RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 24-11-2017



Տեղադրվել է` 2017-11-23 21:01:55 (GMT +04:00)


Ընթերցված է` 6686, Տպվել է` 17, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

կամ ընթացք եւ վերելք

...Վահագն Գրիգորյանի «5-րդ փողոց» խորագրով գիրքը լույս տեսավ 1989 թվականին: Դա վիպակների ու պատմվածքների ժողովածու էր եւ բովանդակում էր հեղինակիՙ 1970-ական թվականներին գրված վիպակներն ու պատմվածքները, բացառությամբ վերջին գործիՙ «Օդատեսիլ» վերնագրով վիպակի, որ գրված է 1988 թվականին:

Այս գրքի գործողությունները կատարվում են հիմնականում մեզ ծանոթ ու ճանաչելի քաղաքի 5-րդ փողոցում:

Շատ նուրբ հումորով եւ ավելի նուրբ հեգնանքով, որոնց հմուտ վարպետն է Վահագն Գրիգորյանը, ակնարկելով նշանավոր Հինգերորդ ավընյուն, գործից գործ գրողը ստեղծում է իր Յոկնապատոֆը, իր Մակոնդոն, այն վերածելով մի մեծ եւ ամբողջական իրականությանՙ իր հերոսների բեկված ճակատագրերով, հոգեկան ցնցումներով, խոր ու ծանր ապրումների վերուվարությամբ, կենցաղային դրամաների խորապես մարդկային բովանդակությամբ:

Գրքում ընդգրկված գործերը, բացառությամբ թերեւս «Օդատեսիլ» վիպակի, հիմնականում ներկայացնում են մեր խաղաղ կյանքը, դրամաները կատարվում են ընտանիքների ներսում, ընդ որումՙ Վահագն Գրիգորյանը, որ սքանչելի պատմող է, ամենեւին էլ կյանքի ու իրականության պարզ նկարագրող չէ, մանավանդ որ իր հայացքը թափանցող է, խորապես իրատեսական ու քննական-վերլուծական:

«Օդատեսիլ» վիպակը, ասացի, գրված է 1988 թվականին, մեր իրականության ամենաճակատագրական ու շրջադարձային տարում: Այս գործով գրողը ուղղակի մխրճվում է մեր նոր իրականության մեջ: Վիպակը այլաբանորեն-այլասացությամբ ներկայացնում է մեր այդ չարաբաստիկ 1988 թվականըՙ մեր սեւեռուն գաղափարներով, մեր նայիվ պատրանքներով, մեր միրաժ-օդատեսիլներով...

1988-ով ավարտվում է մեր կյանքի խաղաղ ժամանակը: Փոխվում է իրականությունը: Մենք կորցրինք կյանքի մեր հստակ ըմբռնումներն ու պատկերացումները եւ հայտնվեցինք անհասկանալի իրականության առջեւ: Վրա հասան խռովահույզ ժամանակներ: Քիչ է ասելՙ խռովահույզ: Ավելինՙ տագնապալի, էլ ավելինՙ վտանգավոր ու սարսափելի, պատերազմական ժամանակներ, մութ, ցուրտ, անասելի զրկանքներ, անապահով, նվազագույն պայմաններից զուրկ կյանք...

Այո՛, բանաստեղծի խոսքով ասած` «մեր կյանքի հիմերն անդունդներն ընկան», մեր կյանքը լռեց, լռեց նաեւ գրողը... Շուրջ տասը տարի, մինչեւ 1998 թվականը նա ոչինչ չի գրում, ոչ մի տող: Համենայն դեպս, ոչինչ չի հրատարակում:

Երբ գրողը, իսկական գրողը ոչ մի տող չի գրում, ոչ մի տող չի հանձնում թղթին, չի նշանակում, թե նա իրոք չի գրում. նա չի գրում թղթին, բայց կյանքը, իրականությունը հոսում-լցվում է գրողի մեջ, հեղեղում է գրողի ներաշխարհը, փոխարկվելով գրական նյութի, գրականության, գրականությունը ապրում է գրողի մեջ, այն ուրեմն կա, մնում է հանձնել թղթին: Բերգմանն ասում էրՙ «Ֆիլմը վաղուց պատրաստ է, մնում է նկարահանել»: Կյանքի հանգամանքների պարտադրանքով Վիլնյուս տեղափոխված եւ այնտեղ հաստատված գրողը 1998 թվականին, տասը տարվա լռությունից հետո, գրում է «Լավոնաս» պատմվածքը: Սա գրողի ստեղծագործական կենսագրության մեջ շատ հատկանշական, ես կասեիՙ նույնիսկ խորհրդանշական գործ է: Այն իր հիմքում, անշուշտ, նաեւ ինքնակենսագրական բնույթ ունի: Պատմվածքի հերոսը, որ գրող մարդ է, կենսական հանգամանքների բերումով հայտնվել է օտար իրականության մեջ, օտար միջավայրում: Նրան տանջում է իր ծննդավայր-բնակավայր-հայրենիքից, իր սիրելի քաղաքից մի քանի հազար կիլոմետր հեռու լինելը: Հերոսը ողբերգություն է ապրում. նրան թվում է, թե կորցրել է իր մեծ հարստությունը` իր ապրած կյանքը, իր անցյալը: Նա մտովին անվերջ մղվում է դեպի իր երկիրը: Եվ թվում է, թե երբեք չի հասնելու: Մտածում է նույնիսկ ոտքով ճանապարհ ընկնելու եւ ոտքով հասնելու Երեւան, այնքան խիստ է օտարության զգացումը: Այս` ոտքով Հայաստան հասնելը լավ մտապահեք: Բայց դա ողբերգության կեսն է: Գրողը խոր ճգնաժամ է ապրում: Ոչ մի տող չի գրվում, ոչ մի տող չի կարող գրել: Նրան թվում է, թե ինքը արդեն սպառված-ավարտված հեղինակ է: Մի խոսքովՙ «օտար քաղաքի կոկիկ փողոցներում» իրեն բացարձակապես օտար զգացող գրողը խոր եւ ծանր ճգնաժամի մեջ է: Եվ որոշում է խառնվել ուրիշներին - ուրիշների պես գնալ մերձակա անտառը սունկ հավաքելու: Այս երկրում սունկ հավաքելու գնալը ազգային նկարագրի, բնավորության եւ հոգեբանության գիծ է, սունկ հավաքելըՙ սրբազան արարողություն: Եվ հյուսիսի անտառներին անծանոթ մարդը, իր մտքի ետեւից ընկած, ներքին տվայտանքներից ու տառապանքից բզկտված հոգով մտնում է անտառՙ «կյանքում ավելի լուրջ արժեք չգտած անբանի հրապուրանքը, իրականությունից փախչող ջայլամի սին ապաստանը: Ողորմելի սրիկա, չես կարողանում գրել, սունկ ես հավաքում»:

Անծանոթ անտառ մտնելը դառնում է փոխաբերություն: Գրողը, ի վերջո, ճանաչում է անտառը, սկսում է կողմնորոշվել նոր իրականության մեջ, կողմնորոշվում է նոր ժամանակների նոր իրականության մութ բավիղներում: Նրա մեջ արթնանում եւ խոսում է կարող եւ ասելիք ունեցող ինքնավստահ գրողըՙ «...ես դեռ կգրեմ, շատ կգրեմ ու լավ կգրեմ»:

Եվ գրողը իր խոր ճգնաժամից դուրս է գալիս շատ հնարամիտ ձեւովՙ նա պատմվածք է գրում ճգնաժամ ապրող գրողի մասին: Եվՙ լավ պատմվածք: Այդպես ժամանակին խոր ճգնաժամ ապրող Ֆելլինին ֆիլմ է նկարահանումՙ «Ութուկեսը», ճգնաժամ ապրող կինոբեմադրիչի մասին, ճգնաժամից դուրս գալով ա՛յդ ձեւով, ա՛յդ եղանակով:

Անհողմությունը ավարտվում է, անբերրի ժամանակը մնում է ետեւում: Մեկ տարի հետո, 1999 թվականին Վահագն Գրիգորյանը գրում է «Ես ձեր պահապան հրեշտակն եմ» վիպակը: Այս վիպակը խոսում էր նախորդ տասնամյակի մեր կյանքի ու իրականության նոր ու անհասկանալի կողմերի մասին: Գրողի խոսքը հնչում էր անկեղծ խոստովանության պես: Եվ հերոսիՙ վիպակի ծավալին հավասար ներքին մենախոսությունը նրան ազատում էր իր լռության տասնամյակի ամեն տեսակ կաշկանդումներից, տարակուսանքներից, ահերից եւ տագնապներից...

Վիպակը գրողին ազատում էր իր նախկին հոգեվիճակից եւ վերադարձնում բնականոն ստեղծագործական կյանքին: Եվ գրականությունը չի ուշանում: Տասը տարվա լռության կապանքները արձակվում են: Շատ շուտով, մի կարճ ժամանակում, ընդամենը մեկ տարում, 2001 թվականին իրար են հաջորդում «Թռչունի հոգին» վիպակը (հունվար-փետրվար), մի քանի ընտիր պատմվածքՙ «Ծուղակը» (մայիս), «Անմահը» (մայիս), «Ժամացույցը» (մայիս), «Կշեռքը» (մայիս), «Առաջնորդի կյանքն ու մահը» մեծածավալ վեպը (ապրիլ-դեկտեմբեր):

«Թռչունի հոգին» վիպակը այլաբանորեն շարունակում էր «Ես ձեր պահապան հրեշտակն եմ» վիպակի թեման, բուն ասելիքը, վիպակի հերոս Վաղինակը նախորդ վիպակի հերոս Ոմն Ոմնոյանի այլացումն է, նրա մի այլ փոխակերպումը: Պարոն Վաղինակը փախչում է այն իրականությունից, որը հրաշալի ճանաչել է Ոմն Ոմնոյանը: Դա յուրատեսակ փախուստ է, իրականության յուրատեսակ մերժում:

Իր մի շարք գործերում, ինչպես նաեւ այս երկու վիպակում, Վահագն Գրիգորյանը կիրառում է, այսպես ասած, կաֆկայական հնարք. իր երկերի սկզբում նա իր հերոսներին դնում է անհավանական, անիրական, գրեթե ֆանտաստիկ իրավիճակների մեջ եւ հենց դա էլ շարժման մեջ է դնում հետագա ողջ գործողությունը: Հետաքրքրական է, որ անհավանականը մնում է միայն գործի սկզբում, իբրեւ նախապայման, իբրեւ փաստի գրանցում, իբրեւ պարտադրվող պայմանականություն: Մնացյալ ամբողջ պատմությունըՙ սյուժեն, գործող անձինք, իրադարձություններն ու իրավիճակները, կյանքի ու առօրյայի մանրամասները զուտ իրական են եւ իբրեւ գեղարվեստական խոսքՙ ռեալիստական: «Թռչունի հոգին» վիպակի հերոսը` պարոն Վաղինակը, փախչում է տանիցՙ «խանութ գնալու եւ գալու արանքում», նա բարձրանում է իրենց շենքի տանիքը եւ հրաժարվում է իջնելուց: Պարոն Վաղինակը հրաժարվում է իր քաղքենի կնոջից, իր աշխատանքից, իր միջավայրից եւ փաստորեն առհասարակ նոր իրականությունից: Պարոն Վաղինակը թռչում է, տարիներ շարունակ թռել է, ամբողջ կյանքում ձգտել է ազատվել ճնշող ու սպանիչ առօրյայի կապանքներից, շղթաներից ու կաշկանդումներից, ջանացել է հաղթահարել ճահճային կյանքի ձգողականությունը: Շրջապատն ու միջավայրը ապրում են գաղջ ու տաքուկ կյանքի երանության մեջ, ոչ ոք ոչնչից չի դժգոհում. կյանքը հրաշալի է: Եվ միայն պարոն Վաղինակն է, որ հասկանում է իր (մեր) կյանքի ողջ ողբերգականությունը: Եվ վիպակում նրան հասկանում է, նրա ներաշխարհը թարգմանում է շենքի բնակիչներից մեկը միայն, գործազուրկ, իր գոյությունը պատահական աշխատանքով ապահովող, «ֆահլաբազարի» մշտական ներկայացուցիչ, գինեմոլ ու ալկոհոլի սիրահար մեկը` Վաղո-Վաղարշակը: Իրականում նա պարոն Վաղինակի հայելային արտացոլումն է, նրա կրկնակը իրական կյանքում, նրա կերպարը բացահայտող-պարզաբանող-արժեւորողը:

Պարոն Վաղինակի ընդվզումը նոր իրականության դեմ առաջին ընդվզումն է նոր ժամանակների մեր գրականության մեջ: Եվ իբրեւ այդպիսին, նա դառնում է մեր արդի իրականության ներքին էության թարգմանիչն ու բացահայտողը:

Այս երկու վիպակը սկիզբ են դնում գրական մի մեծ խոսքի, որն առաջիկայում դրվելու էր ընթերցողի սեղանինՙ մի քանի վեպի եւ վիպակների մի շարքի տեսքով:

***

Նույնՙ 2001 թվականին Վահագն Գրիգորյանը գրում է «Առաջնորդի կյանքն ու մահը» վեպը: Այս վեպը, որ սատիրական-երգիծական վեպ է, մեր կյանքի վերջին երկու-երեք տասնամյակի մասին է: Դա հայկական իրականության ամենաֆանտաստիկ, գրեթե անհավատալի կերպափոխության մասին է: 80-ականների մեր հերոսական ոգեշնչվածությունը, որ հասել էր հավաքական գիտակցության երազելի աստիճանին, շատ շուտով փոխարկվեց անհեթեթ տրագիկոմեդիայի, ծանր ու ճնշող դրամայի ու ավելի քան զավեշտական բալագանի: Ոչ ոք չիմացավ - ոչ ոք չհասկացավ, թե այդ ե՞րբ, ո՞ր պահին մեր ըղձալի իրականությունը վերածվեց մառ ու մռայլ մղձավանջի, մի այնպիսի անտիուտոպիայի, որի համեմատությամբ Զամյատինի կամ Օրուելի երկերը թվում են մանկական խաղ, նրանց երեւակայությունը` պարզապես գունատ եւ աղոտ երեւակայություն:

Խորհրդային Միության անկումից հետո Հայաստանում կուսակցությունները սկսեցին բուսնել սնկի պես: Դրանք փաստորեն ավազակային խմբավորումներ էին, զանազան տեսքով ու կերպարանքով, երբեմն նույնիսկ հեզ ու խոնարհ գառան մորթի առած, եւ հնարավոր բոլոր միջոցներով ձգտում էին հասնել գոնե մասնակի իշխանության: Այն, ինչ սկզբում թվում էր նվիրում երկրի ու հայրենիքի ճակատագրին, պարզվեց, որ իրականում անձնական շահի, շահամոլության, թալանի եւ կողոպուտի հնարավորության հասնելու գերագույն ձգտում էր:

Եվ այսպես կոչված հայ քաղաքական կյանքը զարմանալի փոխակերպություններ ունեցավ: Վահագն Գրիգորյանի վեպը այդ փոխակերպությունների պատմությունն էՙ գրված երգիծական-սատիրական փայլուն գրչով: Որ Վահագն Գրիգորյանը նուրբ հումորի եւ ավելի նուրբ, երբեմն նույնիսկ վիրտուոզ հեգնանքի վարպետ է, ընթերցողը գիտի գրողի նախկին ստեղծագործություններից: Այս վեպում Վահագն Գրիգորյանը ստեղծել է մոտ երկու տասնամյակի մեր քաղաքական ու սոցիալական կյանքի սատիրական փայլուն պատկերը:

Վահագն Գրիգորյանը դասական արձակի ավանդույթներով առաջնորդվող, դասական արձակի մտածողությանը եւ պոետիկային հավատարիմ գրող է: Եվ տրամաբանական է, որ այդպիսի գրողը պետք է կարողանա ստեղծել հետաքրքրական սյուժե, համոզիչ ու հյութեղ, հոգեբանորեն հիմնավորված ու պատճառաբանված նկարագիր ունեցող կերպարներ եւ կարողանա վարպետորեն ծավալել վեպի գործողությունները: Ի պատիվ Վահագն Գրիգորյանի, պետք է ասեմ, որ դա նրան լիովին հաջողվել է ոչ միայն այս վեպում, այլեւ իր նախորդ բոլոր գործերում:

Վեպում մեր այսպես կոչված կուսակցությունների պատմությունը հիշեցնում է իսպանական պիկարոյական վեպի սյուժեները, իսկ վեպի Առաջնորդըՙ Վասիլի Իվանովիչըՙ Վասակ Հովհաննեսի Չոփուրյանը, մեր այս դրամատիկական կյանքի նորօրյա Լասարիլյո Տորմեսցին է, միայն թե Լասարիլյոն գրագետ է խոսում, թուլամիտ ու մանկամիտ բաներ չի ասում. չի ասում, ասենք, ես շատ եմ սիրում ծնողներիս, մանավանդ հորս ու մորս:

Վասիլի Իվանովիչը ունի իր հայելային անդրադարձումը, իր թարգմանը, իր մեկնաբանըՙ վարորդ, թիկնապահ, քարտուղար, օգնական Պետյանՙ Պետրոսը, կուսակցության ապագա առաջնորդը: Վասիլի Իվանովիչի եւ Պետյայի կուսակցության գործունեությունը կարծեք Չապաեւի եւ Պետյայի շուրջ եղած անեկդոտային պատմությունների շարանի այլացումը լինի, բայց պատմված ցավի ու դառնության շեշտով: Այսօրվա հայ, այսպես կոչված քաղաքական կյանքի բոլոր շերտերը կան այս վեպում, այսպես կոչված կուսակցությունների ներքին կյանքի բոլոր մանրամասնությունները:

Վահագն Գրիգորյանը վեպը գրել էր 2001 թվականին, բայց կռահել էր հայ կուսակցությունների ապագա վիճակն ու այսպես կոչված գործունեության իսկական բնույթը. դրանք, այսպես կոչված կուսակցությունները ծառայում են ինչ-որ մարդկանց, ինչ-որ խմբավորումների շահերին եւ իրականում ոչ մի կապ չունեն ոչ երկրի հոգսերի ու խնդիրների, ոչ էլ ժողովրդի սոցիալական ու հանրային կյանքի ու վիճակի հետ:

***

Կարճ ժամանակ անց, 2003 թվականի ամռանը, եւ կարճ ժամանակումՙ հունիս-հուլիս ամիսներին, Վահագն Գրիգորյանը գրում է «Ոստանի վերջին ճանապարհորդությունը» վեպը: Գրողը անդրադառնում է ժամանակակից հայ կյանքի մեծագույն խնդիրներից մեկին: Հարկադրաբար Հայաստանից հեռանալը, արտագնա աշխատանքի մեկնելը եւ տարիներով, նույնիսկ տասնյակ տարիներով Հայաստանը լքելը եղել է եւ մնում է մեր կյանքի մեծագույն չարիքներից մեկը: Թերթային այս նախադասության ետեւում հազարավոր ճակատագրերի, եթե ոչ մի ամբողջ ժողովրդի խորունկ դրաման է պահված: Վեպի հիմնական նյութը դաժան նյութ է` հայի եւ իր հայրենիքիՙ Հայաստանի միջեւ եղած հարկադրական խզումը, անհայրենիք մնացած մարդու ողբերգությունը:

Վեպի գործողությունները սկիզբ են առնում հեռավոր մի տեղումՙ «Հայաստանից շատ ու շատ հյուսիս, որտեղ ամառները կարճ են ու անձրեւոտ, իսկ ձմեռներըՙ երկար ու ձյունառատ»: Եվ այդ հեռավոր երկրում աշխատելու, ապրուստի միջոցներ հայթայթելու մեկնած բազմաթիվ հայերից մեկը, որի անունը ոչ պատահականորեն Ոստան Ոստանյան է, մի օր կամ մի գիշեր հասնում է իր կյանքի մեծագույն իմաստնությանը, մարդը գիտակցում է, որ ինքը ոչինչ է առանց հայրենիքի եւ որ այլեւս չի կարող ապրել առանց հայրենիքի, առանց Հայաստանի: Որտեղից որտեղ Ոստանը իմանում էՙ լսել կամ կարդացել էր, որ Հունգարիայից մի շուն, հինգ երկրի սահման անցնելով, հասնում է Ֆրանսիաՙ իր երկիրը, իր տունը - իր բույնը: Եվ Ոստանը որոշում է թողնել ամեն ինչ եւ ոտքով ճանապարհ ընկնել դեպի Հայաստան` «Արա՛, կարո՞ղ է մի շան չափ չկանք»: Գրողը նորից դիմում է կաֆկայական հնարքիՙ երկի սկզբում դնում է անհավանական մի իրողություն եւ հետագա ողջ պատմությունն ու շարադրանքը տարվում է զուտ դասական-ռեալիստական պատումի սահմաններում: Ոչ ոք չի հավատում, թե նման բան հնարավոր է, եւ որ Ոստանը ընդունակ է նման քայլի: Մի օր էլ գործընկերները իմանում են, որ Ոստանը իրոք ոտքով ճանապարհ է ընկել դեպի Հայաստան: Հայաստանի ճամփորդը իր անցած վայրերից նամակներ է ուղարկում իր գործընկերներից մեկին, որն էլ պատմում է վեպը: Ոստանի գործընկեր-վիպողը դառնում է Ոստանի վարքի, բնավորության, գործողությունների եւ մանավանդ հոգեկան ցնցումների ու տառապանքի թարգմանն ու արտահայտիչը: Ինչպես որ «Թռչունի հոգին» վեպում Վաղո-Վաղարշակը դառնում է պարոն Վաղինակ-Վաղոյի հայելային արտացոլումը, նրա կրկնակը, նրա մատչելի եւ պարզ տեսակը, այնպես էլ այս վեպում վիպողը մեր առջեւ բացում է Ոստանի «անհասկանալի» գործողությունների բուն իմաստը: Ոստանի ճամփորդությունը իրոք անհասկանալի է. փոխանակ գնալու դեպի հարավ, դեպի Հայաստան, նա, ըստ իր նամակների, հասնում է Ուկրաինա եւ հետո շրջվում է դեպի արեւելք եւ հասնում է Կալմիկիա: Այստեղ էլ, խուլ ու անհայտ մի փոքրիկ, ուղղակի աննշան, «մեկ տասնյակի չափ կիսավեր ու դատարկ տներով այդ բնակավայրում», գթառատ ու կարեկից ծերունի մարդկանց աղքատ ու հին խրճիթում կնքում է իր մահկանացուն: Չմտնելով վեպի սյուժետային կառուցվածքի մանրամասների մեջ, որոնք ինքնին արժանի են առանձնակի ուշադրության, ամբողջ վեպը արժանի է գրականագիտական մանրամասն քննության. ուշադրություն դարձնենք վեպի հերոսի բուն դրամային. մարդը չի կարող ապրել առանց Հայաստանի, փաստորեն խելագարվում է օտար երկնքի տակ, բայց չի գալիս - չի հասնում Հայաստան: Ինչո՞ւ: Ողբերգությունն այն է, որ երկիրն ինքը չի սպասում իր հեռացած զավակներին, Հայաստանը չի սպասում Ոստանին: Ոստանի իդեալ Հայաստանը, Ոստանի հոգու անպատմելի խորքերում եղած Հայաստանը դժբախտաբար ներկա Հայաստանը չէ: Ինչո՞ւ է այդպես. դա բոլորովին այլ հարց է, բայց եղածը ողբերգություն է: Ոստանին վերջին ճանապարհ դրած իր գործընկերըՙ վեպը պատմողը, վերջին էջերում արդեն լիովին հասու է լինում Ոստանի ողբերգությանը եւ հասկանում է, որ դա նաեւ իր ողբերգությունն է, դա Հայաստանը հարկադրաբար եւ պարտադրաբար լքած բոլոր հայերի ողբերգությունն է: Եվ դա, իհարկե, նաեւ Հայաստանի ողբերգությունն է, երկրի, որն օրն օրի արնաքամ է լինում, օրն օրի կորցնում է իր զավակներին: Մուշեղ Իշխանի բանաստեղծությունը աստիճանաբար բացահայտում է Ոստանի ողբերգությունը եւ այդ բանաստեղծությունն է, որ օգնում է վիպողին թափանցելու Ոստանի հոգեբանության մեջ եւ հասկանալու Ոստանի վերջին ճանապարհորդության կարեւորությունը:

***

Խորհրդային Միության անկումից հետո Հայաստանը եւ հայ ժողովուրդը հայտնվեցին միանգամայն նոր եւ հայության համար շատ աննպաստ իրադրության մեջ: Բոլորովին նոր իրադրության մեջ հայտնվեցին նաեւ մեր ազգային մտածումներն ու հոգսերը, բռնազավթված Արեւմտյան Հայաստանի հանդեպ 1965 թվականից հետո մեզանում ձեւավորված վերաբերմունքը: Մոտենում էր Մեծ եղեռնի հարյուր տարին. ինչպիսի՞ն պետք է լինի այլեւս մեր վերաբերմունքը Մեծ եղեռնի, կորսված երկրի հանդեպ: Հետայսու մենք ի՞նչ պետք է անենք, ինչպե՞ս պետք է ապրենք, ինչպիսի՞ն պետք է լինի մեր կեցվածքը, մեր պահվածքը, մեր գործունեության կերպը: Մենք հիմա կարողանալո՞ւ ենք մեր անցյալը ճիշտ տեսնել հարյուրամյակի հեռավորությունից, կարո՞ղ ենք ինքներս մեզ տեսնել եվրոպական քաղաքական եւ սոցիալական կյանքի համապատկերի մեջ, թե՞ մնալու ենք խանական ճորտության եւ ստրկության ճիրաններում, կկարողանա՞նք իմաստավորել եւ արժեւորել վերջին հարյուրամյակի մեր ապրած կյանքը:

Գրողը ձեռնամուխ է լինում գրելու իր հերթական վեպը, որի նյութը եւ թեման լինելու էր Մեծ եղեռնը եւ որը կոչվելու էր «Ժամանակի գետը» : Վահագն Գրիգորյանը չի գնում տրորված ճանապարհով. Մեծ եղեռնի սարսափները, թուրքական վայրագություններն ու անմարդկային դաժանությունները գրանցվել, նկարագրվել ու պատկերվել են բազմիցս, տասնամյակներ շարունակ: Գրիգորյանը հանդուգն ու համարձակ մտահղացում է իրականացնում: Նա որոշում է պատկերել հայության երկու հատվածիՙ արեւմտահայության փրկված խլյակների եւ արեւելահայության կյանքի վերջին հարյուրամյակի պատմությունը հայոց Մեծ եղեռնի խորապատկերում: Իսկ այդ պատմությունը տարածուն է եւ իր մեջ ներառում է երկրներ, քաղաքներ, բնակավայրեր, տարբեր ռեժիմների, քաղաքակրթության տարբեր աստիճանների կյանք, տարբեր ժամանակներ ու իրադարձություններ եւ մեծաթիվ գործող անձինքՙ իրենց կյանքով ու ճակատագրերով, մի խոսքովՙ մի վիթխարի համապատկեր, հարուստ ու բարդ մի խճանկար, որի ամեն մի մանրամասնը խորհրդանշանական է, իմաստավոր եւ նպատակաուղղված:

Վահագն Գրիգորյանը պատմելու - հեղինակային խոսքի հետաքրքրական ձեւ է ընտրում. նա հեղինակային խոսքին միահյուսում է վավերագրերի հատվածներ, փաստական նյութեր, պատմական եւ քաղաքական իրողություններ, իրադարձություններ, իրական անձնավորությունների ներկայություն: Հերոսների կյանքը ծավալվում է իրական-պատմական եւ վիպական-հորինվածքային միջավայրում եւ տարածության մեջ:

Գրողը պատկերում է մի քանի սերնդի կյանք, վերապրողների կյանքի ուղին տարբեր երկրներում, արեւելահայերի անցած հարյուրամյա ճանապարհը, եւ մի ընդհանուր համապատկերի մեջ միահյուսվում են տասնյակ ու տասնյակ ճակատագրեր, բնավորություններ, կերպարներ, պատմական, քաղաքական, կենսական, հոգեբանական, մարդկային նուրբ եւ բարդ իրավիճակներ... Համարձակվում եմ պնդել,- եւ դա ինձՙ ընթերցողիս հաճելի զարմանք եւ անկեղծ հիացմունք է պատճառում,- ուրեմն, համարձակվում եմ պնդել, որ վեպում արտացոլված են հայկական երկթեւ կյանքի բոլոր կարեւորագույն հարցերը, խնդիրները, իրավիճակները: Վեպի պատումը մի հզոր հոսանք է, որ իր մեջ ներառում է հայկական կյանքի գրեթե բոլոր կողմերըՙ զարմանալի իմաստավոր մանրադեպերով ու մանրամասներով: Եվրոպացի գրողները,- սա դասագրքային գիտելիք է,- քսաներորդ դարի սկզբին գրում էին լայնածավալ, հանդարտ, ամազոնյան հոսանքի վեպ-պատումներ, որ կոչում էին «վեպ-գետ»: Եթե Վահագն Գրիգորյանը իր վեպը նույնիսկ չկոչեր «Ժամանակի գետը», միեւնույն է, գործը ընկալվում է իբրեւ կյանքի հորդահոս ու անհանդարտ հոսանք, իբրեւ «վեպ-գետ»: Վեպի մեծագույն արժանիքներից մեկը ընթացքն է հայկական կյանքի ողբերգական եւ դրամատիկական առանձին եղելությունների պատկերումից դեպի վերջին հարյուրամյակի հայկական կյանքի ներքին տրամաբանության բացահայտումը եւ փիլիսոփայական իմաստավորումը: Եղեռնի սարսափներն ու զարհուրանքները պատմող ու նկարագրող, թեկուզեւ վարպետորեն եւ իմացությամբ շարադրված բազմաթիվ գրքերից հետո, Վահագն Գրիգորյանի մոտեցումը նյութին ու թեմային միանգամայն ուշագրավ է ու ինքնօրինակ: Գրքի էջերում հայոց մեծ ողբերգության ալիքները հարյուրամյակ անց հասնում են մեր ժամանակները եւ անդրադարձ են գտնում գրքի հերոսների առօրյա կյանքում եւ ճակատագրերում: Վահագն Գրիգորյանը ստեղծել է մի բարդ եւ հարուստ հյուսվածք, որ ներկայացնում է վերջին հարյուրամյակի հայկական կյանքի ամբողջական համապատկերըՙ ժամանակային ու տարածական լայն ընդգրկումներով: Առանձնապես ուշագրավ են վեպի լեզուն, կերպարներ կերտելու գրողի հմտությունը, պատմությունը առաջ տանելու եւ վեպի բազմաթիվ ու բազմապիսի իրադարձությունները իրար բերելու եւ միահյուսելու վարպետությունը:

***

Մեր որեւէ այլ գրողի ստեղծագործության մեջ ժամանակակից կյանքը երբեք այնպիսի խորությամբ եւ մանրամասնությամբ չի արտահայտվել, որքան Վահագն Գրիգորյանի վերջին ստեղծագործություններում: Գրողը ուղղակի մխրճվում է հայկական արդի կյանքի խորքերըՙ հասնելով նրա անտեսանելի, ստորջրյա հոսանքներին: Գրողի հաջորդ վեպը, որ գրվել է 2008 թվականի դեկտեմբերից 2009 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում, կոչվում էր «Ազատ հայը» : Խորագիրը դառնորեն հեգնական է, նաեւ սատիրական ու երգիծական: Գրողը նորից մատը դնում է ամենացավոտ տեղի վրա: Հայերը ոչ միայն գնում են նախկին Խորհրդային Միության տարբեր վայրերը արտագնա աշխատանքի, այլեւ ամեն գնով ձգտում են հեռանալ Հայաստանից, հեռանալ դեպի Արեւմուտք, դեպի կուշտ ու կուռ ուտելու վայրերըՙ տո՛, ի՜նչ երկիր, ի՜նչ հայրենիք, ի՜նչ բան: Վեպը նրանցից մեկիՙ Հայկազուն Ազատյանի պատմությունն է: Ինչպես են Հայկազունի ծնողները կազմակերպում նրա ելքը Հայաստանից, ինչպես է նա հասնում եվրոպական հյուսիսային մի երկիր,- գրողն ասում է Եվրոլանդիա,- եւ ինչպիսի կյանք է սկսվում Հայկազունի համար: Հայկազուն Ազատյանի կերպարը կատարյալ եւ ամբողջական կերպար է: Հայաստանը լքած մարդկանց մեջ թերեւս դժվար է գտնել բնավորության մի գիծ, հոգեբանության մի երանգ, նկարագրի մի գույն, որ չլինի Հայկազուն Ազատյանի կերպարի մեջ: Նրա նկարագրում ամփոփված են հայության սինլքոր զավակների էության բոլոր գծերը: Հյութեղ եւ հրաշալի են նաեւ վեպի մյուս կերպարները:

Գրողը այնպիսի մանրամասնությամբ ու համոզչականությամբ է ներկայացնում օտար միջավայրը, այդ միջավայրն ընկած, լեզու չգիտցող եւ մասնագիտություն չունեցող հայի վիճակն ու կյանքը, որ կարելի է կարծել, թե ինքը անձամբ ապրել է այդ բոլորը: Հայկազուն Ազատյանին հաջողվում է հասնել նյութական ապահովության եւ, ի վերջո, դառնալ ունեւոր մարդ, բայց այդ ճանապարհին նա կորցնում է ոչ միայն այն ամենը, ինչ նրան կապում էր Հայաստանին, այլեւ մարդկային բարոյականության այն մնացուկները, որոնք այս կամ այն ձեւով պահպանվել էին նրա հոգեբանության մեջ կամ ենթագիտակցության մութ խորքերում: Ազատությունից խոսող, իբր թե ազատության ձգտող հայի վախճանը դա էՙ անտեր կենդանու պես պարարտանալ ապահով ու տաք ճահիճներում:

Ինչպես «Ոստանի վերջին ճանապարհորդությունը» վեպում, այնպես էլ այս վեպում Վահագն Գրիգորյանը, երեւի թե միայն իրեն հայտնի գաղտնիքով ու եղանակով, կարողանում է վիպական սյուժեին միահյուսել Հայաստանի մանր ու մեծ գրեթե բոլոր կարեւոր իրադարձությունները, փոփոխություններն ու անցուդարձը: Չմոռանանք, որ երկու վեպերի գործողություններն էլ կատարվում են Հայաստանից դուրս, Հայաստանից հեռու:

Զարմանալի բաներ են կատարվել եւ կատարվում Հայաստանի մարդկանց հետ, Հայկազուն Ազատյանը փախչում է Հայաստանիցՙ հայկական բանակում չծառայելու համար: Ի՞նչ է կատարվում, ինչպե՞ս բացատրել եղածը: Կար ժամանակ, երբ հայ պատանիներն ու երիտասարդները տանից փախչում էին, նույնիսկ հակառակ ծնողների կամքի, ծնողներից թաքուն, մթնով ու գիշերով, ոտքով եւ հնարավոր այլ եղանակներով հասնում էին պատերազմի դաշտՙ Հայաստանի համար կռվելու եւ, եթե պետք է, նաեւ զոհվելու, իսկ հիմա, խաղաղ ժամանակներում, հայ պատանիներն ու երիտասարդները, եւ մանավանդ նրանց ծնողները, ամեն ինչ անում են հայկական բանակում չծառայելու համար: Ինչպե՞ս եղավ, ովքե՞ր այդպիսին դարձրին Հայաստանի կյանքը:

Գրողը չի պատասխանում այս հարցերին, մանավանդ դա գրողի (եւ գրականության) խնդիրը չէ: Գրողը կերպար է ստեղծում, սյուժե է կառուցում եւ պատկերում է իրականությունը, գեղարվեստորեն վերարտադրում-վերստեղծում է այդ իրականությունըՙ ստեղծելով իր զուգահեռ իրականությունը, որը երբեմն, մանավանդ մեծատաղանդ գրողի պարագային, շատ ավելի իրական է, խորունկ եւ տարողունակ, քան իրական կյանքը: «Ազատ հայը» ստիպում է մտածել, ստիպում է գլուխն առնել ափերի մեջ եւ մտածել ոչ այնքան մեր այսօրվա, որքան մեր վաղվա մասին:

Գրքից գիրք գրողի երկերում հայ մարդու նկարագիրը աղարտվում է, երեւան են գալիս եւ ընդգծվում են նրա նկարագրի մերժելի ու բացասական գծերը, եւ դրա մեղավորը ամենեւին էլ գրողը չէ:

***

Գրողի վերջին գիրքը կոչվում է «Զարմանալի իրադարձություններ 5-րդ փողոցում» եւ բովանդակում է վեց վիպակՙ «Բույնը եւ նրա բնակիչը» , «Կարճատեւ կանգառ դրախտում» , «Դաքքայի վերջին հայը» , «Տողադարձի դպրոցը» , «Երկար գիշեր» եւ «Ակնթարթ» : Դրանցից առաջին հինգը թեեւ տարբեր են նյութով ու թեմայով, բայց ներքին բովանդակությամբ լրացնում են միմյանց, ամբողջացնելով արդի հայկական իրականության, հայկական կյանքի հանդեպ գրողի հայացքը:

«Դաքքայի վերջին հայը» վիպակը ես համարում եմ ժողովածուի բարձրակետը: Հայկական մեր էությունը ներկայացնելու առումով գրողի նուրբ հեգնանքը, սուր երգիծանքը եւ դառը սատիրան հանդես են գալիս փայլուն միասնության մեջ: Տխրության եւ դառը հուսահատության շեշտեր կան այս վիպակներում, բայց այդ շեշտերը դնում է ոչ թե գրողը, այլ հայկական արդի իրականությունը: Գրողը կենսական ճշմարտության գեղարվեստական արձանագրողն է միայն:

«Ակնթարթ» վիպակում տխրությունն ու թախիծը զուտ անձնական-անհատական երանգ են ստանումՙ գրական երկին տալով հուզիչ տխրության եւ նուրբ ու մեղմ թախծի քնարական շունչ:

Այս վերջին գիրքը, ըստ իս, նախորդ գրքերի հետ մի հոյակապ ամբողջություն է կազմում, եւ Վահագն Գրիգորյանի վերջին վեպերի եւ վիպակների այս հոյակապ շարժը առանց վարանելու եւ արդարացիորեն կարելի է անվանել «Հայկական կատակերգություն»:

***

Վերջին երկու տասնամյակում Վահագն Գրիգորյանը ստեղծել է բացառիկ ուժի եւ գեղեցկության արձակ: Գրողի լեզուն իսկական արձակի լեզու է եւ արժանի է հիացական վերաբերմունքի: Իր լեզվամտածողությունն իր գրականության մեծագույն յուրահատկությունն է: Եվ անկարելի է զանց առնել այնպիսի մի հանգամանք, ինչպիսին գրողի կապն է երկրի, Հայաստանի, մեր ժողովրդի կյանքի ու առօրյայի հետ: Լինելով եւ մնալով բարձր գեղարվեստականության սահմաններում, Վահագն Գրիգորյանը կարողացել է ստեղծել վերջին երկու-երեք տասնամյակների հայկական կյանքի եւ իրականության ճշմարտացի ու ամբողջական պատկերը: Մեր անկյալ ու անկումային կյանքի այս տխուր ժամանակներում մեծատաղանդ գրողի գրականությունը առանձնակի արժեք ու նշանակություն է ստանում: Այդ արձակը մեր ժողովրդի հարստությունն է, մեր հոգեւոր մշակույթի բարձրագույն դրսեւորումներից մեկը:

Սպասենք գրողի նոր վեպին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #44, 24-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ