RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 17-11-2017



ՀԱՆԴԻՊՈՒՄ

Տեղադրվել է` 2017-11-16 20:14:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 3634, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴԸ...

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Հայաստանը գերմանացի երաժշտի հայացքով

Հայաստանը աշխարհի 111-րդ երկիրն է, որտեղ այցելում է գերմանացի ճանապարհորդը: Թոմին հանդիպեցի Ազգային պատկերասրահի մուտքի մոտ, երբ նրանց խումբը նոր էր դուրս եկել Հայաստանի պատմության թանգարանից, եւ տպավորությունները թարմ էին: Զարմանալի հաղորդական մարդ թվաց նա ինձ, այն մարդկանցից, որոնց առաջին անգամ տեսնելիս տպավորություն ես ունենում, թե վաղուց ճանաչել ես, ինչպես ասում ենՙ բաց է աշխարհի առաջ: Թոմը երաժիշտ է, լուսանկարիչ, վավերագրող, ճամփորդ: Բոլոր երկրներում, որտեղ եղել է, ճամփորդական նոթեր է գրել այդ մասին, ստեղծել է ֆիլմեր, որսացել յուրաքանչյուր մշակույթի համար ամենաբնորոշն ու հատկանշականը այնպես անվրեպ, որ ֆիլմի 20-30 րոպեներից բավական ամբողջական պատկերացում կարելի է կազմել մի անծանոթ երկրի ու ժողովրդի մասին: Նրա ֆիլմերում խոսքեր չկան. բնության թե մարդկային յուրաքանչյուր շարժ, յուրաքանչյուր երեւույթ բացահայտվում է երաժշտության լեզվով:

Դժվար չէր կռահել, որ նրա բազմազան հետաքրքրությունների ու զբաղմունքների մեջ երաժշտությունն է հոգուն ամենից մոտ: Թոմը պատմում է այն երաժշտության մասին, որով զբաղվում է, իր մոտեցումների, կատարման տեխնիկայի, իր խմբիՙ մյուսներից ունեցած տարբերությունների մասին, պատմում է այնպիսի էնտուզիազմով, որ անհնար է չվարակվել ու չմտնել մինչ այդ քեզ անծանոթ աշխարհ: Իրենից եմ տեղեկանում, որ գերմանական էլեկտրոնային երաժշտությունը համարվում է այս ասպարեզում աշխարհում առաջիններից մեկըՙ սկսած անցած դարի առաջին կեսերի ավանգարդ կոմպոզիտորներ Կառլհայնց Շտոքհաուզենից, Օսկար Սալայից (Karlheinz Stockhausen, Oskar Sala), ապա 70-ականներին այս ժանրում հեղափոխություն արած հայտնի էլեկտրոնային երաժշտական խմբերՙ Kraftwerk, Neu!, Tangerine Dream-ից, կոմպոզիտոր Կլաուզ Շուլցից, մինչեւ էլեկտրոնային երաժշության ապագան որոշող ժամանակից կատարողներՙ Շիլլեր եւ Փոլ Կալգբրեններ:

Թոմը եւ իր խմբի երաժիշտները տարբերվում են մյուսներիցՙ տարբեր են մոտեցումները, ձայնագրման տեխնիկան, եղանակները: GLOBOTOM- ը գործիքներ չի օգտագործում, նվագում է iPad- ով: Սինթեզատորները ստեղծում են ոչ միայն նոր էլեկտրոնային հնչյուններ, նաեւ կրկնօրինակում է ավանդական գործիքները, իսկ iPad- ի հավելվածները կրկնօրինակում են ինչպես սինթեզատորների, այնպես էլ ակուստիկ գործիքների հնչյունները: GLOBOTOM- ի երաժշտությունը էլեկտրոնային, ժողովրդական, ռոք, ջազային, փոփ եւ անգամ դասական երաժշտության խառնուրդ է, բայց ամենը ստեղծվում է էլեկտրոնային եղանակով: Նա գերմանացի առաջին երաժիշտներից է եղել, որ CD-ներ եւ ներբեռնվող ալբոմներ է թողարկել, որոնք ստեղծվել են միայն iPad-ով: Ստեղծագործելիս եւ նվագելիս անհամեմատ ազատ է, որտեղ էլ լինիՙ բեմում, բնության մեջ, տանը կամ ճանապարհորդելիս կարող է դա անել, նաեւ ֆինանսապես մատչելի էՙ գնել iPad եւ հավելվածներ, շատ ավելի մատչելի է, քան այդ նույն երաժշտական գործիքները:

Աշխարհի երկրների կեսից ավելիում եղած մարդու համար թվում է ճամփորդելն է ամենահաճելին, ինչն այդպես էլ կա իհարկե, սակայն դա միաժամանակ իր աշխատանքի մի մասն էՙ հետագայում տպավորությունները նոթագրելու, հոդվածների վերածելու, ֆիլմեր ստեղծելու, որոնք նաեւ գովազդային նշանակություն են ունենում այդ երկրների համար: Սակայն երաժշտությունն է հանգստաբեր այն «հաբը», որը ներքին բավարարում է տալիս հոգուն: Երաժշտությունը նրա համար ապրուստի միջոց չէ, ոչ էլ բիզնեսի աղբյուր. համակիր մարդկանց խմբերի ներկայություն, ովքեր լսում եւ գնահատում են իր երաժշտությունը, ահա այն ամենը, ինչ անհրաժեշտ է նրան: «Սա այն երաժշտությունը չէ, որ կարելի է լսել առավոտյան սուրճ խմելիս. իմ երաժշտությունը կատարյալ է նրանց համար, ովքեր գալիս են երեկոյան հանգստանալու. այն ստեղծում է լավ տրամադրություն, թարմացնում եւ դրական էմոցիաներ է հաղորդում»:

Իմ հարցերից առաջինը բնականաբար Հայաստանին, հայաստանյան տպավորություններին էր վերաբերում: Եվ արձագանքը այսպիսին էր. «Հաճելի է լինել Արամ Խաչատրյանի երկրում, որի Առաջին սիմֆոնիան հայկական ավանդական երաժշտության եւ արեմտյան կոմպոզիցիաների հրաշալի համադրում է: Ափսոսում եմ, որ դուդուկի ձայնագրություններ չկարողացա անել, սակայն եկեղեցական երաժշտության ձայնագրություններ արել եմ, նաեւՙ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի»-ն: Սրանք այն մասունքներն են, որ հետագայում, տուն վերադարձին, օգնելու են նրան ավելի լավ բացահայտել մեր երկիրն ու մշակույթը:

«Ես ճամփորդում եմ աշխարհով մեկ, ձայնագրում եմ կենդանի երաժշտություն փողոցներում, թանգարաններում, իմ երաժշտությունը խառնում եմ օրիգինալ այդ ձայներին, այս եղանակով տարբեր ժողովուրդների ավանդական երաժշտությունը, էթնիկ մշակույթը համակցում եմ եվրոպական մոդեռնի հետ: Հնդկաստանում, օրինակ, տաճարում ձայնագրեցի իրենց վարպետների կենդանի կատարումըՙ Հարե Կրիշնա-ն, դրանք հետո փոխադրեցի սինթեզատորի վրա: Գնացի երաժշտական խանութ, խնդրեցի տալ սիթար, նրանք ցույց տվեցին ինչպես սիթար նվագել, մի քանի նոտաներ ձայնագրեցի, որոնք հետագայում իմ կողմից ստացան տարբեր մեկնաբանություն: Գործիքի վրա չեմ նվագում, իմ երաժշտությունը ամբողջությամբ արվում է iPad-ով :

Այսօր ես Հայաստանում եմ. Գառնիի մուտքի մոտ երեք մարդ կանգնած երգում էին, ես ձայնագրեցի նրանց: Երբ վերադառնամ տուն, կուսումնասիրեմ, թե հարմոնիկ ինչպիսի համակարգ է դա, ի՞նչ նոտաներ են, հետո դրանք կնվագեմ սինթեզատորի վրա, ամբողջը չեմ վերցնի, մի կարճ մաս միայն, օգտագործելով այդ նյութըՙ կստեղծեմ նոր երգ: Դա կլինի այն նվերը, որն ինձ կհիշեցնի Հայաստանը, որով ես կփոխանցեմ ոգին հայ ժողովրդի, որ զգացի այս օրերին, եւ նրա հարուստ մշակույթը: Այսպես է ամենուր, ես վերցնում եմ օտար մշակույթը, խառնում գերմանականի հետ եւ վերադարձնում: Եթե նայես իմ ֆիլմերը, կտեսնես, թե ինչպես են տարբեր երկրների մշակույթներ դիպչում իմ հոգուն ու ձեռքերին եւ վերադարձվում: Սա երաժշտություն ստեղծելու իմ ոճն է, որն իհարկե մեկ մասն է իմ ստեղծագործության»:

Հրաշալի պատմող է Թոմը, խոսքի ջերմությունը ներքին տպավորությունների փոխանցման անմիջականությունից է, վարակիչ ու տրամադրող: Մի քանի օրից մեկնելու էր Վրաստան, գիտեր, որ տեսնելու է Թիֆլիսի հին, պատմական մասը եւ նորն իհարկե: Երեւանը դա չունի, մենք անխոհեմաբար վերացրինք այդ դեմքը, տիրապետողը սովետական ճարտարապետությունն է եւ մոդեռնի մի քանի կտոր: Փոխարենը անչափ տպավորված է Գառնիից ու Գեղարդից, բնության գույներից, աշնանային փափկությունից, դեղին խոտածածկերից ու բլուրներից, «Դու լսում ես երաժշտություն, որ գալիս է բնությունից, հայացքիդ առաջ փռված գեղեցկություններից, լանդշաֆտի ալիքվող ձեւերից ու փոփոխվող գույներից. Դա ներդաշնակվում, շարունակվում է Գեղարդում, որ միանգամայն տարբերՙ ժայռակոփ հրաշալի եկեղեցի էՙ ոչ մի նկար պատերին, ոչ մի նկարչություն, մաքուր սեւ քարեր, դրսից թափանցող թույլ լուսավորությամբ...»:

Այն ինչ դաջվել էր հայկական բնաշխարհից, մեր մշակույթից ու մարդկանցից, Գերմանիա վերադառնալուց կարճ ժամանակ անց վերածվեց ֆիլմի. Երեւանը, Գառնին, Գեղարդը, Նորավանքը, Զվարթնոցը, Էջմիածինը, Սեւանը, Հաղպատը, նաեւ Հայաստանի վերջին կանգառըՙ Ալավերդին, ցավոքՙ կիսավերակի տխուր տպավորությամբ, էկրանին «խոսում» են երաժշտության միջոցով: Հայաստանյան պատկերների շարքում է նաեւ «Ազգ» թերթը: Տիրապետողը հոգեւորն էՙ եկեղեցական ճարտարապետությունը, հնչում է եկեղեցական երաժշտություն: «Հին մշակույթ է հայկականը, քրիստոնեությունը խորը արմատներ ունի երկրում, եկեղեցին մեծ դեր եւ ազդեցություն ունի մշակույթի վրա: Հայկական մշակույթը բացահայտելը բավական դժվար էՙ մյուս ժողովուրդների համեմատությամբ: Ցավում եմ, որ հայկական ժամանակակից էլեկտրոնային երաժշտության օրինակներ չգտա: Հիացած եմ Մատենադարանով... »:

Երկրների այս բազմազանության մեջ հետաքրքիր էր, թե ինչ նախապատվության ունի հեղինակը: Բնության անկրկնելի գեղեցկությամբ նա հիշատակում է Անտարկտիկան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Հավային, Մալդիվները, ԱՄՆ-ի բնիկների մշակույթըՙ երգեցողության, Հնդկաստանի ձայնային ու երաժշտական ձեւերի հարուստ բազմազանությունը:

Իսկ ինձՙ այն մի քանի ֆիլմերից, որ հասցրեցի դիտել, տպավորել է Պանաման. այստեղ նավարկելի ջրերն այնպիսի հանդարտությամբ են հոսում, ասես մտածում են, ազդեցիկ էր արաբական մթնոլորտը. անապատներիՙ անվերջանալի թվացող դեղնի մեջ հոսող միստիկական մեղեդին, իսկ երանելինՙ կանաչի մեջ ընկղմված ավստրիական գյուղական գողտրիկ մի բնակավայր էր, որտեղ հնաոճ իրերի էկզոտիկ միջավայրում հանգստի իր օրերն է սիրում վայելել այս զարմանալի հետաքրքրասեր մարդը, էնտուզիաստն ու որոնողը:

Globotom-ի ֆեյսբուքյան էջում արդեն կարելի է տեսնել Հայաստանը ներկայացնող տեսաֆիլմ եւ գրավիչ կլիպՙ հայկական մեղեդիների վրա կառուցված, իրեն բնորոշ խառը ոճի ռիթմիկ երաժշտությամբ: Խմբի մասին կարելի է տեղեկանալ ֆեյսբուքյան էջում, ձայնագրությունները (EGOSOUND, URLAUB, BRICOLAGE, CHILLDESCHE) հասանելի են Youtube-ում, պատվիրել կարելի է նաեւ Amazon-ում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 17-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ