RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 27-10-2017



ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2017-10-26 21:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 3872, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹԱՐԳՄԱՆԵԼՈՎ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ ԼԱՏՎԵՐԵՆ*)

Վալդա ՍԱԼՄԻՆՅԱ

Գրիգոր Նարեկացին առանցքային հեղինակ է Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ շփման կետերը որոնողների համար:

Նրա «Մատեանը» մի գիրք է, որը ներառում է ողջ մարդկության հոգեւոր պատմությունը եւ մտովին կապում է տարբեր սերունդների եւ ժողովուրդների: Նարեկը հոգեւոր ձեռնարկ է, ունիվերսալ աղոթագիրք: Այն կազմված է Աստվածաշնչային ընթերցումների շուրջ մեդիտացիաներից:

Աղոթողի, մեղավորի, միստիկ բանաստեղծի նպատակն է հասնել Հայրական տուն: Բազմաբարբառ, դեպի վեր հղված նորանոր Աղոթքները պարադոքսալ կերպով ձգտում են դեպի լռությունը, դեպի ներքին լուսավորումը, որպեսզի միստիկական խավարի մեջ ապրեն Աստծո ներկայությունը, ազատվեն իրենց հողանյութ ինքնությունից եւ հայտնագործեն իրենց իրական էությունը, հոգեւոր լուսո ապրումն իրենց մեջ:

Աղոթքը բարձրացնում է մեղսավորին հոգեւոր զարգացման աստիճաններով: Յուրաքանչյուր գլուխ առանձին եւ ամբողջական ստեղծագործություն է, բանական զոհաբերությունՙ սրտի խորքից ուղղված առ Աստված: Գրիգորն իր վրա է վերցնում ամբողջ մարդկության մեղքերըՙ նմանվելով Հիսուսին, որը գթալով մարդունՙ մարմնացավ եւ աղոթեց Հորը որպես մեղավոր:

Բանաստեղծը կարծես փոքր Հիսուս է. նա իր վրա է վերցրել մեղքերի բեռըՙ Ադամից մինչեւ մարդկության օրերի վերջը: Գրիգորի նպատակն է եղել ստեղծել հավերժական բաց տեքստ, որը կընդգրկեր մարդկության բոլոր մեղքերըՙ հուսալով, որ յուրաքանչյուրը կաղոթի իր գրքի բառերով, նրա հետ միասին, կստանա մեղքերի թողություն, կազատվի ֆիզիկական հիվանդություններից եւ կփրկվի հոգեւոր մահից:

«Մատեանը» թաքնված մտքերի անդադար բացահայտիչ է, անողոք դատավոր, որը հայտնաբերում է անտեսանելին, բայց միեւնույն ժամանակ փառաբանում է Արարչի գործը:

Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» հետ առաջին հանդիպումu տեղի է ունեցել դեռեւս անցյալ դարի 80-ականներին, երբ հայկական բանասիրություն էի սովորում Երեւանի պետական համալսարանում:

Լատվիացիներին այս հրաշակերտ գրական եւ հոգեւոր հուշարձանը ներկայացնելու գաղափարը կենդանի էր: Քաջալերվելով գործընկերներիս կողմիցՙ ես հանձն առա իրագործելու այս շատ բարդ, բայց եւ շատ հետաքրքրական աշխատանքը, եւ 2017 թվականին լույս տեսավ լատվերեն «Մատեանը» իմ թարգմանությամբ:

Թարգմանության տեսաբան, չեխ Իրժի Լեվին նշում է, որ գրական թարգմանիչը միաժամանակ տեքստը վերլուծող է, որի խնդիրն է ոչ միայն թարգմանել տեքստային ուղերձը, այլեւ, ըստ հնարավորին վերարտադրել բնագրի ոճըՙ պահպանելով տեքստիՙ որոշակի գեղագիտական գործառույթ ունեցող կառուցողական տարրերը:

Թարգմանիչը հաճախ ստիպված է փոխհատուցել բովանդակային եւ ձեւակազմական բնույթի կորուստները, որ անխուսափելիորեն առաջանում են թարգմանության ընթացքում`գիտակցաբար ընդգծելով հեղինակի ոճին հատուկ տարրերը, որոնք բնագրի համար բնականոն են:

Որպեսզի մեղսավորի անդադար բողոքը եւ Աստծոյ մեծարումը չլինեն մոնոտոն եւ որպեսզի բանաստեղծությունը սնուցի ընթերցողի երեւակայությունն ու միտքըՙ Նարեկացին իր վիթխարի բանաստեղծական տաղանդով կարողանում է բազմազանություն մտցնելՙ փոխելով շարահյուսական կառուցվածքները եւ տեքստի ռիթմիկան, օգտագործելով ալիտերացիաներ, ասոնանսներ եւ ներքին հանգեր, որոնք կազմում են ներդաշնակ հնչյունահյուսվածքՙ այս կերպ ընդգծելով իմաստի առումով կարեւորը: Հնչյունահյուսվածքը «Մատեանի» ձեւի եւ բովանդակության անբաժանելի մասն է:

Թարգմանչի համար ամենաբարդ խնդիրներից մեկը Գրիգոր Նարեկացու բառաստեղծական արվեստի արտահայտումն էՙ նորակազմ բառերի, հազվագյուտ բառերի գործածությունը:

Թարգմանելիս ես փորձել եմ վերարտադրել Նարեկացու ոճի այս կարգի առանձնահատկություններն այն դեպքերում, երբ իմ լատվերենը թույլ է տվել ստեղծել լատվերենի համար բնականոն համարժեք բառեր:

Սկսած անցյալ դարի իննսունականներից տարբեր պարբերականներում տպագրվել է տասներկու գլուխ «Մատեանից»ՙ իմ թարգմանությամբ, արժանանալով ընթերցողների ջերմ ընդունելությանը: Այս հանգամանքը վստահեցրեց ինձ, որ նպատակահարմար է լատվերեն թարգմանությունը հրատարակել առանձին գրքով: 2001-ից 2004-ը Լատվիայի Մշակութային հիմնադրամի ֆինանսական աջակցության շնորհիվ հնարավորություն ունեցա ավելի սիստեմատիկ կերպով զբաղվելու Գրիգոր Նարեկացու «Մատեան Ողբերգութեան» երկի թարգմանությամբ: Չորս տարվա ընթացքում պատրաստեցի գրքի արձակ թարգմանությունը եւ որոշ գլուխների բանաստեղծական թարգմանությունը:

Քանի որ թարգմանություններիս որակը տեքստի գաղափարական, լեզվական եւ ոճական բարդության պատճառով միատարր չէր, ի վերջո որոշեցի հրատարակել ընտրանի:

Ընթերցողին դարաշրջանի եւ հեղինակի մասին ավելի լայն պատկերացում կազմելու հնարավորություն ընձեռելու նպատակով հարկավոր էր գիրքը հագեցնել ներածական հոդվածներովՙ Նարեկյան դպրոցի գործունեության եւ գաղափարական ակունքների վերաբերյալ:

Առաջաբանի հեղինակը եղավ հայտնի նարեկացիագետ, լուսահոգի Հրաչյա Թամրազյանը , ով ներկայացրել է Նարեկացուն որպես հանճարեղ բանաստեղծի, հավերժ գոյացող տեքստի ստեղծողի, ունիվերսալ քարոզչի, որի լսարանը ողջ մարդկությունն է:

Քանի որ լատվիացի ընթերցողը ծանոթ չէ հայ մանրանկարչությանը, որոշվեց գիրքը պատկերազարդել հանրահայտ միջնադարյան մանրանկարներով: Գրքի պատկերազարդման համար օգտագործված են Մատենադարանի կողմից սիրով տրամադրված Գրիգոր Նարեկացու դիմանկարներ:

Կարծում եմ, որ այսպիսի համապարփակ, գունագեղ հրատարակությունն ունի ոչ միայն ճանաչողական, այլեւ գեղագիտական արժեք եւ հետաքրքրություն է ներկայացնում ընթերցողների ավելի լայն շրջանակների համար:

Ռիգա, 2017, հոկտեմբեր

* Հոդվածը գրվել է հայերեն:

Նկար 1. ՎԱԼԴԱ ՍԱԼՄԻՆՅԱ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 27-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ