ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ ԵՐՎԱՆԴ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ Կարդացի «Ազգ» շաբաթաթերթում (16 փետրվարի) «Յառաջաբանի մը առիթով» բավականին մեղմ եւ անչար հոդվածը «Բարսեղ Կանաչեան, Կեանքի մը երաժշտականացումը» (Բեյրութ, 2017) անհասկանալի խորագրով ծավալուն գրքի, ավելի ճիշտՙ այդ գրքի առաջաբանի առիթով: Հոդվածից այն տպավորությունն ես ստանում, թե գրքի հավաքչական աշխատանքը կատարել է այն անձնավորությունը, որի անունը տիտղոսաթերթի վրա դրված է «աշխատասիրեց» բառի կողքին: Ճիշտ չէ, սխալ է: Ցավոք սրտի, իրողությունն այլ է: Ես ծանոթ եմ այդ գրքի նախապատմությանը: Գրքի նյութերը տարիների ընթացքում մաս առ մաս, փշուր առ փշուր հավաքել է կոմպոզիտորի դուստրըՙ Սեդա Կանաչյանը , մեր սքանչելի Սեդան: Նյութերի մի մասը պահպանվել էր Բարսեղ Կանաչյանի արխիվում: Սեդա Կանաչյանն իր կյանքի տարիներն է նվիրել հոր ստեղծագործական ժառանգության ճակատագիրն ու ապագան ապահովելու գործին: Նա ուղղակի երկյուղածությամբ էր հավաքում այն ամենը, ինչը այս կամ այն կերպ կապված էր Բարսեղ Կանաչյանի կյանքին ու գործին: Այնպես որ գրքի հիմնական աշխատանքը, այն էՙ գրքի նյութերը հավաքելու եւ ի մի բերելու աշխատանքը իրականում կատարել է երաժշտի դուստրըՙ տիկին Սեդա Կանաչյանը: |