ՆՇԱՆԱԿԱԼԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Երվանդ ԵՐԿԱՆՅԱՆ Վերդիի «Ռեքվիեմը» հայֆիլարմոնիայի բեմում Վստահորեն կարող ենք ասել, նույնիսկ հպարտանալ, որ իրոք ունենք միջազգային մակարդակի պետական սիմֆոնիկ նվագախումբ եւ նույնքան հրաշալի, կարելի է ասելՙ յուրահատուկ ազգային պետական երգչախումբ: Վերջին ապացույցըՙ դեկտեմբերի 16-ին Հայֆիլհարմոնիայի մեծ դահլիճում հրամցված համերգն էր, ավելի կոնկրետՙ Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմի» կատարումը, որը ունկնդրելու էր եկել երաժշտասեր ընտիր մի հասարակություն, որի մեջ այս անգամ քիչ չէին նաեւ օտարեկրացիներըՙ իտալացիներ, ռուսներ ու գերմանացիք: Մաեստրո Էդվարդ Թոփչյանի փայտիկի տակ նվագախումբ ու երգչախումբ այնպես էին համաձուլված, այնպես էին ներդաշնակվել իրար եւ, ամենակարեւորը, վերդիական Ոգուն, որ դարձել էին ամբողջական, կուռ մի գործիքՙ պոռթկուն, թրթռուն, զգայարանները գերլարող, հոգիները վեհացնող, վեհության մեջ ողբերգական, դրամատիկ, հուզաշխարհը ալեկոծող, ունկնդրին դեպի երկինք բարձրացնող տիեզերական մի ներդաշնակություն: Այնքան բարձր կատարելության մակարդակի, որ հրավիրված օտարազգի մեներգիչներից (երկու իտալացի եւ երկու ռուսաստանցի) միայն մեկն էր, Օլեսիա Պետրովան, հավասարազոր իր կրծքային մեցցոյով: Իսկապես անմոռանալի երեկո, որին ստորեւ արձագանքում է, մեր թերթում առաջին անգամ, բազմաշնորհ կոմպոզիտոր եւ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանը: Հ. Ա.
Այն, որ արդի հայ երաժշտական կատարողական արվեստը միջազգային մակարդակի վերելք է ապրում, ոչ մեկի մոտ կասկած չի հարուցում: Ի հեճուկս մեր երկրում առկա դժվարությունների, բազմաթիվ հոգսերի եւ խնդիրների տակ ճկած մեր արվեստագետները թե ինչպես են կարողանում այդ բոլորը սուբլիմացնել, հակադարձել հոգեւոր-մշակութային հարթության վրա, մնում է, իրոք, առեղծված: Այն էլ այն պարագայում, երբ չի դադարում կամ նվազում երիտասարդ կարեւոր ուժերի արտահոսքը: Այդուհանդերձ, շարունակվում են միջազգային չափանիշերին համարժեք նախագծերի իրագործումներ,տարբեր-տարբեր փառատոներ, հոբելյանական տարեթվերի հետ կապված ձեռնարկներ, հանդիսություններ եւ այլն: Չհաշված, ընթացիկ համերգային հագեցած կյանքը` իր սովորական դարձած առօրյա խնդիրներով: Քիչ չեն նաեւ մեր երաժշտական խմբերի պարբերական հյուրախաղերն արտերկրում: Ահավասիկ, դեկտեմբերի 9-ին Ա.Խաչատրյան համերգասրահում կայացավ Ջուզեպպե Վերդիի հանրահայտ ՌԵՔՎԻԵՄԻ կատարումը, որն առանց չափազանցության կարելի է համարել նշանակալի իրադարձություն:Ուրիշ անգամներ եւս Երեւանում կատարված երաժշտական հիրավի այս կոթողի կատարումը այս անգամ նվիրված էր Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվան եւ Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին:Համերգին առանձին հմայք ու փայլ էին հաղորդում այս առիթով հատուկ հրավիրված երգիչ-երգչուհիներ Իտալիայից (Էրիկա Գրիմալդի - սոպրանո, Ռոբերտո Սկանդուցցի - բաս) եւ Ռուսաստանից (Օլեսյա Պետրովա - մեցցո սոպրանո, Գեորգի Վասիլեւ - տենոր): Կատարողական բարձր վարպետությամբ աչքի ընկան վաստակավոր կոլեկտիվներ Հայաստանի Ազգային ակադեմիական երգչախումբը (Գեղ.ղեկավար եւ գլխ.խմբավար` Հովհ.Չեքիջյան) եւ Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը իր գեղ.ղեկավար եւ գլխ.դիրիժոր,օրվա համերգավար Էդուարդ Թոփչյանի փայլուն ղեկավարությամբ: Ոչ երաժշտաթատերական ստեղծագործությունների մեջ Վերդիի ամենախոշոր, ծավալուն ստեղծագործության` ՌԵՔՎԻԵՄ-ի (իր տեսակի մեջ «ամենաթատերականացված» եկեղեցական հոգեհանգստյան պատարագն է) առաջին կատարումը տեղի է ունեցել 1874թ. մայիսի 22-ին (իր սիրելի ընկերոջ` բանաստեղծ Ալեսանդրո Մաձոնիի մահվան տարելիցին) Միլանի Սուրբ Մարկոս եկեղեցում, հեղինակի ղեկավարությամբ:Երեք օր անց այն կրկնվել է Միլանի Լա Սկալա թատրոնում ու այնուհետեւ իրար են հաջորդել տարբեր կատարումներ Փարիզում, Վիեննայում, Պետերբուրգում եւ այլ քաղաքներում: Ըստ էության, ռոմանտիկական պաթոսով գրված այս ստեղծագործության կաթողիկե արարողակարգի ավանդական կառուցվածքը, իր ոճով ամենամոտն է հեղինակի «ԱԻԴԱ» օպերային: Եվ դա պատահական չէ,քանի որ Վերդին այդ երկու գործերի վրա աշխատում էր գրեթե զուգահեռաբար: Երաժշտական կերպարների հարազատ շրջանակ,որոնցում ի հայտ եկած վառ ու ցայտուն նկարագրերը` արտահայտված արիոզոների, դուետների, տրիոների, կվարտետների մեջ, ստեղծագործությունը օժտում են երաժշտական - թատերական հայտնի ձեւերի որոշակի արտահայտչական գծերով, բնորոշ մանրամասներով: Թերեւս նաեւ դրա շնորհիվ ՌԵՔՎԻԵՄ-ը հաստատուն տեղ գրավեց համերգային բեմահարթակներում եւ նշանավոր դիրիժորների երկացանկում` լայն տարածում գտնելով ամբողջ աշխարհում: Իր ներքին, բավականին բարդ կառուցվածքով աչքի ընկնող այս ստեղծագործությունը հենվում է իր յոթ հիմնական «սյուների», ասել է` մասերի վրա (ի տարբերություն ավանդական 12 մասերի): 1. Requiem aeternam (Հավերժական հանգիստ), որպես պրոլոգ հանդիսացող այս մասը սկսվում է երգչախմբի շատ տպավորիչ, հազիվ լսելի աղոթքով:Ասես նմանակվելով ողբագին հոգոցների,այդ ձայները աստիճանաբար աճելով,զարգանալով վերաճում է խրոխտ Te decet hymnus-ի (Քեզ վայել է հիմնը): Սրան հաջորդող Kyrie eleison-ի (Տեր ողորմեա) մեներգչով (տենոր) սկսվող եւ այնուհետեւ նրան միացող մյուս ձայները իրենց հետ բերում են հանգստության,հաշտության, խաղաղական երանգներ, որոնցով նախապատրաստվում է հաջորդ` ողբերգական բնույթի, դինամիկ, դրամատիկ հակադրվող մասը: 2. Dies irae (Ցասման օր) - ողջ ստեղծագործության ընթացքում մի քանի անգամ հայտնվող ամենագործուն,գլխավոր վիճահարույց, հակամարտող մասն է: Միջնադարում բյուրավոր մարդկանց կյանքեր խլած ժանտախտի պատմությունը իր արտահայտության բազմազան ձեւերն է ունեցել նաեւ բանաստեղծության, մասնավորապես` հիմների մեջ: Վերդին այն կիրառում է Ահեղ դատաստանը պատկերող այս մասում, որին հետեւում է Tuba mirum-ը (Հրաշալի շեփոր): Աղաղակող թմբուկների ուղեկցությամբ հանդիպադրվում են ամեհի շեփորները, որոնք հեռավորության վրա աղերսվում են 19-րդ դարի հեղափոխական խառնակ ժամանակների պատկերների հետ եւ միաժամանակ ապահովում սիմֆոնիկ լայն զարգացում: Իսկ լարվածության բարձրակետում հայտնված երգչախմբի կտրուկ, անսպասելի ընդհատումը եւ մեներգչի (բաս) փոքր ինչ խլացված, նվաղած ձայնը արդեն ընթանում է թաղման քայլերգ հիշեցնոլ ռիթմի ուղեկցությամբ: Այս մասի ավարտին իր առանձնահատուկ գրավչությամբ առանձնանում է չորս մեներգիչների եւ երգչախմբի կատարմամբ Lacrymosa-ն (Լալիք), Վերդիի ամենասրտառուչ, հուզական մեծ լիցք պարունակող էջերից մեկը: 3. Offertorio (Ընծայաբերում), 4.Sanctus (Սուրբ,սուրբ) եւ 5.Agnus Dei (Գառն Աստուծո) մասերը ընդհանուր առմամբ ողողված են ճառագայթող լույսով, առլեցուն` հույսերով, արարչագործության հրաշքի երկնային ուրախությամբ եւ ցնծագին գովերգումով:ՌԵՔՎԻԵՄ-ի միջնամաս հանդիսացող այս հատվածները, մերթ` մեներգիչների քառյակի ընդգրկմամբ, հայեցողականությամբ եւ դեկորայնությամբ, մերթ` զույգ երգչախմբերի պոլիֆոնիկ մեծամասշտաբ հյուսվածքով (կրկնակի ֆուգա), մերթ` մեներգչուհիների դուետի եւ երգչախմբի զուսպ,վերացարկված ձայներով, դրամատուրգիական առումով կարեւոր դերակատարություն են ստանձնում եւ համապատասխան ենթահող նախապատրաստում հաջորդ,ավարտական երկու մասերի համար: 6. Lux aeterna (Հավերժական լույս) - մեցցո սոպրանոյի, տենորի եւ բասի համար գրված այս մասը, որն անցնում է լույսի եւ խավարի հարատեւ պայքարի նշանաբանի ներքո, ձեռք է բերում դեպի ՌԵՔՎԻԵՄ-ի սկիզբը աստիճանաբար վերադարձնողի գործառույթ,որի մեջ երաժշտական կերպարների եւ տրամադրության վերադարձը նմանվում է կամարակերտ կամուրջի: 7. Libera me (Ազատիր ինձ, Տեր) ավարտամասը հսկայական էպիլոգ է`կազմված 4 ենթամասերից (Libera me,Dies irae,Requiem aeternam եւ կրկին Libera me): Երգչուհու (սոպրանո) արտահայտիչ,կրքոտ ասերգով սկսվող մասը զուգորդելով հաջորդ` Dies irae-ի եւ Requiem aeternam-ի ծանոթ թեմաների եւ վերջապես մեծ ֆուգայի հետ,կոմպոզիտորը հեռանում է ռեքվիեմների ավարտին բնորոշ Հավերժական հանգստի ավանդական աղոթքից եւ դառնում մարդկային մեծ հոգու ուժն ավետող, հարատեւ պայքարի ոգին փողփողող, հաղթական Հիմն: Մասերի համար ճշգրիտ ընտրված տեմպերը, երգչական ու գործիքային խմբերի միջեւ ձայնային հզորության հավասարակշռվածությունը, հնչերանգների օպտիմալ տեղաբաշխումները ըստ դրամատուրգիական նպատակահարմարության եւ միաժամանակ հեղինակային ձեռագրին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը, բազմաշերտ այս մեծածավալ կտավի կատարումը յուրաքանչյուր երաժշտի համար դարձնում է լուրջ փորձություն: - Ոգին վնասված է,սակայն ոչ երբեք` կոտրված,- այսպիսին է այս կոթողային ստեղծագործության գաղափարական հավատո հանգանակը (Մ.Դրուսկին): Ի պատիվ համերգի բոլոր մասնակիցների եւ առաջին հերթին մաեստրո Էդուարդ Թոփչյանի,Վերդիի ՌԵՔՎԻԵՄ-ի կատարումը դարձավ տարվա երաժշտական նշանակալի իրադարձություն` վկայելով նրա բարձր, միջազգային մեծ բեմերին պատիվ բերող մակարդակը: |