RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 02-03-2018



Տեղադրվել է` 2018-03-01 20:36:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 3534, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԾՆՈՒՆԴՆ ՈՒ ՄԱՀԸ ՄԵԿՏԵՂՎԱԾ

ՆԱԻՐ ՅԱՆ

ԱԼԲԵՐՏ ՄԿՐՏՉՅԱՆԻ հիշատակին

Փետրվարի 27-ին ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը դարձավ 81 տարեկան: Ճակատագրի անբացատրելի քմահաճություն, թե՞ ուղղակի պատահականություն. փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Ալբերտ Մկրտչյանը մահացավ: Արդեն մի քանի տարի նա Սոս Սարգսյանի «Լակոտը» վիպակի հիման վրա նկարահանում էր նույնանուն գեղարվեստական ֆիլմը, որը կլիներ նրա վերջին աշխատանքը, եթե հասցներ ավարտել, բայց չհասցրեց:

Ալբերտ Մակրտչյանն իր առաջին կարճամետրաժ «Լուսանկար» ֆիլմով 1969-ին, դեռ ՎԳԻԿ-ի ուսանող, մտավ հայ կինո ու շատ չանցած իր անունն ամրագրեց հայ լավագույն կինոռեժիսորների շարքում:

Առաջին ֆիլմից ընդամենը երեք տարի անց նկարահանել է «Հուշարձան» ֆիլմը, որը նրան բերել է առաջին պետական մրցանակը: Հետագայում լիամետրաժ խաղարկային ֆիլմերը միմյանց են հաջորդել ու հերթական պետական մրցանակների արժանացրել ռեժիսորին:

Ալբերտ Մկրտչյանի ոճն ու ձեռագիրն ազգային են, կերպարներն ու թեմաներըՙ նույնպես: Նրա ֆիլմերը միանգամից են սիրվել ժողովրդի կողմից. դրանք մեր տուն են մտել դեռ կես դար առաջ ու մինչեւ այսօր չեն կորցրել իրենց հմայքն ու արդիականությունը: Այդ ֆիլմերը չեն հնանում ու չեն մաշվում, որովհետեւ ռեժիսորն իր կերպարների ու ժողովրդի միջեւ անջրպետ չի ստեղծել անգամ էկրանի տեսքով: Մկրտչյանական հերոսները պարզ, անմիջական, չկեղծված, համոզիչ հայ մարդիկ ենՙ իրենց դարդ ու ցավով, ապրումներով ու զգացումներով: Այդ ֆիլմերի հերոսները հաճախ են մեզ հետ նույնանում, որովհետեւ իրենց հոգեկերտվածքով ու մտածելակերպով, իրենց կենցաղավարությամբ ու անգամ բառապաշարով հայ մարդու խտացումն են: Պարզապես Ալբերտ Մկրտչյանն ավելի է ընդգծել հայ մարդու առանձնահատկությունները, անհատականությունը, իր տեսակով մյուսներին նման ու միաժամանակ ոչ նման լինելը:

Ալբերտ Մկրտչյանի անունը հաճախ ենք կապում նրա ավագ եղբորՙ Մհեր Մկրտչյանի հետ: Պատճառն այն է, որ ռեժիսոր եղբոր ֆիլմերում դերասան եղբայրը հաճախ է խաղացել, եւ անհերքելի է, որ Ֆրունզի շնորհիվ Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը երիցս արժեքավոր են դարձել: Անհերքելի է նաեւ, որ այդ ֆիլմերը կարծես հենց Ֆրունզի համար ստեղծված լինեն: Ալբերտ Մկրտչյանը պատմում էր, որ եղբոր հետ հաճախ է ստեղծագործական հողի վրա վիճել: Ինքըՙ որպես ռեժիսոր, այլ պահանջներ է ունեցել, եղբայրըՙ որպես նրանից տարիքով մեծ ու դերն իր միջով անցկացնող արտիստ, այլ պատկերացումներ է ունեցել: Իսկ հայտնի է, որ Ֆրունզն իմպրովիզացիաների, դերն իր զգացածով մատուցելու վարպետ էր:

Ալբերտ Մկրտչյանն այն երջանիկ ռեժիսորներից էր, որին բախտ է վիճակվել լինել ժամանակակիցը դերասանական մի ողջ աստղաբույլի, որ շողարձակեց մեր կինոյում ու հանձին նոր սերնդիՙ ծիր չթողեց: Գալյա Նովենց, Շահում Ղազարյան, Վերջալույս Միրիջանյան, Լուսյա Հովհաննիսյան, Խորեն Աբրահամյան, Ներսես Հովհաննիսյան, Ազատ Գասպարյան. էկրանի վարպետների մասնակցությամբ ֆիլմերի հաջողությանը կասկածելն անիմաստ կլիներ անգամ ամենաթույլ սցենարի դեպքում: «Մեր մանկության տանգո» ֆիլմում Գալյա Նովենցը Սիրանուշի դերի համար արժանացել է Վենետիկի փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին: Այդ դերի համար նրան անվանել են հայ Աննա Մանիանի:

2000-ականներին էլ Ալբերտ Մկրտչյանը երկու ֆիլմ նկարեցՙ «Ուրախ ավտոբուսն» ու «Տխուր փողոցի լուսաբացը»: Նա փորձեց ձեռքը ժողովրդի զարկերակին պահել ու կինո բերել երկրաշարժ, արցախյան պատերազմ տեսած հայրենի Գյումրին: Այդ ֆիլմերը կրում էին Ալբերտ Մկրտչյան ռեժիսորի ձեռագիրը, բայց նրա կողքին չկար արտիստական թեւ-թիկունքը, որ համուհոտ տար մեր էկրանին: Բայցեւայնպես, մեր կինոն հանձին Ալբերտ Մկրտչյանի կորցրեց եւս մի դասականի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 02-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ