ՌՈՒԲԵՆ ՄԱՄՈՒԼՅԱՆ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ Ցաքուցրիվ մտքեր Դեկտեմբերի 4-ին լրացավ հայազգի ամերիկյան մեծահռչակ բեմադրիչ եւ գրող Ռուբեն Մամուլյանի մահվան 30-ամյակը: Նրա գրական ժառանգության մեջ կան բազմաթիվ մեքենագիր անտիպ էջեր, որ ընդգրկում են տարբեր նշանավոր մարդկանց, բայց մեծ մասամբՙ սեփական աֆորիզմներն ու մտքերը, որոնցից շատերը խմբավորված են «Ցաքուցրիվ մտքեր» խորագրի ներքո: Դրանք գրվել են հիմնականում 1960-1975 թթ.: Այդ էջերի մի ստվար քանակություն մեզ տրամադրել է կինոգետ Սվետլանա Գուլյանը: Դրանցից որոշ նմուշներ թարգմանաբար ներկայացնում ենք ստորեւ:
- Արվեստագետի երկու տեսակ կաՙ ովքեր ստեղծում են նախադեպեր եւ ովքեր հետեւում են դրան (աստիճանաբար նախադեպը դարձնելով ավանդույթ): - Հեռատեսիլն ու էկրանը կոշտացնում են մեզ եւ կյանքը: Ուղեղների լվացում (սադիզմ, պոռնկագրություն, ոչ խորը զգացմունքներ): - Հեռատեսիլը լեցուն է ԿԵՂԾ ԾԻԾԱՂՈՎ: Անկեղծ ծիծաղը, ինչպես անկեղծ ժպիտը, որ գալիս է սրտից, չքացել են հեռատեսիլից ու մեր կյանքից: - Հեռատեսիլն աղբի առատության եղջյուր է: - ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ գիտելիքի եւ հավատի միությունն է: - Առավելագույն ազդեցության հասնելը նվազագույն միջոցներովՙ ճշմարիտ ԱՐՎԵՍՏԱԳԵՏԻ նշան է: - Պետք է գիտակցել, որ այսօրվա ԿԱՂՆՈՒ մեջ ապրում է ապագա կաղնին: - ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ առանց բարոյականության կստեղծի մղձավանջ: - Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչպիսին կլինի ԾԵՐՈՒԹՅՈՒՆԸ: Ես դեռ չգիտեմ: Ես այնքան երկար սովորեցի լինել երիտասարդ, որ հիմա շատ ուշ է փոխվելու համար: - Եկեք խլացնենք ռազմական շեփորները եւ մեղմորեն խոսենք քաղցր, մեղեդային ջութակներով: - Ղեկավարի մեծագույն առավելությունը ապագայի զգացողությունն է: - Կյանքը դարձրել են էժան գինի. խմի՛ր արագՙ ծարավը հագեցնելու համար, փոխանակ լիներ կոնյակ, որ համը տեսնեիր: - Տեխնիկները վտանգավոր մարդիկ են, որովհետեւ նրանց աշխատանքը բաց չէ հանրային քննադատության համար: - Հարաբերականությունը: Երկու ժամը գեղեցիկ աղջկա հետ թվում է երկու րոպե: Երկու րոպեն տաք վառարանի վրա թվում է երկու ժամ: - Հարգի՛ր մարդու տիտղոսը, հիացի՛ր նրա տաղանդով, բայց կուռք մի՛ դարձրու նրան: - Բոլոր լավ արվեստագետները համեստ են: Բայց նրանց համեստությունը ոչ թե ուրիշ մարդկանց հանդեպ է, այլ իրենց արվեստի կամ այն գաղափարի, որը նրանք բարձր են համարում իրենցից: Դա այն տեսակի համեստությունն է, որն ընդունում է տիեզերքի մեծ առեղծվածները եւ մարդու իմացության սահմանափակությունը: Որքան իմաստուն է մարդը, այնքան հեշտությամբ է նա հայտնաբերում, որ կան ավելի ու ավելի շատ բաներ, որոնք ինքը չգիտի: Չիմացության գիտակցումն իմաստության մաս է կազմում: - Մենք պիտի հասունանանք ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ, բայց կենդանի պահենք մեր միջի ՄԱՆԿԱՆԸ: - Չնայած որոշ ճշմարտություններ հարաբերական են, որոշ ճշմարտություններ բացարձակ են: - Աղոթքներին միշտ պատասխան տրվում է, եւ հաճախակի պատասխանը ՈՉ-ն է: - Պոռնկագրությունը այն է, երբ մարմնին վերաբերվում են որպես մաքուր սեռական գործիքիՙ զուրկ հոգեւոր բովանդակությունից: - Ստրադիվարիուսը ոչ երաժշտի ձեռքին սարսափելի հնչյուններ կարձակի: - Պահպանողականները մարդիկ են, որոնք ոչ մի բան չեն անի առաջին անգամ: - Ինչն եմ ամենից շատ ատումՙ ՁԱՆՁՐՈՒՅԹԸ, այնպես որ սովորաբար վանում եմ այն: - Լավ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ կազմված է հետաքրքրական պատասխաններից, բայց հետաքրքրական պատասխաններ կարող են լինել միայն հետաքրքրական հարցերից: - Առաջին բանը, որ պիտի սովորել, այն է, որ ՍՈՎՈՐԵԼԸ հաճույք է: - Մեծ ջութակահարը կարիք ունի նվագել կատարյալ գործիք, Ստրադիվարիուսՙ արտահայտելու համար իր վարպետությունը: Դերասանի գործիքը նրա մարմինն է, ուստիեւ իրենից է կախվածՙ փորձելու դարձնել այն Ստրադիվարիուս: - Բնության ամեն մի դրսեւորման մեջ ես տեսնում եմ ՌԻԹՄՙ աստղերի շարժումից մինչեւ մարդու սրտի տրոփյունը: - ԵՐԱԶՆԵՐԻ իրականությունը շատ ավելի ուժգին է, քան կյանքի իրականությունը: - ՈՉՆՉԱՑՆԵԼՆ այնքան հեշտ է: Բոլորը կարող են ոչնչացնել, բայց քչերը կարող են կառուցել եւ ստեղծել: - ԿՐՈՆԸ արվեստ է: - Կարծում եմ, որ ՄԱՐԴԸ կղզի է: Անգամ ամենասերտ հարաբերություններում նա հիմնականում մեկուսացված է, մենակ: - ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆԸ պատճառ է դառնում որոշ ամենավատ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ: - Պրոֆեսիոնալ բռնցքամարտում ոչ մեկի թույլատրված չէ հարվածել ԳՈՏԿԱՏԵՂԻՑ ՆԵՐՔԵՎ: Իսկ ինչո՞ւ ենք դա թույլատրում գրքերին, թատրոնին եւ կինոյին: - ԲՈԼՈՐ ՄԱՐԴԻԿ կարող են ԽԱՂԱԼ ԿՅԱՆՔՈՒՄ, բայց միայն պրոֆեսիոնալները կարող են խաղալ բեմում եւ էկրանին: - Երբ կատուն մռռում է ձերքերիդ վրա, ամեն ինչ լավ է այս աշխարհում, ամբողջ երկրագունդը խաղաղության մեջ է: - ՖԻԼՄԵՐԸ հանդիսականների համար են, ոչ կինոբեմադրիչների: - Մենք կորցնում ենք մեր բնազդը ԳԵՂԵՑԿՈՒԹՅԱՆ հանդեպ: - ԱՐՎԵՍՏԸ ԿՅԱՆՔԻ քննադատությունն է: - ԱՐՎԵՍՏԸ Կյանքի համար: - ԱՐՎԵՍՏԻ նպատակը երազներն իրականություն դարձնելն է: - ԱՐՎԵՍՏԻ նպատակը աշխարհը բարելավելն է: - Արվեստի ամեն գործ ենթադրում է մի կյանք, որն անկախ է այն ստեղծողից: - Մեծ արվեստը չի հետեւում, այն առաջնորդում է: - Արվեստն ուղերձ էՙ արտահայտված գեղեցկության միջոցով: - Սեքսը որքան ֆիզիկական, նույնքան էլ մտավոր է, ուստիեւ կապ չունի տարիքի հետ: - Ինձ համար «սիրի՛ր հարեւանիդ» խոսքում պետք է խիստ պարզաբանում մտցնել. «հարեւանների» մեջ են մտնում նաեւ կենդանիները, ծառերը, քարերըՙ ամեն ինչ, որ ապրում է: - Գիտությունն անսիրտ է: Պարադոքսալ կերպով դա թե՛ նրա արժանիքն է, թե՛ մեղքը: - ՄԱՀԸ. վերջին մեծ արկածը, դուռ դեպի... լավ, կտեսնենք: Նախաբանը եւ թարգմանությունն անգլերենիցՙ |