RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#041, 2017-11-03 > #042, 2017-11-10 > #043, 2017-11-17 > #044, 2017-11-24 > #045, 2017-12-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 17-11-2017



Տեղադրվել է` 2017-11-16 20:14:03 (GMT +04:00)


Ընթերցված է` 3219, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԹՄՄ-Ի 70-ԱՄՅԱԿԸ ԿՆՇՎԻ ՄԵԾ ՇՈՒՔՈՎ

Հ. Ծ.

Օրինակելի որեւէ կազմակերպության հոբելյանը հիշարժան տարեթիվ է, բայց երբ այդ կազմակերպությունը կրում է նաեւ մեր մշակութային հարստության կուռքը դարձած մի բանաստեղծի անունը, ապա հոբելյանական նշումը պետք է կատարվի կրկնակի մեծ շուքով: Այսպես է խորհրդածում ճանաչված լրագրող Ֆլորենս Ավագյանը Նյու Յորքից, անդրադառնալով Թեքեյան Մշակութային Միության փառավոր 70-ամյակին, որ նշվելու է վաղը նոյեմբերի 18-ին Նյու Ջերսիի «Բիաջիո Տերասում», Հայ եկեղեցու արեւելյան թեմի առաջնորդ Խաժակ արք. Պարսամյանի հովանու ներքո:

Պլատինե հոբելյանն իր մեջ ներառելու է կոկտեյլի հյուրասիրություն, լուռ աճուրդ արժեքավոր իրերի (զարդեղեն, գորգեր, էլեկտրոնային ապրանքներ), ճաշկերույթ, պար եւ կենդանի երգեցողություն:

Ճաշկերույթի գլխավոր բանախոսներն են լինելու ԹՄՄի եւ ՌԱԿ-ի երկու ղեկավար գործիչներ Երվանդ Ազատյանն ու Հակոբ Գասարճյանը, ով երկու անգամ ընտրվել է լիբանանյան խորհրդարանի պատգամավոր: Հանդիսությունը վարելու է Թեքեյանի գործադիր կոմիտեի անդամ Հելեն Միսքի (Խուրշուդյան) որդիՙ Ջերրի Միսքը, մասնագիտությամբ իրավաբան, ով 41 երկար տարիներ մասնակցել է ՀԲԸՄ-ի «Քեմփ Նուբար» ճամբարային միջոցառումներին որպես խորհրդատու եւ հանձնախմբի նախագահ: Նա վերջերս է միացել ԹՄՄ-ինՙ ցանկանալով երաժշտությամբ, արվեստներով եւ գրականությամբ հարստացնել երիտասարդ սերունդը:

Միջոցառման պատվավոր հյուրերն են լինելու ԹՄՄ-ի երկարամյա նվիրյալներ, բարերար հովանավորներ Արտեմիս եւ Նազար Նազարյանները: Արտեմիսը ծնված Հալեպում (Սիրիա), երկուսուկես տարեկանում է ընտանիքի հետ տեղափոխվել Մ. Նահանգներ եւ հաստատվել Բոստոնում: ՌԱԿ-ի կառույցներում է նա հայերեն կարդալ ու գրել սովորել: Ընտանիքում հինգ հոգեւորական է եղել, որոնցից ամենանշանավորը Երուսաղեմի նախկին պատրիարք Տիրան արք. Ներսոյանն է:

Ամուսինըՙ Նազարը ծնվել է Բեյրութում: Երկար տարիներ ծառայել է ՀԲԸՄիությանը: Հայտնի է բազմաթիվ բարեգործություններով:

ԹՄՄ-ն հիմնադրվել է 1947-ին նպատակ ունենալով պահպանել ու զարգացնել հայ մշակույթն ու գրականությունը սփյուռքում եւ ամրապնդել կրթական ու մշակութային կապերը հայրենիքի հետ, անկախ քաղաքական եւ գաղափարական հայացքների տարբերություններից: Անվանվել է Ցեղասպանությունից ճողոպրած արեւմտահայ մեծագույն բանաստեղծ Վահան Թեքեյանի անունով: Այսօր ԹՄՄ-ն ակտիվ գործունեություն է ծավալում աշխարհի 16 երկրներում, ներառյալ Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաներում, Եվրոպայում, Մերձավոր Արեւելքում եւ Հայաստանում: Գործունեության ոլորտները բազմազան են. թատերական ներկայացումներ, գրքերի հրատարակություն, ցուցահանդեսների կազմակերպում, դպրոցների հովանավորություն, գիտաժողովների անցկացում եւ հատուկ մրցանակների շնորհում:

ԹՄՄ-ի մեծն Նյու Յորքի հանձնախմբի անդամներ են Հակոբ Վարդիվառյանը (պատվավոր նախագահ), Հիլդա Հարթունյանը (նախագահ), Դիանա Մխիթարյանը (փոխնախագահ), Թալին Բաբայանը (քարտուղար), Պարգեւ Գալայճյանը (գանձապահ), Հարութ Չաթմաճյանը, Կարմեն Գյուլբենկյանը, Անի Հովհաննիսյանը, Վարդան Իլանճյանը, Հելեն Միսքը, Ջերրի Միսքը եւ Մարի Զոքյանը (անդամներ):

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #43, 17-11-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ