RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 22-12-2017



Տեղադրվել է` 2017-12-21 18:56:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 8640, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԱՆԱՁՈՐ

Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Ո՞ւր է տերը...

ժամանակակից հայ գրականության մասին շատ է գրվել եւ խոսվելՙ տրամագծորեն հակառակ տեսանկյուններով: Նրանցից ոմանք ասում են, որ ժամանակակից հայ գրականություն չկաՙ երեւի նկատի ունենալով հենց իրենց ստեղծածըՙ զուրկ գեղարվեստական արժանիքներից:

Լուրջ հիմքեր ունեն այն մարդիկ, ովքեր պնդում են, որ այսօր Հայաստանում ստեղծվում են գրական բարձրարժեք գործեր, որոնց մի մասը կարող է ներկայանալի լինել նաեւ արտասահմանյան երկրներում: Ճիշտ է, այսօր կան արձակագիրներ, ովքեր չեն կարողանում պատմվածք գրել, այլ գրում են պատմություններ, որոնք կարելի է ազատ ժամանակ պատմել հարազատներին, ընկերներին, բայց ոչ երբեք տպագրել: Կան բանաստեղծներ, այդ թվումՙ նաեւ երիտասարդ, ովքեր ոչ մի կերպ չեն կարողանում դուրս գալ հին եւ ծեծված նեյնիմների սարդոստայնից: Սակայն եւ՛ ավագ, եւ՛ միջին, եւ՛ երիտասարդ գրողների մեջ կան այնպիսիները, ովքեր նոր խոսք են ասում, ունեն վառ երեւակայություն, պատկերային ինքնատիպ մտածողություն, կարողանում են ամեն գործի հիմքում դնել նոր գաղափար, որը հաջողությամբ կյանքի են կոչում:

Իսկ երիտասարդների շրջանում խրախուսվում է նոր խոսք ասելու հավակնությունը, որը հաճախ տալիս է սպասելի արդյունքը: Նաեւ նրա՛նց վրա պետք է հենվել մեր գրականության արժանավոր դեմքերն արտասահմանում ներկայացնելու համար:

Բոլորին է հայտնի, որ այդ նպատակով անհրաժեշտ է որոշակի ներդրումներ կատարել: Որոշ, նույնիսկ ոչ զարգացած ԱՊՀ երկրներում այդ գործառույթը կատարում է պետությունը, իսկ մեր երկրում այս առումով սկսվել է հետընթացը, որը հուշում էՙ մոտակա տարիներին չպետք է առաջընթացի հույսեր ունենանք:

Նախկինում պետբյուջեից որոշակի ներդրումներ էին կատարվում ժամանակակից գրականության հրատարակման համար, որն այսօր գրեթե վերացված է: Գրողներն այլեւս պաշտպանված չեն զգում այս առումով, որովհետեւ եթե նույնիսկ իրենց գրքերը վաճառելու եւ տպագրական ծախսերը հոգալու հույս ունենան, ի վիճակի չեն նախնական ներդրում անելու:

Հայաստանի գրողների միությունը եւս հնարավորություն չունի գտնելու այնպիսի հովանավորներ, ովքեր կֆինանսավորեն արժանավոր հայ գրողների գրքերի տպագրության եւ այլ լեզուներով թարգմանելու ու տարածելու ծախսերը:

ՀԳՄ նախկին եւ ներկա նախագահները ջանք չեն խնայել այս հարցերը լուծելու համար: Օտար լեզուներով տպագրվել են հայ արձակի եւ պոեզիայի բազմաթիվ անթոլոգիաներ, որոշ գրողների առանձին գրքեր, սակայն հարցը լիարժեք լուծում է պահանջում:

Մարզաշխարհի ֆինանսական հարցերը լուծելու «պարտականությունը» երկար ժամանակ դրված է Գագիկ Ծառուկյանի վրա: Չենք ժխտում սպորտի հսկայական նշանակությունը, որով նույնպես մեր երկիրը ներկայանում է աշխարհի ամենաբարձր ստուգատեսներումՙ ճանաչելի դարձնելով Հայաստանը: Սակայն մշակույթ ասելով դարեր շարունակ առաջինը նկատի ենք ունեցել գիր ու գրականությունը: Որեւէ մեկը չի ասում Կոլումբիան հայրենիքն է այսինչ բռնցքամարտիկի, ում հուժկու հարվածից հետո հակառակորդի քթից արյուն է եկել: Բոլորն ասում ենՙ Կոլումբիան Գաբրիել Գարսիա Մարկեսի հայրենիքն է, Անգլիանՙ Շեքսպիրի, Ամերիկանՙ Սելինջերի եւ Ալեն Գինզբերգի, Իսպանիանՙ Սերվանտեսի եւ այլն:

Իսկ ո՞ւմ հայրենիքն է Հայաստանն այժմ: Կան անուններ, ովքեր հավակնում են լիարժեքորեն ներկայացնելու մեր երկիրը: Այդ պատճառով եթե պետությունը տեր չի կանգնում, ուրեմն պետք է գտնել հայ գրականության Գագիկ Ծառուկյանինՙ այդ պարտականությունը դնելով հայ միլիարդատերերից մեկի վրա: Ցանկության դեպքում դա հնարավոր է անել, ուղղակի պետք է մշակել այդ ցանկությունն առաջացնելու ուղիները:

Իռլանդացի գրող Բրենդան Բիենն ասել է. «Իսկական գրողը չպետք է արդարացնի պետության հույսերը»: Երեւի մեր երկրի տերերը սխալ են հասկանում այս արտահայտությունը: Եթե գրողն անդրադառնում է նաեւ երկրի թերություններին, ի տարբերություն քծնողներիՙ նա մեծապես նպաստում է այդ թերությունների վերացմանը, հետեւաբարՙ երկրի զարգացմանը:

Հենց ա՛յս պատճառով պետք է տեր կանգնել այդ գրողներին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #48, 22-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ