ԱՌԱՋԻՆ «ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐՍ» ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀԵՏ Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Թատերագետ Ստույգ ասելՙ թե երբ եմ առաջին անգամ լսել Հովհաննես Թումանյանի անունը, կամ կարդացել նրա մի որեւէ գործը, չեմ հիշում: Բայց հաստատ կարող եմ ասել, որ նրա հետ իմ ծանոթությունն սկսվել է դպրոցական տարիներիցՙ 1936-1937 թվականներից: Բաքվի Ձերժինսկու շրջանի N39 հայկական միջնակարգ դպրոցի երկրորդ թե երրորդ դասարանի աշակերտ էի (1936-1937): Գարուն էր, թե՞ աշուն, դարձյալ լավ չեմ հիշում: Մի օր դպրոց գնալիս, մեր փողոցի քառահարկ բնակելի շենքի մոտով անցնելիս, քամու բերանն ընկած մի գունավոր բան տեսա, ալիք-ալիք դես ու դեն ճոճվում էր օդում: Երեխա ու երեխա, հետաքրքրությունս շարժեց այդ տեսարանը: Նա վերեւում, ես ներքեւում, այնքան գնացի նրա ուղղությամբ, մինչեւ որ վայրէջք կատարեց մայթի վրա: Հասա, վերցրի: Կարմիր կազմով, լատինատառ թուրքերենով (այդ ժամանակ դեռ ադրբեջաներեն բառը գործածության մեջ չէր, մինչեւ 1936-ը գրում էին թուրքաց լեզու, թուրքական գրականություն, թուրք թատրոն, միայն պետության անունն էր Ադրբեջան) մաշված գրքի տիտղոսաթերթ էր: Կարմրագույն երեսի վրա կլոր շրջանակի մեջ նկարված էր ինչ-որ մի բանի վրա նստած փափախավոր կատուՙ ձախ ձեռքով չիբուխը բերնին պահած, աջ ձեռքին էլ մկրատըՙ ծնկներին գցած մորթու վրա: Այդ տարիներին մենք դեռ ռուսաց եւ ադրբեջաներեն լեզուներ չէինք սովորում: Մեծ եղբայրներիս դասագրքերից սովորել էի այդ լեզուների տառերը եւ առանց դժվարության կարդացի Թումանյանի անունը եւ գրքի վերնագիրըՙ «Իթ վա փիշիք» (Շուն եւ կատու): Լատինատառ այդ գիրքը լույս էր տեսել 1935-ին Երեւանում, Հայհրատի կողմից: Շապիկի հակառակ կողմում տպագրված էր տեքստի առաջին 8 տողը: Շատ տարիներ անց, Երեւանում պարզեցի, որ գրքի ձեւավորումը կատարել էր նկարիչ եւ գրական-թատերական գործիչ Գարեգին Երիցյանը: Այդ նույն էջի վրայի կնիքից պարզվեց, որ այն պատկանել է Լունաչարսկու անվան գրադարանին, որը գտնվում էր քաղաքի Անդրկայարանյան թաղամասում, որտեղ բնակչության գերակշռող մասը հայեր էին, գիրքը գրանցված է եղել 1691 համարի տակ: Նրա քայքայված վիճակը ցույց էր տալիս, որ մոտ երկու տարում այնքան էր ձեռքից-ձեռք անցել, մաշվել, որ ընթերցողի պակաս չի զգացել: Այս յուրատեսակ մասունքը շուրջ ութ տասնամյակ պահելուց հետո, մայրամուտիս չհասած, 2015-ին, Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ (փետրվարի 19-ին) նվիրեցի իմ երկար տարիների ստեղծագործական հետաքրքությունների կենտրոններից մեկինՙ Հովհաննես Թումանյանի թանգարանին: Պարզվեց, որ այդ գրքի մաքուր օրինակներից մեկը ցուցադրված է Թումանյանի ստեղծագործությունների շարքում: Հանդիպում երկրորդ: Այդ նույն տարիներին էր: Արդեն մեկ-մեկ գնում էի Հայկական թատրոնի ցերեկային ներկայացումները դիտելուՙ երբեմն միայնակ, երբեմն էլ դասարանով: Երեխաներին արգելված էր երեկոյան ներկայացումներ դիտելը: Դա էր պատճառը, որ ես հնարավորություն չունեցա տեսնելու Հովհաննես Աբելյանի խաղը (մահացել է 1936-ի ամառը Երեւանում): Հորս աշխատավայրի բանվորական ճաշարանի դահլիճում մեկ-մեկ ներկայացումներ էին տալիս երեխաների համար: Մի օր էլ ես ու միջնակ եղբայրսՙ Վաղինակը գնացինք: Պարզվեց, որ Տիկնիկային թատրոնը ներկայացնելու է արդեն ծանոթ «Շունն ու կատուն»: Այդ եւ հետագա տարիներին հայկական թատրոնը տիկնիկային ներկայացումներ չի տվել: Ուրեմն բեմադրությունը ադրբեջաներեն է եղել: Միայն մի տեսարան է մնացել հիշողությանս մեջ: Քեռի քուչին գառան մորթին ուստա Փիսոյի արհեստանոցում թողնել-գնալուց հետո, մկները լցվում էին սենյակը եւ ագահաբար ուտում մորթին: Հանդիպում երրորդ: 1937 թվականի փետրվարին ամբողջ Խորհրդային Միությունում լայնորեն նշվում էր ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի (1799-1837) մահվան 100-ամյակը: Ի հարգանս մեծ գրողի հիշատակի, մեր դասարանի պատի թերթի հերթական համարը նվիրել էինք Պուշկինի անմահության 100-ամյակին: Այդ թերթում նկարել էի դպրոցական Պուշկինի դիմանկարը (ծնոտը հենած ձեռքի ափի վրա), նրա կողքին տեղավորել գրական առաջին չափածո թոթովանքսՙ երկու-երեք տուն բանաստեղծություն նվիրված Պուշկինին: Այս երկար-բարակ նախաբանը նրա համար էր, որ արդարացնեմ ասածս: Բանն այն է, որ այդ տարիներից ես սկսել էի գրքեր գնել, այդ թվում եւ Թումանյանի մանկական երկերից («Փիսիկի գանգատը» եւ ուրիշներ, որոնք մի շարք գրքերի հետ, որ թողել էի եղբորս տանը, 1990-ին զոհ գնացին Բաքվի կոտորածներին): Վերոհիշյալ գրքերի հետ, Պուշկինի 100-ամյակի օրերին լույս էր տեսել նրա «Քնած դշխուհին եւ յոթ քաջերը» հեքիաթի հոբելյանական հրատարակությունը Թումանյանի թարգմանությամբ: Դա էլ եմ պահել երկար տարիներ: Հետագա տասնամյակներում ավելի է ծավալվել իմ հետաքրքրությունները Թումանյանի ստեղծագործությունների նկատմամբ: 1938-ին դիտել եմ «Անուշի» բեմադրությունը Բաքվի հայկական թատրոնում: Մեկ տարի անց, Ադրբեջանի Պիոներների պալատի հայկական թատերախմբում, ժողովրդական արտիստ Ալեքսանդր Հովհաննիսյանի բեմադրած «Գիքորում» եղել եմ Գիքորի գյուղական ընկերներից մեկը: 1942-ին մասնակցել եմ Շամշադինի շրջանի Թովուզ (այժմ Տավուշի մարզի Տավուշ) գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչա-աշակերտական ուժերի մասնակցությամբ տրված «Անուշի» ներկայացմանը: 1955-ից մինչեւ օրս զբաղվել ու զբաղվում եմ Թումանյանի գործերի բեմական պատմության ուսումնասիրությամբ: Կարդացել եմ մի շարք զեկուցումներ: 1969-ին մասնակցել եմ Թումանյանի հոբելյանական տարվա աշխատանքներին, երկու ռուս գրողների խորհրդատու եղել Երեւանում եւ Թբիլիսիում: Ավելի քան 60 տարում Թումանյանի գործերի շուրջը 35 հոդված եմ գրել Բաքվի, Երեւանի, Գյումրիի հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն մամուլում, որոշ գործեր լույս են տեսել անգլերեն, իսպաներեն, ֆրանսերեն լեզուներով (Երեւանում «Սովետական Հայաստան» ամսագրի «Կռունկ» հավելվածում): Թումանյանի 100-ամյակի հոբելյանական տարում, հանրապետական հանձնաժողովի քարտուղար Լեւոն Հախվերդյանի խորհրդով սկսել եմ աշխատել «Թումանյանը եւ թատրոնը» ընդարձակ թեմայի վրա: Թումանյանի թատերական գործունեության եւ դրամատուրգիայի մասին պատմությունը հազիվ տպագրվել է 1999-ին, իսկ երկրորդՙ ստվար մասըՙ Թումանյանի շուրջ 40 գործի պատմությունն իրենց տարբերակներով, մի շարք լեզուներով, աշխարհի բոլոր մասերի թատրոններում խաղացված օպերա, օպերետ, բալետ, դրամա, կատակերգություն եւ այլ ժանրերով բեմադրությունների պատմությունը մնում է անտիպ: |