RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2018-02-09 > #006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 23-02-2018



ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-02-22 20:50:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 3659, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԿՈՐԾԱՆՎՈՂ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԱՍԻՆՙ ԵՐԵՔ ՑԱՎԱԼԻ ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐՈՎ

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

«Մեր մայրաքաղաքը կործանվում է բոլորի աչքի առաջ, բայց ոչ ոք այդ առթիվ ձայն չի հանում:

Այո, այն, ինչը որ այսօր շինարարական ընկերությունները, իշխանությունները եւ ողջ մեր սնոբիստական հանրությունը միաձայն անվանում է վերածնունդՙ կործանում է :

Խելահեղ տեմպերով, առանց վերահսկողության եւ անմտորեն կառուցվում են վիթխարի շենքեր, որոնք փակում են տարածությունը, փակում են օդի, արեւի մուտքը, հորիզոնի տեսարաններով հիանալու հնարավորությունը»:

Թվում է, թե խոսքը Երեւանի մասին է, որի պատմական անցյալն արդեն տասնամյակից ավելի է անխնա ոչնչացվում է ազգընտիր իշխանությունների ձեռքով, քաղաքի դիմանկարն այլասերվում է, դիմազրկվում... եւ որպես հակառակ օրինակ միշտ բերում են հարեւան հանրապետության մայրաքաղաքըՙ ցավով նշվելով, որ Թիֆլիսը, ի բարեբախտություն իրեն, Նարեկ Սարգսյանի պես գլխավոր ճարտարապետ չի ունեցել, որ, ի տարբերություն Երեւանի, նրա անցյալի յուրաքանչյուր միլիմետրը պահպանում է սրբորեն...

Բայց արի ու տես, որ վերոհիշյալ մեջբերումը կատարված է վրացի ժամանակակից գրող Նաիրա Գելաշվիլու «Ռեքվիեմ պատշգամբներով քաղաքին» էսսեից: Ճիշտ ընդհատված տեղից շարունակենք մեջբերումը.

«Տպավորություն է ստեղծվում, որ Վրաստանում ճարտարապետությունը որպես գիտություն գոյություն չի էլ ունեցել.... Խորհրդային ժամանակներում կառուցման անդիմությունը եւ անպետքությունը մենք բացատրում էինք կոմունիստական անխելամտությամբ: Իսկ ի՞նչ է կատարվում հիմա: Մի՞թե ժողովուրդը, որը բարձր արտիստականությունը եւ պոեզիան համարում է իր բնութագրական գծերից, այլեւս անկարող է ճաշակ եւ երեւակայություն դրսեւորել:

....Ինչպե՞ս ենք պատրաստվում ապրել եւ երեխաներ մեծացնել այս գազախցիկում, ինչպիսին այսօր ներկայանում է Թբիլիսին»: Հեղինակը շարունակում է բերել բազմաթիվ օրինակներ Թբիլիսիի քաղաքաշինական կամայականությունների, այդ ոլորտում իշխանությունների մարտնչող տգիտության, անճաշակ կառուցապատումների, բնապահպանական աղետալի վիճակի, անցյալի հիշատակների աղճատման, ապօրինի ծառահատումների, շուկաների փակման եւ բազում այլ բաների մասին, ինչը շատ ավելի է միմյանց հարազատացնում 21-րդ դար թեւակոխած Երեւանը ու վրաց մայրաքաղաքըՙ երբեմնի «Տփխիս քաղաքն հայոց» ...

Իհարկե, սա չենք մեջբերումՙ սփոփելու համար անպատմություն եւ դիմազուրկ մայրաքաղաք ժառանգություն ստացող մեր սերունդներին: Վայրագ կապիտալիզացիայի եւ նույնքան վայրագ գլոբալիզացիայի պայմաններում, ցավոք, շատ քաղաքներ են կորցրել իրենց դեմքը ու շարունակում են դիմազրկվել: Տարիներ առաջ, երբ այս թեմայով մտահոգությունս էի կիսում սիրելի գրողիս եւ ավագ բարեկամիսՙ ճարտարապետության քաջագիտակ երջանկահիշատակ Կարպիս Սուրենյանի հետ, նա ցավով նշեց, որ դա միայն հայկական անփութության արտահայտություն չէ, որ իր ծննդավայր Աթենքն էլ վերջին տասնամյակներին իր պատմական անցյալը զիջել է աննկարագիր եւ անդեմ ժամանակակից շինությունների...

Մասնագետները կհաստատեն, որ Երեւանի ճարտարապետական աղճատումն իրականում շատ ավելի վաղ էր սկսվել: Մի կողմ թողնելով բոլշեւիկների կողմից երեւանյան եկեղեցիների կործանման փաստերը, հիշենք, որ 1950-ականների կեսերից, երբ Ստալինի մահից հետո Հայաստանը փոքր-ինչ շունչ էր քաշում, եւ Երեւանը սկսել էր զարգանալ, պատմական շատ արժեքավոր աշխարհիկ կառույցներ արդեն այդ ժամանակաշրջանից սկսած ենթարկվել են ապամոնտաժման: Եվ արդեն 1970 թվականին Երեւանի ռուս բնակչուհի, բժշկուհի Ս. Վ. Ռոժդեստվենսկայան «Գրական թերթի» էջերում ահազանգել է իրեն հարազատ դարձած բնակավայրի դիմագծի աղավաղումը: Ավելորդ չենք համարում մեջբերումներ կատարել նրա նամակից.

«Արդեն տաս տարի է, ինչ ապրում եմ Երեւանում, քաղաքը լավ գիտեմ ու կարող եմ պնդել, որ նման յուրահատուկ - վառ, նման ինքնատիպ քաղաք ես ոչ մի տեղ չեմ տեսել: Վստահ կարող եմ ասել, որ քաղաքին այդ յուրահատկությունն ու գեղեցկությունը տալիս են նախՙ ազգային ճարտարապետությունը, խորապես մտածված հատակագիծը - ոչ մի բանի հետ չհամեմատվող հայկական բարկ արեւի ու Հայաստանի գույների խտացումը:

Ինձ համար տարօրինակ է եւ ես ցավ եմ զգում, երբ ձեր թերթում կարդում եմ գրողների ու ճարտարապետների ելույթները, ուր նրանք առաջարկում են հրաժարվել հայկական ճարտարապետության դարավոր ավանդույթներից, ճարտարապետություն, որով հիանում է ողջ աշխարհը: Ցավալի է, որ նրանք առաջարկում են անցնել ժամանակակից կոնստրուկտիվիզմին եւ, հանուն մոդայի, ազգային ճարտարապետության գլուխգործոցների կողքին կանգնեցնել բազմահարկ անգույն տուփեր :

Ես տեսա նախկին շուկայի տեղում կառուցվելիք համայնապատկերային կինոթատրոնի շենքի նախագիծն ու մակետը եւ հայ ճարտարապետների փոխարեն ամաչեցի (նկատի ունի նախկին «Ռոսիա» կինոթատրոնը - Ա. Բ.): Դա մի հիբրիդ էՙ արդուկի, նավի ու չինական խունձայի խառնուրդով: Եվ այդ շենքը նախատեսվում է կառուցել անմահ Թամանյանի գործերին այդքան մոտիկ: Մի՞թե սա ծաղր չէ հայ ժողովրդի հազարամյա ճարտարապետական ձեւերի հասցեին: Մի՞թե այդ չեն տեսնում ավագ սերնդի ճարտարապետները, որոնց լուռ համաձայնությամբ էլ նման նախագծերը հաստատվում են:

Ես ճարտարապետ չեմ, ես չէ, որ պետք է դատեմ կառուցապատման առանձնահատկությունների մասին, բայց ես կարող եմ իմ կարծիքն ասել այն հույսով, թե կարող եմ ինչ-որ չափով օգտակար լինել: Ցավն այն է, որ ճարտարապետի սխալը առաջիկա 50-100 տարվա ընթացքում ուղղել չի կարելի, եւ անցման շրջանում շտապ կառուցված շինությունները կմնան որպես ճարտարապետների վատ ճաշակի վկաներ:

Ես տեսել եմ Հյուսիսային պողոտայի կառուցապատման նախագիծըՙ սկսած ունիվերմագի շենքից, վերջացրած օպերայի եւ բալետի շենքով: Հեղինակներն ստեղծել են հրապարակների ու պուրակների մի կասկադՙ իրար վրա շարելով անկյունների, ուղղանկյունների եւ քառակուսիների ամբողջ կույտեր, մոռանալով ամենաբնական լուծումըՙ ուղիղ, լայն, կանաչապատ պողոտայի պարզ ձեւը, կառուցապատված ոչ թե բարձրաբերձ շենքերով, որոնք կարող են ճնշել Լենինի եւ օպերայի հրապարակների վրա, այլ քննություն բռնած հայկական ճարտարապետության եւ հայկական քարի սիմֆոնիայով: Իմիջիայլոց, անհաշիվ են հայկական քարի երանգներն ու նրբերանգները, բայց, չգիտես ինչու, մեծ մասամբ օգտագործվում է միայն Արթիկ-տուֆի վարդագույնը, որը միօրինակություն է ստեղծում»:

Չգիտենք, ո՞ղջ է արդյոք Հայաստանի երբեմնի սրտացավ քաղաքացուհի Ս. Ռոժդեստվենսկայան, Հայաստանո՞ւմ է արդյոք, սակայն նա վստահորեն սարսափի կմատնվերՙ տեսնելով Հյուսիսային պողոտան իրականություն (դառը) դարձած...

Վերջերս Հ2-ով լսեցի պատահաբար (քանի որ տանը հեռուստացույց չունեմ) Երեւանի քաղաքապետարանի երկու պաշտոնյաների զրույցն այն մասին, թե իրականում որքան գրագետ է զարգանում Երեւանը, որքան կանաչապատ էՙ ի տարբերություն եվրոպական շատ մայրաքաղաքների (թերեւս սա «բոբո» Եվրոպան սխալ հանելու եւս մեկ փորձ էր): Բայց արի ու տես, որ մեր կանաչազարդ քաղաքում են շատանում օձերն ու կարիճները, ոչ թե Եվրոպայիՙ նրանց նշած մայրաքաղաքներում եւ որոնցում խելամիտ կերպով պահպանվում են անցյալի հիշատակները: Եվ այդ առիթով հիշեցի արվեստաբան Արմեն Եսայանցի ֆեյսբուքյան սրամիտ գրառումը.

«Ես անկեղծ գտնում եմ, որ էս պահի դրությամբ, որ-է հեռանկար չկա Երեւան քաղաքը փրկելու, որովհետ- դրա համար անհրաժեշտ են հսկայական գումարներ ու ահավոր ռադիկալ քայլեր, որին անգամ երեւանցիները պատրաստ չեն... Օրինակ, պատկերացրեք իրավիճակ, որ կենտրոնի բակերի բոլոր ավտոտնակները, անիմաստ շինությունները պետք է վերացնել ու կանաչ գոտիներ ստեղծել, երեխաների համար ընտիր խաղահրապարակներով, չի ստացվի, չէ՞: Այնպես որ, ես գտնում եմ, որ էն խաչով շենքն էլ պետք է կառուցվի Երիտասարդական պալատի տեղում, Արամ Մանուկյանի արձանն էլ պետք է դրվի, ու ընդհանրապես, Աբովյան փողոցի էն նոր հյուրանոցն էլ ընտիր պրոեկտ է... մենք պետք է ձգտենք էնքան վատ կառուցապատմամբ, անիմաստ արձաններով, անտրամաբանական քաղաքաշինական լուծումներով քաղաք դառնանք (որի ճանապարհին ենք վաղուց), որ դա լինի մեր ֆիշկան, լինենք լավագույնը վատ քաղաքների մեջ, էնքան վատը լինենք, որ դառնանք «լավագույն վատ քաղաքը», թող մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, որ հատուկ ենք էդպես անում... պատկերացնո՞ւմ եքՙ ինչքան էներգիա ու ներվ ու ռեսուրս կխնայենք, պարզապես պետք է համակերպվել ու ընդունել դա որպես հատուկ քաղաքականությունՙ համաշխարհային քաղաքաշինական համատեքստում ուրույն նիշա զբաղեցնելու առումով: Որպես Հռոմից հին քաղաք, մենք հասկացել ենք, որ նորմալ փողոցներ, կոկիկ բակեր, պատմական կար-որ շենքեր, միասնական քաղաքային դեմք ունենալը ֆիգնյա ա....»:

Սարկազմով են գրված այս տողերը (սարկազմՙ ծնված մեծ սիրուց ու նաեւՙ մեծ ցավից): Բայց, ավաղ, մեր որոշում ընդունողների վրա վաղուց արդեն չեն ազդում ո՛չ ճիշտ խոսքը, ո՛չ մասնագետի կարծիքը, ո՛չ սարկազմը: Իսկապես, գուցե մեր նյարդերը խնայելու համար պիտի համակերպվել այդ քաղաքաշինական հատուկ քաղաքականության հետ: Բայց ի՞նչ պարզաբանում տաս տարին մի քանի անգամ Երեւան այցելող դրսեցի ընկեր-բարեկամներիդ, թե ինչո՞ւ Հռոմից հին քաղաքումդ պատմություն, այնուամենայնիվ, գոյություն չունի: Ախր սա այն դեպքն է, երբ պարսիկ-արաբ-թաթար-մոնղոլ-թուրք-սելջուկները ոչ մի մեղք էլ չունեն...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 23-02-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ