն ընդունելի է ուսումնասիրողի եզրահանգումը, թեՙ «Քուչակը հայ առաջին աշուղ-երգիչներից է, հայ աշուղական դպրոցի ակունքներում կանգնած ինքնատիպ մի աշուղ, որը բացարձակապես կապ չունի հայրենների երգարվեստի հետ» (էջ 48): Վանո Եղիազարյանի կազմած բնագրերի ժողովածուից որոշակիորեն հստակվում է, որ Քուչակի անվամբ հայտնի են 6 հայերեն երգեր (մեկըՙ պարսկերեն հատվածով): Նրան վերագրված են նաեւ բանավոր աղբյուրից գրի առնված վեց քառյակներ, որոնք, իրավամբ, տեղ են գտել ժողովածուի հավելվածում: Հայտնի են նաեւ Քուչակի 16 ամբողջական թուրքերեն երգեր: Հատկանշելի է, որ դրանցից մեկն առաջին անգամ է հրապարակվում (տե՛ս էջ 102): Թուրքերեն երգերին զուգադրված են դրանց հայերեն թարգմանությունները, որոնք կատարել են Օ. Եգանյանը, Աս. Մնացականյանը, Հ. Աճեմյանը, Ա. Ավետիսյանը, Վ. Սահակյանը: Ընդ որում, բառացի կատարված 8 թարգմանություններ գեղարվեստական չափաբերման է ենթարկել ինքըՙ Վ. Եղիազարյանը: Անշուշտ, Քուչակի աշուղական ժառանգությունը քանակով շատ ավելի է, քան մեզ հայտնիները: Թերեւս ժամանակի ընթացքում ի հայտ կգան նորանոր երգեր: Համենայն դեպս, գրախոսվող գրքի կազմողին հայտնի են որոշ ադրբեջաներեն տպագիր աղբյուրներ, որոնց մեջ կան քուչակյան երգեր: Այդ աղբյուրները, ցավոք, նրան հասանելի չեն եղել: Բավական հմտորեն են կազմված բնագրային ծանոթագրությունները, որոնք աղբյուրագիտական, բնագրագիտական ու բանասիրական լուրջ պրպտումների արդյունք են: Հիշարժան են հատկապես Բենդի-Մահու գետանվան եւ Ադրբեջան երկրանվան բացատրությունները: Հեղինակը միանգամայն ճիշտ է վարվելՙ ծանոթագրություններում ներկայացնելով նաեւ թուրքերեն երգերի տողացի թարգմանությունները: Դրանք օգնում են ընթերցողինՙ ավելի լավ ընկալելու աշուղի ասելիքը: Այդ նպատակն են հետապնդում նաեւ գրքի վերջում զետեղված բառարանը եւ հատուկ անունների ցանկը: Վստահորեն կարող ենք ասել, որ Վ. Եղիազարյանի կազմած «Նահապետ Քուչակ. աշուղական երգեր» աշխատությունը արժեքավոր ներդրում է քուչակագիտության մեջ: Կարծում ենքՙ այս հրատարակությունը վերջնականապես պատասխանում է այն հարցին, թե իրականում ո՞վ էր Քուչակը, եւ ի՞նչ ժառանգություն է նա թողել մեզ: Խմբ. կողմից.- Հուրախություն հայ միջնադարյան գրականության մասնագետներին եւ առհասարակ գրասերներին հայտնենք, որ գրախոսության հեղինակըՙ բանասիրական գիտությունների դոկտոր Հենրիկ Բախչինյանը մեզ է վստահել իր արժեքավոր հերթական աշխատությունըՙ միջնադարյան մեծանուն տաղերգու Ֆրիկի «Բանաստեղծական ժառանգությունը. Բնագրեր եւ քննություն» ծավալուն աշխատությունը, որը առաջիկայում լույս կտեսնի Թեքեյան մշակութային միության Մ. Նահանգների եւ Կանադայի Կենտրոնական վարչության հատուկ մատենաշարով: |