RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 23-02-2018



Տեղադրվել է` 2018-02-22 20:50:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 2399, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻ ԴԻՄԱՔԱՆԴԱԿԻ ՈԴԻՍԱԿԱՆ

Նաիր ՅԱՆ

Երվանդ Քոչարի թանգարանը վերջին մի քանի տասնամյակում նվեր չէր ստացել: Առհասարակ այստեղ ցուցանմուշները հազվադեպ են համալրվում նորերով, որովհետեւ Քոչարի նախախորհրդային տարիների ստեղծագործությունների հասցեները տարբեր են, իսկ ավելի հաճախՙ անհայտ: Իսկ այդ տարիները, գաղտնիք չէ, որ ամեմաբեղունն ու անկաշկանդն էին: Քոչարն ուսումնառության տարիներին մեծ շրջապատ է ունեցել, նրա ուղեւորությունները ներառել են եվրոպական շատ քաղաքներ, ծանոթների ու ընկերների շրջանակը լայն ու բազմաշերտ է եղել: Եվ այդ տարիներից Քոչարից մեզ մասունքներ են միայն մնացել:

Մի քանի տասնամյակ առաջ Քոչարի հարազատները նրա անձնական արխիվում հայտնաբերել են 3x4 չափի մի լուսանկարՙ դիմաքանդակի պատկերով: Երկար ժամանակ հնարավոր չի եղել պարզելՙ դիմաքանդակի հեղինակը Քոչա՞րն է, թե այն այլ քանդակագործի աշխատանքն է, որը դուր է եկել Քոչարին եւ որի լուսանկարը Վարպետն իր մոտ է պահել: Իսկ հայտնի է, որ Քոչարն արվեստի իր սիրելի գործերի լուսանկարները պահպանելու սովորություն է ունեցել: Այլ տեղեկություն դիմաքանդակի մասին երկար ժամանակ չի հաջողվել ստանալ: Տարիներ անցՙ ցուրտ ու մութ 1990-ականներին, մի մարդ է այցելել թանգարան եւ ցույց տվել իր զոքանչի ընտանեկան ալբոմից մի թերթ: Մարդը թանգարանին առաջարկել է գնել այդ թերթը, որի վրա Երվանդ Քոչարի ձեռքով նկարված մի դիմանկար է եղելՙ մատիտանկար, կողքին փակցված վերոնշյալ անհայտ դիմաքանդակի լուսանկարըՙ դարձյալ 3x4 չափի: Անզեն աչքով էլ տեսանելի է եղել, որ մատիտանկարում ու դիմաքանդակում նույն մարդն է պատկերված, սակայն նորից ոչ մի տեղեկություն, թե ով է նա:

Անցել են տարիներ. Հայաստանի ազգային գրադարանում պատահաբար հայտնաբերվել է 1928 թվականին տպագրված փարիզյան հայալեզու մի պարբերական, որտեղ եղել է հոդված Երվանդ Քոչարի մասին: Հոդվածի էջերում զետեղված է եղել այն նույն դիմաքանդակի լուսանկարը, տակը գրվածՙ Ժորժ Զաքարյանի դիմաքանդակը, գործՙ Երվանդ Քոչարյանի (Այդ տարիներին Երվանդ Քոչարը ստորագրել է Քոչարյան): Միայն այդ ժամանակ է պարզ դարձել, որ դիմաքանդակը Քոչարի ստեղծագործությունն է եւ ոչ թե մեկ այլ քանդակագործի աշխատանք: Խորհրդավոր դիմաքանդակի առեղծվածը պարզելու համար Քոչարի հարազատները սկսել են որոնումները: Եվրոպայում ապրող իրենց ծանոթների միջոցով փորձել են պարզել, թե ովքեր են Զաքարյանները եւ ով է Ժորժ Զաքարյանը : Արձագանքները հետեւել են Իտալիայից: Այնտեղից էլ թանգարանը նամակ է ստացել, որի մեջ դրված են եղել դիմաքանդակի գունավոր լուսանկարները, իսկ նամակի հեղինակը Ժորժ Զաքարյանի որդին էրՙ Պաոլո Զաքարյանը : Նա գրել է, որ Երվանդ Քոչարի ձեռքով քանդակված իր հոր դիմաքանդակն այսօր էլ գտնվում է իր տանըՙ գրասեղանի վրա: Թանգարանի տնօրեն Լալա Քոչարի հարցին, թե նա չի՞ պատրաստվում արդյոք քանդակը նվիրել իրենց, Պաոլո Զաքարյանը պատասխանել է. «Սա սրբազան մասունք է, որից չեմ կարող բաժանվել»:

15 տարուց ավելի թանգարանն ու Պաոլո Զաքարյանը փոխադարձ նամակագրությամբ պահպանել են բարեկամական կապերը: 2015-ին թանգարանը նրանից ստացել է անակնկալ նամակ, որտեղ Պաոլո Զաքարյանը գրել է. «Ես արդեն 84 տարեկան եմ ու պատրաստ եմ հորս դիմաքանդակից բաժանվել եւ այն նվիրել Երվանդ Քոչարի թանգարանին, որովհետեւ գտնում եմ, որ թանգարանն ամենալավ հանգրվանը կլինի նրա համար»: Այնուհետեւ Քոչարի հարազատները մեկնել են Իտալիա. Հայաստանի դեսպանատունը հանդիսավոր արարողություն է կազմակերպել, որի ընթացքում Պաոլո Զաքարյանն իր հոր դիմաքանդակը պաշտոնապես նվիրաբերել է Քոչարի թանգարանին: Բայց որոշ խնդիրներ են առաջացել, քանի որ Իտալիայի կառավարությունը պահանջել է քանդակի արտահանման թույլտվության փաստաթղթեր: Թղթաբանությունը մոտ մեկ տարի է պահանջել: Ու վերջապես Ժորժ Զաքարյանի դիմաքանդակն Իտալիայից տեղափոխվել է Հայաստան: Դրանում ներգրավվել են Իտալիայում Հայաստանի դեսպանատունը, «Ապավեն» ընկերությունը, «Անտարես» հրատարակչությունը, մշակույթի նախկին ու ներկայիս նախարարները:

Ընդամենը մի քանի օր առաջ Երվանդ Քոչարիՙ 1922 թվականին արված դիմաքանդակը պաշտոնապես տեղ գտավ թանգարանի մշտական ցուցադրության մեջ: Ի դեպ, Ժորժ Զաքարյանին Քոչարը ճանաչել է դեռ Թբիլիսիից, նրանք 7-8 ամիս միասին անց են կացրել նաեւ Վենետիկում: Այդ ժամանակ Ժորժ Զաքարյանը սովորելիս է եղել Իտալիայի համալսարաններից մեկում: Իսկ հետագայում նա դարձել է Իտալիայի ամենահեղինակավոր բանկերից մեկիՙ Հռոմի բանկի հիմնադիրն ու գործադիր տնօրենը: Քոչարինՙ որպես արվեստագետի, հետաքրքրել է իր տնտեսագետ ընկերոջ դիմագծերը: Դեմքի ու գլխի ընդհանուր պատկերը ռամզեսյանՙ փարավոնային տեսք ունի: Թերեւս մտերիմ ընկրներ լինելուց բացի, Երվանդ Քոչարին հենց այդ առանձնահատկությունն է գրավել, որ նա հանձն է առել դիմաքանդակ ստեղծել: Լինելով հայտնի գործարարՙ Ժորժ Զաքարյանն օգնել է հայ երիտասարդներին կրթություն ստանալ Իտալիայում, նա աջակցել է նաեւ Վենետիկի Մխիթարյան միաբաններին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 23-02-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ