«Socially Relevant» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸՙ ՄԱՐՏԻ 16-22 Հ.Ծ. Տարին հոբելյանական է «Հասարակական հնչեղության» (Socially Relevant) կինոփառատոնի համար, որ ամեն տարի անցկացվում է Նյու Յորքում: Ճանաչված դերասանուհի Նորա Արմանիի մտահղացած փառատոնն իր հիմնադրման 5-րդ տարում առաջիկա մարտի 16-ից 22-ը «Գրինվիչ Վիլիջի» կենտրոնում գտնվող Սինեմա Վիլիջում ներկայացնելու է հինգ լիամետրաժ, 38 կարճամետրաժ եւ 15 վավերագրական ֆիլմեր աշխարհի 22 երկրներից: Բացման օրը ցուցադրվելու է գերմանական գեղարվեստապատմողական «Լու Անդրեաս-Սալոմե: Ազատ լինելու համարձակությունը» ֆիլմը, որ պատմում է 19-րդ դարի վիպասանուհի, բանաստեղծուհի եւ էսսեիստի խիզախ կյանքի մասին: Լիամետրաժ մյուս ֆիլմերի շարքում են «Դարսին» (Մ. Նահանգներ), «Գտիր քո ձայնը» (Ավստրալիա, Նոր Զելանդիա), «Շոգ երկիր, ցուրտ ձմեռ» (Հայաստան, Նիդերլանդներ եւ Գերմանիա) ֆիլմերը: Կարճամետրաժ ֆիլմերի ցանկում են «Ծերանալ վայելուչ կերպով», «Երազողները մղձավանջի մեջ», «Որտե՞ղ է տունը» եւ «Ո՞ւմ անկարողությունն է» ֆիլմերը: Հնդկաստանում կանանց թրաֆիկինգի դեմ պայքարող «Apne Aap» կազմակերպության համագործակցությամբ կազմակերպվելու է հատուկ միջոցառում նվիրված կանանց, որի ընթացքում բանավեճ է անցկացվելու Ռուչիրա Գուպտայի ղեկավարությամբ: Տեղի է ունենալու նաեւ սցենար գրելու մրցույթ: Փակման օրը մրցանակներ են շնորհվելու եւ «Doux» ակումբում կազմակերպվելու է ընդունելություն ի պատիվ մասնակից ֆիլմարտադրողների: «Հասարակական հնչեղության» կինոփառատոնի նպատակն է պայքարել բռնություն քարոզող ֆիլմերի դեմ: |