RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 09-03-2018



ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Տեղադրվել է` 2018-03-08 20:10:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 3212, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԱՐԵՆՑ ԵՎ ՌՈՒՍԹԱՎԵԼԻ

Հենրիկ ԲԱԽՉԻՆՅԱՆ

2018 թ. փետրվարի 16-ի համարում տպագրել ենք դոկտ. Հենրիկ Բախչինյանի «Հանիրավի մոռացված գործիչը եւ ռուսթավելիագետը» հոդվածըՙ նվիրված Գեւորգ Մուրադյանի կյանքին ու գործին եւ մասնավորապես Շոթա Ռուսթավելու «Վագրենավոր»ի նրա թարգմանությանը: Հոդվածում փոքր-ինչ անորոշ է մնացել Եղիշե Չարենցի դերը այդ թարգմանության խմբագրման եւ հրատարակության գործում: Մեր պատվերով հոդվածագիրը գրել է այս հաղորդումը, որը, կարծում ենք, կարող է նաեւ հետաքրքրական լինել չարենցագիտության համար:

«ԱԶԳ»

Եղիշե Չարենցը ռուսերեն թե հայերեն թարգմանություններով, անշուշտ, ծանոթ է եղել Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» («Ընձենավորը») նշանավոր դյուցազնավեպին, որի հեղինակին անվերապահորեն համարել է հանճարեղ բանաստեղծ: Վրաստանի խորհրդայնացման տասնհինգամյակին գրած իր ողջույնի ուղերձում նա ասել է. «Հավատացած եմ, որ անցյալում մեծ Ռուսթավելուն ստեղծած տաղանդավոր ժողովուրդը... կստեղծի նույնպիսի հանճարներ» («Գրական թերթ», 1936, թիվ 5, Եղիշե Չարենց, Երկերի ժողովածու, հտ. 6, Երեւան, 1967, էջ 285): Սակայն, որ Չարենցը քաջատեղյակ է եղել Ռուսթավելու երկի հայերեն թարգմանության պատմությանը եւ ցանկացել ու ծրագրել է իր խմբագրությամբ հրատարակել դյուցազնավեպի ամբողջական թարգմանությունը, հայտնի չի եղել մեր բանասիրությանը:

1930 թվականին Հայաստանի Պետհրատը, որի գեղարվեստական բաժնի վարիչն է եղել Չարենցը (1928-1935 թթ.), բարձրացրել է «Վագրենավոր»ի հայերեն ամբողջական թարգմանության հարցը: Ճիշտ այդ ժամանակ հերոսավեպի թարգմանությունն ավարտել էր Գեւորգ Մուրադյանը եւ այդ մասին նամակով տեղեկացրել Պետհրատին: Թարգմանիչն ստացել է Չարենցի առաջարկըՙ թարգմանությունն ուղարկել Պետհրատ, ինչը եւ անմիջապես կատարել է: Այնուհետեւ Գ. Մուրադյանը 1931 թվականի հուլիսի 8-ին Չարենցից ստացել է հետեւյալ գրությունը.

«Շոթա Ռուսթավելու «Վագրենավոր»ի ձեռագիրը ստացել ենք: Խնդրում ենք գալ Երեւանՙ պայմանագիր կնքելու համար:

Գեղարվեստական բաժնի վարիչՙ Եղիշե Չարենց, քարտուղարՙ Ա. Հայրապետյան» :

(Ազգային արխիվ, Գ. Մուրադյանի ֆոնդ, թիվ 17. նյութը ռուսերեն սեւագիր է):

1932 թվականի հունվարի 29-ին Պետհրատի (ի դեմս Չարենցի) եւ Գ. Մուրադյանի միջեւ պայմանագիր է կնքվել, որի համաձայն, թարգմանիչը պարտավորվել է, ըստ համապատասխան հոնորարների չափի ու ժամանակացույցի, Պետհրատին հանձնել «Շոթա Ռուսթավելու «Վագրի մորթավոր»ի լիակատար թարգմանությունը 6400 տողՙ խմբագրելու եւ հրատարակելու համար: Թարգմանությանը կցված ուսումնասիրության հրատարակության հարցը վերապահվում է Պետհրատին»: Թարգմանիչը պարտավորվել է նաեւ թարգմանությունը «միանգամայն պատրաստի վիճակում ներկայացնելուՙ ոչ ուշ, քան ս. թ. (1932) փետրվարի 25-ը», ընդսմինՙ նաեւ Ռուսթավելու համառոտ կենսագրությունը եւ երկի գրության համառոտ պատմությունը: Թարգմանությունը խմբագրելու էր ինքըՙ Եղիշե Չարենցը:

Գ. Մուրադյանը ներկայացրել է թարգմանության պահանջված օրինակը (առաջաբանով հանդերձ), որի վրա Չարենցը մակագրել է.

«Դնել քննության. Եղիշե Չարենց, 1932, մարտի 15»: (Ազգային արխիվ, Գ. Մուրադյանի ֆոնդ, թիվ 127):

Քննությունը բավական ձգձգվել է: 1934 թվականին թարգմանությունը, գեղարվեստական խմբագրման համար, հանձնվել է Տիգրան Հախումյանին, ապա, ավելի ուշՙ Գեւորգ Ասատուրին (վերջնական «մանրազնին խմբագրությունը» վերապահված է եղել Չարենցին): Ազատորեն խմբագրելով Գ. Մուրադյանի թարգմանությունը, Գ. Ասատուրը, վրացերեն այլ հրատարակությունից թարգմանելով հեղինակային պատկանելության իմաստով որոշ մերժելի տներ ու դրվագներ, դրանք ներմուծել է այդ աշխատանքի մեջ եւ իր կատարածը համարելով արդեն ինքնուրույն թարգմանություն, 1935 թվականի վերջերին հայտարարել է, թե ավարտել է «Վագրենավոր»ի իր թարգմանությունը: Այդ թվականի դեկտեմբերի 9-ին, Թբիլիսիի «Заря Востока» թերթը տպագրել է Չարենցիՙ որպես «Շոթա Ռուսթավելու պոեմի հայերեն հրատարակության խմբագրի» զրույցըՙ «Շոթա Ռուսթավելու պոեմը հայերեն» վերտառությամբ: Թարգմանաբար բերում ենք մեծ բանաստեղծի խոսքն ամբողջությամբ.

«Վրացի հանճարեղ բանաստեղծ Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը մի քանի անգամ հատվածաբար թարգմանվել է հայերեն: Այդ պոեմի մի հատվածի առաջին արձակ թարգմանությունը վերաբերում է անցյալ դարի երկրորդ կեսին: Այդ հանճարեղ ստեղծագործությունը, թեկուզ հատվածաբար, հայերեն ներկայացնելու հետագա բոլոր փորձերից առավել հաջողվածն, անշուշտ, պետք է համարել պոեմի նախերգանքի հայ նշանավոր բանաստեղծ Վահան Տերյանի կատարած թարգմանությունը: Լինելով կրթությամբ լեզվաբան եւ հանգուցյալ ակադեմիկոս Ն. Մառի աշակերտը, Վահան Տերյանը երկար ժամանակ զբաղվել է պոեմի բնագրի քննությամբ եւ Ռուսթավելու դարաշրջանի ուսումնասիրությամբ, սակայն, ցավոք, հասցրել է թարգմանել միայն նախերգանքը: Այդ թարգմանությունը, ըստ ակադեմիկոս Մառի հեղինակավոր վկայության, մոտ է բնագրինՙ ինչպես բովանդակության, այնպես էլ ռուսթավելիական ոտանավորի ոճի եւ յուրահատկության գեղարվեստական վերարտադրման առումով:

Այնուհետեւ Շոթա Ռուսթավելու պոեմի թարգմանության հարցը առաջ է քաշել Հայաստանի Պետհրատը 1930 թվականին: Այդ ժամանակ պոեմի հայերեն ամբողջական թարգմանությունը կատարել է Մուրադյանը: Այդ թարգմանությունն, իր արժանիքներով, կարելի է դասել հին տեքստերի լեզվականորեն ճշգրիտ փոխադրումների շարքին, եւ Պետհրատը ձեռք է բերել այնՙ որպես տողացի թարգմանություն:

Շոթա Ռուսթավելու պոեմի այդ թարգմանության վրա բավական նշանակալից աշխատանք է կատարել Տիգրան Հախումյանը: Նա բնագրի չափով թարգմանել է մոտ 2000 տող: Ցավոք, այդ աշխատանքը մնաց անավարտ:

Հայաստանի Պետհրատը պոեմի թարգմանությունը հանձնարարել է Գեւորգ Ասատուրին, որը, որպես հին տեքստերի թարգմանիչ, հանդես է եկել Ֆիրդուսու «Շահ-նամեի» հատվածների թարգմանությամբ: Շոթա Ռուսթավելու ամբողջական թարգմանության վրա աշխատանքը հիմնականում արդեն ավարտված է: Գեւորգ Ասատուրի թարգմանությունը ճշտորեն է հաղորդում բնագրի տեքստը եւ գեղարվեստական առումով բավարար է: Մանրազնին խմբագրված վիճակում այդ թարգմանությունը Ռուսթավելու հանճարեղ պոեմի վերաբերյալ պատկերացում կտա հայ ընթերցողին:

Պոեմի հայերեն թարգմանության եւ հրատարակության փաստն ինքնին վկայում է, որ Խորհրդային Հայաստանի գրական հասարակայնությունը ձգտում է Հայաստանի աշխատավոր մասսաներին ծանոթացնել եղբայրական հանրապետության դասական ժառանգության խոշորագույն նմուշին»:

1936 թվականին Գ. Ասատուրը ավարտել է իր խմբագրություն-թարգմանությունը: Այդ ժամանակ Չարենցն արդեն Պետհրատի գեղարվեստական բաժնի վարիչը չէր, եւ առանց նրա «մանրազնին խմբագրության» եւ անաչառ հսկողության, 1937 թվականին, Ռուսթավելու երկի գրության 750 ամյակի առթիվ, Պետհրատը լույս է ընծայել Գեւորգ Ասատուրի աշխատանքըՙ առանց նշելու Գ. Մուրադյանի անունը եւ թարգմանիչ համարել միայն Գեւորգ Ասատուրին (Չարենցի փոխարեն գիրքը խմբագրել են Նաիրի Զարյանը եւ Գեղամ Սարյանը):

Լիովին անտեսված Գ. Մուրադյանը մինչեւ մահը (1939) բազմիցս դիմել է Հայաստանի արդարադատության մարմիններին եւ պատկան անձանցՙ իր ոտնահարված հեղինակային իրավունքի վերականգման համար: Սակայն այն տխրահռչակ ժամանակաշրջանում, երբ մահվան էր դատապարտվում Եղիշե Չարենցի նման հանճարը, բնականաբար, չէր կարող պաշտպանվել ու վերականգնվել Գ. Մուրադյանի եւ նման ազնիվ շարքային մտավորականների արդար իրավունքները:

Ավարտելով մեր խոսքըՙ նշենք, որ 1936 թվականին գրած իր մի գործում Չարենցը, «Վագրենավոր»ի թարգմանության տպավորության տակ, կերտել է հետեւյալ տները.

Սերտում է ահա Ռուսթավցու վսեմ,

Գերված բարբառով ադամանդակուռ,

Վեպն հերոսական, ե՛ւ վեհ, ե՛ւ մաքուր,

Որ սուրբ սխրություն, ե՛ւ դաշինք, ե՛ւ սեր...

Ընդդեմ ճորտության, խավարի, հնի,

Գտնելու համար փրկարար մի դուռ,

Բերելուՙ մարդկանց երջանկության հուր

Ինչպես Ավթանդիլըՙ Թինաթինին...

Եղիշե Չարենց, Նորահայտ էջեր, Երեւան, 1996, էջ 41-42:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #9, 09-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ