RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 09-03-2018



Տեղադրվել է` 2018-03-08 20:10:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 3428, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆ.

Սիրանույշ ԳԱԼՍՏՅԱՆ, Կինոգետ

«Իմ խիղճը կարող է հանգիստ լինել»

Կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, որ բոլորիս համար նախ եւ առաջ «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը» մնայուն ֆիլմերի հեղինակն է եւ` Մհեր Մկրտչյանի եղբայրը...

Նրանց ծնողները ցեղասպանությունը վերապրած 4-5 տարեկան գաղթական որբուկներ էին, որ մեծացել էին Ալեքսանդրապոլի (Գյումրի) որբանոցում: Հայրը` Մուշեղը, Մուշից էր, մայրը` Սանամը, Վանից: Վերջիններս միշտ լուռ մնացին, իրենց ապրած ցավն ու հուշերը մեծահոգաբար միշտ պահեցին իրենց ներսում` զավակներին փոխանցելով միայն կարոտն առ կորուսյալ Հայրենիք եւ, իհարկե, տաղանդավոր գեներ:

Ալբերտ Մկրտչյանը Երեւանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը 1960-ին ավարտելուց հետո ռեժիսորական կրթություն ստացավ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում (ՎԳԻԿ)` 1971-ին ավարտելով Եֆիմ Ձիգանի արվեստանոցը: Ուշագրավ է արդեն նրա առաջնեկը` «Լուսանկար» կարճամետրաժը, որ նկարվել է իր իսկ սցենարով: Ֆիլմում մի լուսանկարի միջոցով պատմվում է ընտանեկան դրամա: Ռազմաճակատից գալիս է տղայի լուսանկարը. նամակում նա խնդրում է, որ ընտանիքի անդամներն էլ լուսանկարվեն ու իրեն ուղարկեն այդ նկարը: Անմիջապես դրանից հետո գալիս է նրա մահվան լուրը, սակայն միայն հորն է հայտնի ճշմարտությունը: Եվ այն պահին, երբ բոլորով կանգնած են, որ լուսանկարվեն, միայն հայրը գիտի, որ որդին այլեւս չկա:

1979-1980 թթ. Ալբերտ Մկրտչյանի նկարահանած «Կյանքի լավագույն կեսը» եւ «Խոշոր շահում» կինոնկարները տարբեր ժանրերով պատկերում են այն օրերի կյանքը եւ իբրեւ «ժամանակի փաստաթուղթ» այսօր կարող են օգնել երիտասարդ սերնդին պատկերացում կազմել անցած-գնացած այդ ժամանակների կյանքի ու մարդկանց, ինչ-որ տեղ նաեւՙ բարքերի մասին: Ի դեպ, նշենք, որ ժամանակակից կյանքը ներկայացնող կինոժապավենները սակավաթիվ են մեր ազգային ֆիլմարվեստի պատմության մեջ, եւ այդ հանգամանքը լրացուցիչ արժեք է հաղորդում վերոհիշյալ ֆիլմերին:

Պատերազմական տարիներին անցած մանկության հիշողությունները եւ հետպատերազմյան տարիների դժվարին կյանքին բնորոշ մանրամասներն ամենայն հավաստի մթնոլորտով պատկերվեցին Ալբերտ Մկրտչյանի լավագույն` «Հին օրերի երգը» (1982) եւ «Մեր մանկության տանգոն» (1985) ֆիլմերում: Ինքնին այդ ժամանակաշրջանը կինոլեզվով իր լավագույն արտահայտությունը ժամանակին ստացել էր իտալական նեոռեալիզմի ֆիլմերում, 1940-ականների երկրորդ կեսին: Եվ նեոռեալիստական տրագիկոմեդիայի պոետիկայով այդ ժամանակների մասին խոսելը, այդ ժանրին անդրադարձը առավել քան տրամաբանական էր ու բնական: Երկու կինոնկարում էլ դեպքերը տեղի են ունենում ռեժիսորի հարազատ քաղաքում` Գյումրիում, եւ երկուսի սցենարի հեղինակը դարձյալ նա է: Առաջինում մենք ականատես ենք դառնում, որ հիրավի մշակութային այդ քաղաքի բնակիչները չեն կարող ապրել առանց թատրոնի եւ առանց հումորի, նույնիսկ եթե պատերազմ է: Ֆիլմն սկսվում է սիրողական թատրոնի ներկայացումով, որի ընթացքում դերակատարներից մեկը բեմից հայտարարում է, որ պատերազմ է սկսվել, բայց ոչ ոք չի հավատում, եւ դահլիճը հռհռում է: Ֆիլմի վերջում դարձյալ բեմից է հնչում ամենաուրախալի լուրը` «պատերազմը վերջացա՛վ», թեեւ շատերը չվերադարձան ու չտոնեցին հաղթանակը: Հիանալի դերասանական աշխատանքը, գունեղ, համոզիչ կերպարների առկայությունը պայմանավորված էր ոչ միայն իրենց` դերասանների պրոֆեսիոնալիզմով եւ տաղանդով, այլեւ ռեժիսորի մոտեցմամբ: Սովորաբար նա սցենարը գրում էր` նկատի ունենալով կոնկրետ դերասանների: Ա. Մկրտչյանի խոսքով` սցենարը նրա համար ուղեցույց լիներ ասես: Ըստ նրա, իսկական սցենարը ծնվում է նկարահանման հրապարակում, դերասանների հետ աշխատելիս է ամեն բան հստակ դառնում: Այդ իսկ պատճառով նկարահանման ընթացքում հաճախ էին փոխվում երկխոսությունները: Այդպես էր, օրինակ, նկարահանվել «Մեր մանկության տանգոյում» այն տեսարանը, երբ տղան ապակին ջարդում է, իսկ հայրն ու մայրը վազում են նրա հետեւից:

Հայտնի է, որ «Մեր մանկության տանգոն» կինոնկարը ինքնակենսագրական է, եւ գլխավոր հերոսի` Ռուբենի նախատիպը հենց Մկրտչյանների հայրն է: Մհեր Մկրտչյանը գորովանքով է խաղացել այդ դերը` երկար ժամանակ երազելով դրա մասին: 1986-ին այս կինոնկարը Վենետիկի միջազգային կինոփառատոնում արժանացել է ականավոր առաջին իտալացի կինոգետի անունը կրող Պացցինետի մրցանակի` իբրեւ լավագույն ֆիլմ, իսկ Գալյա Նովենցը` հատուկ դիպլոմի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: Վերջինիս խաղը համեմատել էին Աննա Մանյանիի հետ, այն էլ նրա հայրենիքում Նովենցին անվանելով մեծ իտալուհու «արեւելյան» տարբերակը:

Հետաքրքրական մի զուգադիպություն. տարիներ անց, 2000-ին նկարահանված «Ուրախ ավտոբուս» տրագիկոմեդիայի գլխավոր դերակատարուհի Անահիտ Քոչարյանի խաղը նույնպես համեմատել են նեոռեալիզմի շրջանի դերասանների հետ, բայց այս անգամՙ Ֆրանսիայում: Այդ մասին Ալբերտ Մկրտչյանը տողերիս հեղինակին պատմել է Ֆրանսիայից վերադառնալուց հետո տված հարցազրույցի ընթացքում: Դիտմանը ներկա էին եղել ոչ միայն մեր հայրենակիցները, այլեւ տարբեր սերնդի ֆրանսիացիներ: Նույնիսկ ուսանողության համար առանձին ցուցադրություն էր եղել, այնուհետեւ` մամուլի ասուլիս: Տեղի մամուլում գրել էին, որ մարդկային նկարագիրը պահելու համար անհրաժեշտ է դիտել այս կինոնկարը: Դրան հաջորդել էին մի շարք հրավերներ, եւ դերասանուհու հետ պիտի մեկնեին Իտալիա, Հունաստան, Բեռլինի միջազգային կինոփառատոն: Այն հարցին, թե ինչպե՞ս ծնվեց «Ուրախ ավտոբուսի» մետաֆորը` որպես հավաքական խորհրդանիշ, եւ արդյոք հաղորդալարի «ակորդները լսող» մանչուկը նախատիպ ունի, ռեժիսորը պատասխանեց.

- Մտահղացումը ծնվեց դեռեւս երկրաշարժի օրերին` կյանքի թելադրանքով: Բոլորիս հիշողության մեջ մնացել են այն մութ տարիները, երբ մարդիկ կախվում էին ավտոբուսների դռներից, տրոլեյբուսներ հրում... Երկրի վիճակն արտացոլված էր այդ պատկերի մեջ, ուրիշ բան ասես չկար: Եվ ֆիլմում օգտագործվեց այդ խորհրդանիշը: Երբ երկրաշարժին հաջորդած ողբերգական օրերին Գյումրիում էի, մի աչքս նկարում էր, մյուսն` արտասվում: Գյումրին ինչ-որ տեղ դարձել էր այն քաղաքը, որը տեսել ու ճանաչել եմ իմ մանկության տարիներին` երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Քաղաքի դիմագիծը կարծես նույնն էր` սեւ քարերով կառուցված մեկ-երկու հարկանի տներ, իսկ ավելի ուշ կառուցված բարձրահարկ շենքերը երկրաշարժն ավերել էր: Մարդկանց չքավոր կյանքը համառորեն արթնացնում էր մանկությանս հուշերը... «Դոմիկներից» մեկի մոտ պատահաբար հանդիպեցի մանկությանս ընկերուհուն, որին երկար տարիներ չէի տեսել: Նա կորցրել էր ընտանիքը եւ որդեգրել մի չարաճճի տղայի: Ինձ տեսնելուն պես երեխան հարցրեց` «պաբա՞ն է...»: Այդ մի արտահայտությունը մտապահվեց ու փաստորեն դարձավ ֆիլմի հենքը: Սցենարն արդեն գրվեց 1993-ին:

Իսկ «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» եւ «Ուրախ ավտոբուս» ֆիլմերի ներքին կապի մասին հեղինակն ասաց.

- Փաստորեն, «Ուրախ ավտոբուսը» եռերգությունը եզրափակող ֆիլմը դարձավ: Եռերգություն, որն ընդգրկեց Հայաստանի, ոչ միայն Գյումրիի շատ ծանր ժամանակները: Այդտեղից էլՙ ընդհանրությունը: Ուզում եմ շեշտել նաեւ, որ իմ այդ ֆիլմերի հերոսները հասարակ մարդիկ են: Ինքս այդ խեղճ ու անօգնական մարդկանց ծոցից եմ դուրս եկել:

Այնուհետեւ հետաքրքրվեցի, թե կա՞ մի թեմա, որը միշտ գրավել է, բայց առայժմ տեղ չի գտել իր ստեղծագործության մեջ, բայց որին կուզեր անդրադառնալ հետագայում, եւ Ալբերտ Մկրտչյանը տվեց հանգամանալից մի պատասխան.

- Արդեն երկար ժամանակ է, ինչ ինձ չարչարում է մի թեմա, բայց առաջին տողերը գրելու համար անգամ չեմ կարողանում նստել ու սկսել: Չգրելուս համար արդարացումներ եմ փնտրում, պատճառներ հորինում: Ինձ հուզում է մի հարց` իմ հայրենիքը միայն Հայաստա՞նն է, թե՞ ողջ մոլորակը: Թերեւս վերջինը: Մյուս կողմից, մշտապես մտաբերում եմ մի կնոջ. տարիներ շարունակ, ինչքան գնացել եմ Գյումրի, միշտ նույն տեղում անփոփոխ նստած էր, այդպես էլ իր դռան շեմից չհեռացավ: Դա՛ էր նրա աշխարհը: Այդքանով էր գոհանում... Բայց մարդկային մեր աշխարհում, մեր մոլորակում դեռ ինչե~ր էլի կան` չգիտենք: Մեր երեւակայությունն, իրոք, շատ է սահմանափակ. մինչեւ այսօր ատոմային ռումբ է ստեղծվում: Կինոն էլ հաճախ բռնության դաժան ձեւեր հնարելու վրա է ծախսում իր երեւակայությունը: Մարդիկ ունեն Աստված, աղոթում են նրան, դրա հետ մեկտեղ մանր հաշիվներով զարհուրելի փոխհարաբերություններով շարունակում են ապրել: Այս ամենն ինձ շատ է հուզում...

Այն բոլորն, ինչ անում են այսօրվա երիտասարդները, համաշխարհային կինոարվեստում վաղուց են արել` անցյալ դարի 20-ականներին այդ արել են Էյզենշտեյնը, Բունյուելն ու Դալին եւ ուրիշները, բայց դա չի նշանակում, թե կինոն սպառված է, միեւնույն է, մենք դեռ չգիտենք նրա գաղտնիքները: Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա անչափ սիրում եմ տրագիկոմեդիայի ժանրը: Մարդը չի սպառվում: Որքան խորանում ես, այնքան տիեզերական խորքեր ես հայտնաբերում` անճանաչելի եւ անսպառ: Արվեստում հին ու նոր չկա: Մի առիթով Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը եւ Խորեն Աբրահամյանը դիմելով Վահրամ Փափազյանին հարցրել են. «Վարպետ, Դուք հնաոճ դերասան ե՞ք»: Նա պատասխանել է. «Այն, ինչ տաղանդավոր է` նոր է, ինչ անտաղանդ է` հին է»: Եվ մի կտոր է խաղացել «Օթելլոյից»: Բոլորը մնացել են ապշած: Այնպես որ, ամեն ինչ հարաբերական է: Մարդը հոգու թելադրանքով պետք է ստեղծագործի: Թող ինչ-որ բան այնպես չլինի, նույնիսկ սխալ լինի, բայց լինի իմը, իմ ստեղծագործությունը: Ես չեմ ուզել ֆիլմ նկարել էլիտայի համար: Նկարում եմ ժողովրդի համար: Եթե շարքային մարդը չի ընկալելու, չի ընդունելու ֆիլմը, էլ ինչո՞ւ եմ նկարում: Իսկ ամենակարեւորըՙ սեփական խղճի առաջ հաշվետու լինելով, մաքուր մնալն է: Եթե առ այսօր նայում են «Մեր մանկության տանգոն», «Հին օրերի երգը», ուրեմն իմ խիղճը կարող է հանգիստ լինել:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 09-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ