ԼԻԼԻ ԽԱՐԱԶՈՎԱՆՙ ԲՈՐԻՍ ՊԱՍՏԵՌՆԱԿԻ ՀԱՐԱԶԱՏ ՀՈԳԻՆ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Բորիս Պաստեռնակի գրական ժառանգությանը քաջատեղյակ ընթերցողին հայտնի է նրա «Լիլի Խարազովա» փոքր հոդվածը (1928)ՙ գրված հավանաբար Լիլի (Ելենա) Խարազովայի (1903-1927) բանաստեղծական ժողովածուի հետմահու հրատարակության առթիվ: Ո՞վ է եղել այդ հայանուն կինը, որին ռուս մեծ գրողն առանձին հոդված է նվիրել... Նախ ներկայացնենք այդ հոդվածըՙ մեր թարգմանությամբ (որոշ կրճատումներով). «Առաջին անգամ ես տեսա Լիլի Խարազովային 1926 թվականի գարնանը եւ իր բանաստեղծություններից, իսկ ավելի շատՙ պոեզիայի վերաբերյալ իր անկատար պատկերացումներից գուշակեցի, որ արվեստը նրա ճակատագրում միայն դիպված է եւ որ լինելով անդիմադրելի հմայիչ, շռայլորեն օժտված եւ խորապես դժբախտՙ նա մնացել է ազատ եւ արվեստի ստրուկը չի դարձել: Նրա կյանքի վեպը, որը նա պատմեց այն ժամանակ, ամեն ինչ բացատրեց ինձ: Այդ սարսափելի վեպը վերապատմելն անհնար է, քանի որ դրան մաս կազմող մարդիկ ողջ են, իսկ մեղադրողըՙ ոչ : 1918-ին, տասնհինգ տարեկանում, նա ստիպված եղավ միանգամից, գրեթե սեղանից վեր կենալուց անմիջապես հետո հեռանալ Շվեյցարիայից, որտեղ նա ծնվել եւ մեծացել էրՙ դաստիարակվելով Ցյուրիխի լավագույն պանսիոններից մեկում այնպիսի միջոցներով, որոնցով ամերիկյան միլիարդատերերի դուստրերի շրջապատում կարող էին չհետաքրքրվել, եւ միայնակ, առանց հարազատների, կյանքում ոչ մի բառ լսած չլինելով ռուսերեն, տեղափոխվեց Ռուսաստանՙ քաղաքացիական պատերազմի, կործանման, սովի եւ տիֆի ժամանակ, այսինքնՙ եկավ մի աշխարհ, որը չեզոք երկրում դաստիարակված աղջկա համար ավելի անսպասելի էր, քան ժողովուրդների գաղթը, հայտնվեց մի կյանքի մեջ, որտեղից մինչեւ վերջին պտուտակը հանել էին հին պետությունը, բարոյական խտությունից զրկված տարտամ օդի մեջ, որը հազար վերստ շառավղով սուլում էր չկայացած սովորությունների դատարկության մեջ, մի շարք քաղաքներումՙ ամբողջ կարգուսարքով սառածՙ անանցանելի անտառների մեջ եւ մեռնողՙ հողի վրա, որը հանձնված էր ողջ հողագործ հասարակությանը, այլ կերպ ասածՙ հայտնվեց մի իրականության մեջ, որը թվում էր ծանր մի երազ, որը հազիվ արթնացածՙ կմոռացվի: Այստեղ նա ընկել էր մի միջավայր, որը երբեք ոչ մեկի չի տվել ոչինչՙ խառնաշփոթից ու վշտից բացի, որտեղ տասնյոթ տարեկանում մայրանալով, ականատես լինելով տարբեր բարքերի եւ դիմակայելով անվերջանալի վիրավորանքների ու տանջանքներիՙ կյանքի մասին կազմել էր այնպիսի հասկացություններ, որոնց պատճառով ցանկացած ուրախություն, որ նրան այդուհետ վիճակվելու էր, նրա համար անշրջելիորեն վերածվելու էր դժբախտության: Լիլին..... քսաներկու տարեկան էր, երբ ինձ ծանոթացրին նրա հետ: Չնայած փորձություններինՙ նրա մեջ դեռ ապրում էր այն չարաճճի-երազող, երկչոտ-հանդուգն երեխան, որպիսին նա, հավանաբար, եղել էր, երբ իր հայրենիքում տարվել էր Մոիսսիով ( գերմանա-ավստրիական դերասան Ալեքսանդր Մոիսսի - Ա. Բ.) եւ ընկերություն արել Վիլլի Ֆեռերոյի (իտալացի հրաշամանուկ դիրիժոր - Ա. Բ.) հետ եւ որպիսին, հավանաբար, մնացել էր, երբ մեկ տարի անց, աշխարհի մյուս ծայրին, բոլորի կողմից նորից լքված եւ բոլորից կտրված, ծնել էր իր որդուն օտար, պաշարված քաղաքումՙ հրետանային ռմբակոծության տակ : Նրա գոյությունն ինձ թվաց անձեռնմխելի, բոլոր ճամփաները նրա առաջ բաց էին, ամենից հեշտ կարելի էր ենթադրել, որ արվեստը երբեւիցե կգրավի նրան լրջորեն ու կդառնա նրա իրական կոչումը: Առավել եւս ցավալի էր տեսնել, որ դա այդպես չէ եւ որ նրա ուժերը խաթարված են, եթե ոչՙ վերջնականապես սպառված: Միայն մեկ միջոց կար նրան շտկելու եւ նույնիսկ երջանկացնելու, բայց ուրիշ պատճառներով այն անիրագործելի էր: Նրան պետք էր (եւ դեռ ուշ չէր) հետ ուղարկել Շվեյցարիա: Այս միջոցառման անհրաժեշտությանՙ առանց այդ էլ ակնհայտ լինելը հատկապես համոզում էր Լիլիի տարօրինակ ցրվածությունը, որն ուղեկցում էր նրա բոլոր շարժումներին: Դա կիսով չափ բացակա մարդու վիճակ էր, որն ինչ-որ տեղ ինչ-որ կարեւոր բան էր մոռացել եւ ապրում էր այդ անհայտության ճնշման ներքո: Պարզ էր դառնում, որ այդ անսպասելի բացթողումը նրա հետ տեղի էր ունեցել տանըՙ Ցյուրիխում, որտեղ, ութ տարի առաջ, պարտադրված դրամահավաքի աճապարանքի մեջ, նա սխալմամբ աչքաթող էր արել իր առողջությունը, եւ բավական էր, որ նա նորից հայտնվեր այնտեղ, եւ առողջությունն անմիջապես կվերադառնար, ինչպես հիշողությունըՙ խոր ուշաթափությունից հետո: Ցավոք սրտի, ինչպես ես արդեն ասացի, դա հնարավոր չեղավ անել, եւ, դուրս չգալով այդ կիսով չափ շղթայված վիճակից, որը նրան չէր խանգարում ապրել ու շարժվել եւ կողքից տեսանելի չէրՙ անցյալ տարվա աշնանը նա մահացավ տիֆիցՙ այդպես էլ չտեսնելով իր իրական կյանքի շարունակությունն իր նախնական բնագրով, որը մի օր փոխել էին նրան խորթ եւ անտանելիորեն հորինված տարբերակով, որն էլ սպանեց նրան: Ամեն մի հանկարծակիորեն ընդհատված կյանք հարուցում է ծանր կորստի զգացում: Հատկապես դժվար է հաշտվել դրա հետ, քանի որ այն անարդար է եւ հսկայական»: (տե՛ս Б.Пастернак, Лили Харазова, Полное собрание сочинений в 11 т., Москва, Слово, 2004, т. V, էջ 32): Պաստեռնակը չի նշել, թե ինչու է դեռատի աղջիկը ստիպված եղել թողնել ապահով Շվեյցարիան ու մեկնել թոհուբոհի մեջ գտնվող Ռուսաստանը: Լիլին իրականում 1918-ին մեկնել է հոր հետքերով, որը չորս տարի առաջ վերադարձել էր իր ծննդավայր Վրաստան: Լիլին եղել է Սուխումում, Դոնի Ռոստովում, իսկ 1922-ին հաստատվել է Մոսկվայում: Գերմանալեզու ամսագրերում տպագրել է բանաստեղծություններ եւ ռուս պոեզիայից կատարած թարգմանություններ: Դարձել է Բանաստեղծների համառուսական միության անդամ: 1928-ին Բեռլինում հետմահու լույս է տեսել նրա գերմաներեն բանաստեղծությունների ժողովածունՙ Մարիա Վիսս ծածկանունով: Պրպտումները բացահայտեցին նաեւ, որ աղջկա հայրըՙ Թիֆլիսում ծնված Գեորգի Արտեմի Խարազովը (Գեւորգ Հարությունի Խարազյան, 1877-1931), եղել է բավական նշանակալից դեմք: Նա տնտեսագետ էր, մաթեմատիկոս, հոգեբան եւ բանաստեղծ, ռուս իրականության մեջ առաջին ֆրոյդիստներից մեկը, որի դերը ռուսական գիտության մեջ երկար ժամանակ մնացել է անտեսված: Խարազովը միջնակարգ կրթությունն ստացել է Թիֆլիսում եւ Օդեսայում, մաթեմատիկա է ուսանել Հայդելբերգի (Գերմանիա) համալսարանում: 1902-ին նրա հրատարակած դոկտորական ատենախոսությունը գրավել է մաթեմատիկոսների ուշադրությունը: 1907-1908 թթ. աշխատել է Ցյուրիխի, իսկ 1909-1912 թթ.ՙ Լոզանի համալսարաններումՙ խորանալով տնտեսագիտության մեջ, գրելով քաղաքատնտեսական աշխատություններ, ապարդյուն փորձել իր գաղափարները հաղորդակից դարձնել գերմանացի տնտեսագետ Կառլ Կաուտսկիին եւ ավստրիացի քաղաքական գործիչ Օտտո Բաուերին: Վերադառնալով Թիֆլիսՙ դարձել է գրական-բանաստեղծական շարժման մասնակից, աշխատակցել «Ars» ռուսերեն պարբերականին, փորձել կազմակերպել սեփական «Բանաստեղծության ակադեմիան»: Նրա տնտեսագիտական ժառանգությունն ամփոփված է երկու գերմաներեն հատորում (ստորագրված Գեորգ ֆոն Խարազով` von Charasoff)ՙ «Կառլ Մարքսը մարդկային եւ դրամատիրական տնտեսության մասին: Նրա ուսմունքի նոր շարադրանքը» (1909) եւ «Մարքսիզմի համակարգը. ներկայացում եւ քննադատություն» (1910): Իր «Տեսական մեխանիկայի սկիզբը» աշխատությամբ (1923) Խարազովը հիմք է դրել Էյնշտեյնի հարաբերականության տեսության շուրջ բանավեճերին ԽՍՀՄ-ում: Նրանից պահպանվել են նաեւ Կաուտսկիին ուղղված երեք նամակ, հոդվածներ, որոնցում առաջինն է ռուսերենով անդրադարձել Ֆրոյդին, ինչպես նաեւ ռուսերեն բանաստեղծություններ, որոնցից մեկում հիշել է Լելայինՙ դստերը... Հետաքրքրական է, որ Պաստեռնակը Մարինա Ցվետաեւային գրած մի նամակում Գեորգ Խարազովին բնորոշել է որպես «տաղանդավոր սրիկա, միստիկ անարխիստներից եւ միջակ որակի հանճարներից, մաթեմատիկոս, բանաստեղծ, ինչ ուզում ես»: Գեորգի Խարազովը մահացել է 1931-ին, Զապորոժյեից ոչ հեռու գտնվող Կիչկասում: Հայտնի չէ, թե ինչպես է ընթացել նրա կնոջՙ Մարիայի (հավանաբարՙ շվեյցարուհի կամ գերմանուհի) եւ երեք որդիներիՙ Արթուրի, Սերգեյի եւ Ալեքսանդրի կյանքը (հայտնի է, որ վերջինս նույնպես տեղափոխվել է Ռուսաստան, որտեղ 1937-ին դարձել է ստալինյան բռնաճնշումների զոհ): Պաստեռնակի մասնագետները գտնում են, որ Լիլի Խարազովան բանաստեղծի համար շատ բան է նշանակել, «նա եղել է ամենազարմանալի կնոջ ճակատագրերից նույնիսկ այն ժամանակվա հորձապտույտում», որ գրողը Խարազովային համարել է գեղեցկուհի, ոգեհմա, սակայն բարձր չի գնահատել նրա բանաստեղծություններըՙ չհավանելով դրանցում առկա կամայականությունը, երազային պատկերները, Լոտրեամոնի ոճի սյուրռեալիզմը, որի պատճառը ոչ թե գրական մոդային հետեւելն էր, այլ այն կիսաքնատ, կիսախելագար վիճակը, որի մեջ եղել է Լիլինՙ ընդմիշտ ցնորված Ռուսաստանով, հեղաշրջմամբ ու սեփական անձնական ողբերգությամբ: Նրա կենսագրության մեջ «բանաստեղծը տեսել է սեփական ճակատագրի հավանական եւ վիրավորական տարբերակը.... Պաստեռնակի հետ Լիլի Խարազովան ծանոթացել է 1926-ի գարնանը, բանաստեղծին նվիրված երեկույթինՙ իրեն զգալով նրա հետ հարազատ հոգի եւ ձգվելով դեպի այդ հարազատությունը: Պաստեռնակը փորձել է փրկել Խարազովային, բայց փաստորեն չի հասցրել. շրջապատը հենց խրախուսում էր խելագարությունը»... |