RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 17-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 20:14:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 5025, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՊՈՂԻԿՏՈՍԻ» ԵՐԿՐՈՐԴ ԿՅԱՆՔԸ 24 ՏԱՐԻ ԱՆՑ

Նաիր ՅԱՆ

«Հայաստանում մութ է, ցուրտ, սով, իսկ հայերը «Պողիկտոս» են բեմադրում». գրել է արտասահմանյան մամուլը 1993-ին, երբ Հայաստանում մութ էր, ցուրտ, սով, իսկ հայերը «Պողիկտոս» էին բեմադրում: Դոնիցետտիի «Պողիկտոսը» 1993-ին երեւանյան բեմ է հանել ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Լեւոնյանը : Հայաստանում ու օեպրային թատրոնում հովհարային անջատումներ էին, բեմի տեխնիկական հնարավորություններըՙ սուղ. այդ պատճառով էլ «Պողիկտոսը» շատ քիչ խաղացվեց: Հետո եկան Տիգրան Լեւոնյանի եւ էլի մի շարք արտիստների համար ոչ բարենպաստ ժամանակներ, «Պողիկտոսը» դարձյալ հազվադեպ էր բեմ դուրս գալիս, սակայն 2001 թվականին քրիստոնեության ընդունման 1700ամյակի կապակցությամբ այն ներկայացվեց Զվարթնոց տաճարում. օտարազգի հյուրերի արձագանքը հպարտություն ներշնչող էր:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը պաշտոնավարման առաջին իսկ ամիսներին խոստացավ անդրադառնալ իտալացի կոմպոզիտոր Գաետանո Դոնիցետտիի «Պողիկտոս» երեք գործողությամբ օպերային:

Բեմադրական, ստեղծագործական աշխատանքները մոտ երկու տարի տեւեցին. «Պողիկտոսն» արդեն օպերային թատրոնի խաղացանկում է: Բեմադրող ռեժիսոր Տիգրան Լեւոնյանի ներկայացումը նույնությամբ վերականգնել է ռեժիսոր Ժաննա Թամիզյանը: Պրեմիերայից առաջ նա նկատեց. «Տիգրան Լեւոնյանն այնքան լավ է բեմադրել օպերան, որ որեւէ փոփոխության կարիք չկար: Այդ պատճառով էլ ես ուղղակի նույնությամբ վերաբեմադրել եմ այն: Դեկորացիաները, բարեբախտաբար, պահպանվել էին. մեզ մնում էր մի փոքր նորացնել, թարմացնել ու վերջ: Միայն զգեստներն ենք նորից կարել, բայց նախկին ներկայացման հագուստներին հար եւ նման: «Պողիկտոսը» դասական օպերա է իր ամբողջ բովանդակությամբ ու ձեւաչափով: Այդպիսն էլ պետք է պահպանել»:

Կոնստանտին Օրբելյանը եւս ոգեւորված էր օպերայի պրեմիերայով: «Պողիկտոսը» թատրոնի մշտական խաղացանկում կլինի, բայց ծանր դեկորների պատճառով հնարավոր չի լինի այն տարեկան 7-8 անգամից ավելի բեմ հանել:

«Պողիկտոսը» երեւանյան բեմում երկրորդ կյանք ստացավ: 24 տարի է անցել առաջին բեմադրությունից, վստահ եմ, որ հայ հանդիսատեսը նորից ոգեւորությամբ կընդունի այն, ինչպես 24 տարի առաջ: Օպերայի բեմադրությունը լուրջ աշխատանք ու ջանքեր է պահանջում. դասական գործ է ու հին ժամանակների շունչը, միջավայրը, կերպարները վերարտադրելը հեշտ չէ: Դոնիցետտիի երաժշտությունը երգելն էլ հեշտ չէ: Այդ է պատճառը, որ «Պողիկտոսն» աշխարհի շատ քիչ թատրոններ են բեմադրել: Վերջերս մի բեմում տեսա այս օպերայի մոդեռնիզացված տարբերակը, բայց, հավատացեք, տպավորիչ չէր: Այս օպերան, իմ կարծիքով, պետք է պահպանել դասականի կանոններով ու օրենքներով: Ի դեպ, օպերան մեծապես առնչվում է մեր անցյալին, քրիստոնեության ընդունման պատմությանը. վստահ եմ, որ նաեւ այդ պատճառով այն կհետաքրքրի մեր երաժշտասեր հանրությանը»,- ասաց Կոնստանտին Օրբելյանը:

Ինչպես առաջին բեմադրության ժամանակ, այս անգամ էլ Պաոլինայի դերում ՀՀ վաստակավոր արտիստուհի Անահիտ Մխիթարյանն է: Պողիկտոսի դերերգը վստահվել է Սարգիս Աղամալյանին :

«Պողիկտոսը» ստեղծվել է 1838 թվականին Նեապոլի «Սան-Կարլո» թատրոնի համար, սակայն կրոնական բովանդակության պատճառով այն արգելվել է: Երկու տարի անց Դոնիցետտին օպերան վերամշակել է ֆրանսիական բեմի համար: «Մարտիրոսներ» անվանումով այն բեմադրվել է 1840 թվականին , իսկ իտալական տարբերակի պրեմիերան եղել է 1848-ին Նեապոլի նույն թատրոնում, որտեղ 10 տարի առաջ այն արգելվել էր: «Պողիկտոսի» իտալերեն լիբրետտոյի հեղինակը Սալվատորե Կամմարանոն է: Նա բառերը գրել է Պիեր Կոռնելիի «Պողիկտոս» ողբերգության հիման վրա: Օպերայի սյուժեի հիմքում 3-րդ դարում Մալաթիա (Մելիտինե) քաղաքում ապրած ազգությամբ հայ Պողիկտոսի մահվան պատմությունն է: Չլսելով կնոջ աղերսանքներըՙ Պողիկտոսը քրիստոնեություն է ընդունումՙ ենթարկվելով հալածանքների. նա իր նոր հավատքի համար տանջամահ է լինում:

«Պողիկտոսի» պարտիտուրան Հայաստան է բերվել 1970-ականներին Վատիկանի գրադարանից Վազգեն առաջինի եւ Հռոմի պապի բանակցությունների շնորհիվ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 17-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ