ՍԱՐԱՆԴՈՆՆ ՈՒ ՁԻԹՈՂՑՅԱՆԸ ՄԻԱՍԻՆ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՅԵԼԻ» ՖԻԼՄՈՒՄ Հ.Ծ. Ամերիկացի ռեժիսոր Արթուր Բոլդրի «American Mirror» (Ամերիկյան հայելի) ֆիլմում, որի գովազդային հոլովակը սոցցանցերում շրջանառվում է եւ որի առաջին պաշտոնական ցուցադրումը կայանալու է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին, ընդգրկված են ամերիկյան կինոյի ճանաչված դերասանուհի, օսկարակիր Սյուզան Սարանդոնն ու հայազգի տաղանդավոր նկարիչ Տիգրան Ձիթողցյանը : Ըստ կինոռեժիսորի, որ մեծապես ազդված է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից, «Ամերիկյան հայելին» ոչ լրիվ վավերագրական է, ոչ էլ լրիվ գեղարվեստական: «Փարաջանովն իր ֆիլմում պոետի գրական արժանիքների մասին խոսելու փոխարեն վառ ու ազդեցիկ գույներով ներկայացնում է նրա ստեղծագործությունների առաջացրած բանաստեղծական պատկերներն ու տպավորությունները: Ես էլ փորձել եմ կինոմատոգրաֆիական նոր մոտեցում հաղորդել Տիգրանի արվեստին բացահայտելով այն, ինչ թաքնված է նրա կտավների հիմքում, այսինքն ինքնադիտողական վերլուծության ենթարկել նրա արվեստը, իսկ դա հնարավոր չէ կատարել առանց բանաստեղծական երանգ հաղորդելու ֆիլմին», խոստովանում է Արթուր Բոլդրը, ով իրարահաջորդ երկու մրցանակների է արժանացել: Մեկը Նյու Յորքի «Latin Entertainment Critics-ի» («Փոքրիկ Իսպանիա» եւ «Երեւակայության իրականությունը» ֆիլմերի համար), իսկ մյուսըՙ «Critics Circle of Mexico-ի» կողմիցՙ որպես ակնառու վավերագրողի: Ֆիլմում Սարանդոնն ու Ձիթողցյանը քննարկում են ժամանակի եւ ինքնությունը պահպանելու, ծերանալու եւ գեղեցկությունը զգալու խնդիրները եւ թե ինչպես են դրանք ընկալվում ներկա հասարակության կողմից, որ գտնվում է սոցցանցերի գերիշխանության ներքո: Ֆիլմը յուրահատուկ ձեւով բացահայտում է Տիգրանի ներաշխարհը, ցույց տալիս, թե ինչպես այդ արհեստավարժ ու իր գործին խորապես նվիրված արվեստագետը հին վարպետների ոգին նոր, եզակի, հետ-մոդեռնիստական ոճով է վեր հանում եւ ներկայացնում բարձր մակարդակովՙ վայել նյույորքյան սոցիալ-մշակութային մթնոլորտին: Ֆիլմում գլխավոր դերերից բացի հանդես են գալիս նաեւ ֆրանսթաիլանդական ծագումով հայտնի դերասանուհի Ֆլորենս Ֆեյվրը եւ մոդել Հիլարի Ռոդը : Պրոդյուսերն է Դեյվիդ Շարանը : Կոմպոզիտորըՙ Մարկ Փեթրին : |